Նախորդ տարի երկրում ամեն վեցերորդ երեխան ծնվել է պաշտոնական ամուսնությունից դուրս: Ի՞նչ է դա նշանակում" />

Արտաամուսնական երեխաներն Ադրբեջանում

Նախորդ տարի երկրում ամեն վեցերորդ երեխան ծնվել է պաշտոնական ամուսնությունից դուրս: Ի՞նչ է դա նշանակում

Ադրբեջանական հարսանիքներին, ավանդույթի համաձայն, փեսացուն պետք է գա հարսի հետևից: Երբ հարսին հանում են տնից, պետք է ժողովրդական երաժշտություն հնչի ավանդական եռյակի կատարմամբ:

Ադրբեջանում երեխայի ծնվելուն բարդ ճանապարհ է նախորդում. ավանդույթների համաձայն խնամախոսություն, նշանադրություն, ամուսնության արարողություն, ճոխ հարսանիք՝ թեկուզ վարկով: Սակայն կան մայրեր, որոնք կարճ ճանապարհն են ընտրում:

2016թ-ին 26 հազարից ավել երեխա է ծնվել պաշտոնապես չամուսնացած մայրերից:

Արտաամուսնական երեխաների թիվն Ադրբեջանում (Վիճակագրության պետական կոմիտեի տեղեկատվության համաձայն)

Արտաամուսնական երեխաների թիվը ծնված երեխաների ընդհանուր թվի հանդեպ (Վիճակագրության պետական կոմիտեի տեղեկատվության համաձայն)

Փորձել ենք պարզել, թե ինչ է թաքնված այս թվերի ետևում:

Զենֆիրա

Զենֆիրա Աղաևան [անունը պայմանական է – խմբ.] 30 տարեկան է, նա երեք երեխա ունի: Նրա պատմությունը լսելիս կարծես ֆիլմ նայես: Նա գեղեցիկ դեմք ունի և, թեև րոպեն մեկ արցունքներն է սրբում, դժբախտ չի երևում: Միգուցե դա ապրումների սովորություններն են:

Զրույցի ընթացքում նա ժամանակ առ ժամանակ հանգիստ տոնով նկատողություններ է անում բակում խաղացող երեխաներին:

Առաջին երեխային նա ունեցել է 17 տարեկանում: Փախչել է և քաղաքացիական ամուսնությամբ ապրել իրենից 15 տարով մեծ տղամարդու հետ: Այդ տղամարդը նրան լքել է ամուսնության 7-րդ ամսում, իսկ երբ երեխան ծնվել է, նա վերադարձել է: Նրանք միասին մեկ տարի են ապրել, հետո նա կրկին անհետացել է: Եվ այս անգամ՝ ընդմիշտ:

Երբ Զենֆիրան սկսել է նրան փնտրել, պարզվել է, որ նա ամուսնացած է: Հայրը երեխային չի ճանաչել, և այժմ նա մոր ազգանունն է կրում:

Զենֆիրան ծանոթացել է ուրիշ տղամարդու հետ: Երբ նա իմացել է Զենֆիրայի անցյալի մասին, ասել է, որ ընդունում է այն: Առաջին երեխային իր մոր խնամակալությանը հանձնելով՝ Զենֆիրան սկսել է զբաղվել նոր հարաբերություններով: Նրա այս հարաբերությունները նույնպես պաշտոնապես չեն գրանցվել: Քանի որ տղայի մայրն, իմանալով աղջկա անցյալի մասին, կտրականապես դեմ է արտահայտվել պաշտոնական ամուսնությանը:

Զենֆիրան մեկը մյուսի ետևից երկու տղա է ունեցել: Նրանք, թեև ապրում էին որպես ընտանիք, սակայն այդպես էլ չեն գրանցել ամուսնությունը: Երեխաների ծննդյան վկայականները ստացել են տարիներ անց, երբ երեխաները պետք է դպրոց գնային: Հայրը երեխաներին իր ազգանունն է տվել:

«Եվ երեխաներին, և ինձ նա լավ էր վերաբերվում: Նրա մայրը չէր ուզում, որ մենք պաշտոնապես ամուսնանանք, և նա ամեն անգամ նոր պատճառաբանություններ էր բերում: Իսկ ես հարմարվում էի դրան, քանի որ նա մեզ պահում էր: Առաջին երեխաս հազվադեպ էր մեզ մոտ գալիս, նրա հետ հանդիպելու համար, ես գնում էի մորս տուն: Այն բանից հետո, երբ մենք տուն կառուցեցինք և տեղափոխվեցինք, ամեն ինչ փոխվեց, նա ծեծում էր ինձ, երեխաների համար հոգ չէր տանում:

Այդ ընթացքում մահացավ մայրս, եղբայրս ավագ երեխայիս ինտերնատ տվեց: Հիմա նրանք ինձ չեն ասում, թե որտեղ է երեխան, ես երկու տարի նրան չեմ տեսել, ընտանիքս հրաժարվել է ինձնից:

Մի անգամ ամուսինս ուժեղ ծեծեց ինձ նրա համար, որ ես խանութից հալվա էի գնել, ես երեխաներին վերցրի և հեռացա տնից, գնացի ապաստարան: Ես արդեն երկրորդ անգամ եմ այստեղ գալիս»:

Այժմ Զենֆիրան միաժամանակ իր ավագ երեխային է փնտրում, և մտածում իր մյուս երկու երեխաների ապագայի մասին: Պաշտոնական ամուսնություն նա չի պահանջում: Նրա միակ ցանկությունն է տուն վերադառնալը: Երեխաներին ինքնուրույն պահել նա ի վիճակի չէ:

Նրան հրաժարվել ընդունելն ընտանիքի կողմից առանձին պատմություն է: Առաջին անգամ, երբ նա վերադարձել է հայրական տուն հղիության 9-րդ ամսում, նրա եղբայրը՝ 9-րդ դասարանի աշակերտ, ինքնասպան է եղել: Հիմա ընտանիքը Զենֆիրային է մեղադրում նրա համար, որ տղան ինքնասպանություն է գործել, իբր որ քույրը հղի է եղել ամուսնացած տղամարդուց:

Ինչ է ասում օրենքը

Ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ երեխայի ծնվելուց հետո հայրություն է պարզվում: Ծննդյան վկայականում գրվում է երեխայի կենսաբանական հոր անունը, երեխան որոշակի իրավունքներ է ստանում: Ծննդականը համապատասխան պետական կառույցի կողմից է տրվում երեխայի ծնվելուց մորը ծննդատանը տրվածփաստաթղթի հիման վրա: Եթե պաշտոնական ամուսնություն կա, կինը պարզապես ամուսնու անունն է տալիս և ստանում բոլոր փաստաթղթերն առանց խնդիրների:

Եթե պաշտոնական ամուսնություն չկա, ծնողները պետք է դիմում գրեն գործադիր իշխանության մարմիններ: Եթե հայրությունը հստակեցված է, երեխայի իրավունքներն, ասենք, ժառանգության կամ ալիմենտների, նույնն են, ինչ պաշտոնական ամուսնությունից ծնված երեխաներինը:

Եթե հայրը երեխային չի ընդունում, ապա երեխան կամ մոր խնամակալության տակ է մնում, կամ հայրություն պարզելու համար պետք է դատարան դիմել:

Երեխաների հարսանիքն իրադարձություն է, որի մասին ծնողները երազում են տարիներով: Ադրբեջանական ընտանիքի համար ավելի մեծ ուրախություն չկա, քան այդ իրադարձությունն անցկացնելը «որպես հարկն է»:

Ինչ են ասում հարևանները

Պահպանողական ադրբեջանական հասարակության համար ընտանիքում արտաամուսնական երեխայի ծնունդը ոչ միայն անցանկալի է, այլ նաև բացարձակապես անընդունելի: Ոչ միայն կինն է կորցնում երկրորդ անգամ ամուսնանալու հնարավորությունը և մինչև կյանքի վերջ հանրային քննադատության արժանանում, այլ նաև երեխան է ստանում «բիջբալա» մականունը [«ապօրինի երեխա», ժողովրդական քամահրական անվանում – խմբ.]: Այդ պատճառով էլ բնավ ոչ ամեն կին կհանդգնի, ամուսնացած չլինելով, երեխա ունենալ: Իսկ «իր համար» երեխա ունենալու գիտակցական որոշումը, երբ կինն ինքն է մեծացնում և դաստիարակում երեխային, շատ հազվադեպ երևույթ է:

