2018թ-ի յոթ գլխավոր իրադաձություններն Ադրբեջանում
Արտահերթ նախագահական ընտրություններ
Նախագահական ընտրությունները պետք է հոկտեմբերին անցկացվեին։ Սակայն փետրվարին նախագահ Իլհամ Ալիևն օգտվեց իր սահմանադրական իրավունքից և ապրիլին արտահերթ ընտրություններ նշանակեց։ Այս որոշումը կատարելապես անսպասելի էր ոչ միայն ընդդիմության, այլ նաև իշխող կուսակցության բացարձակ մեծամասնության համար։
• Ով ով է և ով ոչ ոք է Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին
• Որքա՞ն են Վրաստանի վրա արժենում ընտրությունները
Վերլուծաբանները նման որոշման տարբեր պատճառներ են նշել. ադրբեջանական ընտրությունները Ռուսաստանի և Հայաստանի ընտրությունների հետ «սինքրոն» դարձնելու ցանկությունը, ղարաբաղյան բանակցություններում նախապատրաստվող փոխզիջումները (եթե այդպիսի բան եղել է անգամ, ոչ ոք այդ մասին չի իմանա, որովհետև Հայաստանում այդ ընթացքում իշխանությունը փոխվել է), գների սպասվող աճն ու այլ ոչ պոպուլյար որոշումները (արդյունքում աճեցին միայն հանրային տրանսպորտի գները) և այլ պատճառներ։
Ընտրություններն ավարտվեցին, ինչպես սպասվում էր, գործող նախագահի համոզիչ հաղթանակով, որը կպաշտոնավարի ևս յոթ տարի։
Ընդդիմությունը բոյկոտում էր, իսկ ԵԱՀԿ բոլոր միջազգային դիտորդները քննադատեցին ողջ գործընթացը։
Անկարգություններ Գյանջայում
Ադրբեջանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի գործադիր իշխանության նախկին ղեկավար Էլմար Վելիևն ու նրա թիկնապահը հուլիսի 3-ին ահաբեկչական ակտի զոհ էին դարձել։ Երկուսն էլ կենդանի էին մնացել, կրակողը՝ Յունիս Սաֆարովն, անմիջապես էր կալանավորվել, նրան մեղադրում են կրոնական էքստրեմիզմի համար (դատը դեռ չի եղել)։
Սակայն իսկական շոկը մեկ շաբաթ անց եղավ՝ հուլիսի 10-ին։ Գյանջայի ղեկավարը ժողովրդականություն չէր վայելում քաղաքում, և միանգամից այլընտրանքային վարկած առաջ քաշվեց, որ սպանությունը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա։
Մեկ շաբաթ անց մի խումբ գյանջացիներ դուրս եկան քաղաքի կենտրոնական հրապարակ՝ Սաֆարովին ազատ արձակելու պահանջ ներկայացնելու մտադրությամբ։ Ոստիկանությունն, ինչպես միշտ, սկսեց ցրել տարերային ցույցը, սակայն սկսված իրարանցման ժամանակ ոստիկանության երկու սպա սպանվեց։
Հիմնական վարկածը կրոնական էքստրեմիզմն ու իսլամի տարբեր ուղղությունների միջև պայքարն էր։ Նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ այդ գործողությունները ոչ մի կապ չունեն կրոնի հետ, և դեպքերը ղեկավարվել են դրսից Ադրբեջանում իրավիճակն ապակայունացնելու նպատակով։ Հուլիսի 10-ից հետո իրավապահ մարմինները մի քանի հակաահաբեկչական գործողություններ կատարեցին, որոնց ընթացքում մի քանի մարդ սպանվեց և տասից ավել մարդ կալանավորվեց։ Ստուգումներն ու քննությունը շարունակվում է։
Թե ինչ էր տեղի ունեցել Գյանջայում իրականում, կարելի է միայն ենթադրություններ անել։
Մինգեչաուրի ջերմաէլեկտրակայանի վթարը
Հուլիսի 4-ին Ադրբեջանի մեծ մասը մթության մեջ հայտնվեց։ Երկրի խոշորագույն էլեկտրակայանում վթար էր տեղի ունեցել, պահուստային աղբյուրները չէին դիմացել աճող ծանրաբեռնվածությանն ու նույնպես անջատվել էին։ Էներգետիկ կոլապսն ընդհատումներով շարունակվում էր գրեթե երեք օր, մի քանի անգամ մետրոյի վագոնները կանգ էին առնում մետրոպոլիտենի թունելներում։ Բնակչությունը ծանոթացավ «բլեքաութ» արտասահմանյան բառին։
• Բլեքաութն Ադրբեջանում. ինչպե՞ս նման բան եղավ, ո՞վ է մեղավոր և ինչպե՞ս են նրանք պատժվելու
• Ադրբեջանական էներգետիկ ապոկալիպսիսը՝ լուսանկարներով, պատմություններով և մեկնաբանություններով
Աղետի տարբեր վարկածներ էին հնչում։ Կառավարության արտակարգ նիստին նախագահը պաշտոնյաներին մեղադրեց անփութության համար, որոշ ժամանակ անց «Ազերէներջի» էլեկտրաէներգիայի մատակարար ձեռնարկության ղեկավարը հեռացվեց աշխատանքից։
Եղան նաև կոնսպիրոլոգիական հիպոթեզներ․ վթարը ժամանակային առումով գրեթե համընկավ Գյանջայի անկարգությունների հետ, ինչն «Ադրբեջանում իրավիճակի ապակայունացման նպատակով» արտասահմանյան դավադրության վարկածի առիթ տվեց։
Մինգեչաուրի ջէկ-ի աշխատանքը դեռ չի վերականգնվել։ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը դեկտեմբերի13-ին «ՏՎ Ռեալին» ասել էր, որ «շարունակվում են ախտորոշման աշխատանքները»։
«Գլխավոր քաղբանտարկյալի» ազատ արձակումը
«Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության նախագահ Իլգար Մամեդովին անվանում էին «Ադրբեջանի գլխավոր քաղբանտարկյալ»։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, միջազգային իրավապաշտպան շատ կազմակերպություններ պահանջում էին ազատ արձակել նրան։
Մամեդովին ազատ էին արձակել օգոստոսի 13-ին այն բանից հետո, երբ նա բանտում էր անցկացրել զանգվածային ակնարգությունների կազմակերպման մեղադրանքով կայացված վճռի 7 տարվա ազատազրկումից հինգը։ Նրան ազատ են արձակել «պայմանական-վաղաժամկետ», առանց երկրից բացակայելու իրավունքի և ոստիկանությունում ամիսը մեկ հաշվառվելու պայմանով։
Իլգար Մամեդովի ազատ արձակումը հազիվ թե փոխի քաղաքական գունապնակն Ադրբեջանում։ Սակայն «Հանրապետական այլընտրանքը», որն այս ընթացքում շարժումից վերածվեց կուսակցության՝ թեկուզև չգրանցված, կարող է լրջորեն ներգրավվել 2020թ-ին կայալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական պայքարին։
Հանրային տրանսպորտի սակագների բարձրացում
Օգոստոսի սկզբին հանրային տրանսպորտի սակագները մեկուկես անգամ թանկացան։ Ավանդաբար, այս մասին հայտարարվեց կեսգիշերին, իսկ առավոտյան ուղևորներին արդեն անակնկալ էր սպասվում։ Իշխանություններն այս որոշումը բացատրեցին տրանսպորտային պարկը նորացնելու և ուղևորների սպասարկման մակարդակը բարձրացնելու ցանկությամբ։ Նոր ավտոբուսներ մի քանի ամսից իրոք հայտնվեցին, սակայն սպասարկման ոլորտում լուրջ բարելավման մասին խոսելն ավելորդ է։
Ժողովուրդը կանխատեսելի կերպով արձագանքեց․ առաջին շաբաթվա ընթացքում բողոքի ցույցի և հանրային տրանսպորտի բոյկոտի կոչեր էին հնչում, սակայն հետո ամեն ինչ հանդարտվեց։ Տեսանելի առումով ուղևորների հոոսքը չնվազեց, իսկ եկամուտների աճի մասին ֆինանսական հաշվետվություններ դեռ չեն հրապարակվել։
Կասպից ծովի կարգավիճակի մասին համաձայնագիր
Օգոստոսի 12-ին մերձկասպյան 5 երկիր ղազախական Ակտաու քաղաքում կոնվենցիա ստորագրեց, որը փորձագետներն անվանեցին «Կասպից ծովի սահմանադրություն»։ Վերջ դրվեց աշխարհի խոշորագույն ծովի՝ էներգառեսուրսներով հայտնի հատակի բաժանման սկզբունքների մասին ավելի քան 20 տարի տևած վեճերին։
Կոնվենցիայի համաձայն՝ Կասպից ծովը հայտարարվեց ոչ ծով, ոչ լիճ, այլ հատուկ ջրամբար, որի մակերեսը համընդհանուր օգտագործման է, իսկ հատակն ու ընդերքը բաժանվեց հինգ մասնակիցների միջև՝ երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։ Երկրները նաև միասին քննարկում են նավարկության, ձկնորսության, գիտական հետազոտությունների և մագիստրալային խողովակաշարերի անցկացման կանոնները։
Այդպիսով՝ հաղթահարվեց տրանսադրիատիկ խողովակաշարի մասշտաբային նախագծի իրականացման ճանապարհին առաջացած վերջին խոչընդոտը։ Խողովակաշարը 2020թ-ից թույլ է տալիս սկսել ադրբեջանական (հետագայում՝ նաև թուրքմենական) գազի արտահանումը դեպի Եվրամիության երկրներ՝ շրջանցելով Ռուսաստանը։
Կոնվենցիայի համաձայն՝ Կասպից ծովի ջրերում չի թույլատրվում ոչ կասպյան երկրների ռազմական նավերի ներկայություն։ Փորձագետները կարծում են, որ այդ կետի առումով շահել է Ռուսաստանը, որը Կասպից ծովում ամենահզոր նավատորմն ունի։
Զամիրա Հաջիևայի գործը
Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին տնօրեն Ջահանգիր Հաջիևի կնոջ՝ Զամիրա Հաջիևայի կալանավորումը հայտնվեց աշխարհի գրեթե բոլոր խոշոր լրատվամիջոցների առաջին էջերին։ Ադրբեջանի 55-ամյա քաղաքացին առաջին արտասահմանցին էր, որի հանդեպ Մեծ Բրիտանիայի իշխանությունները կիրառեցին «Միջոցների անհայտ ծագման մասին որոշումը» (Unexplained Wealth Orders)։
Հաջիևան գրավել է Հանցավորության դեմ պայքարի Բրիտանիայի ազգային գործակալության ուշադրությունն իր շքեղ կենսակերպով։ Միայն Harrods առևտրի կենտրոնում նա ծախսել էր մոտ 16 մլն ֆունտ ստերլինգ, ինչպես նաև ձեռք էր բերել ավելի քան 20 միլիոնի անշարժ գույք։
Կալանքին նախորդեցին լսումներ Լոնդոնի բարձր դատարանում, որտեղ Հաջիևան չկարողացավ բացատրել իր կապիտալի ծագումը։ Այժմ Զամիրա Հաջիևան մինչև նիստը գրավով ազատ է արձակվել, իսկ Ադրբեջանի կառավարությունն ուզում է, որ նրան ատահանձնեն Բաքվին։