Կավագործությունը՝ արտ-թերապիայի ճյուղ․ ինչպես է այն ակտիվացնում զգայարանները
Կավագործությունը՝ արտ-թերապիայի ճյուղ
Կավագործությունը համարվում է աշխարհի հնագույն արհեստներից մեկը։ Իսկ վերջին տարիներին այն դարձել է նաև արտ-թերապիայի ճյուղերից մեկը։ Մասնավորապես, Հայաստանում արտ-թերապիայի այս ուղղությունը մեծ տարածում է գտել։ Հոգեբանները բացատրում են, որ հպումը կավին, աշխատանքը մատներով, որոնց վրա տեղակայված են մեծ թվով նյարդեր, ակտիվացնում է մարդու զգայարանները։ Իսկ դա, իր հերթին, օգնում է կապ հաստատել սեփական մարմնի և զգացողությունների հետ։
Արտ-թերապիայի այս ճյուղի մասին պատմում են կավագործության դասընթացավարը, արտ-թերապևտը և հոգեբանը։

- Յուրաքանչյուր կյանք կարևոր է․ ինչպես են մարդիկ ու կենդանիները փրկում միմյանց Հայաստանում
- «Իրենք պետք է իրենց պիտանի զգան»․ պայքար հիշողության ախտահարման դեմ Հայաստանում
- «Ես իրենց պետք եմ»․ միայնակ հոր պատմություն
Ինչպես հոբբին դարձավ աշխատանք
Մարիամի ձեռքերում կավը պարզապես նյութ չէ․ յուրաքանչյուր աշխատանք պատմություն ունի, բնավորություն ու տրամադրություն։ Մտքերը, չասված խոսքերը, հիշողությունները փափուկ նյութի միջոցով վերածվում են ստեղծագործությունների ու դառնում վարակիչ օրինակ նաև նրա աշակերտների համար։

Այս պատմությունը, սակայն, ամենևին էլ չի սկսվել մանկության երազանքով կամ վաղուց որոշված մասնագիտությամբ։ Ամեն ինչ սկսվել է… մի բաժակից։
«Մի օր կոլեգայիս հետ խոսում էինք բեղերով բաժակ ունենալու մասին։ Չէր կարողանում իր համար բեղերով բաժակ գտնել։ Ես էլ ասացի, թե դա ի՞նչ է որ, կարող եմ սարքել։ Գռազ եկանք՝ կկարողանա՞մ, թե՞ չեմ կարողանա։ Գնացի կավագործության կենտրոն, սարքեցի բաժակը։ Ստացվեց բեղերով, բայց ֆունկցիոնալության առումով շատ վատն էր։ Ամեն դեպքում բաժակը նվիրեցի կոլեգայիս, գռազը հաղթեցի։ Չեմ հիշում՝ շարունակությունը ինչ է եղել։ Բայց գործերս դրանից հետո շատացել են, շարունակեցի կավագործությամբ զբաղվել»,- պատմում է նա։
Հոբբին աշխատանքի չէր վերածվի, եթե չլիներ Մարիամի հետաքրքրասիրությունը։ Առաջին դասին նա նույնիսկ փորձել է կավի համը, իսկ հետո նաև ջնարակի, որով վերջում պատում են աշխատանքը՝ հայելային փայլ ստանալու համար։
«Ինձ շատ հետաքրքիր էր՝ ինչի՞ հետ եմ աշխատում, ի՞նչ համ ունեն դրանք։ Հատկապես ջնարակը ոչ մեկին խորհուրդ չեմ տա փորձել, որովհետև ջնարակն ուտելու համար չէ, ապակի է։ Փոշու տեսքով է, բայց ուտել չի կարելի՝ ապակի է։ Ամեն դեպքում ես փորձել եմ, համով չէր»,- հիշում է նա։
Մարիամն ասում է, որ կավագործությունը կոփում է բնավորությունը․ զարգացնում է համբերատարությունը, սովորեցնում է լինել անշտապ, չվախենալ սխալվելուց։
Այս հմտություններն իրեն օգնում են նաև իր մյուս աշխատանքի մեջ՝ սպասարկման ոլորտում։
«Դուրգով աշխատելն ամենաբարդն է։ Կավը նախ պետք է կենտրոն գցել։ Սա շատ բարդ պրոցես է նորեկի համար, և հենց այս փուլում շատերը հանձնվում են։ Ձեռքերը ժամանակի ընթացքում այնքան լավ պետք է զգան կավը, պտույտները, որ ներքև-վերև շարժելու պրոցեսը սահուն ընթանա, կավը չծռվի, չափից ավելի շատ չբարակի, որպեսզի չկոտրվի։ Բազում աշխատանքներ կեսից ինքս եմ կոտրել, երբ չեմ հավանել, շատերն էլ իմ սխալի հետևանքով են փչացել: Բայց սովորելու այլ տարբերակ չկա։ Լցվում ես համբերությամբ ու փորձում՝ նորից ու նորից, մինչև որ կստացվի»,- ասում է Մարիամը։

Կենտրոնում, որտեղ սովորել է կավի հետ աշխատել, մի քանի տարի անց, երբ տեսել են, որ հմտացել է, առաջարկել են դասավանդել։ Մարիամն ասում է՝ իրեն շատ լավ է զգում թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների հետ աշխատելիս։ Նկատում է, որ հիմա շատերը գալիս են կավով զբաղվելու ոչ թե որպես հոբբի, այլ թերապևտիկ նկատառումներից ելնելով․
«Մենք ապրում ենք բավական լարված, սթրեսային աշխարհում, մշտական վազքի մեջ։ Ու մարդիկ փնտրում են վայր, որտեղ կկտրվեն իրենց առօրյա հոգսերից, հեռախոսներից, կմնան մենակ իրենց մտքերի հետ, ցանկությունների հետ։ Իսկ սա լավագույն տարբերակներից է։ Զույգեր են գալիս՝ մտերմանալու, իրար ավելի լավ ճանաչելու համար։ Մարդիկ իրենց անհանգստություններն են փորձում հանդարտեցնել՝ կավի հետ աշխատելիս, կառավարելի դարձնել էմոցիաները։ Հիմնականում հենց սրա համար են գալիս»։

Նրա կարծիքով՝ կավագործությունն անցնում է արվեստի սահմանն ու տեղափոխվում հուզական դաշտ, երբ պրոցեսին մասնակցում են հմուտ հոգեբանները։
Արտ-թերապիայի նպատակը գեղեցիկ գործ ստեղծելը չէ
Հոգեբան, արտ-թերապևտ Կարինա Խաչատուրյանը բացատրում է, թե ինչով է արտ-թերապիան տարբերվում դասական հոգեթերապիայից։ Նրա խոսքով՝ այն առաջարկում է մի անվտանգ տարածք, որտեղ մարդն իր ներաշխարհը՝ ցավը, տագնապը, վախերը, արտահայտում է ոչ թե բառերով, այլ գույների, ձևերի, նյութերի ու սիմվոլների լեզվով․
«Ի տարբերություն ավանդական հոգեթերապիայի, որը հիմնված է բացառապես խոսքի վրա, արտ-թերապիայում հայտնվում է երրորդ կողմ՝ ստեղծագործությունը, որը դառնում է յուրօրինակ միջնորդ թերապևտի և այցելուի միջև։ Շատ հաճախ մարդուն դժվար է բառերով պատմել իր ցավի կամ տագնապի մասին։ Դրանք երբեմն հոգեկանի այնպիսի խորը շերտերում են գտնվում, որ խոսքն ուղղակի անզոր է լինում։ Եվ այստեղ օգնության են հասնում արվեստի նյութերը՝ թուղթը, ներկերը, կավը կամ ավազը։ Դրանք դառնում են կամուրջ, որի միջոցով այցելուն իր ներսի ապրումները տեղափոխում է արտաքին աշխարհ՝ հնարավորություն ստանալով անվտանգ դիպչել նույնիսկ ամենածանր հույզերին»։

Արտ-թերապևտի խոսքով՝ սա սովորական նկարչության կամ կավագործության դասեր չեն։ Այստեղ բոլորովին պարտադիր չեն ստեղծագործական հմտությունները։
Մարդկանց չեն սովորեցնում՝ ինչ տեխնիկայով նկարեն կամ քանդակեն, ինչպես ճիշտ բռնել վրձինը կամ աշխատել դուրգի հետ։ Արտ-թերապիայի նպատակը ոչ թե գեղեցիկ գործ ստեղծելն է, այլ ստեղծագործական ընթացքի միջոցով սեփական հույզերն ու խնդիրներն արտահայտելը։
«Ստեղծագործությունը դառնում է թերապևտիկ, երբ այն տեղի է ունենում պրոֆեսիոնալ արտ-թերապևտիկ մթնոլորտում, երբ կա հստակ հոգեբանական հայց կամ խնդիր, որի շուրջ աշխատում են այցելուն և արտ-թերապևտը։ Արտ-թերապևտն ապահովում է հուզական անվտանգություն, ուղղորդում է այցելուին և օգնում նրան հետագայում վերբալիզացնել` բառերով արտահայտել, նաև գիտակցել այն, ինչ պատկերված է։
Արտ-թերապևտն ուշադիր հետևում է գործընթացին. ինչպե՞ս է այցելուն մոտենում թղթին կամ կավին՝ վստահությա՞մբ, թե՞ տագնապով ու դիմադրությամբ։ Ինչպե՞ս է ընտրում գույները, որքանո՞վ է ամուր սեղմում մատիտը, ինչպե՞ս է դիպչում կավին՝ կտրուկ պոկո՞ւմ է, թե՞ զգուշությամբ է աշխատում։ Նույնիսկ այն, թե ինչպես է նա արձագանքում «սխալներին»՝ պատռված թղթին կամ թափված ներկին, հսկայական ինֆորմացիա է տալիս։ Իսկ վերջնական աշխատանքը պարզապես այդ ընթացքի արգասիքն է՝ այցելուի ներաշխարհի մի անվտանգ «պատկերը», որին մենք հետո միասին նայում ենք կողքից ու փորձում կապ գտնել ստեղծագործության և իր կյանքի միջև»,- բացատրում է Կարինա Խաչատուրյանը։
Հոգեկան հավասարակշռությունը միայն արվեստով կամ ստեղծագործությամբ, սակայն, չի կառուցվում։ Արտ-թերապևտի խոսքով՝ կավը կարող է դառնալ ինքդ քեզ լսելու, ճանաչելու, հասկանալու ճանապարհներից մեկը, բայց կան բազմաթիվ դեպքեր, երբ հոգեկան առողջության վերականգնման համար հարկավոր է հոգեբանի կամ հոգեբույժի օգնություն։
«Մարդն ինքը պետք է տեսնի խնդիրը, ունենա ցանկություն լուծել այն հոգեբանի հետ»
Հոգեբան Արմեն Հովհաննիսյանն ասում է, որ դեպքերը շատ տարբեր են, շատ անհատական, բայց լավ է, երբ մարդն ինքն է զգում, որ ունի օգնության կարիք։ Ըստ նրա՝ շատ հաճախ հոգեբանին դիմելու պատճառ հանդիսանում են մարդու կյանքում տեղի ունեցած անսպասելի իրադարձություններ, որոնց նրա հոգեկան աշխարհը դիմադրել չի կարողանում։ Նման դեպքերում շատերը կարծում են, որ բախվել են անլուծելի մարտահրավերների։
«Հնարավոր է, որ մարդը չզգա, որ ինքն ունի հոգեբանի օգնության կարիք, դա իր փոխարեն զգան հարազատները, ծնողները, ընկերները և ուղղորդեն դեպի թերապիա։ Բայց եթե տվյալ մարդը չցանկանա վստահել, ամեն կերպ ընդդիմանա, կասկածի, թերահավատ մոտենա մեր աշխատանքին, ապա արդյունք չենք ունենա։ Ուստի մարդն ինքը պետք է տեսնի խնդիրը, ունենա ցանկություն լուծել այն հոգեբանի հետ միասին։ Որպես կանոն, խնդիրը նկատելուց հետո, մարդիկ ինքնուրույն են փորձում լուծել այն։ Իսկ հոգեբանի աջակցության դիմում են, երբ սեփական ուժերն այլևս չեն բավարարում»,- նշում է նա։
Հովհաննիսյանի խոսքով՝ հոգեբանները ուսումնասիրում են մարդու հոգեկան գործընթացները, վարքը, հույզերն ու մտածողությունը, իսկ հոգեբույժները ախտորոշում և բուժում են հոգեկան խանգարումները, անհրաժեշտության դեպքում նշանակում են դեղորայք։
Ըստ նրա՝ երբեմն հոգեբանն ու հոգեբույժը նույն անձի հետ աշխատում են զուգահեռ, որպեսզի կարողանան օգնել մարդուն։ Այդ դեպքում նրանք կիսվում էր բուժման գործընթացի նրբություններով, խորհրադակցում են միմյանց հետ։ Եվ, իհարկե, դա տեղի է ունենում պացիենտի համաձայնությամբ։
Եթե նրա մոտ առկա է արտահայտված դեպրեսիա կամ այլ ծանր հոգեկան վիճակ, միայն հոգեբանական զրույցները բավարար չեն։ Այդ դեպքում անհրաժեշտ է նաև հոգեբույժի գնահատականը՝ արդյո՞ք կա դեղորայքային բուժման անհրաժեշտություն։ Երբ հոգեբանն ու հոգեբույժը համագործակցում են, հաճախ հնարավոր է հասնել ավելի արդյունավետ արդյունքի, շեշտում է Արմեն Հովհաննիսյանը։
Նկատում է, որ հիմա հոգեբանությունն ու հոգեթերապիան դարձել են շատ տարածված ու կիրառելի, բայց շատերը չեն հասկանում, թե ինչով է այն տարբերվում, օրինակ, հարևանի կամ լավ ընկերոջ հետ զրույցից․
«Մեզ մտերիմ մարդիկ հաճախ չեզոք ու անկողմնակալ չեն մեր նկատմամբ։ Իրենք իրադարձություններին նայում են մեր տեսանկյունից, ի օգուտ մեզ։ Հոգեբանը ձգտում է պահպանել մասնագիտական չեզոքություն և օգնում է մարդուն տարբեր տեսանկյուններից դիտարկել իրավիճակը»։
Բացի այդ, նրա խոսքով, մեծացել է իրազեկվածությունը հոգեկան առողջության մասին։ Եթե տարիներ առաջ ոչ բոլորը գիտեին, թե դա ինչ է, ապա այսօր արդեն շատերն են կարևորում այն․
«Մարդիկ աշխատում են պահպանել հոգեկան առողջությունը՝ կանխարգելելով խնդիրները։ Նաև շատ եմ լսում, երբ ասում են՝ այ, մեր ժամանակ հետծննդաբերական դեպրեսիա չկար։ Իհարկե կար, խորհրդային տարիներին էլ կար, բայց չուներ այդ անվանումը։ Այդ մասին չէր խոսվում, պահվում էր գաղտնի։ Հիմա կանայք արդեն հասկանում են, թե իրենց հետ ինչ է կատարվում, ու առնվազն գիտեն, թե ում դիմել, որպեսզի օգնեն իրենց»։
Մասնագետը շեշտում է, որ հոգեկան առողջության հետ աշխատանքը բարդ, բայց կարևոր փուլ է մարդու կյանքում․
«Խնդիրը չի լուծվում մեկ արտ-թերապևտիկ դասով կամ հոգեբանի հետ մեկ զրույցով։ Այն ամենօրյա հոգատարություն է պահանջում սեփական անձի նկատմամբ։ Իսկ կավը, արվեստը կամ մասնագետի աջակցությունը պարզապես տարբեր ճանապարհներ են դեպի նույն նպատակը՝ ապրել ավելի գիտակցված և ներդաշնակ»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Կավագործությունը՝ արտ-թերապիայի ճյուղ