Freedom House–ն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել Թոֆիկ Յագուբլուին
Freedom House հասարակական կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բրենդտն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել Թոֆիկ Յագուբլուին։ Դատարանը հայտնի ընդդիմադիր գործչին դատապարտել է 4 տարվա և 3 ամսվա ազատազրկման։ Յագուբլուն հացադուլ է հայտարարել։
• Ադրբեջանում հայտնի ընդդիմադիր գործիչն ազատազրկման է դատապարտվել
• Հարավային Օսիայի 28-ամյա բնակիչը մահացել է, ենթադրաբար, մեկուսարանում տարած կտտանքներից
«Յագուբլուի գործը վկայում է կառավարության քննադատների դեմ բռնաճնշումների ուժեղացման և իշխանությունների կողմից խոսքի ազատության և օրենքի գերակայության նկատմամբ ճչացող քամահրանքի մասին։ Ադրբեջանի կառավարությունը կորոնավիրուսի համավարակն ու դրա հետ կապված սահմանափակումները բացահայտ օգտագործում է որպես ընդդիմադիրներին լռեցնելու և հետապնդելու հնարավորություն։ Յագուբլուն ու քաղաքական դրդապատճառներով կալանավորված տասնյակ այլ քաղաքացիներ պետք է ազատ արձակվեն, իսկ նրանց դեմ մեղադրանքները հանվեն», — ասված է Մարկ Բրենդտի հայտարարությունում։
Freedom House կազմակերպությունը 2020 թ–ին Ադրբեջանն անազատ երկիր և կառավարման ավտորիտար ռեժիմով երկիր է հայտարարել։
Դատարանում վճռի հրապարակման նախորդ օրը՝ սեպտեմբերի 2–ին, Թոֆիկ Յագուբլուն հայտարարել էր հացադուլ սկսելու մասին։ Այդ ակցիան արդեն երրորդ օրն է շարունակվում։
Թոֆիկ Յագուբլուն ձերբակալվել է 2020 թ–ի մարտի 22–ին Բաքվում խուլիգանության համար մեղադրանքով։ Քրեական գործի նյութերի համաձայն՝ նա վթար է կատարել և ծեծել ամուսինների, որոնք մյուս մեքենայի մեջ են եղել։
Յագուբլուն 2014-2016 թթ–ին բանտարկված է եղել զանգվածային ակցիաների կազմակերպման մեղադրանքով։ Այնուհետև նա 30–օրյա կալանքի է դատապարտվել Բաքվում 2019 թ–ի հոկտեմբերի 19–ին ընդդիմության բողոքի զանգվածային ակցիային մասնակցելու համար։