Freedom house. Վրաստանը կրկին մասնակի ազատ երկրների ցուցակում
Freedom house միջազգային իրավապաշտպան կազմակերպության հաշվետվության համաձայն՝ Վրաստանը կրկին մասնակի ազատ երկրների թվին է պատկանում: «Ազատությունն աշխարհում 2017թ-ին» հաշվետվության համաձայն՝ Վրաստանի ընդհանուր ցուցանիշը 100-ից 64 է կազմում: Կազմակերպության կողմից Վրաստանի գնահատականը չի փոխվել նախորդ տարվանից:
Freedom house-ի հաշվետվության համաձայն՝ Վրաստանը, հարևանների համեմատ, ավելի լավ վիճակում է ժողովրդավարության տեսանկյունից, իսկ 2012թ-ի իշխանափոխությունից և «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո երկրում ժողովրդավարության մակարդակը մի փոքր բարելավվել է:
«Վրաստանում հեռուստաալիքների սեփականատերերի [գլխավոր ընդդիմադիր «Ռուսթավի-2»-ի սեփականության իրավունքի գործով դատական գործընթաց], ինչպես նաև օրենքի գերակայության հետ կապված խնդիրներ կան: Ժամանակ առ ժամանակ խնդիրներ են առաջացել քաղաքականապես մոտիվացված դատավճիռների հետ կապված: Սակայն Վրաստանն, ի տարբերություն իր հարևանների և Եվրասիայի այլ երկրների, բավականին լավ վիճակում է գտնվում: Մենք ընդհանուր առմամբ բավարարված ենք բարդ շրջապատում Վրաստանի և նրա ժողովրդավարական հասարակության [զարգացման] ուղղությամբ», — «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է Freedom house-ի ներկայացուցիչ Արչի Փադինգտոնը:
Freedom house-ը երկրներն ազատության մակարդակով 3 խմբի է բաժանում՝ ազատ, մասամբ ազատ և անազատ երկրներ:
2017թ-ի հաշվետվության համաձայն՝ 195 երկրներից 87-ը (45%) պատկանում է ազատ, 59 (30%)՝ մասնակի ազատ, 49-ը՝ (25%) անազատ երկրների շարքին:
Ինչ վերաբերում է Վրաստանի հարևաններին, ապա Ռուսաստանը՝ 20 միավորով և Ադրբեջանը՝ 14 միավորով անազատ երկրների շարքում են: Թուրքիան (38 միավոր) և Հայաստանը (45 միավոր) մասամբ ազատ երկրներին են պատկանում: