Հայաստանում պաշտոնապես բացվել է առաջին AI գործարանը
Առաջին AI գործարանը Հայաստանում
Հայաստանում պաշտոնապես բացվել է արհեստական բանականության առաջին գործարանը։ Այն կառուցվել է Eleveight AI ընկերության կողմից Գեղարքունիքի մարզի Գագարին համայնքում։
Սա Հարավային Կովկասում NVIDIA Blackwell B300 տեխնոլոգիայի հիման վրա ստեղծված առաջին ԱԲ գործարանն է։
Նախագծի առաջին փուլում արդեն իսկ ներդրվել է 70 միլիոն դոլար։ Մինչև 2026 թ․-ի ավարտը նախատեսվում է իրականացնել ևս 50 միլիոն դոլարի ներդրում։
Ակնկալվում է, որ գերժամանակակից ենթակառուցվածքը զարգացման նոր հնարավորություններ կբացի բիզնեսի, ստարտափների և գիտակրթական ոլորտի համար։
ԱԲ գործարանը համապատասխանում է NVIDIA Reference Architecture չափանիշներին։ Սա նշանակում է, որ միջազգային տեխնոլոգիական ընկերություններն ու հետազոտական թիմերը կարող են իրենց նախագծերը տեղափոխել և գործարկել Հայաստանում՝ առանց տեխնիկական ինտեգրման լրացուցիչ խնդիրների բախվելու։
Արհեստական բանականության գործարանի բացման արարողությանը մասնակցել է նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Գերատեսչության և Eleveight AI ընկերության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։ ԲՏԱ նախարարը շեշտել է՝ այս գործարանի կառուցմամբ դրվում է Հայաստանի ապագա տնտեսության հիմնաքարերից մեկը։
«Հայաստանը դառնում է ոչ միայն ԱԲ կամ առաջատար տեխնոլոգիաների սպառող, օգտագործող, այլև արտադրող և աշխարհին մատակարարող»,- հայտարարել է Հայրապետյանը։
Այս պահին հայտնի մանրամասները՝ հակիրճ
- «Նախանշելով նոր ուղի»․ Ռուբիոյի երևանյան այցն ու ստորագրված փաստաթղթերը
- ԱԹՍ-ների վաճառք ՀՀ-ին և ոչ միայն․ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի արդյունքները
- Բիզնեսի առանձնահատկությունները Հայաստանում․ ո՞ր ոլորտներում արժե ներդրումներ անել
Ի՞նչ է հայտնի գործարանի մասին
Գործարանը նախատեսված է արհեստական բանականության մեծածավալ հաշվարկների, գեներատիվ մոդելների ուսուցման, ինչպես նաև պետական ու մասնավոր հատվածների թվային լուծումների համար։
Այնտեղ տեղակայված է 512 գրաֆիկական պրոցեսոր (GPU)։ Ներկա պահին գործարանն աշխատում է 1.2 մեգավատ էլեկտրական հզորությամբ։ Նախատեսվում է այն հասցնել նախ 5, իսկ վերջնական փուլում՝ 35 մեգավատի։
Հաղորդվում է, որ նման ընդլայնումը հնարավորություն կտա՝
- «բազմապատկել գործարանի հաշվարկային ներուժը,
- տեղակայել հազարավոր նոր սերնդի AI պրոցեսորներ,
- ձևավորել տարածաշրջանային արհեստական բանականության ենթակառուցվածքային կենտրոն»։
Տեղի ներուժի իրացման և գիտական նորարարությունների խթանման նպատակով Eleveight AI-ն նախատեսել է իր գործարանի ընդհանուր հաշվարկային հզորության 20%-ի հասանելիությունը տրամադրել հայկական համալսարանների, հետազոտական կենտրոնների նախաձեռնություններին։
Նախագծի հիմքում դրված է կայուն և էկոլոգիապես պատասխանատու մոդել․ ենթակառուցվածքն աշխատում է «Zero Chemical Footprint» մոդելով, այն է՝ օգտագործվում են բնական սառեցման լուծումներ։
Eleveight AI ընկերությունն ունի նաև արևային կայաններ, որոնք ապահովում են էներգետիկ անկախությունը։
Շրջայց ԱԲ գործարանում, լուսանկարները՝ ԲՏԱ նախարարության
Հայաստանը՝ գլոբալ տեխնոլոգիական քարտեզի վրա
Eleveight AI ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Արման Ալեքսանյանի դիտարկմամբ՝ արհեստական բանականության դարաշրջանում հաշվողական հզորությունը դարձել է «ռազմավարական ենթակառուցվածք»։ Կարծում է՝ Հայաստանը պետք է ոչ միայն հետևի այս փոփոխություններին, այլև մասնակցի դրանց ձևավորմանը։
«Eleveight AI -ը ստեղծվել է հենց այս նպատակով՝ տարածաշրջանում կառուցելու համաշխարհային մակարդակի արհեստական բանականության ենթակառուցվածք՝ դնելով Հայաստանը գլոբալ տեխնոլոգիական քարտեզի վրա»,- ընդգծել է Արման Ալեքսանյանը։
Պետություն-մասնավոր համագործակցություն․ հուշագրի մասին
ԲՏԱ նախարարության փոխանցմամբ՝ գերատեսչության և Eleveight AI ընկերության միջև ստորագրված հուշագիրն ուղղված է ՀՀ-ում արհեստական բանականության էկոհամակարգի զարգացմանը, նորարարության խթանմանը, կարողությունների ձևավորմանն ու կիրառական ծրագրերի աջակցությանը։
Հուշագրով նախատեսվում է իրականացնել աշխատանքներ պետական կառավարման համակարգում ԱԲ լուծումների ինտեգրման, պետական և մասնավոր հատվածների համար ամպային ծառայությունների զարգացման ուղղություններով։
Որպես համագործակցություն հնարավոր ուղղություններ մատնանշված են նաև՝
- ԱԲ ոլորտում ստարտափների, հետազոտական թիմերի և նորարարական նախաձեռնությունների աջակցությունը,
- կրթական և մասնագիտական զարգացման ծրագրերի իրականացումը,
- գիտական և ինժեներական կարողությունների ամրապնդումը,
- բարձր արտադրողականությամբ հաշվողական ենթակառուցվածքների (HPC) ընդլայնումը,
- պիլոտային և կիրառական ԱԲ նախագծերի խթանումը։
«Կողմերը նախատեսում են նաև ձևավորել Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտ (AIVI)՝ որպես համագործակցային հարթակ, որը կնպաստի կրթական ծրագրերի, մասնագիտական համայնքների, հետազոտական թիմերի և նորարարական նախաձեռնությունների զարգացմանը»,- հայտնում են կառույցից։
Ըստ հաղորդագրության՝ հուշագիրը նախատեսում է նաև Հայաստանի ԱԲ ոլորտի միջազգային տեսանելիության բարձրացման նպատակով իրականացնել համատեղ միջոցառումներ, մասնագիտական քննարկումներ և փորձնական ծրագրեր։
«ՀՀ-ն պետք է վերածենք ԱԲ գործարանների պարտեզի»․ ԲՏԱ նախարար
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ 21-րդ դարում մրցունակ կլինեն նրանք, ովքեր կհիմնեն «ԱԲ գործարանների պարտեզներ»։ Ասում է՝ Հայաստանի հավակնությունն է լինել այդ առաջատարների շարքում, դառնալ տարածաշրջանի «ԱԲ գործարանների պարտեզ»․
«Դա նշանակում է կերտել մի էկոհամակարգ, որտեղ գործում են բարձր արտադրողականությամբ հաշվողական ենթակառուցվածքներ, ԱԲ մոդելներ, լաբորատորիաներ ու նորարարական ընկերություններ»։
Կարծում է՝ Հայաստանի մրցակցային առավելությունը մարդկային կապիտալն է, ինժեներական մշակույթը, համաշխարհային հայկական ցանցը, ինչպես նաև արագ և որակյալ որոշումներ կայացնելու կարողությունը։
Հայրապետյանը շեշտել է՝ պետության դերը ներդրումների համար նպաստավոր պայմաններ ստեղծելն է, էներգետիկ ու թվային ենթակառուցվածքների զարգացումը, մասնագետների պատրաստումը և հայկական ստարտափներին ժամանակակից հաշվարկային ռեսուրսներին հասանելիություն տալը։
Տեղեկացրել է՝ առաջիկայում քննարկումներ են նախաձեռնելու պետական կառույցների, տեխնոլոգիական համայնքի խաղացողների հետ՝ հասկանալու համար, թե ինչպես կարող են առկա ռեսուրսների մի հատվածն ուղղել «կոնկրետ կարիքների բավարարմանը հենց Հայաստանի ներսում»։
«Eleveight AI-ը ոչ միայն պետք է արտահանի հաշվողական ռեսուրսները, այն պիտի առաջարկի ամպային ծառայություններ ներքին խաղացողների համար, որոնք այդչափ ունեն այդօրինակ հաշվողական ռեսուրսների կարիքը»,- նկատել է նա և հավելել՝ այդ կարիքն օրեցօր մեծանում է։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Առաջին AI գործարանը Հայաստանում