Կրկին Հայաստանի վարչապետի պաշտոնում․ Նիկոլ Փաշինյանի նոր կառավարության անդամները
Արդեն հայտնի են Հայաստանի նոր կառավարության անդամների մի մասի անունները։ Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է 13 պաշտոնյայի նշանակման հրամանագրեր, որոնց թվում են փոխվարչապետներ, նախարարներ ու մեկ դեսպան։
Նշանակումները կատարվել են Նիկոլ Փաշինյանի առաջարկով, որը կրկին վարչապետի պաշտոնը զբաղեցրեց օգոստոսի 2-ին։ ՀՀ նախագահը ստորագրեց վարչապետի նշանակման մասին հրամանագիրը 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի մեկնարկից հետո։ Դա Սահմանադրության պահանջն է․ նշանակումը պետք է տեղի ունենա նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների մեկնարկից անմիջապես հետո։
Վարչապետ է դառնում խորհրդարանական մեծամասնության թեկնածուն։ Եվ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը հաղթել էր ընտրություններում, վարչապետի պաշտոնում առաջադրել էր իր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։
Ավինյանը թողնում է փոխվարչապետի պաշտոնը
2018 թ․-ի մայիսից փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Մհեր Գրիգորյանը վարչապետի առաջարկությամբ վերանշանակվել է նույն պաշտոնում։ Գրիգորյանի գործընկեր Տիգրան Ավինյանը, սակայն, թողնում է փոխվարչապետի պաշտոնը։
Ավինյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ ընտրական պայքարին չմասնակցելը պայմանավորված է եղել նախընտրական ցուցակի հետ կապված որոշ տարաձայնություններով։
«Մեր պետության զարգացման այս փուլի առաջնահերթություն ենք դիտարկում ժողովրդավարության հաստատումն ու ամրապնդումը (ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ) և կոռուպցիայի բացառումը (անհաշտ պայքար կոռուպցիայի դեմ): Այս շարքում հիմնարար սկզբունք է նաև բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը՝ անկախ անձերից: Կազմված նախընտրական ցուցակի դեպքում, սակայն, ես վստահ չէի, որ այդ սկզբունքը պահպանվում էր, և մենք որևէ ձևով չէինք շեղվում դրանից», — գրել է Ավինյանը։
Անցած 3 տարիների աշխատանքը փոխվարչապետն արդյունավետ է որակել՝ նշելով, որ այդ աշխատանքն առարկայական ազդեցություն է ունենալու Հայաստանը բարեկեցիկ, մրցունակ և ինստիտուցիոնալ պետություն դարձնելու գործում: Տիգրան Ավինյանը տեղեկացրել է նաև, որ «Քաղաքացիական պայմանագրից» դուրս չի գալու, շարունակելու է մնալ կուսակցության վարչության անդամ։
Իսկ վարչապետի աշխատակազմում նրան կփոխարինի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Սուրեն Պապիկյանը։ Պապիկյանը մասնագիտությամբ պատմաբան է, ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան, այնուհետև Սանկտ Պետերբուրգի համալսարանի ասպիրանտուրան։ Նորանշանակ փոխվարչապետը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է։
Ովքե՞ր են նորանշանակ նախարարները
Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունը այսուհետ կգլխավորի Գնել Սանոսյանը։ Նա բնօգտագործման և բնապահպանության մասնագետ է։ 2018 թ․-ի մայիս-հոկտեմբեր ամիսներին զբաղեցրել է բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնը, 2018թ․-ի հոկտեմբերից մինչ օրս Գեղարքունիքի մարզպետն էր։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Նարեկ Մկրտչյանը, որը մինչ այս նույն նախարարությունում զբաղեցնում էր առաջին տեղակալի պաշտոնը։ Մկրտչյանը պատմական գիտությունների թեկնածու է։ Գործադիրում աշխատանքի անցնելուց առաջ եղել է ԱԺ պատգամավոր։
Պաշտպանական գերատեսչությունը կղեկավարի Արշակ Կարապետյանը։ Քառօրյա պատերազմի ժամանակ նա ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետն էր։ 2016 թ․-ի ապրիլի 26-ին նա պաշտոնանկ արվեց։ Ըստ տարածվող լուրերի՝ պատճառը պատերազմի ժամանակ հետախուզության կողմից թույլ տրված լուրջ բացթողումներն էին։
Հեղափոխությունից հետո Արշակ Կարապետյանը վարչապետ Փաշինյանի խորհրդականն էր։ Այս տարվա ապրիլին նշանակվեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, այնուհետև՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
Զբաղեցրած պաշտոններում վերանշանակվել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
Ֆինանսների նախարար է նշանակվել էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը, արդարադատության նախարար՝ Կարեն Անդրեասյանը։ Հիշեցնենք, որ 2011-16 թթ․-ին Անդրեասյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն էր։
Հայաստանն ԱՄՆ-ում նոր դեսպան ունի
Չորս տարի ժամկետով Վաշինգտոն է գործուղվել Լիլիթ Մակունցը՝ որպես Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
Մակունցը բանասիրական գիտությունների թեկնածու է։ 2018 թ․ փետրվար-մայիս ամիսներին ղեկավարել է Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի և համագործակցության բաժինը։ Հեղափոխությունից հետո Մակունցը նշանակվեց մշակույթի նախարար։ 2019 թ․-ից ղեկավարում էր Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը։