«Ուրիշ» խորհրդարան Հայաստանում․ համախմբո՞ւմ, թե՞ ապակայունացում
Հայաստանը նոր խորհրդարան է ընտրել։ Ի՞նչ են նշանակում երկրում անցկացված արտահերթ ընտրությունները, և ինչպե՞ս են զարգանալու իրադարձությունները։ Նախընտրական քարոզարշավն անցնում էր «նախորդների» և «նոր» իշխանության, «սևերի» և «սպիտակների» պայքարի տրամաբանությունում։ Բանն այն է, որ ընտրություններին մասնակցում էին Հայաստանի բոլոր նախկին նախագահներն ու պետության գործող ղեկավարը։
Խորհրդարանում ներկայացված են լինելու․
- Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,
- նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը,
- «Պատիվ ունեմ» դաշինքը, որի կազմում է ևս մեկ նախկին նախագահի՝ Սերժ Սարգսյանի կուսակցությունը։
Երկբևեռ ընտրությունները ստվերում թողեցին ընտրարշավի մնացած բոլոր մասնակիցներին։ Քաղաքական մյուս 22 ուժերն, այդ թվում՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը, չհաղթահարեցին անցողիկ շեմը։
Փորձագետների կարծիքները՝ կայացած ընտրությունների նշանակության և այն մասին, թե ինչ իրավիճակ կարող է ստեղծվել։
- ՀՀ-ում ընտրությունների արդյունքները․ «թավշյա» հեղափոխությունը փոխակերպվեց «պողպատի՞»
- Ընտրություններ առանց ընտրության․ ինչո՞ւ է Հայաստանը կրկնում արդեն անցած ճանապարհը
- Հայաստանը կարևո՞ր է Իրանի համար․ արևելյան դիվանագիտություն առանձնահատկությունները
Ալեքսանդր Իսկանդարյան, Կովկասի ինստիտուտի տնօրեն
Փաշինյանի լեգիտիմության ռեստարտը
Կայացած ընտրությունների արդյունքները նշանակում են Փաշինյանի կառավարության բյուրոկրատական լեգիտիմության ռեստարտ, ինչին էլ այն ձգտում էր։ Արցախյան երկրորդ պատերազմում պարտություն կրելուց հետո Նիկոլ Փաշինյանի նախկին լեգիտիմությունը նվազում էր։
Որոշ սոցիոլոգիական հարցումներ ցույց էին տվել, որ ընտրությունները պետք է որքան հնարավոր է շուտ անցկացնել, քանի դեռ որոշ սոցիալական լեգիտիմություն է պահպանվում, ինչից էլ օգտվեց Փաշինյանը։
Պատերազմից հետո ընդդիմությունն իշխանափոխության մի քանի փորձ արեց։ Սկզբից այդ առաքելությունն իր վրա վերցրին մոտ 17 կուսակցություններ, այնուհետև՝ «Հայրենիքի փրկության շարժումը»։ Ավելի ուշ՝ բարձրաստիճան սպաները ապստամբեցին, նաև նախագահ Արմեն Սարգսյանը փափուկ անցում առաջարկեց։
Այս բոլոր փորձերը հաջողությամբ չպսակվեցին, և այդ ժամանակ իշխանությունն ու ընդդիմությունը պայմանավորվեցին ցրել խորհրդարանն ու նոր ընտրություններ նշանակել։
Ռոբերտ Քոչարյանը որոշ չափով կարողացավ իր վրա կենտրոնացնել Նիկոլ Փաշինյանի հակավարկանիշը։ Նա իրենից հակաՆիկոլ ստեղծեց՝ որպես բողոքի մարմնավորում՝ օգտվելով նույն տեխնոլոգիայից, որը Փաշինյանն էր կիրառել 2018 թ-ի հեղափոխության և ընտրությունների ժամանակ, երբ իրենից հակաՍերժի կերպար էր ստեղծել, որի շնորհիվ պաշտոնանկ արեց Սերժ Սարգսյանին և նրա տեղը զբաղեցրեց։
Ռոբերտ Քոչարյանի խնդիրն այն էր, որ շատ մարդիկ դեմ էին Նիկոլ Փաշինյանին, բայց պատրաստ չէին Քոչարյանի օգտին քվեարկել։
Այդ մարդկանց մի մասն ընտրությունների չի գնացել, մյուս մասը քվեարկել է մինորիտար կուսակցությունների օգտին՝ այդպիսով իր ձայնը կրկին Փաշինյանին տալով։
Հայաստանին ծանր ժամանակներ են սպասվում
Ընդ որում, ցնցումներ են սպասվում ինչպես ներքաղաքական կյանքում, այնպես էլ արտաքին քաղաքականությունում։
Կարճաժամկետ հեռանկարում երկրում կրկին կարող են հանրահավաքներ, ցույցեր և նմանատիպ տուրբուլենտություններ տեղի ունենալ, սակայն թե որքանով դրանք զգալի և երկարատև կլինեն, դեռ դժվար է ասել։
Ինչ-որ պահի այս դիմակայությունը կարող է փողոցից խորհրդարան մտնել, քանի որ իրավիճակը փոխվել է, և միայն ձևական առումով է ներկայիս խորհրդարանը նման լինելու խորհրդարանական նախկին կազմին։ Իրական դասավորությունն այլ է լինելու՝ շնորհիվ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքների։ Այնպես որ, Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրն» արդեն իրեն նախկինի պես չի զգալու։
Անկասկած, շարունակվելու է Հայաստանի վրա ճնշումը, որն արդեն մի քանի ամիս է տևում։ Ընդ որում, այն համախմբված է լինելու՝ ոչ միայն Ադրբեջանի կողմից։ Իսկ Հայաստանը շատ մեծ ռեսուրս չունի՝ այդ ճնշումներին դիմադրելու համար։
Այս պայմաններում ամբողջ հարցն այն չէ, թե արդյո՞ք Հայաստանը տրվելու է այդ ճնշմանը, այլ այն, թե ի՞նչ կարող է երկիրը ստանալ դրա դիմաց և ինչ կերպ։ Սակայն կրկին այստեղ էլ Հայաստանը չափազանց քիչ ռեսուրս ունի դրա համար։
Ցավոք, Հայաստանը ստիպված է լինելու ինչ-որ զիջումների գնալ։ Եվ այդ զիջումները վերաբերելու են արդեն հենց Հայաստանին։
Վերջին ամիսների դիսկուրսի պարադիգմը Հայաստանի ներսում, որն առաջացել է Ադրբեջանի գործողությունների հետևանքով, փոխվել է։ Մենք արդեն պաշտպանում ենք Սյունիքի մարզը [խոսում է 2021 թ-ի մայիսի 12-ին Հայաստանի տարածքում ադրբեջանական ԶՈւ առաջխաղացման մասին]՝ Հայաստանի ինքնիշխան տարածքն, այլ ոչ թե Արցախը, մենք արդեն խոսում ենք Հայաստանի, այլ ոչ թե ԼՂՀ սահմանի մասին։
Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան
Հասարակական տրամադրությունների ճշտում
Ընտրությունների արդյունքներն արտացոլում են օբյեկտիվ պատկերը Հայաստանում՝ հասարակական տրամադրությունների և քաղաքական ուժերի հարաբերակցության առումով, և այդ օբյեկտիվ պատկերը ոմանց կարող է դուր գալ, ոմանց՝ ոչ։
Ըստ էության՝ դրա համար էին հենց անհրաժեշտ արահերթ ընտրությունները՝ հասարակական տրամադրությունները պարզելու համար՝ ինչի հիման վրա էլ հնարավոր կլինի գործել այսպես կամ այնպես։
Այլ բան է, թե ով և ինչպես է պատրաստվում համակերպվել այս պատկերի հետ, իսկ եթե չի համակերպվում, ապա ինչ գործողությունների է պատրաստ դիմել։
