Մոսկվայում ինքնամեկուսացում է սահմանվել բոլորի համար․ արգելված է առանց ծայրահեղ անհրաժեշտության տնից դուրս գալ
Կիսվել
Կիսվել
Կորոնավիրուսի տարածման առնչությամբ Ռուսաստանի մայրաքաղաքի բոլոր բնակիչների համար նոր սահմանափակումներ են ներմուծվել։ Ինչպես հաղորդում է «Նովայա գազետան», վաղվանից տնից դուրս գալ կարելի է միայն աշխատանքի կամ ծայրահեղ դեպքում հիվանդանոց գնալու, ինչպես նաև սնունդ գնելու, աղբը դեն նետելու կամ տնից մինչև 100 մ հեռավորության վրա շան հետ զբոսնելու համար։
Քաղաքապետի կողմից ստորագրված սահմանափակումների մասին հրամանը նախատեսում է նաև մի քանի օրվա մեջ հատուկ անցաթղթերի ներմուծում, առանց որոնց չի կարելի փողոց դուրս գալ։
Քաղաքի բնակիչները նույնպես պետք է միմյանցից մեկ ու կես մետր հեռավորության վրա գտնվեն հանրային վայրերում և տրանսպորտում․ տաքսիով կամ անձնական ավտոմեքենայով երթևեկելու վրա դա չի տարածվում։
Բացի այդ, Մոսկվայի քաղաքապետարանը ֆինանսական օգնություն է տրամադրելու քաղաքի այն բնակիչներին, որոնք կորոնավիրուսի պատճառով կկորցնեն աշխատանքը, 19,5 հազար ռուբլու (շուրջ 250 դոլար) չափով։
Մարտի 29–ի վիճակագրությունը
Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 220 նոր դեպք է հայտնաբերվել, վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 1,535–ի։
Մահացել է ութ մարդ։
Ռուս եկեղեցու պատրիարքը կոչ է արել հավատացյալներին եկեղեցի չայցելել
Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավար Կիրիլը հավատացյալներին է դիմել պատարագներին ներկա գտնվելուց զերծ մնալու խնդրանքով Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի տարածման ֆոնին։
Ինչպես հաղորդում է ռուսական Նովայա գազետան, պատրիարքը հայտարարել է այդ մասին Մոսկվայի Քրիստոս Փրկիչ տաճարում տեղի ունեցած պատարագի ժամանակ, որին մասնակցել է մոտ 150 հավատացյալ։ Նրանց կեսից ավելին դիմակներով է եղել, բոլորը միմյանցից որոշակի հեռավորության վրա են եղել։
«Զերծ մնացեք եկեղեցի այցելելուց․․․ բոլոր մնացած քարոզներն, այդ թվում՝ ոչ խելամիտ հոգևորականներինը, մի լսեք, լսեք միայն այն, ինչ այսօր ասաց պատրիարքը», — ասել է պատրիարքը։