Ծառերի տեղափոխման նոր ալիք
Աջարիայի և Գուրիայի ափից դարավոր ծառերի տեղափոխումը նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դենդրոպարկ շարունակվում է:
220 տոննա քաշով և 37 մ բարձրությամբ մագնոլիան արդեն ծովի ափ է հասցվել: Այն Շեքվեթելի կտեղափոխեն ծովային ճանապարհով: Ծառի տեղափոխումը դենդրոպարկ կախված է եղանակից:
Հունվարի 15-ի առավոտյան աշխատանքներ են սկսվել նաև Քվեմո Նաթանեբի գյուղում՝ նախկին թեյի ֆաբրիկայի տարածքում, որտեղից պլանավորվում է մինչև 10 դարավոր ծառ տեղափոխել դենդրոպարկ, հիմնականում՝ լորենիներ:
Տեղում տեխնիկա է աշխատում՝ ինքնաթափեր, վերամբարձ կռունկներ, հողային աշխատանքներ են ընթանում: Այդ ծառերը նույնպես տեղափոխվելու են Շեքվեթելի՝ Իվանիշվիլիի դենդրոպարկ: Նախկին վարչապետի այգի մագնոլիայի տեղափոխության ընթացքում.
- Ողջ օրվա ընթացքում հատվել են Բաթումի-Քոբուլեթի կենտրոնական մայրուղու դարավոր ծառերի ճյուղերը: 220 տոննա քաշով և 37մ բարձրությամբ ծառի տեղափոխման համար առողջ էվկալիպտներ են հատվել:
- Մագնոլիայի տեղափոխումը Բաթումի-Քոբուլեթի մայրուղում 1կմ երկարությամբ խցանում է առաջացրել:
- Ծառի տեղափոխման պատճառով 2 ժամով անջատվել են երկաթուղու էլեկտրահաղորդման լարերը:
Դարավոր մագնոլիայից զատ գարնանը նախկին վարչապետն իր այգի է տեղափոխել 650 տոննա քաշով հսկայական կակաչենի (լիրիոդենդրոն):