Աշխատաշուկայի տենդեցները ՀՀ-ում. կադրերի առցանց որոնում, աշխատատեղերի աճ, բարձր վարձատրություն
Հայաստանի աշխատաշուկայի տենդեցների վերլուծություն
Հայաստանում 2025թ-ին գործազրկությունը մի փոքր նվազել է՝ նախորդ տարվա 13.3%-ի փոխարեն կազմելով 11.8%: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, այս ֆոնին բարձրացել են աշխատավարձերը, նույն ժամանակահատվածի համար միջին ամսական աշխատավարձն աճել է 5.6%՝ կազմելով 303 հազար 140 դրամ:
Իսկ 2021թ-ի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 48.6%-ով, վարձու աշխատողների թվաքանակը՝ 22.4%-ով, գործազրկության մակարդակը նվազել է 2.7%-ով:
Ընդ որում, ամենաբարձր զբաղվածությունը մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում է, ինչպես նաև կրթության, մշակող ու վերամշակող արդյունաբերության: Համեմատաբար քիչ զբաղվածություն ունեն արվեստի և մշակույթի, գիտության, անշարժ գույքի վաճառքի հետ կապված ոլորտները:
Աշխատանքի հայտարարության առցանց հարթակների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այսօր պահանջված են առաքչի, մատուցողի, հաշվապահի, տնօրենի, օգնականի, վաճառքի և մարքեթինգի, ֆոնդահայթայթման մասնագետների աշխատատեղերի հավակնորդները: Միևնույն ժամանակ, նկատելի է, որ Հայաստանում գործող միջազագային, արտասահմանյան և համատեղ հիմնարկություններում աշխատանքային պայմանները դեռևս ավելի գրավիչ են։ Դա վերաբերում է թե վարձատրության չափերին, թե ընդհանուր աշտանքային մթնոլորտին։
- «Ծնողական ժամ» և ճկուն գրաֆիկ. փոփոխություններ Հայաստանի աշխատանքային օրենսգրքում
- «Ընտանիք-կարիերա» հավասարակշռություն կանանց համար․ ընտանիքամետ պայմաններ աշխատավայրում
- ՀՀ-ում կաջակցեն այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն անապահով մարդկանց
- «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակիցները՝ հեռավոր գյուղերում
Աշխատաշուկան ավելի համակարգված է դարձել
Նաիրա Փիլոյանը մինչև 2016թ ունեցել է աշխատանքի տեղավորման գործակալություն, օգնել է բազմաթիվ մարդկանց աշխատանք գնտել, իսկ կազմակերպությունների համար եղել է վստահելի գործընկեր: Սակայն վերջին տասը տարիների ընթացքում, նրա խոսքով՝ աշխատաշուկայի տրամաբանությունը փոխվել է։ Կազմակերպությունները սկսել են մասնագետներ փնտրել առցանց հարթակներում՝ իրենց սոցմեդիա էջերում և աշխատանքի որոնման կայքերում: Նաիրան ստիպված փակել է գործակալությունը և աշխատանքի անցել տեղական դեղագործական ընկերություններից մեկում՝ որպես մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ:
Ասում է, որ Հայաստանում բոլոր միջին և խոշոր ընկերությունները ունեն մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներ իրենց աշխատակազմերում։ Հենց նրանց օգնությամբ և առցանց հարթակների միջոցով էլ ներգրավում են որակյալ մասնագետների:
«Հետևում եմ աշխատաշուկայի զարգացումներին և կարող եմ ասել` իմ փորձից ելնելով, որ մասնագետներն ավելի պատրաստված են դիմում աշխատանքի համար: Գործատուն էլ առավել ուշադրությամբ է ընտրում իր ապագա աշխատակիցներին: Այս գործընթացը դարձել է ավելի սահուն, ավելի համակարգված»,- կարծում է նա:
Ասում է՝ ցավոք դեռևս կա ծանոթի, բարեկամի միջնորդության փորձը։
Սակայն լուրջ կազմակերպությունները հասկացել են, որ ոչ պրոֆեսիոնալ մասնագետները «թաքնված ռումբ» են իրենց հետագա զարգացման համար:
Սկսել են խուսափել այս ձևով աշխատկիցներ ներգրավելուց։ Գերադասում են հիմնվել փորձի, տարբեր աշխատավայրերից երաշխավորությունների, դեմ առ դեմ զրույցի վրա:
«Վերջին տարիներին աշխատավարձերը միջինում բարձրացել են 30%-ով։ Դրան մեծապես նպաստել է այն, որ կադրերը դարձել են ավելի պրոֆեսիոնալ։ Բոլոր մասնագետներն անցնում են վերապատարստումներ, ոմանք վերապրոֆիլավորվում են: Երբ մարդկանց գիտելիքն ու փորձն ավելանում է, սկսում են ավելի բարձր աշխատավարձ ակնկալել։ Իսկ չստանալու դեպքում այլ աշխատանք են փնտրում: Եվ այս հոսունությունը լուրջ մարտահրավեր է դառնում մեծ ընկերությունների համար»,- բացատրում է մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետը:
Նրա խոսքով՝ գործատուները սկսել են ներդրումներ անել մասնագետների վրա։ Շատերը ֆինանսավորում են իրենց աշխատակիցների համար օտար՝ հիմնականում անգլերեն լեզվի դասընթացները կամ արտասահմանյան վերապատրաստումները՝ արտադրության, տեխնոոլգիաների և այլ ոլորտներում:
Վստահ է, որ դաշտի համակարգվածութունը բարձրացնում է աշխատաշուկայի որակը։ Օրինակներ է բերում, երբ աշխատակիցը մեկ այլ ընկերությունից դիմում է իրենց, ու ընտրության փուլում կարողանում են բաց և անկեղծ խոսակցություն ունենալ նախկին աշխատատեղի համապատասխան անձի հետ այդ մասնագետի կարողությունների և այլ հատկանիշների թեմայով․
«Նախկինում անհարմար կզգայիր կապ հաստատել և թեկնածուի մասին կարծիք հարցնել։ Իսկ հիմա էլեկտրոնային նամակ եմ գրում, հաշված օրերի ընթացքում պատասխան ստանում: Դժվար են թիմերը համալրվում նեղ, տեխնիկական մասնագետներով։ Խնդիրներ են առաջանում, երբ շտապ անհրաժեշտ են, օրինակ՝ վարորդ, մաքրուհի, պահակ»:
Նաիրայի կարծիքով՝ այս հաստիքների համար դիմող մարդիկ շատ պահպանողական վարքագիծ են դրսևորում․
«Օրինակ՝ տասը րոպե ավել աշխատելուն ըմբռնումով չեն մոտենա կամ առանց պատշաճ զգուշացման օրվա ընթացքում դուրս կգան աշխատանքից և այլն»:
Մինչդեռ, ըստ նրա՝ այս հաստիքների համար աշխատավարձերը տոկոսային համադրությամբ ավելի են բարձրացել, քան ավելի որոկավորված մասնագետներինը՝ օրինակ, ֆինանսիստների կամ թարգմանիչների:
Աշխատանքային պայմանները ոչ հայաստանյան ընկերություններում ավելի գրավիչ են
Իլոնա Խաչատրյանը լոգիստիկայի մասնագետ է։ Աշխատում է ամերիկյան ընկերությունում, ստանում է չորս անգամ ավելի, քան երկու տարի առաջ նույն աշխատանքի համար տեղական ընկերությունում: Աշխատավարձից բացի, լուրջ խնդիր է համարում ղեկավար կազմի հետ ոչ առողջ և անազնիվ հարաբերությունները․
«Դժվարությամբ էին վճարում խոստացված բոնուսները կամ ժամեր-վարձատրություն գրաֆիկում խարդախ միջամտություններ էին անում: Հայաստանում մի քանի այլ ընկերությունների դիմեցի աշխատանքի համար։ Գնում էի հարցազրույցի և ամիսներ շարունակ սպասում արձագանքի: Չընտրելու դեպքում էլ պարտավոր են տեղյակ պահել, չէ՞, որ ժամանակ և ռեսուրս ես վատնում հարցազրույցների պատրաստվելու համար»:
Արտասահմանյան ընկերությունները, նրա խոսքով, ավելի ազնիվ, պարզ ու թափանցիկ են կադրերի ընտրության հարցում։ Չընտրելու դեպքում մանրամասն շարադրում են, թե ինչու չեն կարող համագործակցել տվյալ անձի հետ:
Ասում է, որ իրեն ընտրել են հենց առաջին հարցազրույցի ժամանակ, պարզ ներկայացրել վճարման, արձակուրդի, աշխատանքային իրավունքների և պարտականությունների հետ կապված հարցերը․
«Ինձ ահավոր ոգևորում է «շնորհակալ ենք» նախադասությունը, թևեր է տալիս, ավելի եռանդով ու նվիրումով եմ աշխատում: Իսկ երբ խրախուսում են նաև մոտիվացնող առաջարկներով, հասկանում ես, թե որքան չգնահատված են մասնագետները տեղական շուկայում»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Հայաստանի աշխատաշուկայի տենդեցների վերլուծություն