«Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու»․ Լեռնային Ղարաբաղի նախագահ
Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը առաջին մեծ ասուլիսն է տվել ռազմական գործողությունների մեկնարկից հետո։ Նրա հանդիպումը լրագրողների հետ նախատեսված էր հոկտեմբերի 10-ի առավոտյան, սակայն այն հետաձգվել է․ ընթանում էին հումանիտար հրադադարի նախապատրաստական աշխատանքներ։
Նախօրեին հրադադարի ռեժիմ հաստատելու շուրջ պայմանավորվել էին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Ռուսաստանի մասնակցությամբ և միջնորդությամբ։ Եվ իր ասուլիսի սկզբում Արայիկ Հարությունյանը շնորհակալություն էր հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրադադարի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերի համար։
Ստորև՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի ելույթի գլխավոր թեզերը․
• Ղարաբաղն իրացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը։
• Արցախն Ադրբեջանի մաս չի լինելու։
• Ադրբեջանը Թուրքիայի և միջազգային ահաբեկչության աջակցությամբ ցեղասպանություն է իրականացնում մի ժողովրդի, որը 1988 թ-ին հայտարարել է իր հայրենիքում ազատ ապրելու իրավունքի մասին:
• Ղարաբաղն ակնկալում է համաշխարհային հանրության աջակցությունը միջազգային ահաբեկչության դեմ այստեղ մղվող պայքարին՝ ոչ միայն իրադարձությունների լուսաբանմամբ, այլև ավելի առարկայական արձագանքով։
• Ղարաբաղի ժողովրդի դեմ պայքարում միջազգային ահաբեկչության մասնակցության փաստը հաստատվել է տարբեր ձևաչափերով՝ ռուսական, ամերիկյան, ֆրանսիական իշխանությունների կողմից։
• Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանը կասետային ռումբեր, հարվածային ԱԹՍ-ներ է կիրառում, ոչնչացնում քաղաքացիական ենթակառուցվածքները։ Ստեփանակերտում գրեթե թաղամաս չի մնացել, որը հրատակոծված չլինի։
• Իսրայելի իշխանությունները պատասխանատվություն են կրում ցեղասպանության համար, որն այժմ իրականացվում է Ղարաբաղի հայերի նկատմամբ, քանի որ նրանք ադրբեջանական կողմին մատակարարում են ոչ միայն հարվածային ԱԹՍ-ներ, այլև մասնագետներ, որոնք կառավարում են այդ մահաբեր զենքը։
• Ղարաբաղի իշխանությունները մշտապես կապի մեջ են Հայաստանի վարչապետի հետ, նրան են փոխանցում իրավիճակի և քաղաքացիների բոլոր խնդիրների մասին տեղեկությունները, և չկա հարց, որ տեղում չլուծվի։
• Եթե այդպիսի անհրաժեշտություն լինի, ապա ԼՂ նախագահը կդիմի Հայաստանի իշխանություններին՝ Ղարաբաղի անկախությունը ճանաչելու խնդրանքով։
• Այս պահին հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվում է։ Սակայն երեկ հրադադարը խախտվում էր, և այժմ հայտնի չէ, թե որքան այն կտևի։
• Եթե Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները Բաքուն չկատարի, «դա կնշանակի, որ Ադրբեջանը ստիպված կլինի հաշտություն խնդրել։ Երկարատև պատերա՞զմ են ուզում, կստանան»։
• Ղարաբաղի բնակավայրերի հրետակոծության ժամանակ օգտագործվել են «Սմերչ», «Պոլոնեզ» հրթիռներ և կասետային ռումբեր։
• Հարությունյանը շնորհակալություն է հայտնել լրագրողներին, «որոնց աշխատանքի շնորհիվ քաղաքակիրթ աշխարհն իմանում է Արցախի իրադարձությունների մասին»։
• Եթե այս երկու օրում չկատարվեն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների միջև Ռուսաստանի նախագահի և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, դա կնշանակի, որ Ադրբեջանը չի հարգում միջազգային իրավունքը։
«Այդ դեպքում Ստեփանակերտը կդիմի Հայաստանի իշխանութուններին և միջազգային հանրությանն՝ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու կոչով։ Ես հայրենական պատերազմ կհայտարարեմ և բոլոր հայերին կոչ կանեմ մասնակցել ոչ միայն նյութապես, այլև ֆիզիկապես։ Մենք չենք հրաժարվելու մեզ պարտադրված պատերազմից»։