Աշուրան Ադրբեջանում՝ կարանտինային արգելքի տակ․ 208 տուգանված, 10 ձերբակալված
Ինքնիշխան Ադրբեջանի պատմության մեջ առաջին անգամ երկրում սգո աղոթքներն ու ծիսական սուգն Աշուրայի օրն արգելքի տակ է հայտնվել կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Չնայած արգելքին՝ հարյուրավոր հավատացյալներ ծեսեր են կազմակերպել, ինչի համար տուգանվել են, իսկ ոմանք նույնիսկ դատարանի առաջ են կանգնելու։
Ըստ հին շիական ավանդույթի՝ մուսուլմանական Մուհարրամ ամսվա տասներորդ օրն՝ Աշուրային, հավատացյալները հարգանքի տուրք են մատուցում Մուհամեդ մարգարեի թոռան և նրա համախոհների հիշատակին, որոնք նահատակվել են յոթերորդ դարում։ Սակայն Ադրբեջանում մզկիթները կորոնավիրուսի տարածման և կարանտինային ռեժիմի պատճառով չեն աշխատում, և իշխանությունները նախօրոք զգուշացրել են օգոստոսի 30–ին բազմամարդ ծեսերի կատարման անհնարինության մասին։
Ի՞նչ է կատարվել VII դարում
Աշուրան Մուհարամ սգո ամսվա տասներորդ օրն է, դրա «կուլմինացիան», երբ մուսուլմանների մի մասը սգում է Հուսեյնի (Մուհամեդ մարգարեի թոռան) և նրա համախոհների մահը, որոնք նահատակվել են Յազիդի՝ Մուավիայի խալիֆի որդու հետ մարտում: Դա տեղի է ունեցել 680 թ-ին Քյարբալա քաղաքի մոտ։ Դա մուսուլմանների սուրբ քաղաքն է, որը գտնվում է ժամանակակից Իրաքի տարածքում:
Հուսեյնի զոհվելուց հետո մուսուլմանական աշխարհը երկու մասի բաժանվեց՝ շիաների, որոնք Հուսեյնի կողմնակիցներն են, և սունիների, որոնք Յազիդի կողմնակիցներն են: Այդ պառակտումը գոյություն ունի մինչ օրս և շարումակում է բազմաթիվ պատերազմներ և հակամարտություններ ծնել: Այդպիսով, Աշուրան սգո օր է միայն շիաների համար: Թեև սունիներն այն նույնպես նշում են, բայց անում են դա այլ կերպ և այլ առիթով. Ղուրանի համաձայն՝ այդ օրը տեղի է ունեցել Երկնքի, Երկրի, հրեշտակների և առաջին մարդու արարումը, և ապոկալիպսիսը նույնպես այդ օրն է լինելու:
Կալանքներ և տուգանքներ
Կովկասի մուսուլմանների վարչությունն Աշուրայից մի քանի օր առաջ հավատացյալներին է դիմել սգո օրը հատուկ նախատեսված վայրերում դոնորական արյուն հանձնելու կոչով։ Վարչության հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 30–ին մոտ 500 մարդ դոնոր է դարձել։
Չնայած բոլոր նախազգուշացումներին և պաշտոնական արգելքին՝ Ադրբեջանի մի քանի շրջաններում հավատացյալները փորձել են բազմամարդ ծեսեր անցկացնել Աշուրայի օրը։ Ընդհանուր առմամբ, կարանտինի խախտման համար տուգանվել է 208 մարդ, ևս 10–ը դատարանի առաջ կկանգնի և մի քանի օրվա վարչական կալանքի կդատապարտվի։
Տարօրինակ միջադեպեր էլ են տեղի ունեցել։ Բաքվի այգիներից մեկում իրավապահները ձերբակալել և բաժին են տարել երեխաների հետ հանգստացող ծնողների։ Սոցցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ ոստիկանների մոտ կասկածներ են առաջացրել հանգստացողների շապիկների վրայի կրոնական գրառումները։