Հայաստանում անպտղության բուժումն այսուհետ անվճար է
Անպտղության բուժում Հայաստանում
Հայաստանի կառավարությունը որոշել է անպտղության բուժումն անվճար դարձնել բոլորի համար։ Նախկինում առաջնահերթությունը տրվում էր զինծառայողներին, զոհված զինծառայողների ընտանիքներին, սահմանամերձ բնակավայրերում ապրող քաղաքացիներին։ Փոփոխության արդյունքում ծրագրից կարող են օգտվել նաև չամուսնացած կամ ամուսնալուծված կանայք։
Առողջապահության նախարարի փոխանցմամբ՝ ծրագրի մեկնարկից՝ 2020 թ․-ից մինչ օրս լույս աշխարհ է եկել 251 երեխա։ Գործադիրը հույս ունի, որ որոշման ընդունման արդյունքում կբարելավվի երկրի ժողովրդագրական իրավիճակը։
2019 թ․-ին ՀՀ կառավարության ընդունած որոշման համաձայն՝ անպտղության հաղթահարման ծրագրից կարող էր օգտվել 5 խումբ` այն ընտանիքները, որտեղ զույգերից մեկն ուներ հաշմանդամություն կամ զույգերից մեկը զինծառայող էր, անապահովության 30 և ավելի միավոր ունեցող ընտանիքները, սահմանամերձ բնակավայրերում ապրող ընտանիքներն ու հաշմանդամություն ունեցող զոհված զինվորականների ծնողները:
Որոշման բոլոր մանրամասները
Անպտղության հաղթահարման ծրագիրը գործում է երկու տարի։ Հունվարի 5-ի նիստում կառավարությունը որոշել է ընդլայնել այդ ծրագրի շահառուների շրջանակը։ Այսպիսով, վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության ծրագրից օգտվելու հնարավորություն կտրվի Հայաստանի բոլոր քաղաքացիներին:
«Անկախ բնակության վայրից, սոցիալական, ամուսնական կարգավիճակից ծրագիրը բաց կլինի Հայաստանի բոլոր քաղաքացիների համար և պետական բյուջեի ֆինանսավորմամբ նրանք կկարողանան հաղթահարել անպտղությունը»,— նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Հայաստանում անպտղության մակարդակը բարձր է։ 2021 թ․-ին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և APR group-ի կողմից իրականացված «Անպտղության տարածվածությունը ՀՀ բնակչության շրջանում» քանակական հետազոտության համաձայն՝ այն կազմում է 16․8%: Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանմամբ՝ անպտղության 15% մակարդակը համարվում է ճգնաժամային և անդրադառնում է ժողովրդագրության, ծնելիության վրա:
Սահմանամերձ բնակավայրերում ապրող զույգերին պետությունը կաջակցի նաև երկրորդային անպտղության հաղթահարման հարցում։
Ավանեսյանի փոխանցմամբ՝ հետագայում կքննարկեն նաև երկրորդային անպտղություն ունեցող և ոչ սահմանամերձ բնակավայրերում ապրող քաղաքացիներին աջակցելու հնարավորությունները։ Սա, ըստ նրա, կարևոր է, քանի որ «ինչպես եվրոպական շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում երկրորդային անպտղության ցուցանիշների որոշակի աճ կա»։
Կառավարության նիստում հարցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ծրագրի շահառու կարող են դառնալ նաև չամուսնացած կամ ամուսնալուծված կանայք։
Նախարար Ավանեսյանն ասել է լրագրողներին, որ ծրագիրը հաջող ընթացք է ունեցել, և հույս հայտնել, որ նոր որոշման արդյունքում երկրի ժողովրդագրական իրավիճակը կբարելավվի։ Նա նշել է, որ այսօր էլ շատերն օգտվում են նման ծառայություններից, բայց դրանք թանկ արժեն։
Առողջապահության նախարարի փոխանցմամբ՝ ներկա պահին անպտղության բուժումը հասանելի է միայն մայրաքաղաք Երևանում։
«Տեխնիկապես և մասնագիտական առումով որոշակի հագեցվածություն է պահանջում։ Բայց մենք նպատակ ունենք ծրագիրն ընդլայնելու նաև Վանաձորում և Գյումրիում։ Աշխատանքներն ընթանում են։ Հույս ունեմ՝ այս տարվա ընթացքում մենք մի հատվածը, որն առաջին քայլն է, հասանելի կդարձնենք նաև մարզերում»,- հայտարարել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Անպտղության բուժում Հայաստանում