Մեկնաբանություն. Ապահարզանը ոչ միշտ է վատ երևույթ, հատկապես Ադրբեջանում
Բոլորը նստած են՝ հայացքները հեռախոսներին հառած: Այս հեռախոսներից միայն վնաս կա: Քանի՜ ամուսնություն են դրանք փլուզել: Նախկինում էլ էին չէ՞ միմյանց դավաճանում: Եվ ի՞նչ: Չկային այս բոլոր հեռախոսներն ու համակարգիչները, ոչինչ չէր հայտնվում էկրաններին, ընտանիքներն էլ չէին քանդվում:
Ավտոբուսում մի կին այնքան անկեղծ է վրդովվում, որ նրա երեսպաշտությունն ուզում ես միամիտ անվանել, անգամ՝ հուզիչ:
Իսկ իմ ծանոթներից մեկը, որը դիմացս է նստած, շատ է ուրախանում, որ ինչ-որ մեկն ազատվել է աշխատանքից կամ բաժանվել:
Ոչ թե նրա համար, որ նա նախանձ, չար ու գարշելի էակ է, այլ քանի որ վստահ է. աշխատանքից ազատվելն ու բաժանվելն ինչ-որ նոր բանի սկիզբ են:
Վիճելի, սակայն լավատեսական հայացք: Որը բացարձակապես չեն կիսում նրանք, ովքեր արդեն մի քանի տարի է՝ ահազանգում են, որ Ադրբեջանում ապահարզանների թիվն ավելանում է:
• Արտաամուսնական երեխաներն Ադրբեջանում
• Ապահարզանն Ադրբեջանում. ինչպե՞ս պաշտպանել երեխաներին
• Վեճեր Ադրբեջանում՝ սոցցանցերի շուրջ
Ինչո՞ւ է աճել ապահարզանների թիվը
Այս թեմայով խոսում են լրատվամիջոցները, հեռուստատեսությունը, սոցցանցերը: Խոսում են «խոհանոցներում»՝ ճնշված և մեղավորների փնտրում:
Ոմանք կարծում են, որ ամեն ինչի պատճառը սոցիալական վատ վիճակն է: Իբր սիրային նավակները կոտրվում են՝ բախվելով բանկային վարկերի և էլեկտրաէներգիայի վճարների խութերին:
Շատերը կարծում են, որ խնդիրը բարոյականության անկումն է: Կրկին այդ «Գեյրոպան» մեր երիտասարդությանը շեղում է ճշմարիտ ուղուց:
Հա, մեկ էլ տեխնիկական առաջընթացը, որից բողոքում էր ավտոբուսի տիկինը: Եվ կարևոր չէ, որ հեռախոսները դավաճանությունների համար մեղավոր են այնքան, որքան ռենտգենը՝ հայտնաբերված կոտրվածքի համար:
Ապահարզանը որպես երևույթ, իհարկե, վատ է:
Սակայն Ադրբեջանի դեպքում չկա չարիք առանց բարիք:
Քանի որ դա վկայում է, առաջին հերթին, այն մասին, որ մարդիկ գոնե մի փոքր ավելի ազատ են դարձել: Նրանք հանկարծ հասկացել են, որ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է: Կարելի է բաժանվել և շարունակել ապրել, այլ ոչ թե ամուսնության վկայականն ընկալել որպես երկուսի համար բանտախցում ցմահ բանտարկության դատավճիռ:
Ամուսնու տնից՝ միայն գերեզմանոց
Տասը, երեսուն և հիսուն տարի առաջ Ադրբեջանում ավելի քիչ ապահարզաններ են եղել ոչ թե այն պատճառով, որ մարդիկ ավելի հարուստ կյանք են ունեցել, միմյանց ավելի լավ են հասկացել կամ սմարթֆոններ չեն ունեցել:
Պարզապես այն ժամանակ բաժանվելն ընդունված չի եղել: Դա ծայրահեղ միջոց էր, որին կարելի է դիմել՝ փորձելով բոլոր մնացած տարբերակները՝ ներառյալ ամուսնու սիրուհուն սպանելը: Ապահարզանը կնոջ համար ամոթ էր, մեծ խաչ՝ նրա ապագայի վրա:
Համարվում էր, որ կինը «սպիտակ զգեստով ամուսնու տուն մտնելուց հետո այն կարող է լքել միայն սպիտակ սավանով»: Այսինքն՝ «ոտքերը տնկած»:
Նման դասավորության պարագայում, պարզ է, որ նա դիմանում էր ամեն ինչի, ընդուպ մինչև ամենօրյա ծեծին:
Շատ տղամարդկանց էլ էր ապահարզանից ետ պահում սրիկայի համբավ ձեռք չբերելու, երեխաներին խայտառակ չանելու և ծնողներին կաթվածի չհասցնելու ցանկությունը:
Եվ ահա ինչ-որ բան տեղի ունեցավ ադրբեջանցիների գլխում, ինչ-որ բան շխկաց, թե էվոլյուցիան է իրենն անում, որքան էլ դիմադրես: Սակայն, թվում է, որ ապահարզանը դադարել է նրանց ողբերգություն և աղետ թվալ:
Փրկության տարբերակ
Այո, տխուր է: Այո, տհաճ է: Եվ ընդհանրապես, ամեն ինչ այնքան լավ էր սկսվում: Սակայն ապոկալիպսիս չէ: Կարելի է ամուսնանալ երկրորդ անգամ՝ թիկունքում ունենալով չստացված փորձ, միաժամանակ «փչացած ապրանք» չհամարվելով:
Կարելի է կնոջից հեռանալ՝ չվախենալով, որ կոտրել ես նրա կյանքն ու դրա համար ավելորդ միլիոն տարի դժոխքի կրակներում ես այրվելու: Կարելի է նույնիսկ մի անգամ էլ փորձել նույն մարդու հետ, եթե հանկարծ որոշեք, որ միմյանց ոչ լրիվ «արյունն եք խմել»:
Հանելով վարդագույն ակնոցն ու ճշմարտության աչքերին նայելով՝ պետք է խոստովանել, որ ապահարզանը քաղաքակրթության հիանալի ձեռքբերում է: Եվ դրա արգելքը բոլոր ժամանակներում խնդիրներից բացի ուրիշ ոչինչ չի բերել:
Անվտանգության կանոնների համաձայն՝ ցանկացած շենքում պետք է տարհանման ելք լինի: Դա բնավ չի նշանակում, որ շենքը մի օր կհրդեհվի: Հնարավոր է, որ այն մինչև 300 տարի կանգուն մնա: Սակայն տարհանման ելքը պետք է լինի: Եվ համաձայնեք, որ ապահարզանների վիճակագրությունն ավելի լավ է, քան կենցաղային սպանությունների բարձր վիճակագրությունը:
Մենք թերևս լավ, թե վատ սովորել ենք բաժանվել:
Այժմ մնում է սովորենք մարդավարի ամուսնանալ:
Այդ ժամանակ, ի դեպ, ապահարզաններն ավելի քիչ կլինեն: