«Իշխանության զավթման փորձ էր»․ քաղաքագետը՝ ՀՀ ԱԺ շենքի «գրավման» մասին
ԱԺ շենքի գրավման փորձ
Հայաստանում շարունակվում է ընդդիմադիր փողոցային շարժումը։ Հունիսի 12-ի երեկոյան լարված իրավիճակ էր խորհրդարանին հարակից փողոցներում։ ԱԺ նիստին զուգահեռ բողոքի ակցիա էր նախաձեռնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։ Ցուցարարները Ազգային ժողովի շենքից վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելքն արգելափակելու մտադրություն ունեին։ Այն բանից հետո, երբ նրանք անցան խորհրդարանի հարակից այգու ճաղավանդակների վրայով և սկսեցին առաջանալ, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։
Խորհրդարանական մեծամասնության գնահատմամբ՝ ընդդիմության առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու համակիրները «փորձել են իրագործել սարսափելի ահաբեկչության ակտ և վերջ տալ Հայաստանի պետականությանը»։
«Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները կանխել են ահաբեկչությունը, պետության զավթման փորձը»,- շեշտել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի դիտարկմամբ՝ տեղի է ունեցել իշխանության զավթման փորձ։
Ընդդիմադիր շարժման մասնակիցներն, ըստ նրա, պետք է հասկանան, որ ներկայիս իրավիճակում փոփոխությունների հնարավոր է հասնել միայն սահմանադրական՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհով։ Շեշտում է՝ հակառակ դեպքում շարժման գործողությունները կարող են գնահատվել որպես ժողովրդի իշխանության բռնազավթում։
«Անգամ եթե հիպոթետիկ պատկերացնենք, որ հեղափոխություն է տեղի ունենում այսօր՝ իրողություններում, երբ ներկայիս կառավարությունը ընտրություններով հաղթած ուժ է, արդյո՞ք մենք երաշխիք ունենք, որ այդ հեղափոխական ուժի առաջնորդին աշխարհը կընկալի իբրև բանակցային ֆիգուր, թե՞ կընկալի իբրև ժողովրդի իշխանությունը բռնազավթած անձ»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է նա։
Մինչ այս պահը հաղորդվել է, որ ոստիկանության գործողությունների, բախումների և լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով վնասվածքներ են ստացել 101 քաղաքացիներ, այդ թվում՝ ոստիկաններ։ 85 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Քաղաքացիներից մեկը ծանր՝ դաստակի վնասվածք է ստացել։ Վիրահատությունից հետո նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Բուժկենտրոններում գտնվող մյուս 16 անձինք թեթև և միջին ծանրության վնասվածքներ ունեն։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները չեն դադարեցրել բողոքի ակցիաները։ Առավոտյան ցուցարարները շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ Հանրապետության հրապարակում էին, որոշել էին հերթական նիստից առաջ շրջափակել կառավարության շենքը։ Վարչապետի աշխատակազմից ավելի ուշ հաղորդեցին, որ Փաշինյանը խորհրդարանում է՝ մասնակցելու 2023 թ․-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը, կառավարության նիստը վաղն է կայանալու։ Ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում Ազգային ժողովի շենքի ու մուտքերի մոտ։
Կեսօրին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ավարտեց կառավարության շենքի մոտ տեղի ունեցող ակցիան՝ շարժվելով դեպի Բաղրամյան պողոտա։ Ուշ երեկոյան նախատեսում են հերթական հանրահավաքն անցկացնել։
Իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց մեղադրում են ահաբեկչության կազմակերպման մեջ
«Սա հարձակում էր Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»,— տեղի ունեցածն այսպես է բնորոշել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու ընդգծել՝ «լինելու են իրավական հետևանքներ»։
Իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գնահատմամբ՝ իրավապահ մարմինները կանխել են ահաբեկչություն՝ նոր հոկտեմբերի 27-ը կամ նոր նոյեմբերի 9-ը։ Հիշեցրել է՝ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ին ցուցարարները հարձակվել էին ԱԺ շենքի վրա և փորձել հաշվեհարդար տեսնել այն ժամանակվա խոսնակ Արարատ Միրզոյանի հետ։ Ըստ նրա՝ հիմա նույնը ուզում էին անել վարչապետի հետ․
«Գալստանյանը և խորհրդարանական ընդդիմությունը փորձել են […] իրագործել սարսափելի ահաբեկչության ակտ և վերջ տալ Հայաստանի պետականությանը»։
Ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսը ոստիկանների գործողությունները որակել է որպես «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում գտնվող քաղաքացիների նկատմամբ։ Շեշտել է՝ իրականացնողներն ու հրահանգ տվողները պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Վարչապետի գնահատականը
Կառավարության ղեկավարի խոսքով՝ ցուցարարները փորձել են բռնությամբ ճեղքել ոստիկանության շղթան, որպեսզի հարձակում գործեն ԱԺ-ի վրա, իսկ «ոստիկանությունը պաշտպանել է ՀՀ օրենսդիր ինստիտուտը, ՀՀ պետականությունը»։
«Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու [ՀՀ երկրորդ նախագահ] Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում ոստիկանների վրա»,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ «իրավաչափ ու պրոֆեսիոնալ» գնահատելով ոստիկանության գործողությունները։
Ոստիկանությունը մի շարք սխալներ և օրինախախտումներ է թույլ տվել
Ուսումնասիրելով քաղաքացիների և ոստիկանների բախման տեսագրությունները՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը սոցցանցում հետևյալ կարծիքն է հայտնել․
«Թեև ապօրինի ու ագրեսիվ գործողությունների նախաձեռնողը եղել են ցուցարարները՝ իրենց առաջնորդ Վազգեն Գալստանյանի դրդմամբ, սակայն հարկ է նկատել ոստիկանության մի շարք սխալներ և օրինախախտումներ: Մասնավորապես՝ ոստիկանությունը պատշաճ պատ/շղթա չի կազմել Սիրահարների այգու ֆլանգում, որի հետևանքով ցուցարարների կողմից այգի մտնելը հանգեցրել է ոստիկանական պաշտպանության «փլուզմանը»: Այդ ֆլանգում (օրինակ՝ այգու պարսպի մոտ) ոստիկանական շղթա նախատեսելու դեպքում ոստիկանական շարքերը չէին ճեղքվի, հատուկ միջոցի կարիք չէր առաջանա»։
Նրա խոսքով՝ որևէ օբյեկտիվ փաստ չի գտնվել, որը կվկայեր այն մասին, թե օրենքի պահանջը պահպանվել է՝ քաղաքացիները նախազգուշացվել են հատուկ միջոցների կիրառման մասին․
«Արձանագրվել են դեպքեր (հիմնականում՝ Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում), որտեղ լուսաձայնային նռնակը կիրառվում էր արդեն իսկ կիրառված նռնակից գետին ընկած քաղաքացիների ու նրանց օգնության հասնողների նկատմամբ»։
Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, սակայն, լրագրողների հետ զրույցում նշել էր, որ տասնյակ անգամ հայտարարել են հատուկ միջոցի գործադրման մասին, իսկ նման քայլի են դիմել, քանի որ «իրավիճակն անկառավարելի էր»։ Վստահեցրել է՝ ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում։
Իոաննիսյանի փոխանցմամբ՝ լուսաձայնային նռնակները կիրառվել են Առողջապահության նախարարի (2012 թվականի 90-Ն) հրամանով սահմանված կարգի խախտմամբ, չի պահպանվել կիրառվելու՝ մարդկանցից նվազագույն (2,5 մետր) հեռավորությունը, ինչի հետևանքով էլ քաղաքացիները մարմնական վնասվածքներ են ստացել։
Արդյոք ընթանո՞ւմ է ոստիկանության գործողություններին առնչվող ծառայողական քննություն։ Պատասխանելով հարցին՝ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը միայն նշել է, որ «մշտադիտարկում» է արվում։
Ինչպես հավաքի մասնակիցները, այնպես էլ Ոստիկանության ծառայողները տեղեկություններ են ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ ՄԻՊ գրասենյակի խոսքով՝ հավաքի որոշ մասնակիցներ նշել են, որ իրենց նկատմամբ կիրառվել է անհամաչափ ուժ, որն ուղեկցվել է ոստիկանների կողմից հնչեցվող վիրավորանքներով։ Պաշտպանը նշված հանգամանքը «անթույլատրելի և դատապարտելի» է համարել։ Միևնույն ժամանակ «խիստ մտահոգիչ» է որակել հավաքի մասնակիցների կողմից ոստիկանների ուղղությամբ տարատեսակ առարկաներ նետելու վերաբերյալ ստացած տեղեկությունները։
