Լեռնային Ղարաբաղը Ուկրաինայի պատերազմի ստվերում. դրա ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա
Ղարաբաղը Ուկրաինայի ստվերում
Թոմաս դե Վաալ, բրիտանացի լրագրող, մասնագիտացած Կովկասի հարցերով, հատուկ Foreign Affairs–ի համար
Քանի որ Ուկրաինա ռուսական ներխուժման ալիքները համաշխարհային ճգնաժամ են ստեղծում, հատկապես անկայուն է մնում մի տարածաշրջան՝ Հարավային Կովկասը: Ուկրաինական հակամարտությունը պարադոքսալ կերպով մեծացրեց ինչպես հետագա ռազմական գործողությունների, այնպես էլ Կասպից և Սև ծովերի միջև ընկած տարածքում բանակցությունների միջոցով խաղաղության հավանականությունը։
Տարածաշրջանը եղել է 2020 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև դաժան պատերազմի վայր՝ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի (Ադրբեջանի հայաբնակ անկլավ) և հարակից շրջանների համար: 44-օրյա պատերազմի արդյունքում զոհվեց մոտ 7000 մարդ, իսկ Ադրբեջանը ջախջախիչ պարտության մատնեց Հայաստանին՝ փոխհատուցելով 1990-ականների ռազմական գործողությունների ընթացքում կրած տարածքային կորուստները։
Պատերազմը թողեց նաև չլուծված հարցեր, ձգձգվող վեճեր և բուռն լարվածություն: Այս տարվա մարտին, ինչպես Ուկրաինան օգտագործեց թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը ռուսական ուժերին հետ մղելու համար, նույն կերպ դրանք օգտագործել էր Ադրբեջանը Ղարաբաղում հայկական զորքերին հարվածելու համար:
Այժմ, երբ Ռուսաստանը ներքաշված է ուկրաինական պատերազմի մեջ, կասկածի տակ է Ռուսաստանի կենտրոնական դերը այս հակամարտության ցանկացած լուծման մեջ մի տարածքում, որը նա համարում է իր հետնաբակը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև Եվրամիության հովանու ներքո խաղաղ բանակցություններ են ընթանում։ Մայիսին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը բանակցություններն անվանել է «արդյունավետ»։
Կողմերը առաջ են շարժվում երկու հիմնական հարցերի շուրջ՝ փակ սահմանների պայմաններում տրանսպորտային ուղիների բացում և Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական սահմանի դեմարկացիա։ Սակայն շարունակվում են բուռն վեճերը 1988 թվականից ի վեր հակամարտության առանցքային հարցի՝ Ղարաբաղի հայ բնակչության ապագա կարգավիճակի շուրջ։
Ուկրաինայում պատերազմի ստվերը կախված է այս բանակցությունների վրա։ 2020 թվականի նոյեմբերին Կրեմլը օգնեց հրադադարի հաստատման համաձայնագիր ստորագրել, որի համաձայն Ռուսաստանի իշխանությունները խաղաղապահ ուժեր ուղարկեցին Ղարաբաղ։
Ռուսաստանը Հայաստանի ամենամոտ ռազմական և տնտեսական դաշնակիցն է, և Ուկրաինա ներխուժելուց երկու օր առաջ նաև գործընկերության պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի հետ՝ հայտարարելով բարեկամության մասին և խոստանալով ավելի խորը տնտեսական համագործակցություն։ Այժմ, սակայն, Ուկրաինայում անհաջողությունները սահմանափակել են Ռուսաստանի՝ հարևան երկրների վրա ուժ գործադրելու հնարավորությունները: Նրա ռազմական և դիվանագիտական ղեկավարները թեմայից շեղված են, իսկ տեղական իշխանությունների համար ավելի հեշտ է անտեսել նրանց հրահանգներն ու սպառնալիքները:
Այս գործոնները կարող են օգնել բացատրել բռնության ալիքը Ղարաբաղում և նրա շուրջ, և ինչու է ԵՄ-ն փոխարինել Ռուսաստանին՝ որպես երկու կողմերի միջև հիմնական միջնորդ: Ռուսաստանի դերի նվազեցումը անկայունություն է առաջացրել, բայց նաև հնարավորություն է տալիս Հայաստանին և Ադրբեջանին աշխատանքներ տանել վերջնական և պատմական խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ։
Ուժի դիրքերից
Այս 30-ամյա հակամարտությունում ճոճանակը վճռականորեն թեքվեց հօգուտ Ադրբեջանի։ 1994-ին հայերը ռազմական հաղթանակ տարան Ադրբեջանի հետ առաջին պատերազմում։ Դրանից հետո նրանց վերահսկողության տակ էր մնում ոչ միայն Ղարաբաղը, այլև ամբողջությամբ կամ մասնակիորեն օկուպացվել էին անկլավի շուրջ տեղակայված 7 ադրբեջանական շրջաններ, տեղահանվել էր այնտեղ ապրող ավելի քան կես միլիոն մարդ։
2020 թվականին ադրբեջանցիները վերագրավեցին այս յոթ շրջանները և գրավեցին Լեռնային Ղարաբաղի տարածքի մոտ մեկ երրորդը՝ արտաքսելով առնվազն 20 հազար հայերի։ Հենց Ղարաբաղի հայերն են այժմ զգում իրենց անվտանգության ապահովման կարիքը։ Նրանք մտավախություն ունեն, որ եթե չլինեն ռուսական խաղաղապահ ուժերը, իրենք ստիպված կլինեն լքել իրենց տները։
Այս տարվա մարտին կրկին սրվեց իրավիճակը՝ դիտվեց լարվածություն ու բռնություն։ Հայաստանից Ղարաբաղ մտնող գազատարը վնասվել էր՝ խաթարելով գազի հոսքը և սառնամանիքին Ղարաբաղի հայերին թողնելով առանց ջեռուցման։ Հայերը Ադրբեջանին էին մեղադրում գազատարը միտումնավոր պայթեցնելու մեջ, մինչդեռ ադրբեջանական կողմը հիմնականում հրաժարվում էր մեկնաբանություններ անել։
Այդ նույն ժամանակահատվածում ադրբեջանական ուժերը բարձրախոսներ էին տեղադրել հայկական գյուղերի մոտ, միացնում էին Ադրբեջանի օրհներգը, հայերենով ահաբեկող հաղորդագրություններ հնչեցնում՝ կոչ անելով մարդկանց հավաքել ճամպրուկներն ու հեռանալ:
Այնուհետև ադրբեջանցի զինվորները մարտահրավեր նետեցին ռուս խաղաղապահներին և մտան հայկական Փառուխ գյուղ։ Տեղի հայկական ուժերը փորձեցին ադրբեջանցիներին դուրս մղել գյուղի բարձունքից, սակայն ի պատասխան՝ ադրբեջանցիներն օգտագործեցին թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր, որոնք օգնել էին նրանց հաղթել 2020 թվականի պատերազմում: Սպանվեց առնվազն երեք հայ զինվոր։
Պատերազմն Ուկրաինայում ստվեր գցեց Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու բանակցությունների վրա։
Այնուհետև հաջորդեցին կատարվածի տարբեր մեկնաբանություններ: Ոմանք ենթադրություն արեցին, որ Ռուսաստանը պայմանավորվել էր Ադրբեջանի հետ Հայաստանին նախազգուշացնելու շուրջ. Ուկրաինա ներխուժումը դատապարտող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քվեարկության ժամանակ Հայաստանը ձեռնպահ էր քվեարկել, չէր աջակցել Ռուսաստանին: Մյուսներն էլ վարկած առաջ քաշեցին, թե Բաքուն փորձարկում էր ռուս խաղաղապահների վճռականությունը և Մոսկվայի քաղաքական նվիրվածությունն այս առաքելությանը:
Ադրբեջանն ու Ռուսաստանը երբեք գրավոր չեն համաձայնեցրել խաղաղապահ զորակազմի մանդատը, իսկ ռուսական ուժերը ռազմական գործողություններ իրականացնելու հստակ կանոններ չեն ունեցել։
Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր ռուսական զորքերի թիվը Ղարաբաղի տարածաշրջանում փոքր-ինչ նվազել է՝ 1960-ից հասնելով շուրջ 1600-ի: Ի տարբերություն այլ կոնֆլիկտային գոտիների, որտեղ Ռուսաստանը զորքեր է տեղակայել, ինչպես օրինակ՝ անջատողական երկրներ Աբխազիակում և Մերձդնեստրում, նրա առաքելությունը Ղարաբաղում ժամկետ ունի՝ 2025 թվականի նոյեմբերը: Առաքելությունը կարող է երկարաձգվել ևս հինգ տարով, բայց կարող է նաև դադարեցվել, եթե 2020 թվականի համաձայնագրի երեք կողմերից մեկը, ամենայն հավանականությամբ՝ Ադրբեջանը, հետ վերցնի իր համաձայնությունը ավարտի ժամկետից վեց ամիս առաջ:
Ադրբեջանն իրեն վստահ է զգում։ Ուկրաինայի պատերազմը ստիպեց, որ եվրոպացի պաշտոնյաները շտապեն Բաքու՝ խիստ կարիք ունենալով ադրբեջանական գազի՝ որպես ռուսական էներգակիրների փոխարինող։ Գրեթե բոլոր ադրբեջանցիները ուրախացան 2020 թվականի պատերազմի հաջողությամբ՝ զգալով, որ այն վերացրել է երեսուն տարվա ազգային անեծքը իրենց երկրից։
Հաղթանակը նոր մանդատ տվեց 2003 թվականից նախագահող Ալիևին։ Նա դա օգտագործում է հայերից նոր զիջումներ կորզելու համար՝ ժամանակ առ ժամանակ կիրառելով ուժ և քաղաքական հռետորաբանություն։
Ադրբեջանցի փորձագետներից մեկն այս մարտավարությունն անվանել է «հարկադրական դիվանագիտություն»: Հայերը կասեին, որ ավելի շատ պարտադրանք են տեսնում, քան դիվանագիտություն: 2020 թվականի դաժան պատերազմում կրած պարտությունը դեռևս տրավմայի է ենթարկում հայ հասարակությանը. ընդամենը վեց շաբաթվա ընթացքում մահացավ մոտ 4 000 հայ երիտասարդ։
Հայաստանի վարչապետը կարծես թե պատրաստ է նոր էջ բացել հարևանների հետ հարաբերություններում։ 2018 թվականի խաղաղ հեղափոխության արդյունքում Փաշինյանի իշխանության գալուց ի վեր, նրա հիմնական օրակարգը եղել են բարեփոխումներն ու պետականաշինությունը Հայաստանում։
Ի տարբերություն իր երկու նախորդների, որոնք ծնունդով Ղարաբաղից էին և իրենց քաղաքականության հիմնաքարն էին դարձրել այդ տարածքն ադրբեջանական վերահսկողությունից ազատագրելու հարցը, 2020 թվականի պատերազմից առաջ Փաշինյանը փորձում էր խուսափել այդ թեմայից։
Չնայած պատերազմում կրած պարտությանը, 2021 թվականի հունիսի ընտրություններում Փաշինյանը համոզիչ հաղթանակ տարավ։ Սա նրան, ինչպես ինքն է կարծում, տվել է մանդատ ոչ պոպուլյար գործարքներ կնքելու ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ։
Ապրիլին Փաշինյանը զգուշավոր, բայց դրական արձագանքեց Ադրբեջանի հինգ կետից բաղկացած առաջարկին, որը կոչ էր անում Հայաստանին ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու հրաժարվել Ադրբեջանից Ղարաբաղի անջատմանը աջակցելուց։
Ապրիլի 13-ին Փաշինյանը կարևոր ելույթ ունեցավ խորհրդարանում, որում հրաժարվեց Ղարաբաղի վերաբերյալ հայկական ավանդական դիրքորոշումներից։ «Ղարաբաղի հարցը,- հայտարարեց նա,- տարածքի խնդիր չէ, այլ իրավունքի»։
Հայաստանի ղեկավարը, ըստ էության, հայտարարեց, որ Բաքվի կողմից հայ բնակչության պաշտպանության երաշխիքների տրամադրումն այժմ ավելի կարևոր է, քան Երևանի տարածքային պահանջները։ Քաղաքականության այս փոփոխությունը Երևանում զանգվածային փողոցային ցույցերի պատճառ դարձավ։ Դրանք գլխավորում էին Հայաստանի նախկին ղեկավարներն ու Ղարաբաղի հայերը։
Հասարակությունն ընդհանուր առմամբ աջակցում է վարչապետին, մեծամասամբ՝ նրա նախորդների ոչ ժողովրդական լինելու պատճառով, սակայն քաղաքական կառույցների մեծ մասը կտրականապես դեմ է դրան՝ համարելով այն դավաճանություն Ղարաբաղի անկախության 30-ամյա ազգային գործին:
Եվրամիության միջամտությունը
Հայաստանի ներսում սեփական վարկանիշն իջեցնելու Փաշինյանի պատրաստակամությունը խթան հաղորդեց Ադրբեջանի հետ բանակցություններին։ Բայց դեռևս պարզաբանման կարիք ունեն մի շարք սուր հարցեր։
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը բանակցությունների մեջ մտավ որպես առավել արդյունավետ միջնորդ։ Միշելը, որին կողմերը համարում են Մոսկվայից ավելի ազնիվ միջնորդ, նպաստել է նոր երկկողմանի ֆորմատի ստեղծմանը՝ յուրաքանչյուր կողմից երկու հատուկ խորհրդականների միջև:
Առաջին հերթին, պետք է լուծվեն մարդասիրական կարևոր խնդիրները։ Հայաստանը ձգտում է ազատ արձակել շուրջ 38 պահվող անձանց, որոնց հայերը համարում են ռազմագերիներ։ Նրանք դեռևս պահվում են Ադրբեջանում։ Ադրբեջանը մյուս կողմին մեղադրում է ականապատ դաշտերի տեղակայման մասին, ինչպես նաև 1990-ականների պատերազմի ժամանակ անհետ կորած մոտ 4 հազար ադրբեջանցի զինվորների գերեզմանների մասին տեղեկությունները թաքցնելու մեջ։
Նույնիսկ նման բարդ մարդասիրական խնդիրները, ինչպես վերջերս ինձ ասաց ԵՄ մի պաշտոնյա, «հեռանկար ունեն»:
Այս բանակցություններում ավելի կարևոր խնդիր է 2020 թվականի հրադադարի համաձայնագրի վերջին կետի իրականացումը։ Այն նախատեսում է «տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի» բացում։ Համաձայնագրում նշվում է, որ Ադրբեջանը կարիք ունի նոր երթուղու՝ Արևմտյան Ադրբեջանն ու էքսկլավ Նախիջևանը կապող, որը գտնվում է Հայաստանի և Իրանի միջև և 30 տարի մեկուսացված է Ադրբեջանի մնացած մասից:
Բրյուսելում կողմերը, ըստ երևույթին, համաձայնության են եկել տրանսպորտային ուղիների վերաբերյալ գործարքի սկզբունքների շուրջ։
Սակայն մնում են շատ բարդ մանրամասներ. հայկական կողմը պնդում է բացել մի քանի երթուղի, ոչ թե միայն մեկը, իսկ ադրբեջանական կողմը ցանկանում է ստանալ երաշխիքներ, որ նոր երթուղում հայկական պաշտոնական ներկայությունը նվազագույնի կհասցվի։ Եթե համաձայնագիրը, այնուամենայնիվ, կնքվի, դա կհանգեցնի տրանսպորտային կարևոր փոփոխությունների։
Այն կապահովի նոր միջազգային երկաթուղային հաղորդակցություն ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլ նաև Իրանի և Թուրքիայի հետ։ Ուկրաինական պատերազմի լույսի ներքո գործարքը կամրապնդի այսպես կոչված «Միջին միջանցքը»՝ թերօգտագործվող տարանցիկ ճանապարհ Չինաստանի և Թուրքիայի միջև, որը կշրջանցի Ռուսաստանը և կանցնի Կենտրոնական Ասիայով, Կասպից ծովով և Հարավային Կովկասով:
Ռուսաստանի դերը
Բանակցություններում չասվածը նույնքան խոսուն է, որքան ասվածը։ Եվրամիության կողմից ամիսներ շարունակ հրապարակային հայտարարությունների ընթացքում պաշտոնյաները մշտապես բաց են թողել երկու բառ՝ «Ռուսաստան» և «Ղարաբաղ»:
Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի հետ Եվրոպայի տիտանական պայքարը բացառում է Կովկասում Մոսկվայի հետ ցանկացած պաշտոնական համագործակցություն, սակայն Մոսկվայի միջամտությունն անխուսափելի է։
Ռուսները վրդովված են իրենց սկսած խաղաղ գործընթացին տիրանալու Արևմուտքի փորձից։ Ապրիլին ՌԴ ԱԳՆ խոսնակը դատապարտել էր «ԵՄ-ի անամոթ փորձերը՝ յուրացնելու ռուս-ադրբեջանա-հայկական հայտնի պայմանավորվածությունների թեման» (ձեռքբերված 2020 թվականի նոյեմբերին)։
Մոսկվան և Բրյուսելը, հավանաբար, կարող են պայմանավորվել ամենակարևոր հարցերի շուրջ, բացառությամբ Ռուսաստանի՝ որպես միջնորդի գերակայության հարցի։ Արևմտյան երկրները լռելյայն աջակցում են Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերին՝ որպես կայունացնող գործոն, և բացի այդ, ուրիշ ոչ ոք պատրաստ չէ ստանձնել այդ դերը։
Բայց նրանք, անշուշտ, հարցեր ունեն այն մասին, թե ինչ կլինի, երբ առաքելությունն ավարտվի 2025 թվականին: Ռուսաստանը պետք է Նախիջևան տանող նոր ճանապարհի անվտանգության երաշխավորը լինի անորոշ ժամանակով, մի պայման, որը պակաս գրավիչ է թվում հիմա, երբ նրա բանակը ավերում է Ուկրաինան:
Մայիսի 23-ի հայտարարության մեջ Շառլ Միշելն առաջին անգամ հիշատակել է «Ղարաբաղ» բառը՝ ասելով. «Ես նաև երկու ղեկավարներին տեղեկացրել եմ, որ պետք է հաշվի առնել Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»։ Նախորդ հայտարարություններում բառի բացթողումը վկայում է ներկայիս բանակցություններում Ադրբեջանի դիրքորոշման ուժի մասին։ Այժմ Բաքուն պնդում է, որ Ղարաբաղը՝ որպես տարածքային միավոր, այլևս գոյություն չունի։
Այդ իսկ պատճառով Բաքուն պնդում է, որ Ղարաբաղ անունը չհիշատակվի միջազգային հաղորդակցության մեջ, թեև Ալիևի ստորագրած 2020 թվականի նոյեմբերի համաձայնագրում նշվում է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի»։ Ադրբեջանը հույս ունի ուժի դիրքերից ճնշել Ղարաբաղի հայերի ոչ միայն անջատման, այլև ինքնակառավարման ցանկությունը։
Այնուամենայնիվ, վաղ թե ուշ պետք է երկխոսություն սկսվի Ղարաբաղի հայերի ապագա կարգավիճակի շուրջ, հարց, որը հրահրեց այս աղետալի հակամարտությունը 1988 թվականին, երբ տարածաշրջանը դեռ Խորհրդային Միության մաս էր:
Բաքուն պետք է հայտարարի, թե ինչ իրավունքներ և արտոնություններ է պատրաստ տրամադրել Ղարաբաղի հայ բնակիչներին, և Ղարաբաղի հայերն իրենք պետք է խոստովանեն, որ աշխարհագրության և էներգետիկ ու տնտեսական կարիքների պատճառով իրենց ապագան Ադրբեջանի կազմում է։
Մենթալ փոփոխություն
