«Տեղեկատվական ռումբ»․ ՀՀ դեմ ՌԴ հիբրիդային արշավների մասին գաղտնի փաստաթղթեր են արտահոսել
ՌԴ գաղտնի փաստաթղթեր․ ՀՀ վրա հիբրիդային հարձակում
Կրեմլը հիբրիդային արշավներ է պլանավորել և իրականացրել Հայաստանում և մի շարք եվրոպական երկրներում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Նորվեգիայում, Մոլդովայում, Ուկրաինայում և այլուր։ Հայաստանյան «Փաստերի ստուգման հարթակի» տրամադրության տակ է հայտնվել այդ մասին վկայող գաղտնի փաստաթղթերի մեծ փաթեթ։
Ամենայն հավանականությամբ, փաստաթղթերի արտահոսքը հաքերային հարձակման արդյունք է։ Դրանցում տեղ են գտել Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի դե ֆակտո ենթակայությամբ գործող «Սոցիալական դիզայնի գործակալության» փաստաթղթեր, նամակագրություններ, էկրանակադրեր և այլ նյութեր։
Բացահայտվել են Հայաստանը թիրախավորող մի շարք նախագծեր։ Բացի այդ, արտահոսած փաստաթղթերում տեղ են գտել նաև հաշվետվություններ, որոնցում ներկայացված են «հաջողված օպերացիաների» արդյունքները։
Այս գործողություններին ուղղվել են ահռելի ֆինանսական միջոցներ։ Այդ մասին են վկայում Իսրայելում ու Եգիպտոսում տարբեր «հետազոտական» կենտրոնների ստեղծման և դրանց ծառայությունների վճարման նախահաշիվները։
«Իսրայելում այդպիսի կենտրոնի ծախսերը հաշվարկվել են ամսական 1,5 միլիոն ռուբլի ընթացիկ ծախսերի համար, ևս 3 միլիոն ռուբլի բովանդակության տարածման ու ինֆլուենսերների վարձատրության համար։ Եգիպտոսում «Հակագլոբալիզմի» ինստիտուտի գործունեությունն ամսական 5 միլիոն ռուբլի է գնահատվում»,- ասված է հրապարակման մեջ։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյան այս բացահայտումը որակել է «տեղեկատվական ռումբ» և արձանագրել․ «Սերգեյ Կիրիենկոն երբեք այդքան «մերկ» չի եղել»։ Իրավապաշտպանը նշել է, որ բացահայտումներն իրեն չեն զարմացնում, նախկինում էլ գիտեր այդ մասին, պարզապես հիմա «կա ապացուցող փաստ»։
«Կարծում եմ՝ սա դիվանագիտական ուղիներով պարզաբանման կարիք ունի, հարկավոր է կանչել ՌԴ դեսպանին ԱԳՆ ու բացատրություններ պահանջել»,- ֆեյսբուքյան էջում գրել է Իոաննիսյանը։
Այս պահին հայտնի մանրամասները, նաև մեկնաբանություններ սոցցանցերից
- «Հունիսի 7-ին էլի հեղափոխություն է լինելու»․ Փաշինյանը՝ ընտրությունների մասին
- Հայաստանի քաղաքական ուժերը մինչ քարոզարշավի մեկնարկն արդեն մեծ գումարներ են ուղղել Meta-ում գովազդին
- «ՌԴ-ն պատրաստվում է հետընտրական խժդժություններ կազմակերպել Հայաստանում»․ կարծիք
- «Սամվել Կարապետյանի օգտին ֆեյքերի բանակ է աշխատում»․ ուսումնասիրություն
Ի՞նչ է հայտնի դարձել FIP-ին
«Փաստերի ստուգման հարթակը» ստացել է փաստաթղթեր, որոնք վկայում են եվրոպական երկրներում, այդ թվում՝ ՀՀ-ում ռուսաստանյան շրջանակների քաղաքական և տեղեկատվական ազդեցության համակարգված գործողությունների մասին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի դե ֆակտո ենթակայությամբ գործող «Սոցիալական դիզայնի գործակալության» կողմից արդեն իսկ իրականացված և նախատեսվող տեղեկատվական արշավների մասին է․
«Գործիքակազմի շարքում են doppelgänger կայքերի ստեղծումը, կեղծ լուրերի տարածումը, հողի վրա ակցիաների, սաբոտաժային ու այլ գործողությունների կազմակերպումը, ցանկալի կարծիք տարածող փորձագետների ու կարծիքի առաջատարների ներգրավումը և այլն»։
Արտահոսած փաստաթղթերում առկա են տեղեկատվական արշավների սխեմաներ, պլանավորման նյութեր, հաշվետվություններ։
Գործողություններ են արվել, մասնավորապես՝ Հայաստանի դեմ զայրույթ գեներացնելու, վարչապետ Փաշինյանին հեղինակազրկելու ուղղություններով։
Կրեմլի ենթակայությամբ աշխատող գործակալությունը միևնույն գործիքակազմը կիրառել է Եվրամիության և հարակից տարածաշրջանների երկրներում։
Բազմաթիվ օպերացիաներ պլանավորվել և իրականացվել են կեղծ դրոշների օգտագործմամբ։
«Օրինակ՝ Հայաստանի դեմ որոշ օպերացիաներ արվել են այնպես, որ տպավորություն ստեղծվի, թե այն Թուրքիայից է համակարգվել»,- ասված է հրապարակման մեջ։
Գործողություններում ներգրավված անձինք օգտագործել են կեղծանուններ, որոնք հեշտությամբ նույնականացվում են Սերգել Վլադլենի Կիրիենկոյի (СВК), ինչպես նաև նույն աշխատակազմում Սոֆյա Ավրաամի Զախարովայի (կեղծանունը՝ Kristin Kiler) անունների հետ։
«Նամակագրություններում հստակ երևում է, որ աշխատակիցները զեկուցում են Kristin Killer մականունով հանդես եկող Սոֆյա Զախարովային (իրեն հենց Սոֆյա էլ կոչում են), որը, երբեմն, նշում է, որ որոշ ֆինանսական հարցեր պետք է համաձայնեցնի Կիրիենկոյի հետ (նամակներում СВК)»․- հայտնել է FIP-ը։
«Մարսելի» և մյուս օպերացիաները․ թիրախավորելով Հայաստանը
Սերգեյ Կիրիենկոյի ենթակայությամբ գործող «Սոցիալական դիզայնի գործակալության» իրականացրած արշավների շարքում հայ հանրությանը ամենահայտնին, այսպես կոչված, «Մարսելի» օպերացիան է:
2025 թ․-ի հունիսին ֆրանսալեզու infofrancaisedujour.fr կայքում հրապարակվել էր հոդված, որում նշվում էր, թե, իբր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարսելում «շքեղ առանձնատուն» է գնել 3.1 մլն եվրոյով։ Այն լայն տարածում էր գտել հայաստանյան կայքերում և սոցցանցերում։
FIP-ը պարզել էր՝ կայքն անհայտ ծագում ունի․ ֆրանսիական դոմեյնով ու ֆրանսերենով կայքի փրովայդերը գտնվում է ԱՄՆ-ում, իսկ նյութը փաստահեն չէ, հիմնված է ենթադրությունների վրա։ Հոդվածը հրապարակած կայքն ավելի ուշ փակվել էր։
Մասնավորապես՝ Սոֆյա Զախարովային ուղղված նամակներից մեկում Edward Bernays ծածկանունով անձը տեղեկացնում է, թե «Հայաստանի մասով կա հաջողություն», և որ «կոռուպցիոն սկանդալի մասին պատմությունը տարել են հայաստանյան ԶԼՄ-ներն ու կարծիքի առաջատարները»։
Նամակագրության մեջ նշվում է, որ հաջողվել է ներքին քաղաքական առճակատում հրահրել իշխանության և ընդդիմության միջև, ներկայացվում է նաև «հաջողված օպերացիայի» ամբողջական հաշվետվությունը։ Դրա մեջ տեղ են գտել՝
- հայաստանյան այն ԶԼՄ-ները և սոցիալական մեդիայի էջերը, որոնք արտատպել են կեղծ հոդվածը,
- ֆեյսբուքյան մեկնաբանությունների էկրանակադրեր, որոնցում երևում է գեներացված ատելության խոսքը։
«Զեկույցում երևում է, որ նյութի տարածմանը նպաստել են 17 գործակալներ, այն ունեցել է մոտ 10,6 միլիոն դիտում, իսկ դրա հերքումը՝ մոտ 1,1 միլիոն»։
Արտահոսած մի քանի փաստաթղթերից պարզ է դառնում, որ գործակալությանն է պատկանում ռուսալեզու «Երևան1» կայքը։ Նշվում է նաև, որ առցանց ռեսուրսի հիմնական խնդիրն է ՌԴ հայ համայնքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորումը։
Պատահական չէ, որ այս ռեսուրսում պարբերաբար հրապարակվում են ՀՀ իշխանություններին թիրախավորող հոդվածներ։
«Օրինակ՝ արտահոսած ֆայլերում առկա է Նիկոլ Փաշինյանի քաղաքական ապագայի մասին աստղագուշակի վերլուծության տեքստը, որը 2026 թ․-ի մայիսին հրապարակվել է կայքում»,- նկատել է FIP-ը։
Բացահայտվել են Հայաստանը թիրախավորող մի շարք նախագծեր, մասնավորապես՝ Կիրիենկոյի գլխավորած գործակալությունը՝
- մշակել է«Ինքնալրացվող գիտելիքների բազա-Հայաստան» նախագիծը- նպատակը Wikipedia-ում ավելի քան 50,000 կլոն կայքերի ստեղծումն է,
- իրականացրել է SEO օպտիմալացում, որպեսզի առանձին կայքի, էջի բովանդակությունն ավելի բարձր դիրքերում հայտնվի որոնողական համակարգերում— նպատակն է այնպես անել, որ ChatGPT-ի նման արհեստական բանականությունները քաղաքական գործիչների մասին հարցեր ստանալիս պատմեն այն, ինչ ձեռնտու է Կրեմլին,
- գործարկել է «համահայկական մեդիա հարթակ»- թիրախավորում է ԱՄՆ-ի, Լիբանանի, Իրանի, Ֆրանսիայի և այլ երկրների հայկական համայնքները՝ քարոզելով ՌԴ հետ դաշնակցային հարաբերություններ, Արևմուտքից «եկող վտանգներ», ինչպես նաև թիրախավորում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։
«Արշավները համակարգվում են ՌԴ նախագահի աշխատակազմից»
«Փաստերի ստուգման հարթակի» փոխանցմամբ՝ արտահոսած փաստաթղթերը վկայում են, որ ավելի քան մեկ տարի առաջ ՀՀ-ի նկատմամբ ինտենսիվացած և հսկայական ծավալների հասած «ապատեղեկատվական արշավները, հիբրիդային հարձակման տարատեսակ գործողությունները՝
- նախապես և մանրակրկտորեն մշակված մեծ ռազմավարության մաս են,
- համակարգվում են մեկ կենտրոնից՝ ՌԴ նախագահի աշխատակազմից»։
Նշվում է, որ բացահայտված հիբրիդային գործիքները, մեդիառեսուրսներն ու նախագծերը միտված են Հայաստանում ներքին քաղաքական կյանքի միջամտությանը, ապակայունացմանը։
Ըստ հրապարակման՝ դրանք ամենօրյա և շոշափելի ազդեցություն են ունենում ՀՀ տեղեկատվական տիրույթի ու հանրային կյանքի վրա։
Մեկնաբանություններ սոցցանցերից
Հայ օգտատերերն ակտիվորեն քննարկում են թեման։ Ստորև ներկայացնում ենք մի քանի կարծիք՝
«Իսկ ո՞վ է կասկածում Ռուսաստանի նման գործելաոճին։ 24/7 ռեժիմով ապատեղեկատվություն է տարածում»։
«Կլինի՞ ԵՄ թղթեր արտահոսեցնեք ու իրենց հիբրիդից խոսեք»։
«ԵՄ-ն չհամեմատեք շովինիստ, ֆաշիստական Ռուսաստանի հետ, որտեղ չկա խոսքի ազատություն»։
«Հայ ազգ, լսեք, իրազեկվեք, միևնույն ժամանակ սթափվեք, կանգնեք պետականության և խաղաղության հիմքերում։ Անգամ եթե չեք սիրում Նիկոլին, սիրեք հայրենիքը, սիրեք ձեր զավակների խաղաղ ապագան»։
«Էդ տեղեկությունը մեր ընդիմադիր զանգվածի աչքը պիտի մտցնել, որ աչքերը լայն բացվեն ու դիտելուց հետո մի փոքր մարդ մնան, այլ ոչ թե մտնեն ռուսի հետույքը ու կզած, խոնարհ հարսի պես իրենց պահեն»։
«Աշխարհի ամենանենգ ու հրեշավոր երկիրն է, դրանից պետք է օր առաջ պոկվել ու հեռանալ»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՌԴ գաղտնի փաստաթղթեր․ ՀՀ վրա հիբրիդային հարձակում