«Նախանշելով նոր ուղի»․ Ռուբիոյի երևանյան այցն ու ստորագրված փաստաթղթերը
Մարկո Ռուբիոյի այցը Երևան
Հայաստանն ու ԱՄՆ-ն նախաստորագրել են տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման TRIPP՝ «Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը։ Դա շատ սպասված իրադարձություն էր Հայաստանում։ Ստորագրումը տեղի ունեղավ Մարկո Ռուբիոյի կարճատև այցի ընթացքում։ Նա Երևան էր ժամանել տիկնոջ հետ։
«Հաճելի է լինել այստեղ՝ շարունակելու առաջ տանել նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի տեսլականը՝ այս խիզախ ուղին, որ տանում է դեպի խաղաղություն Հարավային Կովկասում»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ հիշեցնելով, որ խաղաղությունն ամրագրվել է դեռևս 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ վաշինգտոնյան գագաթնաժողովի ժամանակ։
Նրա գնահատմամբ՝ TRIPP-ի շուրջ ձեռքբերված համաձայնությունն «ամենախոշոր քայլերից մեկն է այդ պատմական ուղին իրականություն դարձնելու ուղղությամբ»։
Ռուբիոն հայ գործընկերոջ՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ստորագրել է ևս 2 փաստաթուղթ՝
- ՀՀ և ԱՄՆ միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը,
- ՀՀ և ԱՄՆ միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը։
Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Մարկո Ռուբիոն և Արարատ Միրզոյանը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։
Արարատ Միրզոյանն արձանագրել է՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը բարձրացվել է նոր մակարդակի։ Խոսելով ձեռքբերված պայմանավորվածությունների մասին՝ Միրզոյանը շեշտել է, որ դրանք «միանշանակ շահեկան են ՀՀ համար և աննախադեպ հնարավորություններ են բացելու»։ Հայտարարել է՝ այսօր Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններն առավել ամուր են, քան երբևէ։
Ուշագրավ է, որ հայ և ամերիկացի պաշտոնյաների մասնակցությամբ փակ քննարկումը, այնուհետև նաև փաստաթղթերի ստորագրումն ու լրագրողների հետ հանդիպումը կազմակերպվել են հենց «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում։ Երևան ժամանելուց մոտ մեկ ժամ անց ԱՄՆ պետքարտուղարի այցն ավարտվել է։
Արարատ Միրզոյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Մարկո Ռուբիոյին «գերհագեցած աշխատանքային գրաֆիկում ՀՀ այցելելու և կարևոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար ժամանակ գտնելու համար»։
«Ձեր այս խիստ բովանդակալից այցը վկայում է մեր երկկողմ կապերը հետևողականորեն ամրապնդելու Երևանի և Վաշինգտոնի աներեր հանձնառության մասին»,- հայտարարել է ԱԳ նախարարը։
Ռուբիոյի՝ ՀՀ-ից մեկնելուց հետո Միրզոյանը լրագրողների հետ շփումը շարունակել է ճեպազրույցի ձևաչափով՝ ներկայացնելով մանրամասներ ստորագրված փաստաթղթերի վերաբերյալ։
Հայ և ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները, մեկնաբանություն
- «Հակված չենք լարվածության»․ Երևանի արձագանքը Մոսկվայից հնչող հայտարարություններին
- Մահափորձ Նիկոլ Փաշինյանի դեմ․ իրակա՞ն, թե՞ հիբրիդային սպառնալիք
- «Հունիսի 7-ին էլի հեղափոխություն է լինելու»․ Փաշինյանը՝ ընտրությունների մասին
Ռուբիո․ «Մեր համագործակցությունը չի սահմանափակվում TRIPP-ով»
ԱՄՆ պետքարտուղարը մի շարք հայտարարություններ է արել։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը՝ կրճատված․
- «Մեր համագործակցությունը չի սահմանափակվում TRIPP-ով։ Շարունակում ենք զարգացնել համագործակցությունը տարբեր ուղղություններով։
- Համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը մեր երկկողմ հարաբերությունների շրջանակն է սահմանում, նոր ուղի է նախանշում, որից օգուտներ կստանան թե՛ հայերը, թե՛ ամերիկացիները։
- Երկու երկրներն էլ առավելություններ պետք է տեսնեն իրենց հարաբերություններում։ Գործընկերությունը դառնում է ռազմավարական, երբ կիսում ենք տեսլականը ապագայի վերաբերյալ և կարող ենք միմյանց օգնել հասնել այդ ապագային։
- Հանքանյութերի մշակումն ու վերամշակումը, արդյունահանումը կարևոր են ապագա բարեկեցության համար։ Այն երկրները, որոնք կարող են դա անել, կկարողանան տնտեսական անկախություն ձեռք բերել և հայտնվել նորարարությունների կենտրոնում 21-րդ դարում։ Իսկ նրանք, ովքեր հետ կմնան, կտուժեն։
- Մենք կարող ենք միասին աշխատել, որպեսզի մեր երկու երկրները, երկու տնտեսությունները ունենան հուսալի հասանելիություն կարևորագույն հանքանյութերին»։
Հայաստանի ԱԳ նախարարի ասուլիսի կարևոր դրվագները
Չի բացառվում, որ TRIPP համաձայնագիրը ստորագրվի շաբաթների ընթացքում
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ստորագրված 3 փաստաթղթերը որակել է «մեկը մյուսից կարևոր»։ Միևնույն ժամանակ արձանագրել է՝ դրանցից ամենասպասվածը TRIPP-ի մասին շրջանակային համաձայնագրի նախաստորագրումն էր․
«Նախաստորագրումը շատ արագ կվերածվի ստորագրման։ Տեքստն ամբողջությամբ համաձայնեցված է, քաղաքական ընկալումն ու համաձայնեցումները կան, բայց կան տեխնիկական ընթացակարգեր, որոնք երկրներում պետք է անցնել»։
Նրա խոսքով՝ կան «Թրամփի ուղու» հետ կապված այլ փաստաթղթեր, որոնք դեռևս պատրաստ չեն, օրինակ՝ TRIPP ընկերության կանոնադրությունը։
Միրզոյանը հնարավոր է համարել, որ այդ հարցերը լուծվեն շաբաթների ընթացքում, իսկ ստորագրումը տեղի ունենա արագ։ Հույս ունի մոտ ապագայում տեսնել նաև գետնի վրա աշխատանքներ։
«Ե՛վ ԱՄՆ կառավարությունը, և՛ Հայաստանի կառավարությունը նույնիսկ այս ողջ աշխարհաքաղաքական և տարածաշրջանաին, աշխույժ ներքաղաքական իրավիճակների օրակարգերի պայմաններում շատ կենտրոնացած և կարևորություն հաղորդելով աշխատում են TRIPP-ի կենսագործման ուղղությամբ»,- ընդգծել է նա և հավելել, որ դա տեղի է ունենում շահարկումների ֆոնին, թե, իբր, ԱՄՆ-ն կորցրել է նախագծի հանդեպ հետաքրքրությունը։
ՌԴ, Իրանի և այլ երկրների՝ TRIPP-ում ներգրավվելու մասին
Լրագրողները Միրզոյանին հարցեր են ուղղել «Թրամփի ուղու» հետ կապված Մոսկվայի և Թեհրանի մտահոգությունների մասին։ ԱԳ նախարարը պատասխանել է, որ ծանոթ են ինչպես պաշտոնական դիրքորոշումներին, այնպես էլ փորձագիտական կարծիքներին։
Ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ավելի վաղ Իրանում կային մտահոգություններ կապված նախագծի «անվտանգային բաղադրիչի» հետ։ Դրանք, ըստ նրա, փարատվել են համապատասխան փաստաթղթերի հրապարակումից հետո։
«Հարցեր կլինեն, կկարդան, կտեսնեն, որ անհանգստանալու տեղ չկա»,- վստահեցրել է նա։
Արտգործնախարարի խոսքով՝ «Թրամփի ուղին» հնարավորություններ կբացի նաև Ռուսաստանի և Իրանի համար։
«Չէ՞ որ TRIPP-ի միջոցով նաև Իրանն է կարողանալու դուրս գալ Սև ծով։ Ստացվում է՝ Պարսից ծոց- Սև ծով երկաթուղային նոր կապ է ստեղծվում»,- նկատել է նա՝ առանց ՌԴ հետ կապված օրինակներ բերելու։
Միրզոյանի փոխանցմամբ՝ նախագծով հետաքրքրված են մի շարք երկրներ և ընկերություններ։
Հիշեցրել է՝ TRIPP-ը ՀՀ-ԱՄՆ նախագիծ է, սակայն առանձին բաղադրիչների՝ էլեկտրական գծերի, խողովակների և այլնի հետ կապված կարող են գործակցել երրորդ կողմերի հետ։ Մի շարք գործընկերների հետ արդեն եղել են նախնական քննարկումներ։ Երկրների անուններ, սակայն, արտգործնախարար Միրզոյանը չի հնչեցրել։
Հազվագյուտ հանածոների վերաբերյալ նախնական պատկերացումներ կան
Միրզոյանի խոսքով՝ կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների ոլորտը միանգամայն նոր է ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում։
«Որոշակի հազվագյուտ մետաղներ ծայրահեղ կարևոր են շատ կոնկրետ արտադրատեսակների՝ չիպերի, կիսահաղորդիչների արտադրության համար։ Հիմա, ըստ էության, մի շղթա ենք փորձում ամբողջականացնել»,- նկատել է նա։
Հիշեցրել է՝ մինչ այս երկու երկրները համագործակցություն էին սկսել նաև ԱԲ և կիսահաղորդիչների, էներգետիկայի ոլորտներում։
ԱԳ նախարարի դիտարկմամբ՝ աշխարհում հանքանյութերի մատակարարման շղթաների նոր ուղղությունների մրցավազք է, ուստի Երևանն ունի «պատմական հնարավորություն»՝ դառնալու այդ լոգիստիկ ուղիների կարևորագույն հանգույցներից մեկը։
Ասում է՝ արդեն իսկ կան նախնական պատկերացումներ ներդրումների ոլորտի և հանքանյութերի տեսակների մասին, իսկ առաջիկայում կլինեն «շատ կոնկրետ դրսևորումներ»։ Միևնույն ժամանակ նկատում է՝ կնքվել է հուշագիր, դրան դեռ պետք է հետևեն նաև այլ փաստաթղթեր։
Ռուբիոյի այցն աջակցությո՞ւն է իշխող ուժին
Հայաստանի մի շարք ընդդիմադիր գործիչներ և փորձագետներ պնդում են, թե ընտրությունների նախաշեմին ԱՄՆ պետքարտուղարի այցը իշխող ուժին և վարչապետ Փաշինյանին աջակցություն հայտնելու նշան է։
«Դուք [Միրզոյանը], վարչապետը, ողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, ավելի անկախ ապագա ՀՀ համար։ Եվ մենք ուրախ ենք այստեղ մեր աջակցությունը հայտնել այդ տեսլականին, այդ խիզախությանը, Ձեր նվիրվածությանն ու պատրաստակամությանը երկրի ապագայի համար։ Հպարտ ենք, որ մասնիկն են այս ամենի և պատրաստ ենք միասին ավելին անել»,- այսօր Երևանում հայտարարել էր Մարկո Ռուբիոն։
Ըստ Հայաստանի արտգործնախարարի՝ իրականությունից կտրված են բոլոր նրանք, որոնք կարծում են, թե «Ռուբիոն պետք է գար», որ իշխող ուժի վարկանիշը բարձրացներ․
«Մեր վարկանիշը ինչքան պետք է, բարձր է։ Մենք ուղիղ երկխոսություն ունենք ՀՀ քաղաքացիների հետ, ավելին ասեմ՝ տեսնում ենք քաղաքացիների շատ ուժեղ, շատ ընդգծված աջակցությունը խաղաղության օրակարգին, ժողովրդավարությանն ու մեր ինքնիշխանությանը»։
Մեկնաբանություն
«Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանն անդրադարձել է, մասնավորապես՝ ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությանն ու նկատել՝ «գործընկերությունը տեղափոխվում է որակապես նոր մակարդակ»։
Բացի այդ, քաղաքագետն արձանագրել է՝
- «եթե 2025 թվականի փաստաթուղթը սահմանում էր համագործակցության ընդհանուր շրջանակ, նոր փաստաթուղթն արձանագրում է դրա ինստիտուցիոնալ և ծրագրային ճարտարապետությունը,
- համապարփակ ռազմավարական գործընկերության հիմքում առաջնային են դառնում շահերը, ոչ թե արժեքները, ինչը բնորոշ է Թրամփի վարչակազմին,
- TRIPP-ը դառնում է երկկողմ համագործակցության ենթակառուցվածքային ողնաշարը,
- երկկողմ հարաբերությունները «աջակցող-ստացող» մոդելից անցում են կատարում նոր՝ «գործընկերային» մոդելի,
- տնտեսական օրակարգը տեղափոխվում է բարձր տեխնոլոգիական և ռազմավարական ոլորտներ, Հայաստանն ԱՄՆ-ի համար դիտարկվում է որպես մատակարարման շղթայի մաս,
- Հայաստանի համար տարբեր ոլորտներում բացվում են դիվերսիֆիկացիայի նոր հնարավորություններ»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Մարկո Ռուբիոյի այցը Երևան