«Ոստիկանության կողմից անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ ստանա պատշաճ իրավական գնահատական՝ նման դեպքերի շարունակականությունը բացառելու նպատակով»,- հայտարարել է պաշտպանը։
Մանասյանի դիտարկմամբ՝ պետք է քննարկման առարկա դառնա նաև այն, թե արդյոք հատուկ միջոցները կիրառվել են սահմանված չափանիշների և կարգի պահպանմամբ։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը դատապարտելի է համարում ընդդիմության՝ բախման հրահրման փորձերը։ Ասում է՝ չի կարելի գնալ փոփոխությունների ոչ սահմանադրական ճանապարհով։ Ըստ նրա՝ այդ պարագայում դրանք կլինեն ոչ թե փոփոխություններ, այլ «պայթեցնող գործողություններ, որոնց արդյունքում, հավանաբար, կփլուզվի նաև պետական աստիճանակարգը»։
Շեշտում է՝ աշխարհաքաղաքական իրավիճակը խիստ լարված է, ուստի պետք չէ ցնցումների տանել նաև ներքաղաքական իրավիճակը։ Ներկայիս պայմաններում, ըստ նրա, ընդդիմության առավելագույն քաղաքական նպատակը կարող է լինել արտահերթ ընտրությունների իրականացումը․
«Եթե ընդդիմությունը տեսնում է, որ իրավիճակը հատել է անվերահսկելիության շեմը և իշխանությունները կարող են գնալ այնպիսի քայլերի, որոնք հակոտնյա են ՀՀ շահերին, ունի մեկ առաջադրված օրակարգ, որը պետք է փորձի առաջ մղել, այն է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրականացումը»։
Սիմոնյանը շեշտել է՝ այլընտրանք չկա, քանի որ Փաշինյանի իշխանությունը շարունակում է մնալ լեգալ․ օրինական՝ ընտրություններով եկած իշխանություն է։ Ուստի ընդդիմության պահանջը ևս պետք է լինի օրինական։
«Ոչ թե 72 ժամ, 96 ժամ, 1 օր, 1 ժամ, 1 ժամ 15 րոպե, սա ի՞նչ վերջնաժամկետներ են։ Այդ մարդիկ չեն պատկերացնում քաղաքական իրադարձությունները, թույլատրելի քաղաքագիտական իրավիճակը ներկայիս իրողություններում»,- շարժման ներկայացուցիչների մասին ասել է նա։
Ինքը՝ Սիմոնյանը, տեսնում է արտահերթ ընտրությունների հնարավորություն։ Ասում է՝ սոցհարցումները ցույց են տալիս Փաշինյանի հանդեպ վստահության անկումը։ Բացի այդ, ինքը՝ Փաշինյանը հասկանում է՝ ժամանակն աշխատում է իր դեմ, հաջորդ ընտրությունների (2026 թ․) ժամանակ քաղաքական կապիտալը շատ ավելի կնվազի։
Քաղաքագետի գնահատմամբ՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն արդեն իսկ տապալված է։ Հիմնական պատճառներն, ըստ նրա, երկուսն են՝
- «Եկեղեցին է գլխավորում դա, սելեկտիվ հնարավորություններ չունի, չէր կարող ընտրազտել իր շարքերը։ Այնտեղ սողոսկել են ժողովրդի կողմից մերժված, այդ թվում՝ օտար պետության շահերը սպասարկող ուժեր։
- Առաջ քաշած մոտեցումը՝ Փաշինյանի հրաժարականը հանուն միջանկյալ [ժամանակավոր] կառավարության խելամիտ չէ, ոչ էլ նպատակահարմար է։ Նրանք չեն կարող հիմնավորել, որ Փաշինյանի կառավարությունը չի կարող նոր ընտրություններ կազմակերպել և այդ ընտրությունների օբյեկտիվությունը վերահսկել»։
Հիշեցնում է՝ գործող իշխանությունները կարողացել են կազմակերպել երկու խորհրդարանական ընտրություններ, ինչպես նաև ՏԻՄ ընտրություններ։ Օրինակ է բերում Երևանի քաղաքապետի վերջին ընտրությունն ու նշում, որ թեև իշխանությունների համար «ողբալի պատկեր» էր, բայց չխորշեցին ներկայացնել այն։
Խոսելով սպասվող հանրահավաքների մասին՝ Գուրգեն Սիմոնյանը նկատել է՝ եթե մարդիկ մնան իրատեսության մակարդակում, շարժումը կգնա դեպի մարում։ Մյուս կողմից՝ չի բացառել, որ եթե լինեն ցուցարարների հանդեպ բիրտ գործողություններ, մարդկանց փողոց դուրս կբերի զայրույթը։
«Եթե իշխանությունները պատշաճ վարք դրսևորեն, բիրտ ուժ և վիրավորական վերաբերմունք չդրսևորեն մարդկանց նկատմամբ, ապա ռացիոնալից իռացիոնալի տեղափոխման հարց չի լինի»,- ամփոփել է քաղաքագետը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ԱԺ շենքի գրավման փորձ