Վրաստանի ՍԴ-ն կքննի 5 ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունն արգելելու հայցը
Ընդդիմադիր կուսակցությունների դեմ հայց Վրաստանում

Հոկտեմբերի 21-ին՝ կեսօրին, Վրաստանի Սահմանադրական դատարանը կսկսի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացրած դիմումի քննությունը, որով պահանջվում է արգելել հինգ ընդդիմադիր կուսակցությունների և դաշինքների գործունեությունը։ Դատական նիստերը տեղի կունենան Բաթումի քաղաքում և կշարունակվեն հոկտեմբերի 22-ին ու 23-ին։
Հինգ կուսակցություններից չորսը մտադիր են դատարանում պաշտպանել իրենց շահերը, իսկ մեկը հրաժարվել է մասնակցել գործընթացին։ Դատական նիստերին զուգահեռ՝ որոշ ընդդիմադիր խմբեր ծրագրում են բողոքի ակցիաներ անցկացնել Բաթումիում և Թբիլիսիում։
Գործը կքննի Սահմանադրական դատարանի պլենումը, այսինքն՝ դատարանի բոլոր գործող դատավորները։ Դատարանը, որն ունի 9 անդամ, ներկայումս ունի յոթ գործող դատավոր. երկու տեղ թափուր է։ Հոկտեմբերի 13-ին դատավոր Մանանա Կոբախիձեն՝ «Վրացական երազանքի» համահիմնադիրներից մեկը, հեռացավ դատարանից։ Նա ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտնել, սակայն այդ միջնորդությունը մերժվել էր։ Ըստ նրա՝ դատարանից հեռանալը անձնական և անկախ որոշում է։
Դատարանում «Վրացական երազանքի» դիրքորոշումը կներկայացնեն խորհրդարանի անդամներ Արչիլ Գորդուլաձեն, Գիորգի Կախիանին, Թենգիզ Շարմանաշվիլին և Տոռնիկե Չեյշվիլին։
Օրենքի համաձայն՝ դատարանը պարտավոր է որոշում կայացնել մինչև 2027 թ․-ի հունիսի 24-ը։
Ի՞նչ հիմքով է իշխող ուժը պահանջում արգելել կուսակցությունների աշխատանքը
Հայցվորները՝ «Վրացական երազանք» կուսակցության 88 պատգամավորներ, պնդում են, որ հինգ կուսակցություններն էլ խախտել են Սահմանադրության 23-րդ հոդվածը։ Այդ հոդվածն արգելում է այնպիսի կուսակցությունների գործունեությունը, որոնց նպատակն է սահմանադրական կարգի տապալումը կամ բռնի փոփոխությունը։
Դատարանի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ հայցվորները որպես իրենց պնդումների ապացույց վկայակոչում են 2004-2012 թվականներին տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումները։ Այդ ժամանակահատվածում իշխանության ղեկին էր կուսակցություններից մեկը՝ «Միացյալ ազգային շարժումը»։ Նրանք նաև նշում են, որ այդ կուսակցությունները ներկայումս հրաժարվում են ճանաչել «Վրացական երազանքի» կառավարության լեգիտիմությունը։ Հայցվորների պնդմամբ՝ այդ կուսակցությունները 2016 թվականից ի վեր չեն ընդունում իշխանության օրինականությունը և գործում են միասնական նպատակով։
Ավելին, հայցվորները պնդում են, որ այդ կուսակցությունները փորձել են տապալել իշխանությունը։ Ինչ վերաբերում է «Միացյալ ազգային շարժմանը», ապա այդ կուսակցությանը մեղադրում են նաև երկրի անկախության դեմ ոտնձգության և տարածքային ամբողջականության խախտման մեջ՝ հղում անելով 2008 թվականի օգոստոսյան պատերազմին։
Ընդդիմադիր կուսակցությունները հերքում են այդ բոլոր մեղադրանքները։
- «Վարչապետ Կոբախիձեի հրաժարականի համար ամեն ինչ պատրաստ է». կարծիք Թբիլիսիից
- Ինքնապաշտպանությունից` քաղաքական հայտարարություններ․ Ղարիբաշվիլիի «բանտային» նամակները
- «ՀԿ-ներն արհեստական երևույթ են»․ Վրաստանում կփակվի դրամաշնորհների կառավարման գործակալությունը
Ի՞նչ են մտադիր անել ընդդիմադիր կուսակցությունները
«Միացյալ ազգային շարժում»
Կուսակցությունը մտադիր է ներկա գտնվել դատական նիստերին։ Այդ մասին հայտարարել է կուսակցության ղեկավար խորհրդի նախագահ Իրակլի Պավլենիշվիլին։ Նա քաղաքացիներին կոչ է արել դատական նիստերի օրերին հավաքվել Բաթումիի դատարանի շենքի մոտ։
Միխեիլ Սաակաշվիլին՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կալանավորված հիմնադիրը և երկրի երրորդ նախագահը, պահանջել է թույլ տալ իրեն ներկա գտնվել դատավարությանը։ Հոկտեմբերի 17-ին տարածած հայտարարության մեջ նա խնդրել է իրեն տեղափոխել Բաթումի՝ հայտարարելով, որ մտադիր է «պատմական դավաճանության մեջ լիովին մերկացնել, այսպես կոչված, դատարանին և նրա տիրոջը»։ Հայցվորների ներկայացրած մեղադրանքների զգալի մասը վերաբերում է հենց Սաակաշվիլիի կառավարման շրջանին՝ 2004-2012 թվականներին։
«Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Լևան Խաբեիշվիլին, ով ներկայումս գտնվում է կալանքի տակ, նույնպես պահանջել է թույլ տալ իրեն մասնակցել դատական նիստերին։
«Ազգային շարժում»-ը ընդդիմադիր դաշինքի անդամ է և մասնակցում է այդ դաշինքի կազմակերպած տարբեր արշավների ու ցույցերի։
-
Ի՞նչ է ընդդիմադիր դաշինքը
«Միասնություն հանուն հաղթանակի» ընդդիմադիր դաշինքն ստեղծվել է 2026 թվականի մարտի 2-ին վրացական ինը արևմտամետ կուսակցությունների կողմից։
Դաշինքի կազմում են «Միացյալ ազգային շարժումը», «Ախալի»-ն, «Գիրչի՝ ավելի շատ ազատություն»-ը, «Դրոա»-ն, «Ֆեդերալիստներ»-ը, «Եվրոպական Վրաստան»-ը, «Աղմաշենեբելիի ռազմավարություն»-ը, «Ազատության հրապարակ»-ը և Ազգային-դեմոկրատական կուսակցությունը։
Դաշինքի նպատակներն են վերջ դնել «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի իշխանությանը, վերականգնել երկրի եվրաատլանտյան կուրսը, հասնել քաղբանտարկյալների ազատ արձակմանը և ձևավորել կոալիցիոն կառավարություն՝ ազատ ընտրություններում «Վրացական երազանք»-ի պարտությունից հետո։
Թեև կուսակցությունները պահպանում են իրենց գաղափարական անկախությունը, նրանք համաձայնեցրել են բողոքի գործողությունների և հաղորդակցության միասնական ռազմավարություն։
Դաշինքի՝ մինչ օրս անցկացված ամենամասշտաբային միջոցառումը տեղի է ունեցել Թբիլիսիում 2026 թ․-ի մայիսի 26-ին՝ Վրաստանի անկախության օրը։
Ընդդիմադիր երկու այլ խոշոր կուսակցություններ՝ «Լելո»-ն և «Գախարիան՝ հանուն Վրաստանի»-ն, չեն միացել դաշինքին։ «Լելո»-ն նախընտրել է գործել ինքնուրույն, իսկ «Գախարիան՝ հանուն Վրաստանի»-ն հրաժարվել է համագործակցել «Միացյալ ազգային շարժման» կամ դրանից սերված կուսակցությունների հետ։
«Կոալիցիա՝ հանուն փոփոխությունների»
Կոալիցիան նույնպես կմասնակցի լսումներին։ Կոալիցիայի կազմում ընդգրկված կուսակցությունները՝ «Ախալի»-ն, «Գիրչի»-ն և «Դրոա»-ն, նույնպես ընդդիմադիր դաշինքի անդամներ են։ Հոկտեմբերի 15-ին «Ախալի» կուսակցության նախագահ Նիկա Գվարամիան հայտարարեց դաշինքի կողմից համատեղ արշավի մեկնարկի մասին։
Գվարամիան նշեց, որ իրենց պայքարը չի սահմանափակվելու դատարանի դահլիճով։
«Մենք լինելու ենք ամենուր, այդ թվում՝ Թբիլիսիի փողոցներում»,- խոստացավ նա։
«Ուժեղ Վրաստան- Լելո»
«Լելո»-ն մտադիր է ներկա գտնվել լսումներին և դիմել է Հանրային պաշտպանին (օմբուդսմենին)՝ խնդրելով ներկայացնել իրավական դիրքորոշում գործի վերաբերյալ։ Հոկտեմբերի 19-ի դրությամբ օմբուդսմենի գրասենյակը դեռևս չէր պատասխանել դիմումին։
«Լելո»-ն դաշինքի անդամ չէ։ Ըստ կուսակցության քաղաքական խորհրդի՝ եթե դատարանը հաստատի իրենց գործունեության արգելքը, ունեն մի քանի սցենար և գործողությունների ծրագիր։
«Գախարիան՝ հանուն Վրաստանի»
Հոկտեմբերի 20-ին տարածած հայտարարության մեջ կուսակցությունը հայտնեց, որ մասնակցելու է գործընթացին։ Միաժամանակ, պահանջել է, որ դատարանն իր գործունեության հնարավոր արգելքի հարցը քննի առանձին՝ մյուս կուսակցություններից անկախ։
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի հիմնած կուսակցությունը ընդդիմադիր դաշինքի անդամ չէ։ Հինգ կուսակցություններից միայն այս ուժն է, որ ի նշան բողոքի չհրաժարվեց խորհրդարանական մանդատներից, այլ որոշեց զբաղեցնել իր տեղը խորհրդարանում։
«Ֆեդերալիստներ»
Այս կուսակցությունը որոշել է չմասնակցել լսումներին՝ դա հիմնավորելով գործընթացին օրինականություն հաղորդելու ցանկության բացակայությամբ։
Կուսակցության առաջնորդ Թամարա Չերգոլեիշվիլիի խոսքով՝ «Ֆեդերալիստները» կգան Բաթումի, բայց դատական գործընթացի դեմ բողոքելու են դատարանի շենքից դուրս, այլ ոչ թե նիստերի դահլիճում։
Ինչո՞ւ է կարևոր դատական նիստերին մասնակցելը
Կողմերի ներկայությունը լսումներին կարող է հետագայում ազդել նրանց՝ Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) վճիռը բողոքարկելու հնարավորությունների վրա։
Ըստ «Transparency International Georgia»-ի փաստաբան Սանդրո Բարամիձեի՝ ՄԻԵԴ-ը պահանջում է, որ բողոքարկող կողմը նախ իր փաստարկները ներկայացնի երկրի ներսում։ Հետևաբար, եթե կողմը չի մասնակցում լսումներին, նրա բողոքը Ստրասբուրգում կարող է չընդունվել։
Ո՞վ է կազմակերպում բողոքի ակցիաներ
«Վրացական երազանքի» կողմից վերոնշյալ կուսակցությունների աշխատանքն արգելելու փորձի ֆոնին, ընդդիմադիր դաշինքը հայտարարեց բողոքի ակցիայի մասին։
Առաջին բողոքի ակցիան տեղի կունենա հոկտեմբերի 21-ին, ժամը 11:00-ին, Բաթումիում՝ Սահմանադրական դատարանի շենքի մոտ։ Այն կազմակերպում է դաշինքի անդամներից «Ազատության հրապարակը»։
Իսկ հոկտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին, Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքի մոտ, ընդդիմադիր դաշինքը կսկսի համատեղ արշավ՝ նոյեմբերի 28-ին Թբիլիսիում մեծ բողոքի ակցիա կազմակերպելու նպատակով։
Ինչպե՞ս են դիրքավորվում ընդդիմության մյուս ներկայացուցիչները
Արգելքի թիրախում գտնվող կուսակցություններից բացի, ընդդիմադիր դաշինքի կազմում են նաև «Եվրոպական Վրաստանը», «Աղմաշենեբելի ռազմավարությունը», «Ազատության հրապարակը» և Ազգային-դեմոկրատական կուսակցությունը: Այս կուսակցությունները դատական հայցում ներգրավված չեն, սակայն մասնակցում են դաշինքի բոլոր ակցիաներին։
«Ազատության հրապարակի» առաջնորդ Լևան Ցուցկիրիձեն արգելքը համարում է մեծ խնդիր հենց «Վրացական երազանքի» համար։
Նրա խոսքով՝ արգելքը չի վերացնի երկրի խնդիրները, այլ միայն «կփակի այդ խնդիրների լուծման քաղաքական ուղին և կերաշխավորի ավելի ծանր վերջաբան «Վրացական երազանքի» համար»։
«Նախ՝ Վրաստան»-ի առաջնորդ Վիկտոր Կիպիանին մատնանշում է նույն ռիսկը.
«Դատական կարգով ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունն արգելելով՝ քաղաքական գործընթացը, ըստ էության, զրոյացվում է, իսկ ընտրությունների միջոցով փոփոխությունները գործնականում դառնում են անհնար»։
Նրա գնահատմամբ՝ սա կարագացնի երկրում արմատականացման գործընթացը։
Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան արդեն երրորդ անգամ է ներկայացրել գործի վերաբերյալ իր անկախ իրավական գնահատականը՝ նշելով, որ դատական հայցի նպատակն է ոչնչացնել քաղաքական մրցակցությունը։
Ի՞նչ կլինի, եթե դատարանը բավարարի հայցը
Եթե հայցը բավարարվի, հինգ կուսակցությունները իրավաբանորեն կդադարեն գոյություն ունենալուց։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների համաձայն՝ դրանցից չորսը 2024 թ․-ի խորհրդարանական ընտրություններում ստացել են ընդհանուր առմամբ 784,820 ձայն։
Ըստ գործող օրենսդրության՝ հայցվորի խնդրանքով դատարանը կարող է արգելել նաև արգելված կուսակցությունների հետ փոխկապակցված անձանց քաղաքական գործունեությունը
Իսկ «իրավահաջորդ կուսակցության» գործունեությունն արգելելու համար սահմանված է 14-օրյա ընթացակարգ։
Հոկտեմբերի 21-23-ը նախատեսված լսումները հայցադիմումի քննարկման գործընթացի առաջին փուլն են։ Թե որքան կտևի գործընթացը և երբ դատարանը որոշում կկայացնի, դեռևս հայտնի չէ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ընդդիմադիր կուսակցությունների դեմ հայց Վրաստանում