Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող Սերյոժա Թադևոսյանին սոցիալական աշխատակիցները զրկել են աղքատության նպաստից: Հայկական մեդիան գրում է, որ դրա պատճառն այն է, թե հաշմանդամը հրաժարվում է իր տնից դուրս գրել Ռուսաստանում բնակվող իր զավակներին՝ դա նվազեցնում է նպաստ ստանալու անհրաժեշտ միավորները:
Սակայն Գյումրի համայնքի սոցիալական աջակցության Գյումրի-1 տարածքային բաժնի ղեկավար Արտաշես Եգորյանը հերքում է այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ Սերյոժա Թադևոսյանը 18 000 դրամ աղքատության նպաստից զրկվել է, քանի որ 2016 թվականի սեպտեմբերից չի ներկայացել փաստագրման:
ՀՀ-ում գործող կարգի համաձայն` նպաստառուն պարտավոր է տարին մեկ անգամ ներկայանալ փաստագրման, և չփաստագրված անձը չի կարող օգտվել սոցիալական ծառայությունից: Եգորյանը նշել է, որ ներկայանալու, համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու դեպքում, Թադևոսյանի նպաստը նորից կվերականգնվի:
Սերյոժա Թադևոսյանի պատմությունը բուռն արձագանք էր ստացել հանրության շրջանում դեռևս ամիսներ առաջ, երբ Facebook սոցիալական ցանցի օգտատերերից մեկը հրապարակել էր վարորդի լուսանկարը: Նա ներկայացրել էր նաև Գյումրիում տաքսի վարող Թադևոսյանի պատմությունը, ով առանց երկու ոտքի, իր սարքած հարմարանքներով տաքսի է վարում՝ անհրաժեշտ դեղերի գումարը վաստակելու համար: