NDI-ի հարցում․ 50%-ը համարում է, որ Վրաստանի կառավարությունը լավ է աշխատում
Ամերիկյան ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI), որը մշտապես սոցիոլոգիական հետազոտություններ է անցկացնում Վրաստանում, նոր հարցման արդյունքներն է հրապարակել, որն անցկացվել է դեկտեմբերին։
Համավարակի պատճառով հարցվածների հետ զրույցն իրականացվել է հեռախոսով։ 2053 հարցված ընտրվել է պարզ ընտրանքի մեթոդով՝ պատահականության սկզբունքով։
Գլխավորն, ինչ ցույց է տվել հետազոտությունը, կառավարության և անձամբ վարչապետ Գիորգի Գախարիայի գործունեության հավանության ավելացումն է։ Նվազել է այն մարդկանց թիվը, ովքեր պնդում են, թե ընդդիմադիր կուսակցությունները մոտ են իրենց հայացքներին։
Բնակչությանը հուզող հիմնական հարցերը
Այն հարցին, թե որ ազգային խնդիրներն են առավել կարևոր ձեզ և ձեր ընտանիքի համար, հետևյալ պատասխանները կստանաք․
աշխատանք՝ 46 տոկոս,
աղքատություն՝ 37 տոկոս,
գների աճ/գնաճ՝ 31 տոկոս,
տարածքային ամբողջականություն՝ 22 տոկոս,
կորոնավիրուս՝ 16 տոկոս։
Ո՞ր կուսակցությունն է հայացքներով ձեզ ավելի մոտ
Հարցվածների կեսը՝ 49 տոկոսը, չի պատասխանել այս հարցին (24%-ը զերծ է մնացել պատասխանից, 25%-ը կուսակցություն չի նշել)։
Պատասխանածների 31 տոկոսը նշել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Հինգ տոկոսը նշել է ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցութունը։ Մնացած վեց կուսակցությունները («Հայրենասերների դաշինք», «Աղմաշենեբելիի ռազմավարություն», «Գիրչի», «Եվրոպական Վրաստան», «Լելո», Լեյբորիստական կուսակցություն) ընդհանուր առմամբ հավաքել են 9 տոկոս։
Օրինակ՝ 2020 թ-ի հունվարին անցկացված հարցման համաձայն՝ բնակչության միայն 19 տոկոսն էր «Վրացական երազանքը» նշել՝ որպես իր հայացքներին ամենամոտ կուսակցություն։ Իսկ 14%-ը որպես այդպիսի կուսակցություն նշել էր ընդդիմադիր «Ազգային շարժումը»։
Կառավարության գործունեության գնահատականը
Հարցվածների 50 տոկոսը կառավարության գործունեությունը դրական է գնահատում։ 38 տոկոսը՝ բացասական։
Կառավարության ղեկավարի վարկանիշը բավականին բարձր է։ Հարցվածների 46 տոկոսը դրական է գնահատում վարչապետ Գիորգի Գախարիայի գործունեությունը։ 32 տոկոսը՝ միջին, 17 տոկոսը՝ վատ է գնահատել նրա գործունեությունը։
Վրաստանի նախագահի վարկանիշը շատ ավելի ցածր է։ Միայն 15%-ն է նրա գործունեությունը դրական գնահատում։
Եվ միայն հարցվածների 15 տոկոսն է խորհրդարանի աշխատանքը դրական գնահատում։
Ինչ վերաբերում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ապա 24 տոկոսը կարծում է, որ այն լավ է աշխատում։ 27%-ը միջին գնահատական է տալիս, 32%-ը՝ բացասական։
Կորոնավիրուսի դեմ պատվաստում
NDI-ի դեկտեմբերյան հետազոտության համաձայն՝ այն մարդկանց թիվը, ովքեր հայտարարում են, որ պատվաստվելու են և պատվաստելու են իրենց ընտանիքները, մի քիչ ավելացել է։ Այն հարցին՝ «կպատվաստվե՞ք արդյոք դուք և ձեր երեխաները, եթե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ լինի», 41 տոկոսը պատասխանել է՝ «այո»։ 2020 թ-ի հունիսին այդ ցուցանիշը կազմում էր 38 տոկոս։
Նույնքան մարդ՝ 41 տոկոս, պատասխանել է, որ չի պատվաստվելու կորոնավիրուսի դեմ, սակայն նրանց քանակն ավելի քիչ է, քան հունիսին (46%)։
ՆԱՏՕ/ԵՄ
NDI-ը տվել է նաև ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Վրաստանի անդամակցությանը կողմ լինելու մասին ավանդական հարցը։
Ըստ դեկտեմբերյան հարցման՝ բնակչության 80 տոկոսը կողմ է ԵՄ անդամակցությանը, և սա անընդունելի է միայն 8 տոկոսի համար։
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա դրան անդամակցելն ընդունելի է հարցվածների 74 տոկոսի համար, և անընդունելի է 9 տոկոսի համար։