Արտահոսք Deutsche Bank-ից. Բաքվում Թրամփի ընկերությունների կապն «ադրբեջանական լվացքատան» հետ
Թրամփի ընկերությունները Ադրբեջանում
Գերմանիայի խոշորագույն բանկից՝ Deutsche Bank-ից արտահոսած փաստաթղթերի համաձայն՝ 2014-2020 թվականների ընթացքում բանկը բազմիցս կասկածելի դրամական փոխանցումներ է նկատել Դոնալդ Թրամփի՝ Բաքվում կառուցվող հյուրանոցի հետ կապված երկու ընկերությունների հաշիվներին։ Միջոցների մի մասն ստացվել է «ադրբեջանական լվացքատուն» (Azerbaijani Laundromat- ադրբեջանական լանդրոմատ) անունով հայտնի փողերի լվացման սխեմայի հետ առնչվող ընկերություններից։
Այդ մասին տեղեկանում ենք «Inside Deutsche Bank» միջազգային լրագրողական հետաքննությունից, որը հրապարակվել է նոյեմբերի 17-ին։ Հետաքննությանը մասնակցել է ավելի քան 200 լրագրող՝ ավելի քան 50 լրատվամիջոցներից։ Ադրբեջանի մասին հոդվածը հրապարակվել է ռուսալեզու «Важные истории» (iStories) պարբերականի կողմից։
Լրագրողների ձեռքի տակ են հայտնել ավելի քան 15 միլիոն ներքին բանկային փաստաթղթեր, այդ թվում՝ էլեկտրոնային նամակագրություն, հաճախորդների փաստաթղթեր և ռիսկերի գնահատումներ։ Փաստաթղթերը երկու իրազեկիչներ տրամադրել են Հնդկաստանի և Հարավային Աֆրիկայի լրագրողների։
Բաքվում Թրամփի անավարտ երկնաքերին նախկինում բազմիցս անդրադարձել ենք։ Այս անգամ, սակայն, ուշադրության կենտրոնում է հայտնվել մեկ այլ հարց.
Որտեղի՞ց են փոխանցվել բանկի կողմից կասկածելի որակված միջոցները, և ի՞նչ է բացահայտում այդ տեղեկատվությունը «ադրբեջանական լվացքատուն» անունով հայտնի փողերի լվացման սխեմայի մասին:
Անավարտ երկնաքեր Բաքվում

Խոսքը Բաքվում գտնվող 33-հարկանի Trump International Hotel & Tower-ի մասին է, որի շինարարությունը մեկնարկել է 2012 թվականին։ Սակայն շենքն այդպես էլ շահագործման չի հանձնվել։ Ծրագրում Թրամփի գործընկերները Ադրբեջանի այն ժամանակվա տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի ազգականներն էին։ Ինչպես նշել է «Важные истории»-ն, պետական պայմանագրերի շնորհիվ նրա ընտանիքը միլիոնավոր դոլարների կարողություն է կուտակել։
Թրամփի ընկերությունը նախագծից դուրս է եկել 2016 թվականի վերջին։ Թրամփի ֆինանսական հայտարարագրի համաձայն՝ 2015 թ․-ին նախագծի կառավարման համար նա ստացել է մոտ 2.5 միլիոն դոլար, իսկ 2016 թվականին՝ ավելի քան 300․000 դոլար։ 2017 թվականին Trump Organization-ը The New Yorker-ին հայտնել է, որ Թրամփը «պասիվ դեր» է խաղացել նախագծում և պարզապես իրավունք է տվել օգտագործել իր անունը։
Նախագիծը ղեկավարվել է երկու ամերիկյան ընկերությունների՝ DT Marks Baku-ի և THC Baku Services-ի կողմից։ Հենց նրանց բանկային հաշիվներին են վերաբերում այն փաստաթղթերը, որոնք արտահոսքի արդյունքում հայտնվել են լրագրողների ձեռքի տակ։
Ո՞ր գործարքներն է բանկը կասկածելի համարել
Ինչպես հաղորդում է «Важные истории»-ն, Deutsche Bank-ը առաջին անգամ կասկածելի է համարել 2014 թ․-ի օգոստոսին DT Marks Baku հաշվին կատարված փոխանցումը: Միջոցները ստացվել են Danske Bank-ի էստոնական մասնաճյուղի անանուն հաճախորդից: Բանկը չի կարողացել պարզել վճարման նպատակը կամ ուղարկողի և ստացողի միջև հարաբերությունների բնույթը։
2015 թ․-ի ապրիլին THC Baku Services-ը Մեծ Բրիտանիայում գրանցված Faberlex կեղծ ընկերությունից ստացել է ավելի քան 141․000 դոլար: Այս ընկերությունը «ադրբեջանական լանդրոմատ» (լվացքատուն) անունով հայտնի փողերի լվացման սխեմայի հիմնական մասնակիցներից մեկն էր։
Հաջորդ տարիներին բանկը շարունակել է կասկածելի վճարումներ հայտնաբերել: Նիդերլանդական Follow the Money հետաքննական հարթակի տվյալներով՝ Deutsche Bank-ի ներքին վերլուծությունը այս միջոցները կապել է և՛ «ադրբեջանական լվացքատան», և՛ ռուսական փողերի լվացման ցանցի հետ, որն, իր հերթին, առնչություն ունի Կրեմլին մոտ կանգնած օլիգարխների հետ: Բանկի՝ 2020 թ․-ի մայիս ամսվա ներքին փաստաթղթի համաձայն՝ Բաքվում Թրամփի ընկերությունների հաշիվներում կասկածելի գործարքների ընդհանուր գումարը գերազանցել է 3 միլիոն դոլարը:
Ի՞նչ է «ադրբեջանական լվացքատունը»
«Ադրբեջանական լվացքատունը» փողերի լվացման սխեմա է, որը բացահայտվել է OCCRP-ի կողմից 2017 թ․-ի սեպտեմբերին հրապարակված հետաքննության արդյունքում։ OCCRP-ն միջազգային լրագրողական ցանց է, որը մասնագիտացած է կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հետաքննություններում։ Հետաքննության համաձայն՝ 2012-2014 թվականներին Մեծ Բրիտանիայում գրանցված կեղծ ընկերությունների միջոցով փոխանցվել է մոտ 2.9 միլիարդ դոլար, հիմնականում Danske Bank-ի էստոնական մասնաճյուղի միջոցով։ Լրագրողների տեղեկություններով՝ այդ միջոցների մի մասն ուղարկվել է եվրոպացի քաղաքական գործիչներին, իսկ մյուս մասը՝ շքեղ ապրանքների և էլիտայի ներկայացուցիչների այլ ծախսերի վրա։
Ադրբեջանի իշխանությունները այն ժամանակ հերքել են հետաքննության արդյունքները։ Նախագահի խոսնակ Ազեր Գասիմովն այն անվանել է «ծիծաղելի և կողմնակալ»։ OCCRP-ի կայքն Ադրբեջանում արգելափակվել է։
Հաջորդ տարիներին եվրոպական դատարաններն այս սխեմայի հետ կապված մի շարք դատավճիռներ են կայացրել։ 2021 թվականին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախկին անդամ, իտալացի քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտեն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Ադրբեջանի պաշտոնյաներից կաշառք ստանալու համար։ Ըստ «Важные истории»-ի՝ գումարը նրան փոխանցվել է Faberlex ընկերության միջոցով: Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավորներ Էդուարդ Լինտները և Աքսել Ֆիշերը նույնպես պայմանական ազատազրկման են դատապարտվել Ադրբեջանի օգտին լոբբինգի հետ կապված կաշառք ստանալու համար։
Փաստաթղթերի համաձայն՝ Faberlex-ը և սխեմայում ներգրավված երկու այլ ընկերություններ՝ Hilux Services-ը և Polux Management-ը, ֆորմալ առումով պատկանում էին Բաքվի մի բնակչի՝ վարորդ Մահարրամ Ահմեդովին։
Ի՞նչ է կատարվում հիմա
Փաստաթղթերի արտահոսքը տեղի է ունեցել Թրամփի և Բաքվի հարաբերությունների մերձեցման ֆոնին։ 2025 թվականի օգոստոսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հռչակագիր է ստորագրել։
Deutsche Bank-ը հայտարարել է, որ օրենքն արգելում է կասկածելի գործարքների մասին տեղեկատվության բացահայտումը։ Լրագրողների հարցումներին ի պատասխան՝ բանկը նշել է, որ խոսքը վերաբերում են «շատ տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձություններին»՝ ընդգծելով, թե՝ «մենք այսօր այլ բանկ ենք»։ Trump Organization-ը չի պատասխանել լրագրողների հարցերին, իսկ Սպիտակ տունը դրանք վերահասցեագրել է այդ ընկերություն։ Danske Bank-ը հայտարարել է, որ փողերի լվացում «երբեք չպետք է տեղի ունենար» և հիշեցրել, որ գործը փակվել է 2022 թվականին Դանիայի և ԱՄՆ իշխանությունների որոշումներով։
Ադրբեջանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել նոր փաստաթղթերը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Թրամփի ընկերությունները Ադրբեջանում