Վիճակագրությանը նայելով՝ կարելի է մտածել, որ Ադրբեջանում 26 հազար կին որոշել է միայնակ մայր դառնալ: Արդյո՞ք դա այդպես է:

Ինչ են ասում պաշտոնական անձինք

Ընտանիքի, կանանց և երեխաների խնդիրների պետական կոմիտեի տեղեկատվության և վերլուծական հետազոտության բաժնի ավագ խորհրդատու Այնուր Վեյսալովան արտաամուսնական երեխաներին երկու խմբի է բաժանում. «Առաջին խումբն այն մարդիկ են, որոնք ընտանիք են կազմել, սակայն իրենց հարաբերությունները թղթի վրա չեն գրանցել: Այդ ընտանիքներում նորմալ հարաբերություններ են, հայրերը երեխաներից չեն հրաժարվում:

Երկրորդ խումբն այն զույգերն են, որոնք ինչ-որ ժամանակ իրար հետ ապրելուց հետո բաժանվում են: Այդպիսի ընտանիքների երեխաները հոգեբանական խնդիրներ են ունենում: Ծագում են նաև նյութական խնդիրներ. Անհնար է երեխային մեծացնել միայն մոր եկամտի հաշվին»:

Եվ դա ևս մեկ խնդիր է. Հաճախ միայնակ մայրերը, որոնք, Վեյսալովայի խոսքով, Ադրբեջանում մոտ 9 հազար են, ի վիճակի չեն պահել իրենց և երեխային: Կրթություն ստանալ և աշխատանք գտնել նրանց խանգարում է շատ ընտանիքների պահպանողական կենսակերպը, որտեղ կինն ամբողջ կյանքում նյութապես կախված է ամուսնուց կամ հորից:

Ինչ վերաբերում է նրան, որ արտաամուսնական կապից ծնված երեխաների թվի աճի վրա ազդում են ազատ հարաբերությունները որպես «նորաձև» միտում, կոմիտեի ներկայացուցիչն Ադրբեջանը համեմատեց Եվրոպայի հետ. «Եվրոպան նախապատվությունը տալիս է ոչ պաշտոնական հարաբերություններին, սակայն Եվրոպայում ոչ ոք չի հրաժարվում համատեղ ապրելու պատասխանատվությունից, օրենքները շատ խիստ են: Ադրբեջանում ազատ հարաբերությունները չեն կարող փոխարինել ընտանիքի մոդելը: Մեզ մոտ այդպիսի հարաբերությունների հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում հիմնականում չկրթված, չտեղեկացված զույգերը»:

Կոմիտեն խնդրի լուծումը դեռևս տեսնում է լուսավորչական աշխատանքում և առանց պաշտոնականի կրոնական մաուսնություն ամրագրող մոլլաների համարպատիժ սահմանելում: Այդ ոլորտում շարժ կա, քանի որ բոլորովին վերջերս Ադրբեջանի կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին վերջերս խոստացել է, որ հոգևորականները, որոնք այդպես «շրջանցում են» պետությունը, խիստ պատժվելու են:

Որպես կանոն, կրոնական գործիչներն օրենքի հետ խնդիրներ չեն ուզում: Բաքվում ավելի հեշտ կարելի է կրոնական ամուսնություն գրանցել առանց նորապսակների, քան առանց ամուսնության վկայականի:

Ապահարզան առանց ամուսնության

Ադրբեջանում շատերն են համարում, որ հարաբերությունների պաշտոնական գրանցումից հրաժարվելու պատճառներից մեկը հաճախակի դարձած ամուսնալուծություններն են: Այսինքն, երբ ապահարզանը դադարել է ինչ-որ արտասովոր բան լինել, փեսացուների հարազատները սկսել են նախապես վախենալ ունեցվածքի հնարավոր բաժանումից: Եթե ամուսնությունը գրանցված չէ, խնդիրներ էլ չկան:

Օրինակ, երկու երեխաների մայր, վաղուց ապաստանում ապրող Լեյլա Սաֆարովան [անունն ու ազգանունը պայմանական են – խմբ.] պատմում է, որ խնամախոսությունը, նշանադրությունն ու հարսանեկան արարողությունն ավանդույթների համաձայն է եղել: Սակայն ամուսնությունը չեն գրանցել. «Մեզ ասացին, որ փեսացուն փաստաթղթերի հետ խնդիրներ ունի, խնդրեցին սպասել: Ամուսնությունից երկու ամիս անց ես հղիացա: Սկեսուրս ինձ բացահայտ հայտարարեց, որ պաշտոնական ամուսնություն չի լինելու: Որպեսզի ես չհավակնեի բնակարանի իմ հատվածին ամուսնալուծության դեպքում:

11 տարուց մենք ամուսնալուծվեցինք, երեխաները հոր ազգանունն են կրում, սակայն բաժանվելիս ինձ ոչինչ չհասավ: Դատարանի միջոցով հաջողվեց երեխաների համար ալիմենտ դասավորել ու վերջ»:

Վաղ ամուսնություն և կրկնակի կյանք

«Մաքուր աշխարհ» հասարակական միավորման նախագահ Մեհրիբան Զեյնալովա.

«Արտաամուսնական երեխաների այսքան մեծ թվի պատճառներից մեկը վաղաժամ ամուսնություններն են: Աղջիկներին ամուսնացնում են մինչև ամուսնական տարիք, և երեխաները գրանցվում են որպես արտաամուսնական: Օրինակ, 2015թ-ին 15-19 տարեկան կանայք, որոնք պաշտոնապես ամուսնացած չէին, 6370 երեխա են ունեցել: 15 տարեկանում ամուսնությունը պաշտոնապես չի գրանցվում:

Երկրորդ պատճառը երկակի կյանքն է: Այսինքն՝ տղամարդը պաշտոնական ընտանիք ունի, սակայն ապրում է նաև մեկ այլ կնոջ հետ, և այդ «զուգահեռ» ամուսնությունից երեխա է ծնվում:

Երրորդ խմբում այն զույգերն են, որոնք ընտանիք կազմելիս չեն գրանցում հարաբերությունները»:

Սևդա

Մեր երկրորդ հերոսուհին երկակի կյանքով ապրող տղամարդու «զոհ» է, չնայած նա ինքը չի սիրում այդ բնորոշումը:

32 տարի առաջ Սևդա Ազիզովան [անունը պայմանական է – խմբ.] Բաքու է եկել շրջանից, որտեղ կյանքի, տղամարդու և կնոջ միջև հարաբերությունների պահպանողական ձևն է տարածված: Հայրը ինժեներ է եղել «ջրային գրասենյակում», իսկ մայրը՝ ուսուցիչ:

«Դպրոցն ավարտելուց հետո ես Բաքու եմ եկել: Ընդունվել եմ բժշկական ինստիտուտ: Մեկ տարի անց ծանոթացել եմ մի տղամարդու հետ: Նա գեղեցիկ էր, 26 տարեկան էր, իսկ ես՝ 19-ը: Նա ապահովված ընտանիքից էր, նրա խոսքով՝ միակ երեխան:

Ի՞նչ միտք ունի հիմա բողոքել, թե նա ինձ խաբել է: Պարզվեց, նշանված է: Երբ նա իմացավ, որ ես հղի եմ, ասաց, որ ծնողները նրան կսպանեն, քանի որ նա նշանված է իր գիտական ղեկավարի հետ: Պատրաստվում էր գիտնականի կարիերա անել:

Այն ժամանակ ամեն ինչ այլ կերպ էր. Երիտասարդները շատ բան չգիտեին, մեր օրերի պես չէր: Տնեցիներին ինչ-որ բաներ ասել վախենում էի: Ինչ-որ բան կարող էր խորհուրդ տալ իմ բնակարանի տիրուհին, սակայն երբ նա իմացավ, որ հղի եմ, արդեն 7-րդ ամիսն էր: Աբորտ անել չէր կարելի:

Հայրս, երբ իմացավ, ասաց, որ չի ուզում երեխայի մարդասպան դառնալ, բայց որպեսզի ես նրա աչքին այլևս չերևամ:

Մայրս ինձ գաղտնի օգնում էր, ինչպես նաև իմ տան տիրուհին, ռուս էր, շատ էր իմ մասին հոգ տանում մինչև մահանալը»:

Սևդան տղա է ունեցել, մեծացրել նրան, կրթության տվել: Հարազատ շրջան այդպես էլ ոչ մի անգամ չի գնացել, իսկ մոր մահվանից հետո ընտանիքի հետ կապն ամբողջությամբ կտրվել է: Մենակ շատ դժվար է եղել նրա համար.

