Թբիլիսիում Ռուսական վիզային կենտրոն կգործի
Ռուսական «Իզվեստիա» թերթի տվյալներով՝ օգոստոսի 17-ին Թբիլիսիում կգործարկվի Ռուսական վիզային կենտրոն, որտեղ Վրաստանի քաղաքացիներն ու առանց քաղաքացիության անձինք կարող են ավելի արագ ձևակերպել ՌԴ մուտքի համար անհրաժեշտ փաստաթղթրն ու վիզա ստանալ:
Տեղեկատվությունը հաստատել են Շվեյցարիայի դեսպանատանը կից Ռուսաստանի շահերի բաժնում, փոխանցում է Նովոստի-Գրուզիան: Հաշվի առնելով, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, հենց Շվեյցարական դեսպանատանը կից բաժինն է զբաղվում վիզաների ձևեկերպմամբ:
Ռուսական վիզային կենտրոնը Թբիլիսիում կբացվի Բեսիկի 4 հասցեում տեղակայված բիզնես-կենտրոնում:
Ինչպես հաղորդում է «Իզվեստիան», Վիզային կենտրոնի գործարկումը նշանակում է, որ Ռուսաստանը չի պլանավորում Վրաստանի քաղաքացիների համար չեղարկել վիզային ռեժիմը, սակայն ուզում է, որ վիզաների տրամադրումը պարզեցվի: Միաժամանակ կենտրոնի բացումը կնվազեցնի խարդախության ռիսկերը, որոնք կապված են վիզաների տրամադրման հետ:
Ըստ պարբերականի տվյալների՝ քաղաքացիները կարող են իրենց փաստաթղթերը ներկայացնել Վիզային կենտրոն, որից հետո դրանք կուղարկվեն Շվեյցարիայի դեսպանատանը կից Ռուսաստանի շահերի բաժին, որտեղ էլ կկայացվի վիզայի տրամադրման մասին վերաջնական որոշում:
Ռուսաստանի հետ կապերի հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հույս ունի, որ Թբիլիսիում ռուսական վիզային կենտրոնի բացումը կբերի վիզային և հյուպատոսական սպասարկման որակի բարելավման:
«Ես բոլոր մանրամասներին չեմ տիրապետում: Մի խոսքով՝ ուզում եմ ասել, որ դժվարություններն ակնհայտ էին: Նկատի ունեմ Շվեյցարիայի դեսպանատանը կից Ռուսաստանի շահերի բաժինը, որտեղ մեր և այլ երկրների քաղաքացիները հյուպատոսական ծառայություններ էին ստանում: Հույս ունեմ, որ վիզային կենտրոնը կկարողանա լուծել այդ խնդիրներն ու բարելավել քաղաքացիների վիզային և հյուպատոսական ծառայությունների որակը», — ասել է Աբաշիձեն Վրաստանի հանրային հեռուսատատեսությանը:
Վրաստանի իշխանություններն, ընդհանուր առմամբ, դրական են գնահատում Թբիլիսիում ռուսական վիզային կենտրոնի բացումը: Այս մասին բրիֆինգին խոսել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
«Բնականաբար, դա պետք է լինի այն օրենսդրական շրջանակներում, որոնք այսօր կան Վրաստանում, և դա այդպես էլ կա: Ես վստահ եմ, որ այդ հարցով մանրամասն մեկնաբանությամբ հանդես կգա նաև պարոն Դավիթը [Զալկալիանին՝ Վրաստանի արտգործնախարարը]: Իհարկե, եթե դա մեր քաղաքացիների համար լրացուցիչ հարմարավետ պայմաններ կստեղծի, մենք միայն կարող ենք ողջունել», — ասել է Բախտաձեն՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
- Մոսկվան Վրաստանի հետ վիզային ռեժիմ է սահմանել 2000թ-ին: 2012թ-ին Թբիլիսին հայտարարել է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզաների միակողմանի չեղարկման մասին:
- Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2008թ-ի օգոստոսից Թբիլիսիի որոշմամբ, ի պատասխան Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման:
- ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ավելի վաղ հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Վրաստանի հետ վիզային ռեժիմը չեղարկել, սակայն դրա համար երկրները պետք է արդյունավետ համագործակցեն ահաբեկչության դեմ պայքարի շուրջ: Ըստ նրա՝ Պանկիսիի կիրճում և անգամ Թբիլիսիում ենթադրյալ ահաբեկիչների ձերբակալման նպատակով պարբերաբար հատուկ գործողություններ են իրականացվում, այդ պատճառով էլ անվտանգության հարցը վիզային խոչընդոտները հաղթահարելու համար առանցքային է: