Հայաստանի խորհրդարան. իրական իշխանությո՞ւն, թե՞ բուտաֆորիա
Վերջին օրերի խորհրդարանական բազմաթիվ սկանդալները Հայաստանի բնակիչները դեռ երկար կհիշեն: Երկրի միակ ներկայացուցչական մարմնում քաղաքական կրքերին չեն հետևել միայն ծույլերը: Շատերը նույնիսկ սկսեցին լրջորեն քննարկել, թե ինչ նպատակով են ծեծկռտուքի և միմյանց վրա շշեր նետելու այս «խաղերը», որ առավել կարևոր հարցերից են փորձում շեղել ժողովրդին իշխող կուսակցության և ընդդիմության պատգամավորները:
Վերլուծաբանների կարծիքներն այն մասին, թե որքան արդյունավետ կարող է լինել Հայաստանի պառակտված խորհրդարանի աշխատանքը, որի կազմում միմյանց չհանդուրժող քաղաքական ուժեր են հայտնվել, և արդյոք այն ընդունելու է երկրի ապագայի վերաբերյալ ճակատագրական որոշումներ, թե՞ այդ գործառույթն ընդհանրապես կապ չունի օրենսդիր մարմնի հետ:
- Ծեծկռտուք և վնասված պատգամավոր․ Հայաստանի խորհրդարանը քննարկում է կառավարության ծրագիրը
- Հետհեղափոխական Հայաստանում խոսքի ազատությունը վտանգված է․ ի՞նչ է կատարվում
- Բոյկոտ՝ առաջին իսկ օրը․ ընդդիմությունը լքել է Հայաստանի խորհրդարանի դահլիճն առաջին նիստին
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան
Ընդդիմության ընտրությունը «փողոցային ռազբորկաներն» են
Չեմ կարծում, որ խորհրդարանում սկանդալները կազմակերպվում են, որպեսզի հասարակության ուշադրությունը շեղվի հիմնական օրակարգից, քանի որ մարդիկ առանձնապես կենտրոնացած էլ չեն ավելի կարևոր բաների վրա: Եվ այսօր կա ուշադրությունը շեղելու ավելի արդյունավետ գործիք՝ սոցիալական ցանցերը:
Պարզապես խորհրդարանում հայտնված ընդդիմությունը պայքարի նման ընտրություն արեց՝ ավելի հաջող քաղաքական հեռանկարի բացակայության պատճառով:
Հենց որ նրանք լուրջ թեմաներ են օրակարգ բերում, հասարակության մոտ հարցեր են առաջանում իրենց կառավարման շրջանի վերաբերյալ [խորհրդարանական ընդդիմությունն այժմ ներկայացնում են երկար տարիներ իշխանություն եղած ուժերը], երբ նույն խնդիրները չէին լուծվում: Եվ նրանք ոչինչ չեն կարող հակադարձել:
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան 2021 թվականի հունիսի 20-ին: Դրանք իրականացվեցին Արցախյան երկրորդ պատերազմում պարտությանը հաջորդած քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով: Ընդդիմությունն ու դրա կողմնակիցները պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ նա ստորագրել էր հայկական կողմի համար անբարենպաստ ռազմական գործողությունների դադարեցման մասին փաստաթուղթը:
Սակայն ընտրություններում Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքեց ձայների 53,92% -ը, ինչը թույլ տվեց կրկին մեծամասնություն ստանալ խորհրդարանում: ԱԺ-ում ներկայացված են նաեւ երկու ընդդիմադիր ուժեր: Դա «Հայաստան» դաշինքն է, որը նախընտրական քարոզարշավի ընթացքում ղեկավարում էր ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և «Պատիվ ունեմ» դաշինքը, որի մեջ միավորվել են մյուս նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի կուսակցությունները:
Օրինակ, նրանք չեն կարող ասել, թե ինչու է երկրի ներսում այսքան տարի հայտարարվել, թե Արցախի ոչ մի տարածք չի հանձնվի Ադրբեջանին, բայց իրենց կառավարման 20 տարվա ընթացքում երկրի սահմաններից դուրս հենց դա է բանակցվել:
Իսկ քաղաքական քննարկման դեպքում ներկայիս ընդդիմությունը ստիպված կլինի ընդունել իր սխալները և պատասխանել շատ անհարմար հարցերի:
Արդյունքում, կհայտնվի բացարձակ պարտվողական վիճակում: Այդ պատճառով էլ ընտրրել են «փողոցային ռազբորկաների» տրամաբանությունը:
Իշխանությունը պատասխանեց նույն կերպ, ընդունեց «խաղի կանոնները»՝ ցույց տալով, որ չի վախենում այս մեթոդից: Իսկ իմաստն այն է, որ ընդդիմության ներկայացուցիչներին ապացուցի․ այս ոճում էլ հաջողության չեն հասնի, հետևաբար, պետք է նստել և պայմանավորվել:
Բայց արդյոք կստացվի հասկանալ միմյանց՝ դեռ դժվար է ասել:
Խորհրդարանն արտացոլում է քաղաքական դաշտի իրական պատկերը
Ներկայիս խորհրդարանը նախորդների համեմատ ոչ լավն է, ոչ էլ վատը:
Պարզապես Հայաստանում չկա կայացած քաղաքական համակարգ, չկա քաղաքական մշակույթ և քաղաքական ավանդույթներ:
Եվ երբ այս ամենը չկա, չի կարող արդյունավետ խորհրդարան լինել: Խորհրդարանն այնպիսին է, ինչպիսին մեր քաղաքական համակարգն է:
Բայց, միևնույն ժամանակ, պետք է ընդգծել, որ այս խորհրդարանը, մեծ հաշվով, մեկ քայլ առաջ է: Նույնիսկ 2018 -ի հեղափոխությունից հետո Ազգային ժողովը չարտացոլեց այն իրական «համամասնությունը», որը կար քաղաքական դաշտում: Իսկ այսօր պատկերը մոտ է իրականությանը: Եվ մենք ականատես ենք դառնում հետհեղափոխական ուժերի և հին համակարգի պայքարին:
Անարդյունավետ խորհրդարանը կարող է տապալման բերել
Իհարկե, ներկա վիճակը ոչ մեկին դուր չի գալիս, բայց դա անհնար է փոխել մեկ ժամում: Անհրաժեշտ է ձևավորվել քաղաքական ուժեր, որոնք հանդես կգան հասարակության համար ավելի գրավիչ առաջարկներով և կփոխեն ուժերի հարաբերակցությունը քաղաքական դաշտում: Սա միակ միջոցն է՝ փոխելու ուժերի հարաբերակցությունը խորհրդարանում:
Ցավոք, այսօր մենք նման ուժեր չունենք, խորհրդարանական ուժերին այլընտրանք չկա:
Ներկայիս խորհրդարանը, ինչպես բոլոր նախորդները, չի համապատասխանում երկրի առջև ծառացած մարտահրավերներին:
Եվ այս անարդյունավետ մարմինը կարող է դառնալ որոշակի ձախողումների պատճառ: Դրա անարդյունավետությունը ենթադրում է հետևանքներ: Քանի որ խոսքը թիվ 1 քաղաքական մարմնի մասին է: Ի վերջո, Հայաստանը խորհրդարանական կառավարման անցած երկիր է:
Միշտ էլ հնարավոր է փոխել իրավիճակը, միայն թե նման նախադրյալներ դեռ չկան:
Բենիամին Պողոսյան, քաղաքագետ
Պառակտված հասարակություն
Ներկայիս խորհրդարանն այն ներքաղաքական պայքարի կամ կրքերի թեժ արդյունքն է, որը սկսվել է 2020 թվականի նոյեմբերի 10 -ին: Այդ օրվանից ընդդիմությունը սկսեց պայքարը գործող իշխանությունների և անձամբ վարչապետ Փաշինյանի դեմ, որը ստորագրել էր Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման եռակողմ փաստաթուղթը։
Պատերազմում պարտությունից հետո ի հայտ եկավ Հայրենիքի փրկության կոմիտեն, 17 կուսակցություններ միավորվեցին վարչապետի դեմ, Գլխավոր շտաբը հանդես եկավ մեղադրական հայտարարությամբ, այնուհետև սկսվեց խորհրդարանական ընտրությունների ավելի քան կոշտ նախընտրական քարոզարշավը՝ լի անձնական վիրավորանքներով:
Այսպիսով, հասարակությունը բաժանվեց երեք մասի.
- Նրանց, ովքեր Փաշինյանին և բոլոր նրա օգտին քվեարկածներին համարում են դավաճաններ, ովքեր մեղադրում են նրան, թե իշխանության գալով մտադրություն ուներ Արցախից ազատվելու, քանի որ այն բեռ է Հայաստանի համար, որը թույլ չի տալիս զարգանալ և կապեր հաստատել Եվրոպայի հետ, արդիականացնել պետությունը: Նրանք կարծում են, թե Արցախի պատճառով է, որ մենք անընդհատ նայում ենք Ռուսաստանի կողմը:
- Նրանց, ովքեր Փաշինյանին գրեթե սրբի տեղ են դնում: Նրանք վստահ են, որ այն, ինչ տեղի ունեցավ, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության հետևանքն է։ Նրանք Փաշինյանից շատ առաջ պայմանավորվել էին Ադրբեջանի հետ Արցախը հանձնելու մասին: Այս կատեգորիայի մեջ մտնողները պնդում են, թե նախկին իշխանությունները ծուղակի մեջ գցեցին, փաստի առաջ կանգնեցրին Նիկոլ Փաշինյանին. գործարքը կնքվել էր դեռ Քոչարյանի կամ Սարգսյանի օրոք: Պարզապես նրանք որոշեցին իշխանության բերել խեղճ Փաշինյանին, որպեսզի նա դառնա այս բոլոր դժբախտությունների ու ավերածությունների գլխավոր մեղավորը:
- Նրանց, ում առանձնապես չէր էլ հետաքրքրում Արցախի հարցը, մարդիկ, ովքեր կորուստներ չեն կրել՝ ո՛չ մարդկային, ո՛չ տնտեսական: Իհարկե, նրանց համար նույնպես պատերազմն իր բոլոր հետևանքներով վատ բան է, բայց շատ շուտ նրանք մոռացան դրա մասին, նրանց համար «կյանքը շարունակվում է»: Նրանցից շատերն ընտրություններում պաշտպանել են Փաշինյանին՝ պատճառաբանելով, թե մինչև 2018 թվականը եղել է տոտալ կոռուպցիա և այլ բացասական երևույթներ, նրանք չեն ցանկանում վերադառնալ այդ իրավիճակին:
Բնակչության մոտ 30%-ը Փաշինյանին դավաճան է համարում
Վերջին երկու կատեգորիաների շնորհիվ (Փաշինյանի եռանդուն կողմնակիցների և Արցախի հարցում համեմատաբար անտարբերների) Փաշինյանը հավաքեց իր ձայների 54%-ը: Այդուհանդերձ, հասարակության մինչև 30%-ը շարունակում է վարչապետին և նրա կողմնակիցներին պետական դավաճաններ համարել, որոնք գուցե չէին ուզում պատերազմով հանձնել Արցախը, բայց գիտակցելով, որ դա անխուսափելի է, ամեն ինչ արեցին պարտությունն ապահովելու համար:
Եվ եթե հասարակության մինչև 30%-ը իշխանության ղեկին գտնվողներին համարում է պետական դավաճան, անիմաստ է խոսել համախմբվածության կամ ազգային միասնության մասին:
Այսօր խորհրդարանում ունենք բոլոր այս շրջանակների ներկայացուցիչներից, որոնք միմյանց մեղադրում են դավաճանության մեջ:
Խորհրդարանական բուտաֆորիա
Չնայած ընդունված խորհրդարանական համակարգին, Հայաստանը չի կարող համարվել խորհրդարանական երկիր: Սա մաքուր բուտաֆորիա է:
90-ականներից սկսած՝ երկրում բոլոր որոշումներն ընդունվում էին նեղ շրջանակի կողմից (նախագահ/վարչապետ և նրանց նեղ շրջապատից մի քանի հոգի), և այս իրավիճակը շարունակվում է մինչ օրս:
Հայաստանում խորհրդարանը երբեք չի ունեցել, չունի և դեռ երկար ժամանակ չի ունենա ոչ մի դերակատարություն:
Ըստ այդմ, այն ամենը, ինչ տեղի է ունենում խորհրդարանում, նույնպես ազդեցություն չի ունենում ո՛չ պետության քաղաքականության, ո՛չ էլ դրա ապագայի վրա: Ազգային ժողովը չի կարող որևէ որոշում կայացնել, նույնիսկ եթե խորհրդարանում տեղի ունենան շատ ինտելեկտուալ և երկար քննարկումներ:
Երկրի լուրջ խնդիրների լուծման գործում ԱԺ-ի դերը զրոյական է:
Հասարակության անտարբերությունը
Հասարակության մեծամասնության ուշադրությունը հատկապես կենտրոնացած էլ չէ կարևոր հարցերի վրա, որպեսզի խորհրդարանական սկանդալներով նրան շեղեն լուրջ խնդիրներից: Նրանք մտահոգված չեն, թե ինչպես վերադարձնել Շուշին, չեն անհանգստանում, որ Ադրբեջանի զինված ուժերը գրավել են Սև Լիճը, կրակում են Երասխի դիրքերի ուղղությամբ:
Հայաստանի բնակչության մոտ 40%-ը ապրում է Երևանում: Մեծությամբ երկրորդ և երրորդ քաղաքները՝ Գյումրին ու Վանաձորը, սահմանակից չեն: Մյուս խոշոր քաղաքները՝ Արտաշատ, Էջմիածին, Աբովյան, Հրազդան, Չարենցավան, գտնվում են Երևանին մոտ և նույնպես անվտանգ են:
Եվ սա բնակչության գրեթե 75%-ն է, որոնց անհանգստացնում է միայն երկրի սոցիալ-տնտեսական վիճակը:
Եթե այս վիճակը վատթարանում է, նրանք սկսում են անհանգստանալ, թե ինչպես պետք է ապրեն, ինչպես վճարեն կոմունալները, երեխաների կրթության համար և այլն:
Քիչ հավանական է, որ իրավիճակը որևէ բան փոխի, բացի լայնածավալ պատերազմից՝ Երևանի, Գյումրիի կամ Վանաձորի վրա նետված ռումբերով, որպեսզի մարդիկ սկսեն անհանգստանալ իրենց անվտանգության համար, ինչը ես գրեթե բացառում եմ: