Վրաստան-Թուրքիա քաղաքական լարվածություն Բաթումիում «Բեշիկթաշի» մասնակցությամբ ֆուտբոլային խաղից հետո
«Բեշիկթաշի» մասնակցությամբ խաղը Բաթումիում
Բաթումում թուրքական «Բեշիկթաշի» և իսրայելական «Հապոել Բեեր Շևայի» միջև կայացած Եվրոպա լիգայի խաղը հանգեցրեց Վրաստանի և Թուրքիայի միջև քաղաքական լարվածության: Թուրքական իշխանությունները կոշտ արձագանքեցին թուրք երկրպագուների և Վրաստանի ոստիկանության միջև բռնկված հակամարտությանը: Տրիբունաներում բախումներից ընդամենը մի քանի ժամ անց երեք թուրք նախարարներ կապ հաստատեցին իրենց վրացի գործընկերների հետ: Վրացական ոստիկանության գործողությունները դատապարտեցին Թուրքիայի նախագահի աշխատակազմը, սպորտի նախարարը և իշխող կուսակցությունը։
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ անկարգություններ հրահրողները «Բեշիկթաշի» երկրպագուներն էին: Նախարարությունը հայտնեց, որ վիրավորվել է երեք ոստիկան, 16 մարդ ձերբակալվել է:
Ի՞նչ է պատահել



Լարվածություն է առաջացել խաղի սկսվելուց առաջ՝ քաղաքի փողոցներում, որտեղ «Բեշիկթաշի» երկրպագուները երթ էին անցկացնում: InterPressNews-ի փոխանցմամբ՝ երթի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության պահանջներին և տարբեր առարկաներ են նետել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա: Ոստիկանությունը պատասխանել է պղպեղի սփրեյով։
Խաղը մեկնարկել է ժամը 21:45-ին «Բաթումի Արենա»-ում: Թուրքական TRT Spor հեռուստաալիքի կադրերում, որոնց վրա հղում է անում «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը, երևում է, թե ինչպես են ոստիկանները մոտենում տրիբունաներում գտնվող երկու երկրպագուների, որոնց ձեռքերում Պաղեստինի դրոշն է, և խլում այն նրանցից: Սկսվում է ծեծկռտուք:
Երկրպագուները սկսել են կոտրել տրիբունաների նստատեղերը: Ոստիկանությունը կրկին օգտագործել է պղպեղի սփրեյ, և բախումը տեղափոխվել է ֆուտբոլի դաշտ: Խաղի առաջին խաղակեսն ընդհատվել է մոտ կես ժամով և վերսկսվել ժամը 22:45-ին:
Ինչպե՞ս է արձագանքել Անկարան
Թուրքական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: «Անադոլու» գործակալությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հաղորդել է, որ մարզադաշտում ներկա են եղել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան և Բաթումիում գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչները:
Ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին կապ է հաստատել իր վրացի գործընկեր Սուլխան Թամազաշվիլիի հետ: Թուրքական կողմի փոխանցմամբ՝ Չիֆթչին դժգոհություն է հայտնել թուրք երկրպագուների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման կապակցությամբ և պահանջել է նրանց անվտանգ վերադարձնել Թուրքիա:
Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիայի հետ զրույցից հետո Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հայտարարել է, որ ակնկալում է ձերբակալված թուրք քաղաքացիների անհապաղ ազատ արձակումը: Նա նաև պահանջել է, որ միջադեպին ներգրավված անձինք պատասխանատվության ենթարկվեն:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը խիստ գնահատական է տվել իրավիճակին: Հասարակայնության հետ կապերի ղեկավար Բուրհանեթթին Դուրանը հայտարարել է.
«Ես խստորեն դատապարտում եմ Բաթումիում «Բեշիկթաշի» և «Հապոել Բեեր Շևայի» միջև խաղի ժամանակ մեր երկրպագուների նկատմամբ ոստիկանության անհամաչափ միջամտությունը»:
Դուրանի խոսքով՝ պաղեստինյան ժողովրդի հետ համերաշխության խաղաղ արտահայտությունները չեն կարող արդարացնել բռնությունը կամ ուժային միջամտությունը:
Երիտասարդության և սպորտի նախարար Օսման Աշքըն Բակը դատապարտել է անվտանգության ուժերի «անհամաչափ գործողությունները»: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է, որ Պաղեստինին աջակցող պաստառ և դրոշ ցուցադրելու համար երկրպագուների նկատմամբ ուժի կիրառումը անընդունելի է: Չելիքը Իսրայելի թիմի խաղադաշտում վարքագիծը որակել է որպես «սիմուլյացիա» (նկատի ունի վնասվածք ստանալ ձևացնելը):
Հայտարարության մեջ «Բեշիկթաշը» տեղեկացրել է, որ այս հարցի վերաբերյալ կապ է հաստատել Բաթումիում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության և ՈՒԵՖԱ-ի հետ: Ակումբի տվյալներով՝ նախագահ Էրդողանը «Բեշիկթաշի» նախագահ Սերդալ Ադալիին հայտնել է, որ ուշադիր հետևում է իրավիճակին: «Անադոլու» գործակալության տվյալներով՝ վեց այլ թուրքական ակումբներ, այդ թվում՝ «Ֆեներբահչեն», «Գալաթասարայը» և «Տրաբզոնսպորը», իրենց աջակցությունն են հայտնել «Բեշիկթաշին»:
Վրաստանի Ներքին գործերի նախարարություն. դիմակայությունը սկսվել է նախքան դրոշի միջադեպը
Ըստ Վրաստանի Ներքին գործերի նախարարության հայտարարության, որոշ թուրք երկրպագուներ իրենց ագրեսիվ են պահել Եվրոպայի հրապարակից դեպի Բաթումի Արենա երթի ժամանակ։
Նախարարությունը հայտնում է, որ նրանք խախտել են հասարակական կարգը՝ անպարկեշտ արտահայտություններ բղավելով և տարբեր առարկաներ նետելով, հրաժարվելով կատարել ոստիկանության պահանջները և բախումներ ստեղծելով իրավապահ մարմինների աշխատակիցների հետ։
Մարզադաշտում երկրպագուները կոտրել են նստատեղերը և նետել դրանք ոստիկանության վրա։ Ոստիկանությունը օգտագործել է հատուկ միջոցներ՝ իրավիճակը լիցքաթափելու նպատակով։
Նախարարությունը հերքում է արտասահմանյան լրատվամիջոցների պնդումները, որ ուժ է կիրառվել Պաղեստինի դրոշի և Պաղեստինին աջակցության պաստառների առկայության պատճառով։
Ըստ նախարարության, ագրեսիայի դրսևորումները և ոստիկանության հետ բախումները սկսվել են երթի ընթացքում՝ այս խորհրդանիշների ցուցադրումից շատ առաջ։ Նախարարությունը նաև ընդգծում է, որ Վրաստանի օրենքները վերաբերում են բոլորին՝ անկախ քաղաքացիությունից կամ ազգությունից։
Թուրքական TRT Spor հեռուստաալիքի կադրերում, որոնց վրա հղում է անում «Ազատություն» ռադիոկայանը, երևում է, թե ինչպես են ոստիկանները մոտենում տրիբունաներում գտնվող երկու երկրպագուների, որոնք ծածանում են Պաղեստինի դրոշը, և բռնագրավում այն։
Անմիջապես սկսվել է ծեծկռտուք։ Թուրքիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Թամազաշվիլին Չիֆթչիին ասել է, որ դրոշները բռնագրավվել են ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների կողմից, այլ ոչ թե Վրաստանի պետական ծառայողների։ Հավելել է, որ մարզադաշտ է ուղարկել փոխնախարարի։ Վրացական կողմը չի հրապարակել այս զրույցի բովանդակության իր տարբերակը։
Խաղի արդյունքները և ձերբակալությունները
Առաջին խաղակեսում խաղը ընդհատվել է մոտ կես ժամով և վերսկսվել է ժամը 22:45-ին: «Բեշիկթաշը» հաղթել է 2-1 հաշվով։
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ թուրքական դեսպանատան միջամտությունից հետո ձերբակալված Թուրքիայի գրեթե բոլոր քաղաքացիները ազատ են արձակվել: Նույն աղբյուրները հայտնում են նաև, որ հոսպիտալացված երկու երկրպագուներ դուրս են գրվել հյուպատոսության աշխատակիցների ներկայությամբ: Վրացական կողմը դեռևս չի հաստատել ձերբակալվածների ազատ արձակումը:
Ինչո՞ւ էին թիմերը խաղում Բաթումիում
Խաղը նախատեսված էր անցկացնել Ստամբուլում, սակայն Թուրքիայի իշխանությունները ՈՒԵՖԱ-ին տեղեկացրել են, որ դա անհնար է անվտանգային ռիսկերի պատճառով։ Հոկտեմբերի 30-ին ՈՒԵՖԱ-ն հայտարարել է, որ խաղը կանցկացվի Բաթումիում՝ հանդիսատեսի ներկայությամբ։
Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են Գազայի հատվածում պատերազմի պատճառով։ 2024 թվականի նոյեմբերին «Բեշիկթաշի» և «Մաքաբիի» (Թել Ավիվ) միջև խաղը տեղափոխվել է Հունգարիա և անցկացվել առանց հանդիսատեսի։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
«Բեշիկթաշի» մասնակցությամբ խաղը Բաթումիում