Գրեթե երկու օր Ադրբեջանի բնակիչներն անցկացրել են առանց էլեկտրականության և ջրի " />

Բլեքաութն Ադրբեջանում. ինչպե՞ս նման բան եղավ, ո՞վ է մեղավոր և ինչպե՞ս են նրանք պատժվելու

Գրեթե երկու օր Ադրբեջանի բնակիչներն անցկացրել են առանց էլեկտրականության և ջրի

Ջերմաէլեկտրակայանում տեղի ունեցած ընդամենը մեկ վթարը երկու օրով անջատել է երկրի լույսը, ջուրը, լուսաֆորներն ու մետրոն չեն աշխատել: Ինչո՞ւ է նման բան տեղի ունեցել:

Ժամանակագրություն

Հուլիսի լույս 3-ի գիշերն անջատվում է էլեկտրականությունը: Օդորակիչները դադարում են աշխատել, մարդիկ շոգից խեղդվում են (երկրում միջինում 41 աստիճան ջերմություն է): Փոխարենը շարունակում են աշխատել բոլոր երեք բջջային օպերատորներն ու բջջային ինտերնետը, և սոցցանցերում օգտատերերը պարզում են, որ երկրում ոչ իմ տեղ լույս չկա:

Հուլիսի 3-ի առավոտյան էլեկտրականությունը միացնում են գրեթե ամենուր: Հայտնվում է էներգամատակարարման օպերատոր «Ազերէներջիի» պաշտոնական արձագանքը. ամեն ինչ կապված է Մինգեչուր քաղաքի «Ադրբեջանական» ջերմաէլեկտրակայանում տեղի ունեցած վթարի հետ, վթարը շոգից է: Երկրում միաժամանակ աշխատող օդորակիչների պատճառով էներգաբլոկը գերծանրաբեռնվել է և այրվել:

«Ադրբեջանական» ՋԷԿ-ը Հարավային Կովկասի խոշորագույն ջերմաէլեկտրակայանն է՝ 2400 մեգավատ ընդհանուր հզորությամբ: Շինարարությունը սկսվել է 1974թ-ին: 8 բլոկերից է կազմված, որոնցից առաջինը գործարկվել է 1981թ-ին, իսկ ութերորդը՝ 1990 թ-ին:

Հուլիսի 3-ի ցերեկը լույսը միացրին, սակայն ջրատարի ջուրը չկար: Ջրամատակարարման օպերատոր «Ազերսուն» դա բացատրեց նրանով, որ էլեկտրականության հետ կապված խնդիրների պատճառով Կուր գետի մաքրող կայաններում և Ջեյրանբաթանի ջրամբարում ջրի վերամշակումը դադարեցվել է:

Հուլիսի 3-ի երեկոյան Բաքվի մեծ մասում և այլ շրջաններում լույսն անջատվեց: Այս անգամ խափանվել էին այլլընտրանքային կայանները:

Հուլիսի 4-ի առավոտյան մետրոն փակ էր, այն կրկին գործարկվեց միայն երեկոյան: Ջուրն ու լույսը մատաարարվում էր փոփոխական հաջողություններով: Ջրամատակարարումն ամբողջությամբ վերականգնելու համար մինչև հուլիսի 6-ը ժամանակ պահանջվեց:

Ներկա պահին ՋԷԿ-ը չի աշխատում, երկրի էներգամատակարարումն ապահովվում է մյուս ՋԷԿ-երի հզորության ավելացման հաշվին, իսկ էներգիայի պակասը լրացնում են Վրաստանն ու Ռուսաստանը:

«Մետրոպոլիտենը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը տեխնիկական պատճառներով»:

Իշխանությունների արձագանքը

Իշխանամետ լրատվամիջոցների օգնությամբ սկզբում հաղորդվում էր միայն առանձին գերատեսչությունների արձագանքն ու հաղորդագրություններ այն մասին, որ «նախագահը հատուկ հանձնաժողով է ստեղծել»:

Հուլիսի 4-ին այդ հատուկ հանձնաժողովի նիստը ցուցադրվեց պետական հեռուստաալիքով, և այդ ժամանակ Իլհամ Ալիևն առաջին անգամ ուղղակիորեն դիմեց քաղաքացիներին՝ շնորհակալություն հայտնելով նրանց համբերության և ըմբռնման համար:

Համբերություն և ըմբռնում իրոք դրսևորվեց: Թեև մարդիկ արտահայտվում էին, թե «պաշտոնյաները կրկին կերել են վերանորոգման փողերը, այդ պատճառով էլ այնտեղ ամեն ինչ վթարվել է», սակայն վրդովմունքն անհասցե էր և, ընդհանուր առմամբ, լույսի բացակայությունն ընկալվեց որպես բնական աղետ: Ոչ ոք չէր պահանջում, որ ներողություն խնդրեն, ոչ ոք մարդկանց առջև ներողություն չխնդրեց:

«Հուլիսյան ապոկալիպսիսի» մասին պատմություններ՝ JAMnews-ի ֆոտոռեպորտաժում

Այնուհետև նախագահը պատասխան պահանջեց նախարերներից և հանձնաժողովի այլ անդամներից, և յուրաքանչյուրը հաշվետվություն ներկայացրեց, թե ինչ է արվել իր ոլորտում:

Էներգետիկան

Յագուբ Էյուբովը՝ գլխավոր նախարարի առաջին տեղակալն ու հանձնաժողովի նախագահն, ասաց, որ եղել է դեպքի վայրում: Նա պատմեց, թե ինչ է տեղի ունեցել էլկտրակայանում. սկզբում շարքից դուրս է եկել տրանսֆորմատորներից մեկը, որից թափվել է մոտ հազար կիլոգրամ յուղ՝ ուղիղ տեխնիկական սարքավորումների և մալուխների վրա, որոնք մերձակայքում են եղել: Այդ ամենը սկսել է այրվել: Իսկ այդ նույն էլեկտրակայանի վեցերորդ էներգաբլոկում դադարեցվել է աշխատանքը, սակայն շարունակվել է այնտեղ գազ մատակարարվել: Գազը նույնպես բռնկվել է:

Վթարը հարվածել է ոչ միայն բնակչության հանգստությանն, այլ նաև տնտեսությանը: Օրինակ, նավթաարդյունահանող ձեռնարկությունները 4.2 հազար տոննա պակաս են արդյունահանել, իսկ նավթավերամշակման գործարանին 8 օր է անհրաժեշտ էլեկտրաէներգիայի խափանումից հետո աշխատանքն ամբողջությամբ վերականգնելու համար:

Իսկ կրկին լույսը տալու համար էլեկտրաէներգիան ստիպված են եղեկ գնել Ռուսաստանից և Վրաստանից:

Երկրորդը ելույթ ունեցավ չարաբաստիկ «Ազերէներջիի» ղեկավար Էթիբար Փիրվերդիևը:

Եվ այստեղ Ադրբեջանի քաղաքացիները դիտարժան տեսարանի ականատես եղան՝ «պաշտոնավոր մարդը», որը կանգնած էր՝ գլուխը կախ, գրեթե մինչև սեղանը, որպես չարություն արած դպրոցական, ասաց հետևյալը.

«- …Խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, որ ջերմաէլեկտրակայանի վթարի իրավիճակը վերահսկողության տակ առաք: Վերջին 15 տարում էներգետիկայի հատվածում Ձեր ղեկավարությամբ…

-Մենք գիտենք, թե ինչ է արվել 15 տարում: Ավելի լավ է՝ ասա, թե ինչու է վթար տեղի ունեցել և երկիրն անլույս մնացել: Ի՞նչ պատճառով»:

Հետո նախագահը Փիրվերդիևին նախատեց երկրին պատճառած վնասի և տանջանքների համար և պահանջեց մանրամասն հետազոտություն անցկացնել:

Աղետի պատճառները քիչ թե շատ սկսեցին ուրվագծվել արտակարգ իրավիճակների նախարար Քեմալեդին Հեյդարովի ելույթից հետո: Նա ասաց, որ Մինգեչուրի ՋԷԿ-ը բարոյապես և ֆիզիկապես մաշվել է և աշխատում էր անվտանգության տեխնիկայի կանոնների հաճախակի խախտումներով, որոնց մասին ԱԻՆ-ը յուրաքանչյուր ստուգումից հետո հաղորդում էր «Ազերէներջիի» ղեկավարությանը: Ի հաստատումն իր խոսքերի՝ նախարարը թափահարեց փաստաթղթերի հաստ տրցակը. դրանք հենց այդ նախազգուշացումներն էին:

Ով ինչպես հաղթահարեց «հուլիսյան ապոկալիպսիսը»

Առողջապահություն

Հիվանդանոցներից շատերում կամ գեներատորներ ընդհանրապես չկային, կամ դրանք չէին աշխատում: Սոցցանցերում լուրեր սկսեցին շրջանառվել մահվան բազմաթիվ դեպքերի մասին, թե ինչպես են մոմի լույսի տակ ծնունդ ընդունել բժիշկները և այլն: Առողջապահության նախարարությունն այդ բոլոր լուրերը հերքում է և պնդում, որ մահվան ելքով դեպքեր ոչ նորածինների, ոչ մեծերի շրջանում չեն եղել:

Սակայն իրադարձությունների ականատեսներն ասում են, որ հիվանդանոցները պատրաստ չէին ֆորս-մաժորին:

Ինչպես պատմում է Բաքվի արվարձաններից մեկի շտապօգնության հիվանդանոցի բուժքույրը, իրենց մոտ գեներատորն աշխատել է միայն վիրահատարանում և վերակենդանացման բաժանմունքում: Իսկ ատամնաբուժական կլինիկայի բժիշկը խոստովանեց, որ ստիպված է եղել չեղարկել բոլոր ընդունելությունները հուլիսի 6-ին, քանի որ կլինիկայում արտահերթ կերպով գեներատոր են տեղադրում, որն այնտեղ ընդհանրապես չի եղել:

Տրանսպորտը

Տրանսպորտային համակարգն ադրբեջանցիների համար «ամենաանհարմարն» էր, հիմնականում՝ շոգի պատճառով:

  • Մի քանի հազար մարդ մնացել էր մետրոյում, նրանց ստիպված էին տարհանել գծերով մթության և տոթի պայմաններում. պարզ դարձավ, որ մետրոն ոչ մի «պահեստային պլան» չունի:
  • Անջատվել էին լուսաֆորները, ճանապարհներին իրարանցում էր: Ճանապարհային ոստիկանությունն այնուամենայնիվ կատարեց իր առաջադրանքը, լուրջ վթարներ չեղան:
  • Բոլոր նրանք, ովքեր մետրոյում չէին, գրոհում էին ավտոբուսները՝ հրմշտոց ստեղծելով:
  • Հաջորդ օրը մետրոն չէր աշխատում մինչև ուշ երեկո, ավտոբուսների ծանրաբեռնվածությունը մի քանի անգամ ավելացավ: Իսկ օդորակիչ ունեն միայն կենտրոնի ավտոբուսները:

Ջուրը

Ջրամատակարարման համար պատասխանատու «Ազերսու» ընկերության ղեկավարը նախագահին ներկայացրել է, որ իր կառույցը խնդիրը լուծել է: Այն շրջանները, ուր ջուրը հասնում է պոմպերի միջոցով, «անցել են էկոնոմ ռեժիմի»: Այն շրջաններ, որտեղ ջրատարի ջուր չկա, ջուրը ցիստեռններով են ուղարկել:

Որքան էլ տարօրինակ լինի, իրավիճակն այնքան էլ ծանր չէր, քանի որ Ադրբեջանի ոչ բոլոր բնակիչներն են ապահովված ջրատարի ջրով: Բաքվեցիների նվազագույնը 40 տոկոսը ջուրը «գրաֆիկով» է ստանում, այսինքն՝ այն օրվա մեջ մի քանի ժամ է լինում: Շատ ավաններում և քաղաքներում մարդիկ օգտագործում են ջրհորների ստորգետնյա ջրերը: Նրանց համար խնդիրն այն էր, որ առանց էլեկտրականության չէին աշխատում պոմպերը, որոնք ջուր են լցնում բաքեր: Բաքեր կան և քաղաքային բնակարաններում և շենքերի տանիքներում: Այսինքն՝ մարդիկ միշտ ջրի վերաբերյալ սեփական «պլան Բ»-ն են ունենում:

Ստացվում է, որ ջրատարների աշխատանքում խափանումների պատճառով ավելի շատ տուժել են այն շրջանների «երես առած» բնակիչները, որոնք միշտ ջրատարի ջուր ունեն:

Ո՞ւմ են պատժելու և ինչպե՞ս

Սոցցանցերում ամենասկզբից երկու թրենդ կար. «խուճապ մի ստեղծեք, կառավարությունն ամեն ինչի համար հոգ է տանում» և «նրանք մեզ վրա թքած ունեն»:

Արձագանքը նախագահի և պաշտոնատար անձանց «ցուցադրական» ելույթին համապատասխանում էր այն «ճամբարին», որին պատկանում է մարդը.

  • դե հիմա կտեսնեք, բոլոր մեղավորներին կպատժեն,
  • ինչո՞ւ են այդ Փիրվերդիևին նախատում աշխատանքից ազատելու փոխարեն:

Երկու ճամբարներում էր կասկածում են, որ «Ազերէներջիի» ղեկավարին աշխատանքից կազատեն: Առավել հավանական է թվում, որ նրան «գաղափարներով կպատժեն» կամ պարզապես «կնախատեն և կներեն»:

Այնուամենայնիվ, Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը ասել է, որ դատախազությունը քրեական գործ է հարուցել «Աշխատանքային լիազորությունների չարաշահում», «Անվտանգության տեխնիկայի խախտում» և «Հանցավոր անփութություն» հոդվածներով:

Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձն, Ադրբեջանում քրեական գործ բացելը բնավ չի նշանակում, որ մի քանի ամսից դրա արդյունքների մասին հաշվետվություն կներկայացվի:

  • Եվս մի քանի հարց է բաց մնում: Ինչու, չնայած բոլոր խախտումներին և Մինգեչաուրի ՋԷԿ-ի «ֆիզիկական և բարոյական» մաշվածությանն, այն այնուամենայնիվ շարունակում էր աշխատել այս ամբողջ ընթացքում:
  • Արտակարգ իրավիճակների նախարարն առաջարկել է էլեկտրակայանում ստուգումները վստահել լուրջ միջազգային ընկերության: Իսկ մինչ այդ, իր ելույթում նա հիշատակել էր էներգահամակարգի տարբեր օղակների գործողություններում առկա չհամաձայնեցվածությունը, այսինքն՝ խնդիրը թույլ կառավարումն ու թույլ համակարգումն էր: Արդյո՞ք կա երաշխիք, որ այդ համակարգը կարող է փոխել ինչ-որ մոնիթորինգ կամ նույնիսկ ղեկավարության փոփոխություն:
  • Ինչպես նշել էր Իլհամ Ալիևը, արդեն 15 տարի է, ինչ հսկայական միջոցներ են տրամադրվում էներգետիկային: Փիրվերդիևն այդ պաշտոնը զբաղեցնում է արդեն 17 տարի: Ո՞ւր են ներդրվել գումարները, եթե էլեկտրակայանն, ինչպես ցույց է տվել պրակտիկան, երկրում միայն մեկն էր, իսկ հիմա ստացվում է, որ դա էլ չկա:

Կարդալ ավելին JAMnews-ում