Վրաստանում բացվել է առաջին մանկական հոսփիսը
Վրաստանի մայրաքաղաքում բացվել է առաջին մանկական հոսփիս՝ պալիատիվ խնամքի հաստատություն, որտեղ անվճար կսպասարկեն խրոնիկ և անբուժելի հիվանդություններով տառապող երեխաներին:
Մանկական հոսփիսը կաշխատի երեք հիմնական ուղղություններով. 24-ժամյա խնամք միաժամանակ 10 երեխաների նկատմամբ, ցերեկային կենտրոն, որտեղ երեխաները և նրանց ծնողներն օրվա ընթացքում համապատասխան խնամք կստանան, ինչպես նաև տնային խնամքի ծառայություններ, որի շրջանակում երեխաների մասին հոգ կտանեն՝ ըստ բնակության վայրի:
«Լուսատտիկների երկիր» անունը կրող հոսփիսը հիմնադրվել է «Վրաստանի բաց հասարակություն» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ հիմնադրամի և այլ դոնորների ֆինանսական աջակցությամբ:
Վրաստանի առաջին տիկին Մակա Չիչուան, ելույթ ունենալով հոսփիսի բացմանը, աննախադեպ է անվանել բիսնեսի, պետության և մասնավոր դոնորների միավորումը՝ հանուն «այսպիսի բարեգործական և արժանավոր գործի»:
Մանկական հոսփիսի շինարարությունը սկսվել է 2015թ. հոկտեմբերին՝ «Էվեքս» բժշկական կորպորացիայի և Վրաստանի նախագահի պահուստային ֆոնդի ֆինանսական օգնությամբ: Այնուհետև շինարարությանն աջակցել են տասնյակ դոնորներ՝ ընկերություններ և շարքային քաղաքացիներ: Մեկ տարվա ընթացքում հոսփիսի շինարարության համար հանգանակվել է ավելի քան 1 միլիոն լարի:
Մանկական հոսփիս հիմնելու գաղափարն առաջացել էր այն բանից հետո, երբ 2013թ. հետազոտություն անցկացվեց՝ պալիատիվ խնամքով զբաղվող հաստատություն հիմնելու անհրաժեշությունը որոշելու վերաբերյալ: Հետազոտությունը ցույց էր տվել, որ ամեն տարի նման խնամքի կարիք ունի մինչև 18 տարեկան 839 երեխա: