COP17-ի կուլիսներում. ինչպես և որտեղ Հայաստանը տեղավորեց համաժողովի հազարավոր հյուրերին
Ինչպես է Հայաստանը տեղավորել COP17-ի հյուրերին

Երևանում մեկնարկել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Հայաստանի մայրաքաղաքը մինչև հոկտեմբերի 30-ը հյուրընկալում է աշխարհի տարբեր երկրներից ժամանած պատվիրակությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական համայնքների, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և լրատվամիջոցների ներկայացուցիչների։
Համաժոովի շնորհիվ Երևանը հոկտեմվերի 19-ից դարձել է կենսաբազմազանության պահպանության միջազգային քննարկումների և բանակցությունների կենտրոն։
Կառավարության տվյալներով՝ Հայաստան են ժամանել մոտ 15 հազար օտարերկրյա մասնակից։
Այսպիսի ծավալի միջազգային միջոցառման կազմակերպումը ենթադրում է ոչ միայն համաժողովի պատշաճ նախապատրաստում և ամրագրված ծրագրի իրականցում, այլև մասնակիցների անվտանգության, տրանսպորտի և սպասարկման հետ կապված հարցերի համակարգում։ Եվ, իհարկե, առանձին մարտահրավեր է ոչ մեծ երկրի համար հազարավոր մասնակիցներին հյուրընկալելն ու հարմարավետ տեղավորելը։
Շրջակա միջավայրի նախարարությունից JAMnews-ին հայտնեցին, որ հյուրերին առաջարկվել են Երևանում և հարակից բնակավայրերում առկա թե հյուրանոցային, թե այլ կացարանային հնարավորություններ։
- Հայաստանը գնալով ավելի գրավիչ է դառնում․ զբոսաշրջության նոր ռեկորդ է գրանցվել
- Ռեստորանային բում Հայաստանում. պահանջարկը ստեղծել է առաջարկ
- ՀՀ-ն առանց վիզայի ռեժիմ է սահմանել է 113 երկրների համար. նպատակներն ու սպասելիքները
Հյուրատուն, որի առաջին հյուրերը COP17-ի մասնակից եվրոպացի փորձագետներ են
Սոֆիա Գաբրիելյանն այս տարի վերածել է Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող հայրական տունը հինգ ննջասենյակով հյուրատան: Առաջին հյուրերը COP17-ի շրջանակում երկիր ժամանած փորձագիտական երկու խմբեր են եվրոպական երկրներից:
«Ամրագրումն արվել է օգոտոսին՝ ակտիվ շինարարության փուլում: Վստահ էի, որ հասցնելու ենք ընդունել COP17-ի հյուրերին: Հյուրատունը գրանցվել էր համակարգում, բավարարել ներկայացված պահանջներին և շատ արագ ընտրվել մասնակիցների կողմից»,- պատմում է տիկին Սոֆիան:

Նրա խոսքով, շատ խորհրդանշական է, որ հյուրատունը բացվեց հենց այս միջոցառման օրերին և արտերկրից ժամանած հյուրերով: Համոզված է՝ ամեն բան արել են, որ ազգային շունչ, հյուրընկալություն և տրամադրություն փոխանցեն օտարերկրացիներին․
«Հետագայում էլ հույս ունեմ, որ դրսից հյուրեր կունենամ։ Այս նպատակով գնել եմ շատ գեղեցիկ հայկական նախշերով կարպետներ, սփռոցներ, ձեռքով ասեղնագործված վարագույրներ: Նախաճաշի համար խնամքով ընտրել եմ լորենու մեղր, մրգեր, թեյի համար սարերին աճող խոտաբույսեր և այլն»:
Պլանավորել է, որ երեկոյան ժամերին բակում հատուկ ձևավորված փոքրիկ տաղավարում ձայնարկիչը կնվագի հյուրերի համար Խաչատուրյան, Բաբաջանյան, նաև Ֆորշ և Հախվերդյան: Նրանց համար պատրաստել է նաև անգլերենով փոքրիկ ուղեցույց, թե ինչ կարելի է անել Երևանում և հարակից տարածքներում երեկոյան ժամերին ու հանգստյան օրերին:
«Էլեկտրոնային փոստով կապի մեջ ենք եղել մեր հյուրերի հետ։ Ազատ օրերից մեկին առաջարկել ենք նրանց յոթտեղանոց մեքենայով այց Գառնի և Գեղարդ: Շատ ուրախացան՝ ստանալով այդ առաջարկը, երևի անասպասելի էր։ Մենք շատ ենք ուզում ցույց տալ նրանց ոչ միայն մեր երկիրը, այլև հայի հյուրընկալությունը»,- ասում է տան տիրուհին:
Ինչ վերաբերում է գներին, հյուրատան առաջին այցելուներին առաջարկել են իրենց սահմանած գնից 30% ցածր գին։
Հյուրերին ընդունում են նաև Երևանի հայտնի մեծ հյուրանոցները
Բեսթ Վեստերն Կոնգրես հյուրանոցից հաստատեցին, որ իրենք սկսել են հյուրընկալել COP17-ի մասնակիցներին դեռևս հոկտեմբերի 14-ից, իսկ ամրագրումներն արվել են դեռևս երեք ամիս առաջ։ Հյուրերը հիմնականում եվրոպական և Մերձավոր Արևելքի երկրներից են:
«Մենք հյուրընկալել ենք մասնակից երկրների բարձրաստիճան պաշտոնյաների՝ ոմանց մի քանի օրով, ոմանց երկու շաբաթով: Միջոցառման հյուրերին ընդունել ենք մեծ ուրախությամբ և նույն վերաբերմունքով, ինչպես ավանդաբար ընդունում ենք մեր այցելուներին։
Այս օրերի ամրագրումների հիմնական մասը COP17-ի շրջանակում ներգրաված մասնակիցներն են։ Ունենք նաև մեդիա խումբ: Վերջիններս լավ տեղեկացված են միջոցառման վայրերի, ժամանցի և այլ կենտրոնների մասին։ Հավանաբար, մինչև այցը լավ ուսումնասիրել են»,- հայտնեցին հյուրանոցից:
Հավելյալ տեղեկացրին, որ հյուրերին դիմավորել են օդանավակայանում։ Համարներում հյուրասիրություն են նախատեսել նրանց համար՝ հայկական գինի և քաղցրավենիք։ Նախաճաշին էլ առաջարկում են դասական կերակրացանկ։
Ինչպես է կազմակերպվել COP17-ի հյուրերի տեղավորումը
COP17-Ի մասնակիցներին ժամանակին և լավագույն տեղավորելու համար ստեղծվել է կեցության կազմակերպման ծառայություն մատուցող թիմ։
Մեծ պատվիրակությունների համար նախատեսվել են սահմանափակ թվով հյուրանոցային համարներ՝ համաձայնեցված գներով։ Խմբային ամրագրման այս հնարավորությունը նախատեսված է եղել հատկապես 25 և ավելի մասնակից ունեցող պատվիրակությունների և դիտորդ կազմակերպությունների համար։ Մյուս մասնակիցները կացարան ընտրել և ամրագրել են ինքնուրույն՝ օգտվելով հյուրանոցների և հյուրատների առցանց ամրագրման հարթակներից։
Թեև համաժողովի հիմնական միջոցառումները կենտրոնացած են Երևանում, Հայաստանի մարզերում գործող հյուրանոցներն ու հյուրատները ևս դիտարկվել են որպես այլընտրանքային տարբերակներ։
Դրանց փաստացի ներգրավվածության և հյուրերի բաշխման վերաբերյալ ամբողջական պատկերը, սակայն, հնարավոր կլինի ներկայացնել միայն համապատասխան պաշտոնական տվյալների հիման վրա՝ միջոցառման ավարտից հետո։
COP17-ի մեկնարկը Հայաստանի համար ոչ միայն միջազգային բնապահպանական օրակարգում կարևոր իրադարձություն է, այլև երկրի ենթակառուցվածքների, զբոսաշրջության և սպասարկման ոլորտների կարողությունների փորձություն։

Հազարավոր միջազգային հյուրերի ընդունումը պահանջում է տարբեր կառույցների համակարգված աշխատանք և միաժամանակ հնարավորություն է ստեղծում Հայաստանը ներկայացնելու որպես միջազգային միջոցառումներ լավագույնս կազմակերպող երկիր։
«COP17-ի առաջին օրերի արդյունքներով և նաև հետահայաց նայելով այս տարվա մայիսին Երևանում կազմակերպված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ կարող ենք արձանագրել հետևյալը, որ Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպող երկիր», — նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Օտարերկրյա բոլոր մասնակիցներն ապահովված են կեցավայրերով
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանը JAMnews-ի հետ զրույցում հայտնել է․
«COP17-ի բոլոր մասնակիցներն ապահովված են կացավայրերով։ Հյուրերը տեղավորվել են հյուրանոցներում, հյուրատներում, օրավարձով վարձակալվող բնակարաններում և կացության այլ վայրերում։ Պատվիրակություններին առաջարկվել են նաև Երևանին հարակից բնակավայրերում տեղավորման տարբերակներ»։
Նրա խոսքով՝ նախարարությունը որևէ պատվիրակությունից դիմում, նամակ կամ բողոք չի ստացել այն մասին, թե մասնակիցները չեն կարողացել իրենց համար կացարան գտնել։ Մամուլի քարտուղարը նշել է, որ նման խնդիրներ երբեմն առաջանում են COP համաժողովների ընթացքում, սակայն այս դեպքում նման ահազանգեր չեն եղել։
COP17-ի մասնակիցների համար կացության տարբերակները ներկայացվել են պաշտոնական առցանց հարթակներում։ Որպես այլընտրանքային ուղղություններ նշվել են ոչ միայն Երևանին մոտ գտնվող բնակավայրերը, այլև Գյումրին, Վանաձորը, Դիլիջանը, Ծաղկաձորը, Ջերմուկը և Սևանի շրջանը։ Սակայն այս փուլում դեռ չկան տեղեկություններ, արդյո՞ք համաժողովի հյուրերն իրականում տեղավորվել են այդ վայրերում։
Անի Հակոբյանը տեղեկացրել է նաև, որ օտարերկրյա մասնակիցներն իրենք ենք հագալու կացության ծախսերը։ Հայաստանը չի ստանձնել նրանց բնակության ծախսերը հոգալու պարտավորություն։

Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ինչպես է Հայաստանը տեղավորել COP17-ի հյուրերին