Հայաստան. բազմազավակ ընտանիքները դժգոհ են կառավարությունից
Լուսանկարը՝ Լյուսի Սարգսյան, JAMnews
Կառավարության շենքի մոտ հավաքված բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են փոփոխություններ կատարել «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագծում, բիզնես սկսելու համար նրանց տալ առանց տոկոսի կամ 1 տոկոսով վարկեր, որպեսզի կարողանան պահել իրենց մեծ ընտանիքները:
Բացի այդ, ակցիայի մասնակիցները առաջարկում են 10-ից ավելի երեխա ունեցող ընտանիքների զավակներին բանակում ծառայության դիմաց գումար վճարել, ծնելիությունը խթանելու համար բնակարաններ տալ:
«Բազմազավակ ընտանիքներն ունեն բնակարանի, աշխատատեղերի խնդիր, որոնցից էլ առաջանում են մի շարք հարցեր: Մենք հազիվ ծերը ծերին ենք հասցնում: Դրա համար ասում ենք, եկեք բնակարան տվեք 4 երեխա ունեցող ընտանիքին, թող վարկի տոկոսները 1 տոկոսը չգերազանցեն, լինեն երկարաժամկետ՝ 25 տարով: Երբ ընտանիքում ծնվի 5-րդ երեխան կառավարությունը կարող է 30 տոկոսը վերցնել իր վրա, 6-րդի դեպքում էլի՝ 30 տոկոսը, իսկ 7-րդ երեխան ծնվելու դեպքում բնակարանը մնում է ընտանիքին»,- ասել է 14 երեխաների հայր Մարտիկ Մելքոնյանը:
10 երեխաների մայր Ծաղիկ Վարդանյանն էլ նշել է, որ պետական մակարդակով բազմազավակ ընտանիքներին աջակցություն չի տրվում, իրենց անտեսում են, իսկ իրենց երեխաները մեծանում են սուղ պայմաններում ու հետագայում լքում են երկիրը:
«Ոչ մի միջոց, ոչ մի հնարավորություն չկա, որ վաստակեն այնքան գումար, որ չցանկանան լքել երկիրը: Չկա մի բիզնես ծրագիր, որ գոնե զրոյից սկսեն: 1000 կամ 2000 դրամով ոչ ոք չի կարող իր ընտանիքը պահել: Մենք հավասարապես վճարում ենք ջրի, էլեկտրաէներգիայի, գազի դիմաց, ինչպես մեկ կամ երկու երեխա ունեցող ընտանիքները: Ինչպե՞ս կարող է 15 հոգանոց ընտանիքը միայն լոգանք ընդունելու համար գազ վառի այնքան, որքան՝ 5 հոգանոց ընտանիքը»,- նշել է տիկին Ծաղիկը:
Բազմազավակ մայրն ասում է, որ բուժծառայություններն էլ իրենց համար վճարովի են, և երբ երեխաներից մեկը հիվանդանում է, իրենք կանգնում են բոլորի համար դեղորայք գնելու փաստի առաջ:
Նրանք ներկայացրել են իրենց առաջարկությունները Հայաստանի կառավարությանը, սակայն, մինչև հիմա արձագանք չեն ստացել: