Amnesty International-ը կոչ է անում Վրաստանին Թուրքիային չփոխանցել Դեմիրելի անվան վարժարանի կառավարչին
Amnesty International-ը կոչ է անում Վրաստանին Թուրքիային չփոխանցել Դեմիրելի անվան վարժարանի կառավարիչ Մուստաֆա Էմրե Չաբուկին, որը ձերբակալվել է վերջերս: Համապատասխան հայտարարությունը կազմակերպությունը տարածել է մայիսի 28-ին: Կազմակերպության կարծիքով՝ Չաբուկը Թուրքիայում կարող է դաժան կտտանքների ենթարկվել, դառնալ անմարդկային վերաբերմունքի զոհ, որը նվաստացնում է արժանապատվությունը:
Կազմակերպությունն առաջարկում է շահագրգռված անձանց համապատասխան բովանդակությամբ նամակներ ուղարկել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին և արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիին, հիշեցնել Վարստանի՝ իր վրա վերցրած պարտավորությունները և չարտաքսել, չարտահանձնել և ոչ մի այլ կերպ Մուստաֆա Չաբուկին թուրքական կողմին չհանձնել, քանի որ Թուրքիայում նրան կարող է վտանգ սպառնալ:
Amnesty International-ի հայտարարությունում ասված է, որ 2016թ-ից ի վեր Թուրքիայի կառավարությունը ճնշում է գործադրում դաշնակիցների վրա, որպեսզի նրանք զբաղվեն Ֆեթուլլահ Գյուլենի ենթադրյալ կողմնակիցների ձերբակալությամբ:
Մուսատաֆա Էմրե Չաբուկի հանդեպ Թբիլիսիի քաղաքային դատարանը մայիսի 25-ին որպես խափանման միջոց է կիրառել եռամսյան նախնական կալանքը: Թուրքական կողմը նրան կասկածում է ահաբեկչական կազմակերպության հետ համագործակցության համար: Թբիլիսիում նա ձերբակալվել է մայիսի 24-ին հենց թուրքական կողմի խնդրանքով:
Այդ ընթացքում համացանցում առցանց ստորագրահավաք է կազմակերպվել Չաբուկին ազատ արձակելու պահանջով: Այսօրվա դրությամբ այն ստորագրել է ավելի քան 500 մարդ: Իրենց ստորագրությունները դրած անձինք հայտարարում են, որ Չաբուկն անմեղ է, իսկ նրա դեմ թուրքական իշխանությունների մեղադրանքներն անհիմն են: Համապատասխան դիմումն ուղղվել է Վրաստանի նախագահին, խորհրդարանի խոսնակին և արդարադատության նախարարին: