«Ուսուցիչ կոչվելու իրավունք չունի»․ ՀՀ դպրոցներից մեկում ֆիզիկական բռնության դեպք է գրանցվել
Երեխային հարվածելու դեպք ՀՀ դպրոցներից մեկում
Հայաստանում ակտիվորեն քննարկում են Վարդաձոր գյուղի դպրոցում երկրորդ դասարանի աշակերտուհուն դասվարի կողմից բռնության ենթարկելու դեպքը։ Աղջկա հարազատներից մեկը լրագրողներին պատմել է՝ նախորդ չորեքշաբթի տեղի ունեցածից հետո երեխան դպրոց չի հաճախում։
Հայտնի է, որ երեխայի ընտանիքը դիմել է Գեղարքունիքի մարզպետարան, ստացել պատասխան, թե ուսուցչի աշխատանքից ազատվելու համար առնվազն 7 ծնողի բողոք է անհրաժեշտ։
Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում ֆիզիկական բռնության տեսանյութը մեծ աղմուկ է բարձրացել։ Օգտատերերից մի քանիսը նշել են Ներքին գործերի նախարարության էջը՝ խնդրելով ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնել են, որ խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու նպատակով դիմել են ՆԳՆ, Կրթության տեսչական մարմին և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն։
«Առաջիկայում կձեռնարկվի համապատասխան իրավական գործընթաց՝ տվյալ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով»,- ասված է ԿԳՄՍՆ տարածած հաղորդագրությունում։
Տարածվող տեսանյութին անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ ներկայացվածը որակելով «խիստ մտահոգիչ և անընդունելի»։
«Դպրոցական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում բացարձակապես անթույլատրելի է և պետք է բացառվի»,- ընդգծել է նա։
Քննչական կոմիտեում դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։
Նյութի հրապարակման պահին հաղորդվեց, որ դատախազը բավարարել է ուսուցչուհու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, կայացվել է ձերբակալման որոշում։
Այս պահին հայտնի մանրամասները, ՄԻՊ-ի գնահատականը, մեկնաբանություններ
- Ժեստերի լեզվի թարգմանիչների պակասի հետևանքով խուլ մարդիկ ՀՀ-ում չեն կարողանում կրթություն ստանալ
- «Ընտանիք-կարիերա» հավասարակշռություն կանանց համար․ ընտանիքամետ պայմաններ աշխատավայրում
- «Ծնողական ժամ» և ճկուն գրաֆիկ. փոփոխություններ Հայաստանի աշխատանքային օրենսգրքում
Ի՞նչ տեղեկություններ են հրապարակվել
Վարդաձոր գյուղի երկրորդ դասարանցու հարազատներից մեկը Shamshyan.com-ին պատմել է՝ աղջնակին դասվարը նախ ծեծել է դասասենյակում, այնուհետև դպրոցի միջանցքում, իսկ երբ տուն է հասել պարանոցն ու ձեռքերը ուռած են եղել։
«Պարբերաբար հարվածներ եղել են, բայց այս կարգի՝ ձեռքով ու ցուցափայտով չի եղել»,- պատմել է նա։
Երեխան այդ օրվանից դպրոց չի հաճախում։ Ընտանիքի անդամների փոխանցմամբ՝ ուսուցչուհուն պատահաբար փողոցում տեսել է, սարսափած տուն փախել։
Մայրը չի ուզում, որ ուսուցիչը քրեական պատասխանատվության ենթարկվի, բայց պահանջում է, որ նա ազատվի աշխատանքից։
ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ միջադեպի հաջորդ օրը քննարկում է եղել նաև դպրոցի տնօրենի մոտ։
«Ուսուցչուհին ընդունում է [իր մեղքը], մեղայական է գրել, խնդրել է, որ իրեն չպատժենք, դրանից հետո ես իրեն մի հատ գրավոր նկատողություն եմ տվել»,- «Ազատությանն» ասել է տնօրեն Գևորգ Ներսեսյանը։
Տնօրենը դեպքն անընդունելի է համարում, միաժամանակ զարմացած է, որ 30 տարվա մանկավարժը կարող էր երկրորդ դասարանցու հետ նման կերպ վարվել։
«Դպրոցը երեխայի համար պետք է լինի անվտանգ և պաշտպանված միջավայր»․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շեշտել է՝ դպրոցը երեխայի համար պետք է լինի անվտանգ և պաշտպանված միջավայր․
«Երեխայի նկատմամբ ցանկացած տեսակի բռնության գործադրումը կամ որևէ այլ ձևով ոչ պատշաճ վերաբերմունքը որևէ պարագայում չեն կարող համատեղվել երեխայի արժանապատվության, անվտանգության և իրավունքների նկատմամբ հարգանքի հետ»։
ՄԻՊ գնահատմամբ՝ երեխաների պաշտպանությունը պետք է դրսևորվի ոչ միայն առանձին դեպքերին, այլև բռնության հնարավոր դրսևորումներին ժամանակին արձագանքելու, դրանք կանխելու և բացառելու ուղղությամբ հետևողական և գործուն աշխատանքի միջոցով։
Պաշտպանը կարևորել է դպրոցներում սովորողների պաշտպանության մեխանիզմների արդյունավետ գործարկումը, այդ թվում՝ սովորողի պաշտպանության թիմերի պատշաճ գործունեությունը․
«Նման մեխանիզմների արդյունավետությունը պետք է գնահատվի, առաջին հերթին, դրանց գործնական կիրառմամբ»։
2026 թ․-ի սեպտեմբերի 1-ից ԿԳՄՍ նախարարի հրամանով բոլոր դպրոցներում ձևավորվել է սովորողի պաշտպանության թիմ։ Այս մասնագիտական խմբի նպատակը սովորողների նկատմամբ բռնության, բուլինգի և այլ ռիսկային իրավիճակների կանխարգելումն է:
Վարդաձորի դպրոցում արձանագրված դեպքից հետո այդ հաստատության սովորողների պաշտպանության թիմը հավաքվել է, սակայն սովորողի հարազատների փոխանցմամբ՝ ֆիզիկական բռնության ենթարկված աղջնակին դպրոց վերադարձնելու ջանքեր չեն գործադրվել:
ՄԻՊ գրասենյակից հայտնել են, որ իրականացնում են ուսումնասիրություն։ Միաժամանակ ընդգծել են, որ կա իրավասու մարմինների կողմից հանգամանքների ամբողջական և օբյեկտիվ պարզման, անհրաժեշտ ընթացակարգերի պատշաճ իրականացման և համապատասխան իրավական գնահատականի ապահովման կարիք։
Անդրադարձել են նաև տարածված տեսանյութերին և նկաատել՝ երեխայի վերաբերյալ ցանկացած հրապարակում, այդ թվում՝ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի կողմից, չի վերացնում երեխայի անձնական կյանքի, արժանապատվության և լավագույն շահի պաշտպանության անհրաժեշտությունը։
Նոր ուսումնական տարվա մեջ բռնության միակ դեպքը չէ
Երկու շաբաթ առաջ էլ 13-ամյա տղային ապտակել էր ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչը։ Մասնավորապես՝ ուսուցիչն աշակերտին հրել ու գցել էր սեղանի վրա, տետրով խփել գլխին, ինչի արդյունքում տետրի ծայրը նրա աչքն էր մտել:
Դպրոցականի մոր խոսքով՝ բռնությանը միացել էր նաև ուսուցչի կինը՝ դպրոցի փոխտնօրենը, որը տղային ապտակելով, հրելով տարել է իր աշխատասենյակ ու անկյուն կանգնեցրել: Թեև սովորողը շարունակում է դպրոց հաճախել, սակայն մայրիկի փոխանցմամբ՝ դեռևս սթրեսային վիճակում է։
Այս գործով ուսուցչին մեղադրանք է առաջադրվել անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածով: Որպես խափանման միջոց են ընտրվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը։
Մեկնաբանություններ սոցցանցերից
«Գրավոր նկատողությունը հարցի լուծում չէ։ Այդպիսի ուսուցիչը պետք է հեռացվի կրթական ոլորտից»։
«Մի անգամ, որ դատվեն, երկրորդ անգամ ուրիշի երեխայի վրա ձեռք բարձրացնելուց առաջ լավ կմտածեն»։
«Նման ագրեսիվ և անընդունելի վարք դրսևորող մարդը պարզապես իրավունք չունի իրեն մանկավարժ կոչելու։ Ի՞նչ կարող է նման մարդը սովորեցնել երեխաներին՝ հարգա՞նք, բարությո՞ւն, մարդկային վերաբերմո՞ւնք։
«Եթե նման դեպք տեղի ունենար, օրինակ՝ Գերմանիայում, ուսուցիչը կարող էր մինչև 5 տարի ազատազրկման դատապարտվել։ Իսկ եթե այս տեսանյութը եղել է նաև տնօրենի ձեռքի տակ, տեսել է, որ երեխային ծեծում են, բայց համապատասխան քայլեր չի ձեռնարկել, ապա արդեն հարց է առաջանում նաև տնօրենի ծառայողական պատասխանատվության վերաբերյալ»։
«Սա, որ տեսախցիկի առջև է իրեն էսքան անկաշկանդ պահել, պատկերացնել անգամ չեմ ուզում, թե դասարանում ինչ է արել։ Հեռացնե՛լ դպրոցից, ստիպե՛լ երեխայից ներողություն խնդրել, բացառե՛լ հետագա մանկավարժական գործունեությունը»։
«Բոլոր դպրոցներում էլ գրեթե նույն վիճակն է, մի տեղ ֆիզիկական բռնություն, մի տեղ հոգեբանական ճնշում, մի տեղ էլ պարզապես անտեսում են երեխաներին։ Պետք է պարզապես բոլոր ծնողների պահանջով տեսախցիկներ լինեն ոչ միայն դպրոցների միջանցքներում, այլև դասասենյակներում։
Երբ խնդիրը հանրային է դառնում, տնօրենները դատապարտում են ուսուցչի արարքը և շատ զարմանում, որ 30+ տարի աշխատած մանկավարժը նման վարքագծի տեր է։ Բայց երբ խնդիրը դեռ փոքր է, դիմում ես տեսախցիկ տեղադրելու համար, հենց նույն տնօրենները հազար ու մի պատճառ են գտնում, որ իրենց ուսուցիչները չխայտառակվեն, որ ծնողները չտեսնեն, թե դասի ժամին ուսուցիչը քանի անգամ է խոսում հեռախոսով»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Երեխային հարվածելու դեպք ՀՀ դպրոցներից մեկում