Կարծում եմ, որ ընդդիմությունը հասարակության հետ աշխատելու հնարավորություն ունի՝ իրավիճակը փոխելու համար, սակայն աշխատանքը կարող է ծանր և երկարաժամկետ լինել։ Եվ դժվար է ասել, թե որքանով են այդ ուժերը պատրաստ այդ աշխատանքին։
Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի հայտարարությունն ընտրությունների արդյունքները չընդունելու մասին, քանի դեռ կասկածները չեն փարատվել, ըստ ամենայնի, ժամանակ շահելու համար է։ Հավանաբար, դաշինքն ուզում է հասկանալ, թե ինչպես առաջ շարժվել։
Չեմ կարծում, որ ընտրությունների արդյունքները նրանց համար անակնկալ էին։ Նրանց համար, հավանաբար, անակնկալ էր այն, որ Փաշինյանը հավաքեց ընտրողների ձայների 50-ից ավելի տոկոսը։
Հնարավոր է, որ Ռոբերտ Քոչարյանի թիմում մարդիկ են եղել, որոնք հավաստիացրել են, թե նվազագույնը 30-40 տոկոսն իրենց գրպանում է, իսկ Փաշինյանը նույնիսկ 30 տոկոս ձայն չունի։
Նման շրջանակներ կային նաև Ռուսաստանում։ Օրինակ՝ ընտրություններից մի քանի ժամ առաջ Մարգարիտա Սիմոնյանը ՌԻԱ-Նովոստիի հարցումն էր հրապարակել, որում ասվում էր․ 30 տոկոսը քվեարկելու է Քոչարյանի օգտին, և միայն 20 տոկոսը՝ Փաշինյանի։ Այս կեղծ հարցումները քոչարյանական թիմին հաղթանակի վստահություն էին ներշնչում։
Եվ այժմ նախկին նախագահը երկընտրանքի առջև է։ Ի՞նչ անել․ ընդունե՞լ ընտրությունների արդյունքները, թե՞ վիճարկել դրանք։ Եվ եթե վիճարկել, ապա ի՞նչ եղանակով՝ դատակա՞ն, թե՞ փողոցային պայքարի։
Ակնհայտ է, որ ընտրություններում այնպիսի լուրջ խախտումներ չկային, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա։ Եվ այս տեսանկյունից Փաշինյանի դիրքերն ավելի ամուր կլինեն դատարանում։
Այդ պատճառով էլ, եթե այս հետընտրական ամիսներին Քոչարյանը չկարողանա հաջողության հասնել փողոցային պայքարի միջոցով, ապա Փաշինյանի դեմ նրա պայքարն ավելի կդժվարանա։
Նրա համար լավագույն տարբերակը ես համարում եմ քվեարկության արդյունքներն ընդունելը և աշխատանքը շարունակելը։
Ինչպե՞ս դիմակայել արտաքին ճնշումներին
Հայաստանին ծանր ժամանակներ են սպասվում։ Սա գալիս է և՛ հետպատերազմյան իրավիճակից, և՛ աշխարհաքաղաքական իրողություններից։
Մեզ սպասվում է շատ ծանր աշխատանք, և որևէ առանձին վերցրած քաղաքական ուժ ի վիճակի չէ միայնակ կրել այդ բեռն իր ուսերին։ Չափազանց մեծ են տարածաշրջանային ռիսկերը։
Հետևաբար, պետք է գնալ քաղաքական համախմբման ճանապարհով։ Իսկ համախմբումը նշանակում է չտանել երկիրը դեպի անկայունություն՝ այդպիսով բարենպաստ պայմաններ ստեղծելով Հայաստանի վրա դրսից ճնշում գործադրելու համար։
Քաղաքական պայքարը պետք է բովանդակային հունի մեջ պահել, որպեսզի Հայաստանի ճկունությունն աճի։ Իսկ երկրի ներսում ապակայունացման դեպքում դժվար չի լինի Փաշինյանի վրա ճնշում գործադրելու միջոցով հակահայկական որոշումների հասնել։ Պետք է Հայաստանում ուժեղ քաղաքական դաշտ ստեղծել՝ երկրի դեմ ցանկացած գործընթաց կասեցնելու համար։