«Հանրապետական այլընտրանք» շարժումը (REAL) իրեն քաղաքական կուսակցություն է հայտարարել
«Հանրապետական այլընտրանք» (REAL) ադրբեջանական ընդդիմադիր շարժումն ապրիլի 9-ին հիմնադիր համագումար է անցկացրել և իրեն քաղաքական կուսակցություն հայտարարել: Ադրբեջանի պատմության մեջ առաջին անգամ քաղաքական կուսակցության համագումարը համացանցում էր անցկացվում Ֆեյսբուք սոցիալական ցանցի պլատֆորմում:
Համագումարն առցանց անցկացնելու որոշման պատճառն այն է, որ իշխանությունները հրաժարվել էին REAL կուսակցության նախաձեռնող խմբի նիստի համար տարածք հատկացնել:
«Հանրապետական այլընտրանքը» հայտարարել էր շարժումից քաղաքական կուսակցության փոխակերպվելու մտադրության մասին դեռևս 2014թ-ի հունվարի 24-ին, իսկ նույն տարվա մայիսի 28-ին Բաքվում կայացել էր կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի հիմնադիր կոնֆերանսը: Նոր քաղաքական կազմակերպության առաջին հիմնադիր համագումարի ամսաթիվը մի քանի անգամ հետաձգվում էր միջոցառման համար տարածք վարձակալելու անհնարինության պատճառով:
«Մենք ընդհանուր առմամբ 48 անգամ դիմել ենք Բաքվի գործադիր իշխանությանը, տարբեր հյուրանոցների, բիզնես-կենտրոնների՝ խնդրելով մեզ տարածք հատկացնել կամ վարձակալությամբ տալ կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման համար, սակայն ամեն անգամ մերժում ենք ստացել: Այդ պատճառով էլ ստիպված էինք համագումարն առցանց անցկացնել», — ասել է REAL-ի գործադիր քարտուղար Նաթիկ Ջաֆարլին:
Նա հաղորդել է, որ առցանց համագումարի աշխատանքին մասնակցում էր 250 գրանցված պատվիրակ: Բաց քվեարկության ճանապարհով նրանք որոշում են կայացրել քաղաքական կուսակցություն ստեղծելու մասին, հաստատել են դրա ծրագիրն ու կանոնակարգը:
Համագումարի երկրորդ փուլում գաղտնի քվեարկության միջոցով «Հանրապետական այլընտրանք» կուսակցության նախագահ է ընտրվել Իլգար Մամեդովը: Ընտրվել են նաև կուսակցության Մեջլիսի անդամները:
«Հաշվի առնելով Իլգար Մամեդովի մեծ հեղինակությունն ու այն փաստը, որ նա բանտարկված է, ուրիշ ոչ ոք նախագահի թեկնածություն չէր առաջադրել», — ասել է Ջաֆարլին:
Իշխանությունների համար համագումարի նման ձևաչափի լեգիտիմության մասին JAMnews-ի հարցին Ջաֆարլին պատասխանել է.
«Միևնույն է, մենք չենք պատրաստվում արտարադատության նախարարություն դիմել պաշտոնապես գրանցվելու համար: Եթե մեզ համագումարի անցկացման համար տարածք չեն հատկացնում, ապա գրանցման հետ կապված խոչընդոտներ անպայման կստեղծեն: Բացի այդ, գրանցվելու համար մենք պետք է արդարադատության նախարարությանը ներկայացնենք կուսակցության նվազագույնը 1000 անդամների անձնական տվյալները: Սակայն մենք չենք ցանկանում նրանց համար խնդիրներ ստեղծել: Մենք պարտավոր չենք պետությունից թույլտվություն խնդրենք քաղաքականությամբ զբաղվելու համար: Միևնույն է, մեր երկրում ոչ մի ընտրություն կուսակցական ցուցակներով չի անցկացվում»:
Շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը 2013թ-ին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման Իսմայիլի քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նրա կալանքն անիրավաչափ, քաղաքականապես մոտիվացված էր համարել և վճռել էր անհապաղ ազատ արձակել նրան: Ստրասբուրգի դատարանի այդ որոշումը, որն ընդունվել էր 2014թ-ի մայիսին, մինչև օրս իրագործված չէ