«Լեռնային Ղարաբաղում ռուսական ռազմաբազայի ստեղծումը կամրապնդի անվտանգությունը»․ Արցախի նախագահի խորհրդական
Արցախում ռուսական ռազմաբազայի տեղակայումը կծառայեր անվտանգության և կայունության ամրապնդմանը չճանաչված հանրապետության տարածքում երկարաժամկետ հեռանկարում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ԼՂՀ նախագահի արտաքին քաղաքական հարցերի խորհրդական Դավիթ Բաբայանը։
Նա խոսել է նաև Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած փաստաթղթի մասին, որն անվանել է «ավելի վատը, քան Բրեստի խաղաղությունը»։ Հարցազրույցի ընթացքում Բաբայանը պատմել է նաև ԼՂ-ում տիրող իրավիճակի և տարածաշրջանի վերականգնման փուլերի մասին։
- Պուտինը ՀԱՊԿ ռազմական դաշինքի երկրներին կոչ է արել սատարել Հայաստանի վարչապետին
- Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում դաշտային հոսպիտալ են հիմնել
Ռուսական ռազմաբազայի մասին
Որպես փորձագետ, քաղաքացի և քաղաքական գործիչ Արցախից՝ Դավիթ Բաբայանը լավ գաղափար է համարում այդտեղ ՌԴ բազայի ստեղծումը․
«Ռուսաստանը հզոր աշխարհաքաղաքական ներուժ ունի։ Իսկ եթե Թուրքիան Ադրբեջանին սկսի ագրեսիայի դրդե՞լ։ Իսկ եթե վարձկանները դուրս գան Թուրքիայի ենթակայությունից և որոշեն այստեղ ինչ-որ բաներ անե՞լ։ Այդ դեպքում նրանք կարող են հատուկ փորձել հարված հասցնել Ռուսաստանի իմիջին՝ էլ չենք խոսում անվտանգության տեսանկյունից մեզ շատ բարդ դրության մեջ գցելու մասին»։
ԼՂ նախագահի խորհրդականը ենթադրում է, որ Արցախում ռուսական ռազմաբազայի տեղակայումը տեղին քայլ է, և «դա այստեղ մեծապես կուժեղացնի անվտանգությունն ու կայունությունն, ընդ որում՝ երկարաժամկետ կտրվածքով»։
Արցախի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի մասին
Արցախի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը, որի շրջանակում Հայաստանն Ադրբեջանին փոխանցեց ԼՂ հարակից շրջանները, խաղաղություն է, որը կնքվել է ոչ շահեկան պայմաններով, կարծում է Դավիթ Բաբայանը․
«Այս համաձայնագիրը շատ բարդ, ծանր է մեզ համար։ Այն կարծես Բրեստի խաղաղությունը լինի, բայց ավելի վատն է։ Սակայն մենք պետք է հասկանանք․ դրա համար, ինչ տեղի ունեցավ, առաջին հերթին, մեղավոր ենք ինքներս, այլ ոչ թե որևէ այլ ուժեր։ Ես նույնիսկ չեմ մեղադրում Թուրքիային կամ Ադրբեջանին, քանի որ նրանք, ինչպես ես հաճախ կրկնում էի, ամենաազնիվ թշնամիներն են։ Նրանք երբեք չեն թաքցրել իրենց իրական մտադրությունները։ Նրանք միշտ ասել են, որ իրենց գլխավոր նպատակը Ստեփանակերտը, Շուշին են և այլն»։
Ըստ Բաբայանի՝ ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը հայկական կողմի վրա է ընկնում․
«Մենք պարտվեցինք ոչ թե Ադրբեջանին կամ Թուրքիային, այլ ինքներս մեզ։ Մենք սա միշտ պետք է հաշվի առնենք։ Մենք չկարողացանք բացահայտել նոր պատերազմի ռազմավարական բնույթը։ Իսկ դա պաշտպանական քաղաքականություն վարելու կարևորագույն նախապայմաններից է։ Պատերազմը մեծ մասամբ անշփում էր, մեր կորուստների մեծ մասն էլ անկոնտակտ էր՝ ԱԹՍ-ներից»։
Ստեփանակերտի օդանավակայանի ճակատագրի մասին
Նախագահի խորհրդականը մեկնաբանել է նաև Ստեփանակերտի օդանավակայանի հետ կապված իրավիճակը։
Նրա խոսքով՝ օդային հաղորդակցության բացման հարցը՝ որպես կապի ապաարգելափակմանն ուղղված քայլերից մեկը, նշված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ համաձայնագրում․
«Բնականաբար, ռուսական կողմը կիրագործի դա, միայն Ռուսաստանն է ի վիճակի անել դա։ Կարծում եմ, որ այն կգործի արդեն մոտ ապագայում։ Օդանավակայանը բազմաֆունկցիոնալ է լինելու․ այն կիրականացնի ինչպես ուղևորափոխադրումներ, այնպես էլ տնտեսական, բեռնափոխադրման նպատակով չվերթներ։ Օդային հաղորդակցությունը ԼՂՀ տնտեսական վերականգնման կարևոր ասպեկտ կլինի»։
Արցախում տիրող իրավիճակի մասին
Դավիթ Բաբայանը պատմել է տարածաշրջանի վերականգնման գործընթացների մասին, որոնք դեռևս «ամենանախնական փուլում են»։ Նրա խոսքով՝ այժմ հիմնական շեշտը դրվում է ենթակառուցվածքների՝ լույսի, գազի, ինտերնետի աշխատանքների վերականգնման վրա․
«Օրինակ՝ ինտերնետն այժմ հասանելի է միայն մի քանի շրջաններում։ Մենք արդեն ամբողջությամբ վերականգնել ենք մայրաքաղաքի էներգա- և ջրամատակարարումը։ Ավելին՝ կցանկանայի նշել, որ ողջ պատերազմի ընթացքում ջրամատակարարման հետ կապված որևէ խաթարում չի եղել։ Ինչ վերաբերում է գազամատակարարմանն, ապա մի շարք շրջաններում այն միտումնավոր է դադարեցվել։ Դա թույլ է տվել բազում կյանքեր փրկել՝ բնակելի շենքերի արկակոծման դեպքում։ Եթե դա չարվեր, հետևանքները սարսափելի կլինեին»։
Եթե Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում, ըստ Բաբայանի, ամբողջությամբ վերականգնվել է ջրամատակարարումը, հոսանքի և գազի մատակարարումը, ապա «շրջաններում իրավիճակը մի փոքր այլ է»․
«Որոշ շրջկենտրոններ հրետակոծությունից ավելի շատ են տուժել, բնական գազի մատակարարումը զգալիորեն ավելի երկար ժամանակ կպահանջի։ Ավերված են տներ, ճանապարհներ, կապը։ Նույնը վերաբերում է նաև շատ գյուղերի»։
Վերականգնման գործընթացին ակտիվորեն օգնում են ռուս խաղաղապահները։
«Փաստացի՝ նրանք բացառիկ առաքելություն են իրականացնում, որը կարելի է երկու ուղղության բաժանել։ Առաջինը ռազմաքաղաքական է, այսինքն՝ խաղաղության և կայունության ապահովումը, նոր պատերազմի բռնկում թույլ չտալը։ Երկրորդը սոցիալ-տնտեսական աջակցությունն է»։