«Դաստիարակվածներին համարում են խեղճ»․ պատանիների շրջանում բռնության դեպքերը ՀՀ-ում
Պատանիների շրջանում բռնության դեպքերը ՀՀ-ում
Վերջին շրջանում Հայաստանում հաճախացել են պատանիների շրջանում բռնության դեպքերը։ Հերթական միջադեպը տեղի է ունեցել մայիսին։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Կարբի գյուղի դպրոցներից մեկում 13-ամյա տղան պարբերաբար բռնության է ենթարկվել համադասարանցիների կողմից։ Ընդ որում ո՛չ դպրոցը, ո՛չ էլ անչափահասի ծնողները այս մասին չեն հայտնել ոստիկանությանը։
Ոստիկանների կրկին այլ աղբյուրներից են տեղեկացել հերթական բռնության դեպքի մասին։ Տուժած անչափահասի մորը հրավիրել են ոստիկանական համայնքային բաժանմունք։ Եվ նա հայտնել է, որ որդին գլխին հարված է ստացել, ինչի հետևանքով կորցրել է գիտակցությունը։ Նրան տեղափոխել են Կարբիի բժշկական ամբուլատորիա, ապա՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Հարուցվել է քրեական գործ։
Ըստ ՆԳՆ մասնագիտական մեթոդական աջակցման վարչության տվյալների՝ 2025 թվականին Հայաստանի ուսումնական հաստատություններում անչափահասների մասնակցությամբ արձանագրվել է բռնության 91 դեպք։ 2024 թվականի համեմատ նման դեպքերի թիվն աճել է ավելի քան երկու անգամ։
Դպրոցներում իրավիճակի մասին պատմում են 15-ամյա աշակերտն ու նրա մայրը, պատճառները վերլուծում է փորձագետը։
- «Ծնողական ժամ» և ճկուն գրաֆիկ. փոփոխություններ Հայաստանի աշխատանքային օրենսգրքում
- «Դասավանդիր հանուն Հայաստանի» ծրագրի ուսուցիչներին սպասում են գյուղերի դպրոցներում
- ՀՀ-ում շատերն ուզում են երեք երեխա ունենալ, սակայն սահմանափակվում են մեկով
«Դպրոցն այլևս առաջվանը չէ»․ ինչո՞ւ են դեռահասները դառնում ավելի ագրեսիվ
Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Անետա Կիրակոսյանը արդեն երկու տարի է՝ լքել է մանկավարժությունը՝ հիասթափվելով դպրոցում տիրող բարքերից։
«Մի այլ տեսակի սերունդ է մեծանում, դպրոցն այլևս առաջվանը չէ։ Ու հիմա, երբ հեռացել եմ, ավելի հանգիստ եմ, որ իմ ուսերին չկա այդ մեծ պատասխանատվությունը։ Դասավանդում էի յոթերորդ և տասներորդ դասարաններում։ Այդ տարիքի երեխաները թերևս ամենաբարդն են։ Հիմա իմ տղան է ութերորդ դասարանում, ու ես հիմա որպես ծնող եմ ականատես լինում իրավիճակին»,- պատմում է 37-ամյա կինը։
Նրա որդին աշնանը պետք է տեղափոխվի ավագ դպրոց։ Եվ մայրը ծայրահեղ անհանգստացած է, որ իր երեխան կհայտնվի այդ «սարսափելի բարքերի» մթնոլորտում, որն իրեն ստիպեց հեռանալ աշխատանքից։
Ասում է՝ տղային էլ, իր հերթին, դուր չի գալիս այդ իրավիճակը․
«Նա սահմանափակել է իր շփումները դասարանի տղաների հետ։ Տեսնում է, որ ծխում են, դասերից ուշանում։ Եթե շփվի նրանց հետ, պետք է դառնա իրենց նման, որպեսզի ընդունեն իրենց շրջապատ։ Ականատես է եղել, թե ինչպես են դասարան բերում էլեկտրոնային սիգարետներ, ինչպես են սեղանի տակ գլուխները իջեցնելով ծխում։ Նույնիսկ թմրանյութերի մասին խոսակցություններ են եղել դասարանում։
Նաև պարբերաբար միջադեպեր են լինում։ Հարցերը լուծում են դպրոցից դուրս՝ պատերի տակ, մինչև ուսուցիչները տեղյակ են լինում ու փորձում ծնողների հետ հարթել խնդիրը։ Անցյալ տարի մեկին այնպես էին ծեծել, որ դեմքը վնասվել էր։ Այս անգամ էլ դպրոցի տարբեր դասարանների տղաներով էին իրար ծեծել»։
Ծեծկռտուքներ և բռնության դեպքեր դպրոցներում
Երկու ամիս առաջ Վաղարշապատի «Մաքսիմ Գորկու» անվան N5 ավագ դպրոցի բակում 10-րդ դասարանի աշակերտները 7 հոգով հարձակվել և երկաթյա ձողերով հարվածներ էին հասցրել մեկ այլ աշակերտի։ Արդյունքում նա ստացել էր ծանր մարմնական վնասվածքներ։
Իսկ 2023 թվականին նույն դպրոցում 15-ամյա աշակերտը համադասարանցիների հետ միջադեպից մի քանի օր անց մահացել էր։ Մահացած անչափահասի հարազատները հայտարարել էին, որ պատճառը եղել է դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքը։
Մինչդեռ դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանը ասել էր, թե աշակերտին որևէ մեկը ծեծի չի ենթարկել։ Նրա խոսքով՝ տղաների միջև տեղի է ունեցել քաշքշուկ, ինչից հետո երեխան մասնակցել է դասապրոցեսին, և միայն օրեր անց է ինքնազգացողությունը վատացել։ Նրան տեղափոխել էին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ էլ պատանին մահացել է։
«Կռիվները ինքնահաստատման և ինքնադրսևորման միջոց են»
Անետա Կիրակոսյանն ասում է, որ հասունացման շրջանում պատանիներն ամեն իրավիճակում էլ շատ սուր են արձագանքում.
«Մեկը կարող է կողքով անցնել, ու նրա հայացքը դուր չգա, դառնա վեճի, հաճախ նաև ծեծկռտուքի պատճառ։ Վիճաբանություններն ու կռիվները 14-16 տարեկանների համար ինքնահաստատման և ինքնադրսևորման միջոց են։ Տղայիս դասարանում էլ ահավոր էր։ Մի շրջան՝ ամեն ամիս ծնողական ժողով էին անում։
Համատարած տգիտություն ու անտարբերություն է տիրում։ Երեխա կա, որ կտրականապես հրաժարվում է դաս պատմել։ Կոնտակտի մեջ չի մտնում ուսուցչի հետ։ Հավատացեք՝ ուսուցիչը որևէ լծակ չունի աշակերտին կարգի հրավիրելու։ Գնահատականն էլ նրանց այլևս չի սաստում։ Հիմա անգամ նույն դասարանում չեն թողնում, դա հանել են։ Կարող են նույնիսկ երկուս նշանակել ու վերաքննություններով տարին անցկացնել»։
Նրա որդին՝ 15-ամյա Ստեփանը, պատմում է, որ ընդամենը մի դասարանցու հետ է շփվում.
«Ընդհանուր ոչինչ չունեմ մյուսների հետ։ Դպրոց են գալիս իրենց վատ պահվածքը ցույց տալու, ուսուցիչներին նյարդայնացնելու համար։ Անգամ գիրք չեն բերում, առանց տետր ու գրիչ են գալիս։ Գալիս են երրորդ ժամից, գնում՝ հինգերորդին։ Մեր պատմության ուսուցչուհուն այնպես արեցին, որ լացելով դուրս եկավ դասարանից ու հրաժարվեց վերադառնալ։ Ամբողջ դասը վերածում են ներկայացման, ուսուցիչներին են հեռախոսով նկարում, ծաղրում»։
Քրեական ենթամշակույթը և «տոքսիկ առնականությունը»
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի նախագահ Գրիգոր Երիցյանի դիտարկմամբ՝ անչափահասների շրջանում տեղի ունեցող բռնություններն ու բուլինգի դեպքերը վկայում են սոցիալ-հոգեբանական և արժեքային ճգնաժամի մասին․
«Դեռահասների արժեհամակարգը մի քանի գործոնների ազդեցությամբ է ձևավորվում։ Մի կողմից՝ քրեական մշակույթն է, որի դեմը համակարգային առումով չի հաջողվել առնել, մյուս կողմից՝ տոքսիկ առնականությունը և հատկապես տղաների դաստիարակությունը «փողոցային» արժեքներով։ Դրանք ներթափանցում են ընտանիքներ, դպրոց ու դառնում շփման մշակույթի մի մաս»։
Երիցյանը կարծում է՝ քառօրյա (2016թ․) և 44-օրյա (2020թ.) պատերազմները նույնպես իրենց հետքն են թողել դեռահասների ներաշխարհի վրա՝ ազդելով վարքի, հաղորդակցության մշակույթի և հուզական կայունության վրա.
«Երբ երեխան երկար ժամանակ ապրում է սթրեսային միջավայրում, ագրեսիան, անհանդուրժողականությունն ու բռնությունը դառնում են ինքնապաշտպանության ձև»։
Դպրոցից դուրս անվտանգ միջավայրերի պակասը
Գրիգոր Երիցյանի խնդիրներ է նկատում երեխաների դաստիարակության համար պատասխանատու բոլոր օղակներում․
«Ընտանիքը հաճախ ժամանակ, ռեսուրս կամ գիտելիք չի ունենում երեխային սովորեցնելու որակյալ հաղորդակցություն։ Դպրոցը կենտրոնանում է ակադեմիական կրթության վրա, իսկ սոցիալ-հուզական կրթությունը մնում է երկրորդական։ Մյուս կողմից՝ թվային միջավայրում ատելության խոսքը, նվաստացումն ու բուլինգը դարձել են սովորական։ Արդյունքում՝ դեռահասները չունեն անվտանգ տարածք, որտեղ կարող են լսված լինել ու սովորել առողջ հաղորդակցություն»։
Իրավիճակը բարելավելու համար, նրա կարծիքով՝ անհրաժեշտ է դպրոցներում ներդնել սոցիալ-հուզական կրթություն։
Սոցիալ-հուզական կրթությունը երեխայի՝ իր հույզերը հասկանալու և կառավարելու, կարեկցանք ցուցաբերելու և ուրիշների հետ ներդաշնակ հարաբերություններ կառուցելու կարողության զարգացման գործընթաց է: Մանկավարժներն ու հոգեբանները կարծում են, որ այն հիմք է դնում հոգեբանական բարեկեցության, ինքնավստահության և հաջող սոցիալականացման համար:
«Շատ դպրոցներում հոգեբանական աջակցությունը ձևական բնույթ է կրում։ Մինչդեռ սոցիալ-հուզական կրթությունը սովորեցնում է, թե ինչպես կառավարել էմոցիաները, լուծել կոնֆլիկտները, հարգել դիմացինին։ Սրանք կյանքի կարևոր փափուկ հմտություններ են»,- ասում է փորձագետը։
Նա համոզված է, որ երիտասարդներին անհրաժեշտ են դպրոցից դուրս անվտանգ տարածքներ՝ երիտասարդական կենտրոններ, որոնք Հայաստանում շատ քիչ են։
Այս բացը լրացնելու նպատակով «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն նման կենտրոններ է հիմնել Երևանում, Ծաղկաձորում, Չարենցավանում և Վայքում։ Այստեղ գործում են նաև «Տղամարդկանց զրույցի» ակումբներ, որտեղ քննարկվում են թեմաներ, որոնց մասին հաճախ չեն խոսում դպրոցում կամ տանը։
«Դպրոցը միայնակ չի կարող հաջողել»
Անետա Կիրակոսյանը որոշել է որդուն վճարովի ավագ դպրոց ուղարկել, որտեղ, նրա խոսքով, վերահսկողությունն ավելի մեծ է, իսկ երեխաների թիվը՝ քիչ․
«Այստեղ ավելի գիտակից միջավայր է ձևավորվում։ Հանրակրթական դպրոցներից լավագույն երեխաների «ծաղկաքաղ» է լինում, որովհետև նման երեխաներն այնտեղ հաճախ իրենց չեն կարողանում դրսևորել, իրենց տեղը գտնել։ Այսօր դաստիարակված երեխան համարվում է խեղճ։
Դպրոցը պարտավոր է աշակերտին կրթել ոչ միայն մի քանի ժամվա, այլ ամբողջ կյանքի համար։ Բայց դպրոցը միայնակ չի կարող հաջողել։ Բոլոր օղակները պետք է համագործակցեն, որ արդյունք ունենանք։ Բոլորս մեր տեղում պետք է տանք այն կրթությունն ու դաստիարակությունը, որ այդ բռնի վարքագիծը նորմա չդառնա»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Պատանիների շրջանում բռնության դեպքերը ՀՀ-ում