«Պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև»․ արցախյան պատերազմի ընթացքի մասին
Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն ուղերձով է հանդես եկել, որում ներկայացրել է արցախյան պատերազմի ընթացքի մանրամասները։
Հայաստանում չի մարում դժգոհությունը նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի առնչությամբ, որը կանգնեցրել է 45-օրյա ղարաբաղյան պատերազմը։
Մեղադրանքներ են հնչում ոչ միայն փաստաթուղթը ստորագրած վարչապետի, այլև ռազմական ղեկավարության հասցեին։ Մասնավորապես, խոսվում է երկրի պաշտպանական հնարավորությունների և իրավիճակի ոչ իրատեսական վերլուծության և հնարավոր սխալների մասին։
Այս առնչությամբ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը որոշ մանրամասներ է ներկայացրել պատերազմից առաջ ստեղծված իրավիճակի, մարտական գործողությունների ընթացքի և որոշումների կայացման մասին։ Նրա խոսքով՝ համաձայնագրի բարդ պայմաններն ընդունվել են իրավիճակի համակողմանի գնահատման արդյունքում․ «պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև»։
- Ի՞նչ են ստացել Հայաստանն ու Ադրբեջանը զինադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո
- Ֆիլմ․ հայերը լքում են տարածքները, որոնք փոխանցվում են Ադրբեջանին, Դադիվանք
Ի՞նչ իրավիճակ էր պատերազմից առաջ
Օնիկ Գասպարյանը նշել է, որ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ է նշանակվել հունիսի 8-ին։ Հունիսի 12-ին արդեն, ներկայացրել է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծությունն ու հայկական բանակի հնարավորությունները վարչապետին, իսկ մի քանի օր անց՝ Անվտանգության խորհրդին։
Վերլուծության հիման վրա Գասպարյանն առաջարկներ է ներկայացրել, որոնք ուղղված են եղել Հայաստանի ռազմական անվտանգութան մակարդակի բարձրացմանը։ Խոքն այն մասին է եղել, որ այժմ Հայաստանի հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան։
«Հետևաբար, այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն», — ասված է Գասպարյանի ուղերձում։
Այս առնչությամբ կառավարության ղեկավարը հարցադրում է արել․ «Իսկ եթե չհաջողվի պատերազմից խուսափել, ի՞նչ պետք է անենք»։
«Ես պատասխանեցի, որ մեզ պարտադրված պատերազմում պետք է փորձենք հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնենք հակառակորդին մեծ կորուստներ և ստիպենք հրաժարվել հետագա գործողություններից: Նշել եմ, որ երկարատև պատերազմից պետք է խուսափենք` հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը:
Քննարկվել և հավանության են արժանացել բազմաթիվ առաջարկներ, որոնց իրագործումը պետք է զգալիորեն բարձրացներ մեր մարտական ներուժը. դա վերաբերում էր և՛ սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերումներին, և՛ մարտական գործողությունների համակողմանի ապահովմանը»։
Գասպարյանի խոսքով՝ այդ ժամանակ բարձրացվեց նաև խոշոր աշխարհազորային միավորումների կազմավորման հարցը:
Պատերազմի ընթացքի մասին
Պատերազմի չորրորդ օրն Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Օնիկ Գասպարյանը ներկայացրել է հայկական կողմի կորուստները և զինված ուժերի գնահատականը։ Նա նշել է, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում Հայաստանի մարտական ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, հայկական կողմը կունենա բանակցային գործընթացի համար ավելի անբարենպաստ պայմաններ․
«Նմանատիպ գնահատականներ ես բազմաթիվ անգամ ներկայացրել եմ նաև վարչապետի հետ շուրջօրյա աշխատանքի ընթացքում, ինչպես նաև անվտանգության խորհրդի նիստերում: Պատերազմը որոշակի փուլում կանգնեցնելու բոլոր փորձերը և առաջարկությունները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մերժվել են, և մենք պարտադրված շարունակել ենք մարտական գործողությունները` փորձելով թշնամուն հասցնել մեծ կորուստներ ու ստիպել նստել բանակցային սեղանի շուրջ»։
Ռազմական գործողությունները դադարեցնելու որոշման մասին
Գասպարյանի խոսքով՝ շատ ծանր պայմաններով համաձայնագիրն ընդունվել է իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքում: Շատ վատ պայմանների և ողբերգական հետևանքների միջև ընտրություն կատարելիս՝ հայկական կողմը նախընտրել է «շատ վատը»․
«Այդ օրը իմ կյանքի վատագույն օրն էր, ինձ համար՝ անձնական ողբերգություն…
Բայց գիտակցումը, որ այդ որոշման արդյունքում հաջողվեց պահպանել Արցախի մեծ մասը և պաշտպանության բանակի հիմնական ռազմական ներուժը, ասում է, որ մենք ընկճվելու իրավունք չունենք. պետք է համախմբվել, արագ վերականգնվել և պատրաստվել պայքարը շարունակելուն»։
Գասպարյանը նշել է, որ որպես Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և անմիջական հրամանատար, ինքը պատասխանատվություն է կրում Զինված ուժերի բոլոր հաջողությունների ու անհաջողությունների համար: