«Նավթի հույս չկա, պետք է ապավինել պղնձին»․ փորձագետը՝ Հայաստանի օգտակար հանածոների մասին
Կարծիք ՀՀ օգտակար հանածոների մասին
«Հայաստանում չունենք նավթի և գազի հաշվարկված, այսինքն՝ լուրջ պաշար ունեցող հանքավայրեր»,- հայտարարել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի օգտակար հանածոների բաժնի վարիչ Արշավիր Հովհաննիսյանը։
Ասում է՝ պետք չէ հուսալ, թե ապագայում կունենանք նավթի ու գազի հանքավայրեր։ Փոխարենն առաջարկում է ապավինել այն օգտակար հանածոներին, որոնք ՀՀ-ն ունի։ Առանձնացնում է պղինձը, մոլիդբենն ու ոսկին։
«Այժմ ամենապահանջվածներն են ոսկին, արծաթը, պղինձը, մոլիբդենը և բազմամետաղները՝ կապարը և ցինկը։ Սակայն, հետզհետե կարևորվում են, այսպես կոչված, կրիտիկական միներալները»,- ընդգծել է փորձագետը։
Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Հայաստանում երբեմն շփոթում են կրիտիկական միներալներ և հազվագյուտ տարրեր հասկացությունները։ Ասում է՝ կրիտիկական միներալներն այն տարրերն են (հիմնականում մետաղական), որոնք անչափ կարևոր են երկրի արդյունաբերության, հատկապես՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացումն ապահովելու համար։
«Հազվագյուտ տարրերը և հազվագյուտ հողային տարրերը կազմում են կրիտիկական միներալների ցանկի մի մասը։ Օրինակ՝ պղինձը, առանց որի ոչ մի մարտկոց կամ էլեկտրաշարժիչ չի աշխատի, կրիտիկական միներալ է, բայց հազվագյուտ տարր չէ»,- մանրամասնել է Երկրաբանական գիտությունների ինստիտուտի օգտակար հանածոների բաժնի վարիչը։
«Արմենպրեսի» հետ զրույցում Արշավիր Հովհաննիսյանն անդրադարձել է ՀՀ օգտակար հանածոներին, երկրում հազվագյուտ տարրերի, ինչպես նաև նոր հանքավայրերի հայտնաբերման հնարավորություններին։
Կարևոր դրվագները՝ հակիրճ
- «TRIPP-ն ավելի դանդաղ առաջ կշարժվի»․ ԱՄՆ-ում քննարկվել է կապակցվածության օրակարգը
- Հայաստանի արտահանման նոր քարտեզը․ ԵՄ սահմանած արտոնյալ ռեժիմի մասին
- Հայ և թուրք գործարարների ուղերձը սահմանի բացման մասին․ ի՞նչ սպասել
Պղինձը Հայաստանի համար նույնն է, ինչ որոշ երկրների համար նավթը
«Պղինձը մետաղների թագուհին է, ամենակարևոր մետաղը։
Խոսում ենք լիթիումի կարևորության մասին, բայց տեսանելի ապագայում այն փոխարինվելու է։ Լիթիումը բավականին անհաջող քիմիական տարր է մարտկոցներում օգտագործելու համար՝ շուտ բռնկվող է, շոգի և ցրտի պայմաններում լավ չի աշխատում, ունի լիցքավորելու որոշակի ժամկետ, որից հետո դառնում է անպիտան։
Գիտնականներն այժմ փոխարինող են փնտրում լիթիումին։ Ամենայն հավանականությամբ, փոխարինող կարող են լինել նատրիումը և կալիումը։ Չինացիներն արդեն նատրիումային մարտկոցներ են արտադրում։ Ըստ էության, օգտագործում են անչափ էժան հումք։
Նատրիումը կերակրի աղի հիմնական բաղադրիչներից է՝ քլորի հետ։ Իսկ Հայաստանն ունի դրա ահռելի պաշարներ։ Երևան քաղաքը մեծամասամբ գտնվում է աղի շերտերի վրա։ Արարատյան դաշտը, Արմավիրից մինչև Արզնի ընկած տարածքն ամբողջությամբ գտնվում է աղային շերտերի վրա։ Անհրաժեշտության դեպքում Հայաստանը չի ունենալու անչափ էժան հումքի խնդիր։
Ոսկուն և արծաթին նույնպես կարելի է փոխարինող գտնել էլեկտրատեխնիկայի արտադրությունում։ Միակ տարրը, որն այս պահին չունի փոխարինող և այն չի էլ նշմարվում, պղինձն է։
Մեզ համար պղինձը նույնն է, ինչ, ասենք, որոշ երկրների համար նավթը»։
Ե՞րբ կսպառվեն ՀՀ պղնձի պաշարները
«Կսպառվեն մոտավորապես 50-100 տարուց, եթե այդ ընթացքում նոր պաշարներ չհայտնաբերենք։ Կարծում եմ՝ հնարավոր է նոր պաշարներ հայտնաբերել, որովհետև շուրջ 35 տարի այդ ուղղությամբ գործ չենք արել։
Այն տեղամասերը, որոնք խորհրդային տարիներին առանձնապես հեռանկարային չէին համարվում, այսօր կարող են ուշադրության արժանանալ։ Նախ՝ զարգացել են հանքապարից մետաղի կորզման տեխնոլոգիաները։ Երկրորդ՝ համաշխարհային շուկայում պղնձի գինը պարզապես աճում է երկրաչափական պրոգրեսիայով։
Bloomberg-ի հաշվարկներով՝ 2030-2040 թվականներին աշխարհում պղնձի պահանջարկը հասնելու է այնպիսի մակարդակի, որ այն բավարարելու համար առաջանալու է ամեն տարի Քաջարանի չափի 10-15 հանքավայր հայտնաբերելու կարիք։
Տարբեր հաշվարկներով՝ մեկ մարդատար մեքենայի արտադրության մեջ օգտագործվում է 10-15 կգ պղինձ։ Իսկ էլեկտրամոբիլի մեջ՝ ավելի քան 50 կգ։ Տարեկան արտադրվում են տասնյակ միլիոնավոր էլեկտրամոբիլներ։ Այդպիսով, թվաբանական պարզ գործողության միջոցով կարելի է պարզել, թե որքան մաքուր պղինձ է պահանջվելու միայն ավտոմեքենաշինության համար, որի արտադրության ծավալները գնալով աճելու են։
Կան նաև այլ ոլորտներ, որոնցում պղինձը շատ կարևոր նշանակություն ունի, այդ թվում՝ էլեկտրաֆիկացիան, ժամանակակից տեխնոլոգիաներն ու դրանց ենթակառուցվածքները»։
Նավթի ու գազի ուղղությամբ նույնիսկ չարժե մտածել
«Այն տարածքում, որտեղ հիմա Հայաստանն է, վերջին տասնյակ միլիոնավոր տարիների ընթացքում տեղի ունեցած երկրադինամիկական պրոցեսներն ածխաջրածինների մեծ պաշարներ ունենալու հույս չեն թողել։
Ուսումնասիրությունների նպատակով ժամանակին մեծ քանակությամբ խորքային հորատանցքեր են արվել Ողջաբերդում, ինչպես նաև Արմավիրում են իրականացվել այդ ուղղությամբ աշխատանքներ։ Որոշակի հետքեր կան՝ փոքր քանակությամբ գազ դուրս է եկել։ Դրանք ժամանակին եղած պաշարների մնացորդներն են, նաև կուտակումներ, որոնք ձևավորվել են ավելի ուշ՝ վերջին մոտ 30 միլիոն տարվա ընթացքում, և չեն կարող մեծ ծավալներ ունենալ՝ ելնելով երկրաբանական միջավայրից և դիրքից։
Պետք չէ հուսալ, որ ապագայում կունենանք նավթի ու գազի հանքավայրեր։ Կարող են լինել փոքր կուտակումներ մեծ խորությունների վրա, իսկ դա հայտնաբերելն իսկ պահանջում է շատ մեծ ծախսեր, որովհետև անհրաժեշտ է լինելու բազում հորատանցքեր բացել։
Անգամ այդ դեպքում պարզ չի լինի՝ այդ գազը դուրս կգա մեկ ամի՞ս, մեկ ժա՞մ, թե՞ մեկ տարի։ Համենայն դեպս, խոսքն այնքան փոքր ծավալների մասին է լինելու, որ այդ ուղղությամբ նույնիսկ չարժե մտածել»։
Կան տեղամասեր, որտեղ կարող են լինել հազվագյուտ տարրեր
«Ամբողջ աշխարհում կտրուկ աճել են հազվագյուտ տարրերի և հողերի նկատմամբ պահանջարկը, հետևաբար նաև դրանց գները։ Դրանք խիստ պահանջված են ժամանակակից բարձր տեխնոլոգիական արտադրությունում։
Ժամանակին դրանք չեն հետազոտվել, որովհետև առանձնակի հետաքրքրություն չեն առաջացրել, բայց հիմա տեխնոլոգիաները փոխվել են։ Պետք է հասկանանք, թե ինչ ունենք։
Երբեք չի կարելի ասել, որ հազվագյուտ տարրերի պաշարներ ունենալու մեր հնարավորությունները զրոյական են։ ՀՀ-ում կան երկրաբանական որոշ տեղամասեր, որոնք կարող են պարունակել դրանք։ Դա պարզելու համար անհրաժեշտ է ուսումնասիրություններ կատարել։
Մեր ինստիտուտում ունենք հազվագյուտ տարրերի հետազոտման առանձին խումբ, որի աշխատանքները ֆինանսավորվում են Գիտության կոմիտեից ստացած դրամաշնորհի միջոցով։ Ճիշտ է՝ հետազոտությունները զուրկ են արտադրական կամ գիտաարտադրական բաղադրիչից, զուտ գիտական ուղղվածության են, բայց արդեն իսկ լավ է, որ դրանք իրականացվում են։
Ուսումնասիրություններն առնչվում են լիթիումի, սելենի, տելուրի և ռենիումի հնարավոր հանքայնացումներին։ Մինչդեռ հազվագյուտ տարրերի և հազվագյուտ հողային տարրերի շարքը լրացնող ավելի քան 20 այլ տարրերի վերաբերյալ նախկինում որևէ ուսումնասիրություն չի իրականացվել։
Դրանք հատվածական հայտնաբերվել են այլ ուսումնասիրությունների արդյունքում։ Երբ դրանց նկատմամբ պահանջարկը մեծանա՝ ուզած-չուզած զբաղվելու ենք։ Եթե պետությունն էլ չզբաղվի՝ մասնավորն է զբաղվելու»։
Նոր հանքավայրերի ուսումնասիրության համար ներդրումներ են պետք
«Հայաստանն իսկապես շատ հարուստ է օգտակար հանածոներով։ Ընդ որում, ոչ միայն մետաղական, այլև ոչ մետաղականներով։ Խիստ սահմանափակ տարածքում (երկրի տարածքի մոտ 30-35%–ը) ունենք Քաջարան, Սոթք, Ագարակ, Թեղուտ։ Ավելին՝ Քաջարանի հանքավայրն իր մասշտաբով առաջին տասնյակում է աշխարհում։
Իսկ երկրաբանական առանձնահատկությունների հետ կապված կան ոչ թե դժվարություններ, այլ ռելիեֆին առնչվող որոշ հարցեր։ Շատ դեպքերում հանքավայրերը հիպսոմետրիկ 3000 մ բարձրության վրա են, դժվարամատչելի տարածքներում են և հաճախ ծավալներով մեծ չեն։
Խիստ ցածր է Քաջարանի կամ Զոդի [Սոթք] մակարդակի նոր հանքավայրեր հայտնաբերելու հավանականությունը։ Ավելի մեծ է միջին և փոքր չափի հանքավայրեր գտնելու հնարավորությունը։
Դրա [նոր հանքավայրերի ուսումնասիրության] մասին հստակ հնարավոր կլինի խոսել այն դեպքում, եթե պետությունն ապահովի ներդրումների համար անհրաժեշտ պայմաններ, ինքն էլ ներդրումներ կատարի։ Գոնե պատկերացում կունենանք մեր ընդերքում հազվագյուտ և կրիտիկական տարրերի վերաբերյալ։ Դրան պետք է հաջորդեն այդ տարրերի մանրակրկիտ ուսումնասիրությունը և պաշարների հաշվարկը, որն ավելի ժամանակատար և ծախսատար է լինելու»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Կարծիք ՀՀ օգտակար հանածոների մասին