Վրաստանը վտարում է մեկ ռուս դիվանագետի
Վրաստանի արտգործնախարարությունը պերսոնա նոն գրատա է հայտարարել մեկ ռուս դիվանագետի և նրան 7 օր տվել երկիրը լքելու համար:
Այդպիսով, Թբիլիսին համերաշխություն է հայտնել Մեծ Բրիտանիային «Սկրիպալի գործի» կապակցությամբ:
«Վրաստանի ԱԳՆ-ն քննադատում է Միացյալ Թագավորության տարածքում քիմիական զենքի կիրառման փաստը, ինչը երեք մարդու առողջությանը ծանր վնաս է հասցրել և ուրիշ մարդկանց կյանքի ու առողջության համար լուրջ ռիսկ պարունակել», — ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարությունում:
Հայտարարությունում նշվում է, որ Վրաստանը պետք է լքի «Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատանը կից Ռուսաստանի շահերի սեկցիայի» մեկ աշխատակից:
2008թ-ի օգոստոսյան պատերազմից հետո Վրաստանը խզել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններն, ու որդեն 10-րդ տարին է, ինչ Թբիլիսիում չի գործում ռուսական դեսպանատունը:
Ռուսական վիզաների տրամադրման և այլ հարցերի համար Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատանը կից գործում է Ռուսաստանի շահերի սեկցիան, որտեղ աշխատում է մինչև 10 ռուս դիվանագետ: Թբիլիսիի որոշման համաձայն՝ նրանցից մեկը պետք է լքի Վրաստանը:
Ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը թունավերվել են Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոնում մարտի 4-ին: Այսօր երկուսն էլ կոմայի մեջ են: Սերգեյ Սկրիպալը Ռուսաստանից մեկնել էր 2010թ—ին և համագործակցում էր բրիտանական հետախուզության հետ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ մեծ է հավանականությունը, որ Սկրիպալը թունավորվել է ռուսական իշխանությունների պատվերով: Մեծ Բրիտանիան երկրից
վտարել է 23 ռուս դիվանագետի և կոչ է արել մյուս երկրներին էլ նման որոշում կայացնել:
Ռուսաստանը հերքում է որևէ կապ սպանության հետ:
Սկրիպալի թունավորումը Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին դեպքն է, երբ Եվրոպայի տարածքում զանգվածային խոցման զենք է կիրառվել:
Սկրիպալներին թունավորել են «Նորեկ» գազով, որի արտադրությունը սկսվել է դեռևս Խորհրդային Միությունում և շարունակվել Ռուսաստանում: