Լուսանկարում՝ «Առավոտ» ադրբեջանական թերթի շապիկը Էլմար Հուսյնովի սպանության հաջորդ օրը
Հուլիսի 17-ին Ադրբեջանում նշել են 2005թ-ին սպանված «Մոնիտոր» ամսագրի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովի հիշատակը:
Մասնագիտությամբ ինժեներ-հիդրատեխնիկ Էլմար Հուսեյնովը լրագրությամբ աշխատել է 1996թ-ից: Սկսել է «Զերկալո» թերթից, նույն տարում թողարկել է «Մոնիտոր» ամսագիրը, որն առաջին իսկ համարից դարձել է Ադրբեջանի ամենահայտնի պարբերականը:
Էլմար Հուսեյնովն իր քննադատական հոդվածների պատճառով անընդհատ սպառնալիքներ է ստացել և ճնշումների ենթարկվել իշխանությունների կողմից, 34 անգամ դատական պատասխանատվության է ենթարկվել: 2004թ-ի հունվարին ոստիկանության աշխատակիցները նրանից պահանջել են դադարել քննադատական հոդվածներ տպել նախագահի և նրա ընտանիքի հասցեին, հակառակ դեպքում սպառնացել են հաշվեհարդարով:
Չնայած քաղաքական ապաստան տրամադրելու արտասահմանյան պետությունների առաջարկներին, Էլմար Հուսեյնովն Ադրբեջանում է մնացել և շարունակել իր մասնագիտական գործունեությունը: «Մոնիտոր» ամսագրի վերջին համարը լույս է տեսել 2005թ-ի փետրվարի 19-ին:
Էլմար Հուսեյնովը սպանվել է 2005թ-ի մարտի 2-ին իր բնակարանի մուտքի մոտ ատրճանակից արձակած 7 գնդակից: Այն ժամանակ Ադրբեջանի նախագահն այդ սպանությունն անվանել է «երկրի հեղինակության համար մեծ բիծ և հարված Ադրբեջանի ժողովրդավարական զարգացմանը»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2017թ-ի ապրիլի 13-ին վճռել է, որ Ադրբեջանի կառավարությունն արդյունավետ հետաքննություն չի անցկացրել «Մոնիտոր» ամսագրի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովի սպանության քրեական գործով, անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել լրագրողի մարդասպաններին պատասխանատվության ենթարկելու համար: