Հայաստանում ընտանեկան բռնության մասին ահազանգերն ավելացել են․ ո՞րն է պատճառը
Ընտանեկան բռնության ահազանգեր ՀՀ Ոստիկանությունում
2026 թ․-ի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի ՆԳՆ Ոստիկանությունը ստացել է ընտանեկան և կենցաղային բռնության մասին 1375 հաղորդում, ինչը 78-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ոստիկանության գնահատմամբ՝ տարիներ շարունակ բռնության բազմաթիվ դեպքեր մնում էին ընտանիքի ներսում, իսկ այսօր բռնության ենթարկված անձանցից շատերը չեն լռում, դիմում են Ոստիկանություն՝ վստահ լինելով, որ «իրենց ձայնը լսելի է, անվտանգությունն ու իրավունքները՝ առավել քան պաշտպանված»։
Հանրության լայն շերտերի մոտ վարքագծի փոփոխություն են նկատում նաև քաղհասարակության ներկայացուցիչները։ «Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն» ՀԿ Կոտայքի մարզի աջակցման կենտրոնի նախագահ Նարե Հայրապետյանի խոսքով՝ «փորքիկ հաղթանակ» կարելի է որակել այն, որ համապատասխան մարմիններին դիմում են նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում հակված չէին դիմելու։
«Վստահությունը թե՛ պետական, թե՛ ծառայություն մատուցող տարբեր մարմինների նկատմամբ աճել է»,- արձանագրել է Հայրապետյանը։
- Հայ տղամարդու «նոր» կերպարը․ պատկերացումները Հայաստանում փոխվում են
- «Ամեն օր սեռավարակի թեստ հանձնե՛ք»․ ՀՀ-ի իշխող ուժի պատգամավորը՝ ընդդիմադիրին
- «Չհաշտվել գենդերային բռնության հետ»․ 16-օրյա արշավի մեկնարկը ՀՀ-ում
Հաշվառվել է բռնություն գործադրած 1155 անձ
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ոստիկանությունում հաշվառվել է բռնություն գործադրած 1155 անձ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հաշվառվել էր 1011 անձ։
Արձանագրված դեպքերի հետ կապված նաև որոշումներ են կայացվել։ Մասնավորապես՝
- 325-ով կայացվել է նախազգուշացում կիրառելու մասին որոշում (նախորդ տարվա 304-ի համեմատ),
- 961 դեպքով կայացվել է անհետաձգելի միջամտության վերաբերյալ որոշում (նախորդ տարվա 833-ի համեմատ):
Կանխարգելման գործում առանցքային է քաղհասարակության դերը
Ընտանեկան բռնության կանխարգելման գործում առանցքային նշանակություն ունի ՆԳՆ Ոստիկանության և քաղհասարակության համագործակցությունը։ Իրավապահ մարմնի փոխանցմամբ՝ համատեղ աշխատանքի արդյունավետությունը գնահատելու և առկա խնդիրները վերհանելու նպատակով պարբերաբար անցկացնում են հանդիպումներ, մարզային այցելություններ։
«Ոստիկանության հետ մեր համագործակցությունը շատ բարձր հիմքերի վրա է»,- պատմել է «Թալին-հույս» սոցիալական ՀԿ նախագահ Անահիտ Աբգարյանը։
ՀԿ ներկայացուցչի դիտարկմամբ՝ հիմա քաղաքացիները շատ հանգիստ են դիմում Ոստիկանություն․ համակարգի նկատմամբ վստահությունն աճել է։
«Նախկինում շահառուին հորդորում էինք, որ ավելի ճիշտ է Ոստիկանություն դիմել, որովհետև մենք ձեր անվտանգությունը չենք կարող այնպես կազմակերպել, ինչպես դա կանի Ոստիկանությունը, հրաժարվում էին»,- հիշեցրել է Աբգարյանը։
Բռնության ենթարկված անձի պաշտպանությունը՝ առաջնահերթություն
Ոստիկանության ՀՈԳՎ մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանի խոսքով՝ ընտանեկան բռնության վերաբերյալ յուրաքանչյուր հաղորդում կամ ահազանգ արժանանում է օպերատիվ արձագանքի․
«Համայնքային ոստիկանի առաջնահերթությունը բռնության ենթարկված անձի պաշտպանությունն է»։
Ասում է՝ Ոստիկանության հանձնառությունը հստակ է՝ կանխարգելել և բացահայտել բռնության ցանկացած դեպք, պաշտպանել բռնության ենթարկված յուրաքանչյուր անձի և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել բռնության դեպքերի կրկնվելու ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ։
Խաչատրյանի գնահատմամբ՝ ընտանեկան և կենցաղային բռնության հաղորդումների թվի ավելացումը պետք չէ ընկալել որպես բացասական ցուցանիշ։
«Իրականում ընտանեկան բռնությունը լատենտային բնույթ կրող հանցատեսակ է, հետևաբար, այդ դեպքերի ի հայտ բերումը ոչ թե պայմանավորված է դրանց աճով, այլ արդեն իսկ առկա դեպքերը իրավական դաշտ բերելով»,- պարզաբանել է Խաչատրյանը։
Բռնության դեպքերին առավել արագ արձագանքելու նպատակով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և Ոստիկանության համագործակցության շրջանակում 2025 թ․-ից գործում է «SAFE YOU» հավելվածը։
«Մեկ կանչի պարագայում միաժամանակ ապահովվում է բոլոր պետական մարմինների ներգրավվածությունը, ինչը և՛ օպերատիվ, և՛ արագ արձագանքման, և՛ պաշտպանության կազմակերպման տեսանկյունից մեծ նշանակություն ունի»,- նկատել է Ոստիկանության ներկայացուցիչը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ընտանեկան բռնության ահազանգեր ՀՀ Ոստիկանությունում