«Այն ժամանակ օրենքները շատ խիստ էին, քանի անգամ է թաղայինը պահանջել, որպեսզի ես ասեմ երեխայի հոր անունը, թե չէ նա բռնաբարության մասին գործ կհարուցի: Սակայն իմ տան տիրուհին գիտեր օենքները, նա միջամտեց և ասաց, որ եթե ես չեմ ուզում, ոչ ոք իրավունք չունի փնտրելու երեխայի հորը:

Ես որդուս իմ ազգանունն եմ տվել: Թե ինչի միջով եմ անցել, գիտեմ միայն ես, իմ տան տիրուհին և Աստված:

Ես ինստիտուտն եմ ավարտել: Ամենից շատ վախենում էի բաշխումից, որ շրջան չուղարկեին աշխատելու առանց հոր երեխայի հետ: Սակայն այդ ժամանակ Խորհրդային Միությունը փլուզվեց, և ոչ մի բաշխում չեղավ: Ես մնացի Բաքվում:

Մանկական բժիշկ լինելով՝ աշխատում էի հացի արտադրամասում: Իսկ ո՞վ ինձ կվերցներ աշխատանքի առանց կաշառքի: Փոխարենն արտադրամասում մեզ հաց ու բլիթներ էին տալիս: Հացը պահում էի ինձ, բլիթները՝ վաճառում»:

Սևդայի տղան ավարտել է Ադրբեջանի տեխնիկական համալսարանը և մեկնել Ռուսաստան աշխատելու. «Նա մեկնել է ոչ միայն աշխատանքի պատճառով: Ինստիտուտում նա մի աղջկա էր սիրում, նույն խմբում էին սովորում: Եվ աղջիկն էր նրան սիրում: Ես գնացի խնամախոսության, իսկ նրա հարազատները չհամաձայնեցին: Իմացան, որ տղան հայր չունի: Այդ ժամանակ տղաս ամեն ինչից հիասթափվեց և մեկնեց:

Նա սկսել է փող աշխատել, մենք հող ենք գնել, փոքր տուն կառուցել: Նա այնտեղ ուզբեկ աղջկա հետ է ծանոթացել, ամուսնացել, երկու երեխա ունեն: Հաճախ եմ նրանց մոտ մեկնում, նրանք էլ ինձ մոտ են գալիս: Հիմա էլ չեմ աշխատում, տղաս է ինձ պահում»:

Ողջ խոսակցության ընթացքում Սևդան ոչ միանգամ վատ խոսք չասաց իրեն լքած տղամարդու հասցեին: «Դա ճակատագիր է», – պնդում է նա: Նա այդպես էլ չի ամուսնացել, սակայն նրա հետ ամուսնանալ ցանկացողներ եղել են.

«Մեկը կար, ասում էր, թե երեխային ինտերնատ տուր, ամուսնանանք: Այնպես նրան վռնդեցի: Այնպիսիք էլ կան, որ առաջարկում էին ինձ «պահել»: Չհամաձայնեցի: Շատ բաներ էին ասում թիկունքիս ետևում: Եղել է, որ ես եմ ծիծաղել այն կանանց վրա, որոնք կառչում էին իրենց ամուսիններից, երբ ես հայտնվում էի: Կարծես թե ես պետք է նրանց ամուսիններին տանեի:

Եղել են օրեր, երբ ես ու տղաս կերել ենք միայն արտադրամասի հացը: Սակայն ես ինքս եմ մեծացրել իմ երեխային: Շնորհակալություն նրան, նա ինձնից երբեք ոչինչ չի խնդրել: Ես ինքս եմ ամեն ինչ պատմել, երբ նա ինստիտուտ է ընդունվել: Ասացի՝ եթե ուզում ես հորդ գտնել, կարող եմ նրա անունն ասել: Նա չցանկացավ»:

Հարսանիքից հետո հարսին ամենահաճախ տրվող հարցը հետևյալն է. «Մի բան կա՞»: Այդ «մի բանի» տակ երեխա է ենթադրվում, մանուկ, որն ադրբեջանական ընտանիք է հաճախ մտնում առանց որևէ պլանավորման, փոխարենը՝ փաստաթղթերով: Այդ «ինչ-որ բանի» հայտնվելն առանց նշանադրության և հարսանիքի ադրբեջանցիների համար ողբերգություն է, և ոչ մի վիճակագրություն դա չի փոխի:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում