NDI․ Իվանիշվիլին գլխավորել է հակավարկանիշն, իսկ առավել մեծ համակարանք են վայելում Սերգեյենկոն ու Կալաձեն
«Ազգային ժողովրդավարական ինստիտուտը» (ԱՄՆ) (NDI) հրապարակել է Վրաստանում անցկացված հերթական հետազոտության արդյունքները։ Հարցվածներին տրված հարցերը վերաբերել են Վրաստանի իշխանությունների, քաղաքական գործիչների և կուսակցությունների հանդեպ նրանց վերաբերմունքին։
Հարցվածների մեծ մասը բացասական է գնահատում կառավարության աշխատանքը։
NDI հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների 46%-ը կարծում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է զարգանում։ 26%-ի կարծիքով Վրաստանում լճացում է, իսկ հարցվածների 25%-ը կարծում է, որ Վրաստանը ճիշտ ուղղությամբ է զարգանում։
56%-ը բացասական է գնահատել կառավարության աշխատանքը, 36%-ը դրական։
Քաղաքական կուսակցություններ
Հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների 37%-ը չի կարողացել նշել այն կուսակցությունը, որի գաղափարախոսությունը մոտ է իր սեփականին։ 21%-ը կարծում է, որ իր հայացքներն առավել լավ է արտացոլում իշխող «Վրացական երազանքը», 15%-ը նշել է «Ազգային շարժումը»։ Համապատասխանաբար 4% և 3% են ստացել «Եվրոպական Վրաստանն» ու «Հայրենասերների դաշինքը»։
Հարցվածների 60%-ը հայտարարել է, որ չգիտի, թե ում օգտին կքվեարկեր, եթե վաղը խորհրդարանական ընտրություններ անցկացվեին։ «Վրացական երազանքի» օգտին կքվեարկեր 17%-ն, «Ազգային շարժման» օգտին՝ 14%-ը, «Եվրոպական Վրաստանի» օգտին՝ 3%-ը, «Հայրենասերների դաշինքի» օգտին՝ 3%-ը։
Քաղաքական գործիչների հանդեպ համակրանքն ու հակակրանքը
Ըստ հարցման արդյունքների՝ բնակչության ամենամեծ համակարանքն է վայելում առողջապահության նախարար Դավիթ Սերգեյենկոն և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Հարցվածների 40%-ը նրանց մասին դրական է արտահայտվել։
Հարցվածների 31%-ը որպես առավել համակրելի քաղաքական գործիչ նշել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։ 28-ական տոկոս են «ստացել» լեյբորիստների առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Միացյալ ընդդիմության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն։
Հարցվածների 27%-ը համակրանք է տածում ՆԳՆ ղեկավար Գիորգի Գախարիայի հանդեպ, 26%-ը՝ վարչապետ Մամուկա Բախտաձեի, իսկ 21%-ը՝ «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հանդեպ։
Բիձինա Իվանիշվիլին էլ գլխավորել է հակավարկանիշը։ Նրան բացասաբար է վերաբերվում հարցվածների 39%-ը։ Երկրորդ տեղում է «Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն՝ 35%։ Այնուհետև գալիս է «Ազգային շարժման» առաջնորդներից մեկը՝ Նիկա Մելիան՝ 33%, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ 32%։