Հնարավորությո՞ւն, թե՞ ռիսկ․ ՀՀ և Ադրբեջանի տարածքով կկազմակերպվի ինտերնետ տրաֆիկի տարանցում
Team Telecom — AzerTelecom ինտերնետ տրաֆիկի տարանցում
Հայկական «Տելեկոմ Արմենիա» (Team Telecom) և ադրբեջանական «Ազերտելեկոմ» (AzerTelecom) ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախատեսում է երկու երկրների տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում։ Սա ադրբեջանական կողմին թույլ կտա ինտերնետ կապ ապահովել Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև՝ օգտվելով հայկական ենթակառուցվածքներից։
«Տելեկոմ Արմենիա»-ից նշել են՝ համագործակցությունը կոմերցիոն հիմունքներով է, սակայն չեն հստակեցրել՝ որքան գումար է վճարելու Ադրբեջանը այդ ծառայության դիմաց։
Ընկերության փոխտնօրեն Արամ Բարսեղյանի խոսքով՝ համաձայնագրի իրականացման համար նախ պետք է Ազգային անվտանգության ծառայությունը համապատասխան թույլտվություն տա։ «Ազատության» հետ զրույցում Բարսեղյանը նշել է, որ Ադրբեջանը հասանելիություն է ստանալու միայն մալուխին, այլ ոչ թե տվյալներին։
Հայ փորձագետներն այստեղ մի շարք ռիսկեր են տեսնում, այդ թվում՝ «տրաֆիկն անալիզի ենթարկելու» հետ կապված։ Մյուս կողմից բարձրաձայնում են Հայաստանի համար բացվող նոր հնարավորությունների մասին։
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ ՀՀ-ով կսկսի անցնել ոչ միայն Ադրբեջանի, այլև Ղազախստանի տրաֆիկը։
«Team Telecom-ի մալուխներով անցնող տրաֆիկի մոտ 10-15%-ն է հայկական։ Փաստացի իրենք տարածաշրջանում լուրջ դեր ունեն՝ որպես տարանցիկ օպերատոր։ Գիտեք, որ հյուսիս-հարավ ուղղություններն են աշխատում, այստեղ Միջին Արևելքի երկրներն են Հայաստանի միջոցով տրաֆիկը անցկացնում։ Սա նաև Հայաստանին մտցնում է արևելք-արևմուտք տրանզիտի մեջ՝ որպես դերակատար»,- ընդգծել է Մարտիրոսյանը։
Այս պահին հայտնի տեղեկությունները, մեկնաբանություններ
- «Պատերազմի սպառնալիքի և ռիսկերի կառավարում»․ մանրամասներ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
- «Չենք քննարկել և չենք քննարկում»․ Փաշինյանը՝ 300 հազար ադրբեջանցիների ՀՀ վերադարձի մասին
- Ի՞նչ են մտածում երևանցիները ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին․ տեսահարցում
«Տելեկոմ Արմենիան» ընդլայնում է աշխարհագրությունը
Հայկական ընկերության փոխանցմամբ՝ «Ազերտելեկոմ»-ի հետ ստորագրված համաձայնագրի շրջանակում «Տելեկոմ Արմենիան», հանդիսանալով տարածաշրջանում առաջատար տարանցիկ օպերատոր, ընդլայնում է միջազգային ինտերնետային տրաֆիկի մատակարարման երկրների թիվը և աշխարհագրությունը՝ ապահովելով տարանցումը սեփական ենթակառուցվածքների միջոցով դեպի Ադրբեջան։
Նշվում է, որ համաձայնագիրը նպատակ ունի նպաստելու՝
- «տարածաշրջանում կապուղիների դիվերսիֆիկացմանը,
- հեռահաղորդակցության ցանցերի հուսալիության բարձրացմանը,
- տելեկոմ ոլորտում համագործակցության զարգացմանը»։
«TRIPP-ի տրամաբանությամբ համաձայնություն է»․ փոխտնօրեն
«Ազատության» հետ զրույցում «Տելեկոմ Արմենիա»-ի փոխտնօրեն Արամ Բարսեղյանը նշել է՝ ձեռք է բերվել TRIPP-ի տրամաբանությամբ համաձայնություն, թեև այն «ուղղակիորեն TRIPP նախագծի մաս չէ»։
Բարսեղյանի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը հասանելիություն է ստանալու վայրկյանում 100 գիգաբայթ արագության մալուխի։
Ըստ նրա՝ միացումներն արվելու են Կոռնիձորում և Երասխում՝ սահմանով, այլ ոչ թե բնակավայրերի միջով։
«Կաբելը ոչ թե Հայաստան է մտնում, այլ սահմանակետին, ինչպես Վրաստանի հետ կա, Թուրքիայի հետ կա, Պարսկաստանի հետ կա… Ամեն մեկը բերում է իր մալուխը, հենց սահմանի վրա սվարկա է արվում, ու գնում է Ա կետից Բ կետ»,- մանրամասնել է Բարսեղյանը։։
«Տելեկոմ Արմենիա»-ի փոխտնօրենն ասում է՝ խոսքը տարանցիկ կապուղու, այլ ոչ թե ինտերնետի տրամադրման մասին է։ Նրա փոխանցմամբ՝ Ադրբեջանն օգտվել է իր ինտերնետից․
«Մենք հայկական որևէ դատա իրենց չենք վաճառում, Հայաստանից որևէ բան իրենց չենք վաճառում։ Մենք մեր կապուղով իրենց հնարավորություն ենք տալիս Ա կետից Բ կետ հասնելու»։
Կարծում է՝ Նախիջևանից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ տարանցիկ կապուղու տրամադրումը «ռազմավարական շատ մեծ առավելություն է» Հայաստանի համար։
Փորձագիտական կարծիքներ
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանի խոսքով՝ Team-ը մեծ ծավալի ինտերնետ է ներմուծում Հայաստան, ինչպես նաև արտահանում։
Factor TV-ի հետ զրույցում նկատել է՝ բերված ինտերնետը վերավաճառվում է Իրաք կամ մերձավորարևելյան այլ երկրներ։
«Նախիջևանն ամբողջովին ցամաքով է շրջապատված։ Բնական է՝ ինչ-որ կապուղիներ ունի Թուրքիայով և Իրանով։ Իսրայել-Իրան պատերազմների մեջ շատ տրամաբանական է, որ Նախիջևանը պիտի ուզենա դիվերսիֆիկացնել իր ինտերնետը»։
Հայկական ընկերությունից Պապյանին հայտնել են, որ տրաֆիկի տարանցումն իրականացվելու է «DWDM ցանցի մակարդակով, որը նույնն է, ինչ կետից կետ ֆիզիկական կապուղու կազմակերպումը».
«Ադրբեջանական ինֆորմացիան է անցնելու մեր կապուղիով DWDM ցանցի մակարդակով։ Այո, մենք ևս հնարավորություն ունենք օգտվելու ադրբեջանական ենթակառուցվածքից, բայց մենք չենք պլանավորում օգտագործել այդ հնարավորությունը»։
Փորձագետի դիտարկմամբ՝ Հայաստանը ձգտում է դառնալ խոշոր IT կենտրոն, ուստի պետք է դիվերսիֆիկացնի իր կապուղիները։
Ադրբեջանական ընկերության հետ գործակցության հետ կապված զանգվածային գաղտնալսման վախերը, ըստ Պապյանի, «անհեթեթություն» են։
Պնդում է՝ դրա համար հսկայական հաշվողական ռեսուրս է պետք։
«Թիրախավորված հարձակումներն (օրինակ՝ Pegasus) ավելի արդյունավետ են»,- շեշտել է նա և հավելել, որ վտանգ կարող է առաջանալ միայն այն դեպքում, եթե «կախվածությունն ադրբեջանական կապուղիներից դառնա բացարձակ»։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանը հայկական տրաֆիկը ադրբեջանական ենթակառուցվածքներով անցկացնելու հետ կապված մի քանի առանցքային ռիսկեր է տեսնում։
Ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ըստ համաձայնագրի՝ հայկական տրաֆիկը նույնպես կարող է անցնել AzerTelecom-ի ենթակառուցվածքով։ Մուրադյանի խոսքով՝ «տրաֆիկը, որն անցնում է AzerTelecom-ի ենթակառուցվածքով, կարող է անալիզի ենթարկվել»:
Շեշտում է՝ բուն հաղորդակցության բովանդակությունը հիմնականում վերծանելի չէ (TLS ծածկագրման շնորհիվ), սակայն կան այլ վտանգներ․
«AzerTelecom-ը հնարավորություն կստանա հայկական տրաֆիկը անցկացնել DPI-ի միջով, ինչը թույլ կտա պրոֆիլավորել և վերլուծել հայ օգտատերերի վարքագիծը: Ոչ թե բուն փոխանցվող տվյալներին, այլ միացման մետատվյալներին հասանելիության համատեքստում»։
Կարծում է՝ ամենառիսկային վիճակում են լինելու ֆիքսված IP հասցեներ օգտագործող մարդիկ և կազմակերպությունները:
«AzerTelecom-ը ավելի շատ հնարավորություններ կստանա BGP route poisoning-ի համար՝ վերահասցեագրելով իրենց հետաքրքրող տրաֆիկը սեփական ցանցերով: Այս պահին այս ռիսկերը վերաբերում են Team Telecom-ի օգտատերերին»,- նշել է նա և հավելել, որ լիակատար անվտանգության հետ մեծ հույսեր չի կապում։
Ֆեյսբուքյան գրառման մեջ Մուրադյանը քաղաքական գործիչներին, լրագրողներին և ՀԿ ներկայացուցիչներին հորդորել է մտածել բոլոր սարքերում «VPN-ների մշտական օգտագործման մասին»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Team Telecom — AzerTelecom ինտերնետ տրաֆիկի տարանցում