Ադրբեջանի և Հայաստանի սահմանին նոր միջադեպ է տեղի ունեցել՝ Ադրբեջանի քաղաքացիներից մեկն անօրինական կերպով հայտնվել է հայկական տարածքում։ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաստատել է լուրը հոկտեմբերի 22-ին։
Ըստ տեղեկությունների՝ 1968 թվականին ծնված Քասիմով Յաշար Ալի Օղլուն հոկտեմբերի 19-ին մոլորվել է։
«Ձեռնարկվում են համապատասխան գործողություններ Ադրբեջանի քաղաքացուն վերադարձնելու նպատակով»,- հայտնել են ԱԱԾ-ից։
Հոկտեմբերի 19-ից ի վեր հայկական լրատվամիջոցները հաղորդում էին, որ ադրբեջանցի մի հովիվ ապօրինի հատել է սահմանը, ինչից հետո ձերբակալվել է Ռազմական ոստիկանության կողմից։ Որոշ ԶԼՄ-ներ գրում էին, որ նա իր մոտ սպիտակ դրոշ է ունեցել։
Ի պատասխան ադրբեջանական լրատվամիջոցների հարցման՝ հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել էր, թե «իր վերահսկողության տակ գտնվող տարածքում նման միջադեպեր տեղի չեն ունեցել»։
Միջադեպը զգալի մտահոգություն է առաջացրել երկու երկրներում, հատկապես վերջերս սահմանին տեղի ունեցած մեկ այլ դեպքի ֆոնին։ Հոկտեմբերի 1-ին Հայաստանում ձերբակալվել էր ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը։ Ըստ հայկական կողմի՝ նա ապօրինի հատել է սահմանը, մտել Սյունիքի մարզի Շաքի գյուղում գտնվող մասնավոր տուն, կրակ բացել և վիրավորել մի կնոջ։
Մուսաևի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանըհայտարարել է, որ նա կդատվի Հայաստանում։ Փաշինյանը նաև նշել է, որ Ադրբեջանը չի դիմել զինծառայողին արտահանձնելու խնդրանքով՝ ընդգծելով, որ Երևանն ու Բաքուն նախկինում պայմանավորվել են մոլորված զինծառայողների հետ կապված հարցերը քննարկել այլ հարցերից առանձին։
Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով միջադեպի վերաբերյալ հարցին, նշել է, որ հովիվները կարող են մոլորվել և պատահական հատել սահմանը այս կամ այն ուղղությամբ։ Նա ընդգծել է նման իրավիճակները կառուցողական ճանապարհով լուծելու կարևորությունը։