Ավելի քան 30 տարի Ղարաբաղյան հակամարտությունը կենտրոնական տեղ է զբաղեցնում ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների ժամանակակից ազգային ինքնության մեջ: Այն ստվերեց այլ, գուցե շատ ավելի կարևոր հարցեր նրանց միջազգային հավակնությունների կամ ավելի մեծ հարևանների՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից առաջադրված խնդիրների վերաբերյալ:
Այս ազգային ինքնությունը դրսևորվում է նաև լեզվի տեսանկյունից՝ բառապաշարում։ Օրինակ՝ հայերը Ղարաբաղը կոչում են հին հայկական անունով՝ Արցախ՝ պատկերացնելով շրջանն առանց ադրբեջանցիների, իսկ ադրբեջանցիները հայաբնակ Ստեփանակերտ քաղաքը կոչում են ադրբեջանական Խանքենդի անունով։
Այս ժառանգությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է մենթալ փոփոխություն: Հայաստանի պաշտոնյաներն ասում են, որ Փաշինյանն այժմ ազդարարում է նման փոփոխության սկիզբը՝ չնայած երկրի ներսում բուռն արձագանքին։
Ալիևի դիրքորոշումն առավել երկիմաստ է։ Ժամանակ առ ժամանակ, հատկապես միջազգային գործընկերների հետ զրույցներում, նա հաշտեցնող հայտարարություններ է անում։ Սակայն, ելույթ ունենալով սեփական լսարանի առաջ, նա շատ ավելի կոշտ է արտահայտվում և շարունակում է հաղթական ելույթներ ունենալ, որոնցում ծաղրում է հայերին։
Օրինակ՝ ապրիլի 22-ին, ելույթ ունենալով 2020 թվականի պատերազմի ավարտին հայերից վերագրավված Շուշի քաղաքում, Ալիևը հայտարարեց. «Հայաստանը մեր առջև ծնկի բերեցին, գլուխը խոնարհեցին, ստիպեցին ստորագրել կապիտուլյացիոն փաստաթուղթ։ Եվ նա դեռ այդ կարգավիճակում է»։
Այս հայտարարությունները հիշեցնում են այն խիզախ համառության մասին, որը երեք տասնամյակ բնորոշ էր երկու կողմերին։ Դրանք արտացոլում են այն համոզմունքը, որ այս հակամարտությունում միայն ուժը, այլ ոչ թե դիվանագիտությունը, արդյունքի բերեց:
Երկու կողմերն էլ սիստեմատիկ էթնիկ զտումներ են իրականացրել 1990-ականներին։ Ոչ Հայաստանում, ոչ Ղարաբաղում և հարակից ադրբեջանական շրջաններում ադրբեջանցիներ չմնացին, այդ շրջանները ամբողջովին հողին հավասարվեցին, երբ նրանք հայտնվեցին հայկական վերահսկողության տակ։ Իսկ հայեր չմնացին ո՛չ Բաքվում, որտեղ նրանք ժամանակին մեծ համայնք էին, ո՛չ էլ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող այլ տարածքներում։
Ադրբեջանում շատերն, ըստ երևույթին, կարծում են, որ հակամարտությունը դեռևս հնարավոր է կարգավորել՝ այս մարտավարությունը նորից կիրառելով և հայ բնակչությանը ստիպելով հեռանալ Ղարաբաղից։ Հնարավոր է՝ դա նրանց հաջողվի, բայց դա, անկասկած, կբերի բռնությունների նոր շրջանի և դժգոհության խորացման Հայաստանում։
Երկար տարիների ընթացքում առաջին անգամ կողմերն այժմ ունեն խաղաղ համաձայնագրի հասնելու հարթակ՝ շնորհիվ ԵՄ միջնորդության: Բայց այս ամենը հեշտությամբ կարող է փլուզվել, հատկապես անկայուն աշխարհաքաղաքական միջավայրի պայմաններում։ Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում պարզ կդառնա՝ արդյոք հակամարտության երկու կողմերն էլ ցանկանում են առավելագույնս օգտագործել խաղաղության հասնելու հնարավորությունը։
Ղարաբաղը Ուկրաինայի ստվերում