«Հակված չենք լարվածության»․ Երևանի արձագանքը Մոսկվայից հնչող հայտարարություններին
Հայաստանի ԱԳ նախարարի պատասխանը Շոյգուին
Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Մոսկվայից շարունակում են հնչել կոշտ հայտարարություններ։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը նախօրեին հայտարարել է, որ ռուսական կողմի համար «բացարձակապես անընդունելի» է Երևանի որդեգրած քաղաքականությունը, այն է՝ «պահպանել անդամակցությունը ԵԱՏՄ-ում այնքան ժամանակ, քանի դեռ չի անցել Եվրոպական միության անդամակցության»։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, իր հերթին, պնդել է, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում ձեռնարկում է քայլեր, որոնք «չեն համապատասխանում ՌԴ հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն»։
Aysor.am-ի հետ զրույցում թեմային անդրադարձել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Վստահեցրել է՝ Երևանը հակված չէ որևէ լարվածություն մտցնել հայ-ռուսական հարաբերություններում։
«Ճիշտ հակառակը՝ հակված ենք մեր գործընկերությունը բնականոն շարունակելուն»,- հավելել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է անդրադարձել Հայաստան-ՌԴ հարաբերություններին և բարձրաձայնել Երևանի դիրքորոշումը, այն է՝ Ռուսաստանի շահերին վնասելու նպատակ կամ մտադրություն չկա։
«Մենք ոչինչ չենք արել և չենք անելու ի վնաս Ռուսաստանի շահերի։ Սակայն նաև չենք կարող մեր շահերը ՌԴ շահերից ցածր դասել»,– նախօրեին նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է Փաշինյանը։
Ի՞նչ են հայտարարել ռուս պաշտոնյաները, պաշտոնական Երևանի դիրքորոշումը
- «Տեղեկատվական ռումբ»․ ՀՀ դեմ ՌԴ հիբրիդային արշավների մասին գաղտնի փաստաթղթեր են արտահոսել
- «ՌԴ-ն պատրաստվում է հետընտրական խժդժություններ կազմակերպել Հայաստանում»․ կարծիք
- Փաշինյան-Պուտին հանդիպում Մոսկվայում. այց ցավոտ հարցերի քննարկման համար
Գալուզին․ «Հայաստանը չի կարող միաժամանակ պարել երկու հարսանիքների ժամանակ»
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը լրագրողների հետ զրույցում հիշեցրել է, որ Հայաստանը ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը միանալու և դրա հետագա զարգացման վերաբերյալ փաստաթղթեր։ Նրա խոսքով՝ դրանցում հստակ նշված է, որ Հայաստանը պարտավոր է խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են «վտանգել, խոչընդոտել կամ սպառնալ եվրասիական տնտեսական ինտեգրմանը»։
«Միաժամանակ երկու միության անդամ լինելը, ըստ կարգի, անհնար է։ Ինչպես ասում են՝ Հայաստանը չի կարող միաժամանակ պարել երկու հարսանիքների ժամանակ»,- շեշտել է Գալուզինը։
Կարծում է՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը պոպուլիստական կարգախոս է, որն օգտագործում է Բրյուսելը։
ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ ժամանակին նույն մեթոդները կիրառվել են նաև Ուկրաինայի և Մոլդովայի ուղղություններով։
Շոյգու․ «Ձեռնարկվում են ոչ բարեկամական քայլեր»
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն պնդել է, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում ձեռնարկում է մի շարք գործողություններ, որոնք ունեն «ոչ բարեկամական բնույթ»․
«Հենց այդպես ենք գնահատում Միջազգային քրեական դատարանին միանալը, Ռուսաստանի քաղաքացիներին երրորդ երկրների հանձնելը»։
Դաշնակցային հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քայլերի շարքում Շոյգուն մատնանշել է նաև միջազգային հարթակներում պարբերաբար ԵՄ դիրքորոշումներին միանալը, չափորոշիչների փոփոխման ու ԵՄ-ի հետ մաքսային-առևտրային ռեժիմների համապատասխանեցման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ տանելը։
ՌԴ ԱԽ քարտուղարի գնահատմամբ՝ Մոսկվան հասկանում է Ռուսաստանի հետ հարաբերություններից օգուտ քաղելու Երևանի ցանկությունը, սակայն «ռազմավարական գործընկերությունը երկկողմ երթևեկությամբ փողոց է»։
Շոյգուի փոխանցմամբ՝ Հայաստանի ստացած օգուտներն են՝
- ՌԴ-ում աշխատող Հայաստանի քաղաքացիները 2025 թ․-ին հայրենիք են փոխանցել գրեթե 3,9 մլրդ դոլար,
- ՀՀ քաղաքացիները Ռուսաստանում աշխատում են առանց քվոտաների, արտոնագրերի և աշխատանքի թույլտվությունների՝ օգտվելով հավասար բժշկական, կենսաթոշակային և սոցիալական ապահովությունից,
- Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը 36% է,
- ՀՀ-ն Ռուսաստան է մատակարարում իր գյուղատնտեսական արտադրանքի մինչև 98%-ը և թունդ ալկոհոլի արտահանման 78%-ը,
- Ռուսաստանը Հայաստանին ապրանքներ է մատակարարում շուկայականից 3 անգամ ցածր գներով։
«Մեր երկիրն առաջին տեղն է զբաղեցնում արտահանման, ինչպես նաև ներմուծման առումով»,- նկատել է պաշտոնյան և հավելել, որ խոսքը բնական գազի, բենզինի, ալյուրի, հացահատիկի և պարարտանյութի մասին է։
Հայաստանի ԱԳ նախարար․ «Ամեն ինչ շատ հարաբերական է»
Անդրադառնալով «դաշնակցային հարաբերությունների ոգու» մասին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությանը՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է՝ «ամեն ինչ շատ հարաբերական է»։
«Եղել են ժամանակներ և իրադարձություններ, երբ մենք մեր գործընկերներից ակնկալել ենք այլ գործողություններ, առնվազն՝ պայմանագրերով նախատեսված քայլեր, սակայն դրանք չենք տեսել»,- Aysor.am-ի հետ զրույցում հիշեցրել է նա։
ՀՀ-ն Ռուսաստանի հովանու ներքո գործող ՀԱՊԿ ռազմական դաշինքի անդամ է։ Տևական ժամանակ է, ինչ Երևանը հայտարարել է իր անդամակցությունը սառեցնելու մասին, թեև նման պաշտոնական ընթացակարգ դաշինքը չունի։ Սառեցման պատճառն այն է, որ 2021-22 թթ․-ին Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժումներից հետո Երևանը դիմել է դաշինքին, սակայն աջակցելու փոխարեն կառույցից արձագանքել են․ «Սահմանը սահմանազատված չէ»։
«Եթե ասում եք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է՝ ՀԱՊԿ չկա, քանի որ ՀԱՊԿ-ն ունի պատասխանատվության գոտի, որը որոշվում է սահմաններով։ Եթե չկա սահման, ուրեմն չկա նաև պատասխանատվության գոտի, եթե չկա պատասխանատվության գոտի, ուրեմն չկա նաև կազմակերպություն»,- պատասխանել էր Փաշինյանը։
Ավելի ուշ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրել է՝ գազի, հացահատիկի և ներկրվող մյուս ապրանքների դիմաց ՀՀ-ն վճարում է։
ԱԳ նախարարի գնահատմամբ՝ այս պահին իրավիճակը հետևյալն է՝ կան ՀՀ ժողովրդի եվրոպական ձգտումները, ԵՄ հետ ռազմավարական գործընկերության օրակարգը, միևնույն ժամանակ ԵԱՏՄ-ում Հայաստանի լիարժեք անդամությունը։
Վստահեցրել է՝ Հայաստանը շահագրգռված է ՌԴ հետ և՛ երկկողմ, և՛ ԵԱՏՄ շրջանակներում «բնականոն, մտերիմ, գործընկերային» հարաբերությունների պահպանմամբ։ Ըստ նրա՝ աշխատում են այնպես անել, որ գործընկերությունը նորմալ շարունակվի։
Կարծում է՝ Մոսկվայից հնչող հայտարարություններում դրսևորվում են «ինչ-որ անհանգստություններ», որոնք, ամենայն հավանականությամբ, կապված են Հայաստանի ԵՄ հավակնությունների հետ։
Մյուս կողմից նկատել է՝ Երևանը ամենաբարձր մակարդակով, պարզ ու թափանցիկ կերպով հայտնել է իր դիրքորոշումը։ Միրզոյանը կրկնել է այն։
«Մենք հասկանում ենք, որ միաժամանակ լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ հնարավոր չէ․ երկու տարբեր տնտեսական կառույցներ են։ Երբ պահը գա որոշում կայացնելու՝ այստեղ, թե այնտեղ, մենք այդ որոշումը կկայացնենք՝ էլի թափանցիկ, էլի քննարկելով»,- շեշտել է նա։
Փաշինյանը հնչեցրել է Երևանի դիրքորոշումը
Երեկ Լոռու մարզի Շնող համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարել է՝ իշխող ուժը ՌԴ հետ հարաբերություններում «ոչ մի կտրուկ գործողություն» չի անելու, երկկողմ կապերը խորացնելու է։
Փաշինյանի խոսքով՝ ՌԴ նախագահ Պուտինի հետ կան ընկերական հարաբերություններ։ Ըստ նրա՝ այդ մասին են վկայում նաև 2018 թ․-ից մինչ օրս ունեցած 200–ից ավելի հեռախոսազրույցները։
«Դա նշանակում է, որ այս 8 տարվա մեջ համարյա ամեն ամիս խոսել ենք։ ՌԴ կառավարության ղեկավարի հետ շատ ջերմ, ընկերական հարաբերություններ ունենք»,- մանրամասնել է նա։
Վարչապետի դիտարկմամբ՝ Ռուսաստանի հետ Հայաստանը չի կարող հավասարը հավասարի հարաբերություններ ունենալ։ Ասում է՝ ՌԴ-ն գերտերություն է, որին պետք է հարգանքով, ակնածանքով վերաբերվել։
«Ես այդպես էլ վերաբերվում եմ ինչպես Ռուսաստանին, այնպես էլ ՌԴ նախագահին և կառավարության ղեկավարին»,- արձանագրել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Հայաստանի ԱԳ նախարարի պատասխանը Շոյգուին