Հայաստանի վարչապետի ուղերձը: Ի՞նչ ասաց նա, և ի՞նչ էին նրանից սպասում
Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների յոթերորդ օրը Հայաստանի վարչապետը ելույթ ունեցավ ուղիղ եթերում: JAMnews-ի հետ հարցազրույցում հայ փորձագետը կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի ուղերձին Հայաստանում շատ էին սպասում, բայց այն չարդարացրեց գլխավոր սպասումները:
Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին նախապես հայտարարված էր, և մարդիկ սպասում էին նրա խոսքին. վարչապետի վարկանիշը, չնչին վայրիվերումներով, շարունակում է մնալ աննախադեպ բարձր՝ 2018 թվականի «թավշյա» հեղափոխության առաջնորդի իշխանության գալուց ի վեր:
Նա խոսեց Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինված ուժերի հետ շփման գծում տիրող իրավիճակի, կորուստների մասին՝ ինչպես հայկական, այնպես էլ հակառակորդի:
Ելույթի հիմնական առանցքը Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայկական սփյուռքին անվերապահ հաղթանակի հավատ ներշնչելն էր:
Ինչի մասին խոսեց Փաշինյանը
Հիմնական թեզերը.
• Ադրբեջանի և Թուրքիայի հարձակման մասշտաբները աննախադեպ են: Փորձագետների գնահատականներով՝ 21-րդ դարում այսպիսի բան դեռևս չի եղել
• Արդեն մեկ շաբաթ հայ ժողովուրդը պայքարում է ագրեսորի դեմ
• Հարյուրավոր տանկեր, ռազմական տեխնիկա, հրթիռներ, ինքնաթիռներ, ԱԹՍ-ներ գրոհում են արցախյան դիրքերը
• Ռազմական գործողություններին մասնակցում է Թուրքիան, թուրքական հրամանատարությունը ներգրավված է մարտական գործողություններին: Կոնֆլիկտին ներգրավված են նաև Մերձավոր Արևելքի վարձկաններ և ահաբեկիչներ
• Կան բազմաթիվ զոհեր զինվորական և խաղաղ բնակչության շրջանում
• Բայց հակառակորդը այդպես էլ չի կարողացել լուծել իր առջև դրված որևէ ռազմավարական խնդիր
• Ադրբեջանը կորցրել է մի քանի հազար զինվորական, շփման գծի ողջ երկայնքով նրանց դիակներն են
• Որոշ ուղղություններով մեր զորքերի դրությունը ծանր է, բայց բանակը հերոսաբար է պայքարում
• Ագրեսորը եկել է ոչ թե միայն տարածքների համար, նրանց նպատակը ժողովրդին ոչնչացնելն է, հայերի ցեղասպանությունը շարունակելը
• Մի քանի րոպե առաջ Արցախի Պաշտպանության բանակը իրականացրել է հակահարձակողական գործողություններ
• Հայաստանի և Արցախի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ինքն իրեն նվիրել մեկ նպատակի, և այդ նպատակի անունն է Հաղթանակ։
«Պիտի կործանենք հարձակվող ոսոխի ողնաշարը, որ այլևս իր ոճրագործ ձեռքերը չպարզի մեր ուղղությամբ։ Սա մի նոր Սարդարապատ է, և մեզնից յուրաքնայուրը պետք է ինքն իրեն նվիրի մի նպատակի, այդ նպատակի անունն է՝ հաղթանակ։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի գտնվել այդ հաղթանակի առաջնածգում, մենք անպայման կհաղթենք, չկասկածեք։ Հաղթանակը, միայն ու միայն հաղթանակը, բացառապես հաղթանակն է այս պայքարի ավարտը», — այս խոսքերով ավարտեց իր ելույթը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մեկնաբանություն
Քաղաքական մեկնաբան Նաիրա Հայրումյանը JAMnews- ին տված հարցազրույցում․
«Կատաղի մարտերը Արցախում շարունակվում են արդեն մեկ շաբաթ, և կա որոշակի հոգնածություն ռազմական գործողությունների չափազանց բարձր տեմպից և մասշտաբներից:
Թվում էր, թե այսօր դիվանագիտական ջանքերը կհանգեցնեն որոշակի պայմանավորվածությունների, և հարցը միայն այն էր, թե ինչ պայմաններով:
Բոլորը լավ լուրերի էին սպասում: Հնչեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը, որը չպատասխանեց հիմնական սպասումներին:
Ոմանք սպասում էին Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչմանը, մյուսները սպասում էին զինադադար կնքելուն, ոմանք էլ հույս ունեին միջազգային կոնսենսուսի հասնելու Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչությունների դեմ:
Բայց հնչեց միայն կոչ՝ նախապատրաստվել հաղթական պատերազմին, որն էլ ավելի անորոշություն մտցրեց քաղաքական հեռանկարում:
Բոլորն էլ հասկանում են, որ դա ծայրաստիճան լուրջ խնդիր է՝ աշխարհաքաղաքական շրջանակների, գերտերությունների, տարածաշրջանային դերակատարների ներգրավմամբ, որոնք այժմ, հավանաբար, հստակեցնում են ապագա համաձայնագրի պայմանները:
Բայց ամբողջ բեռը պետք է կրեն պատերազմող ժողովուրդները՝ փոքր Ղարաբաղը և Հայաստանը, որոնք ստիպված են պաշտպանվել և հետ մղել զանգվածային գրոհները:
Հիմնական տերությունները ընդունել են Ղարաբաղում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հավաքագրված վարձկան ահաբեկիչների օգտագործումը: Սակայն հնչել են միայն դատապարտող հայտարարություններ՝ առանց գործուն պատժամիջոցների:
Փաստորեն, համաշխարհային տերությունների միջև դեռևս կոնսենսուս չկա ապագա զինադադարի պայմանների վերաբերյալ: Իսկ դա նշանակում է, որ կրակոցներ կլինեն, մարդիկ կմահանան, կքանդվեն տներ և ենթակառուցվածքներ: Քանի դեռ չի հաջողվել համաձայնության գալ»: