Ութ թեկնածուներ սկսել են նախընտրական արշավը" />

Ով ով է և ով ոչ ոք է Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին

Ութ թեկնածուներ սկսել են նախընտրական արշավը

Ադրբեջանում սկսվել է նախագահի թեկնածուների նախընտրական արշավը: Ապրիլի 11-ին կայանալիք ընտրությունները թվով 8-րդը և արտահերթ 3-րդ նախագահական ընտրություններն են լինելու անկախ Ադրբեջանի պատմության մեջ: Դրանք պետք է կայանային հոկտեմբերին, սակայն նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի սկզբին որոշեց արտահերթ ընտրություններ անցկացնել:

Այդ որոշման հնարավոր պատճառների մասին կարելի է կարդալ այստեղ

Պաշտոնապես 15 թեկնածու է առաջադրվել: Նրանցից 8-ը պայքարելու են հետագա 7 տարիներին Ադրբեջանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար: Փորձենք պարզել, թե ով ով է, ոչ ով չէ, և ովքեր ընդհանրապես չեն մասնակցում այս ընտրություններին:

Ով ով է

Միակ «ովն» այս ընտրություններին գործող նախագահ Իլհամ Ալիևն է: Ոչ մի կասկած չկա, որ նա չորրորդ անգամ նախագահ կդառնա: Անգամ եթե ընտրություններն անցկացվեն սկանդինավյան երկրների ժողովրդավարական չափանիշներով, Ալիևը վստահ հաղթանակ կտանի:

Սակայն, այնուամենայնիվ, որոշակի ինտրիգ կա. ձայների քանի՞ տոկոսը նա կհավաքի: Նախորդ երեք ընտրություններին Ալիևը, ըստ պաշտոնական տվյալների, հավաքել էր ձայների համապատասխանաբար 77%, 89% և 84.5 տոկոսը: Իմ կանխատեսումն այս անգամ. վերջապես կհաղթահարվի 90% շեմը, դա արդեն պատվի հարց է:

Մեկ այլ ինտրիգ է այն, թե արդյոք Իլհամ Ալիևը կղեկավարի մինչև այդ 7 տարիների ավարտը: Սակայն դա արդեն այլ հոդվածի թեմա է:

Ով ոչ ոք է

Մնացած 7 թեկնածուներին պայմանականորեն կարելի է 3 խմբի բաժանել:

«Հնաբնակներ»

Այս խմբին են պատկանում 1980-ականների ազգային-ազատագրական շարժման վետերաններ Արազ Ալիզադեն, Սարդար Մամեդովը (Ջալալօղլու) և Ֆարաջ Գուլիևը: Ալիզադեն ու Գուլիևը խորհրդարանի անդամներ են: Սարդար Մամեդովն Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախագահն է:

«Երիտասարդ» առանձնացածները

Երեք թեկնածուների՝ Հուդրաթ Հասանգուլիևին, Զահիդ Օրուջին և Ռազի Նուրուլաևին մնացածի ֆոնին պայմանականորեն կարելի է «երիտասարդ» անվանել: Նրանցից ավագը 52 տարեկան է, ամենակրտսերը՝ 46 տարեկան: Նրանց միավորում է նաև այն, որ բոլորն առանձնացել են իրենց կուսակցություններից՝ հույս ունենալով իշխանությունից ինչ-որ դիվիդենդներ ստանալ:

Պարտադիր խեղկատակը

«Ձուկ Հաֆիզ» մականունով Հաֆիզ Հաջիևն առանձնանում է իր ցուցադրական էկսցենտրիկությամբ և անդաստիարակությամբ: Նա իշխանությունների «մշտական խեղկատակն» է, որին կանչում են հինգ տարին մեկ ուղիղ եթերում քաղաքական հակառակորդների վրա ցեխ նետելու համար: Ընդ որում, յուրաքանչյուր ընտրություններին նա կայուն կերպով զբաղեցնում է վերջին տեղը, սակայն նրան կրկին առաջադրում են: Չեմ էլ ուզում այդ մարդու մասին ինչ-որ բան գրել:

Շատերի մոտ է հարց առաջանում, թե ինչպես է «ոչինչ» կատեգորիայի թեկնածուներին հաջողվել 40 հազար աջակցող ձայն հավաքել, ընդ որում, 60 ընտրատարածքից:

ԿԸՀ նախկին անդամ, իրավաբան Աքիֆ Գուրբանովը կարծում է, որ դա հնարավոր է միայն տեղերում գործադիր իշխանության աջակցության պարագայում:

«Կան թեկնածուներ, որոնց գրառումները Ֆեյսբուքում երեք օրում ընդամենը 38 մարդ է հավանում: Կամ նրանց հարցազրույցները տեղական կայքերին երեք օրում կարդում է 39 մարդ: Այնուամենայնիվ, նրանք ինչ-որ հրաշքով կարողացել են 3-4 օրում ի աջակցություն իրենց հավաքել ավելի քան 40 հազար ստորագրություն», – գրում  է տնտեսագետ, փորձագետ Նաթիկ Ջաֆարլին:

Ովքեր չկան այս ընտրություններին

Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր կուսակցություններն ու շարժումները որոշել են բոյկոտել ընտրությունները: Ընդդիմության համատեղ միավորված հանրահավաքին, որը կայացել էր մարտի 10-ին, նախորդ նախագահական ընտրույթուններին ընդդիմության նախկին միասնական թեկնածու, Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին հայտարարել էր. «Իշխանությունների նպատակը ոչ թե արտահերթ, այլ այլընտրանք չունեցող ընտրություններ անցկացնելն է»:

Այդ որոշման վրա ազդել են նաև այլ գործոններ. օրինակ, «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը սրտի կաթված է ստացել և մինչև հիմա բուժվում է թուրքական կլինիկայում: Կարելի է միայն կռահել, թե ինչպիսին կլիներ «Մուսավաթի» որոշումը, եթե դրա առաջնորդն առողջ լիներ:

Մյուս պոտենցիալ թեկնածուն՝ «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր շարժման առաջնորդ Իլգար Մամեդովն, արդեն հինգ տարի է՝ բանտում է և քաղբանտարկյալ է ճանաչվել:

Ի՞նչ է լինելու հետո

Անկասկած, այս ընտրություններն Ադրբեջանի պատմության մեջ կմնան որպես ամենաանկատը: Իլհամ Ալիևը հեշտությամբ կվերընտրվի 4-րդ անգամ: Սակայն ամենահետաքրքիրը կսկսվի հետո: Ինչպե՞ս Ալիևը կօգտագործի իր քարտ-բլանշը: Արդյո՞ք նա կստորագրի Ղարաբաղի վերաբերյալ փոխզիջումային պայմանագիրը: Արդյո՞ք կշարունակի Ռուսաստանի հետ մերձեցումը և կանդամակցի Եվրասիական միությանը: Ի՞նչ ընթացք կստանա պայքարն ադրբեջանական էլիտայի ներսում: Եվ ամենահետաքրքիր հարցը. արդյո՞ք նա ժառանգորդ կպատրաստի իր համար, եթե այո, ապա ո՞ւմ:


Կարդալ ավելին JAMnews-ում