«Մենք ավելի լավ գիտենք՝ երբ է որոշում կայացնելու պահը»․ Փաշինյանը՝ Պուտինին
ԵՄ թե՞ ԵԱՏՄ․ Փաշինյանն արձագանքել է Պուտինին
«Եթե մենք գնահատենք, որ մեր որոշում կայացնելու պահը հասունացել է, չենք սպասի, որ ուրիշները մեզ ասեն, որովհետև դա, ի վերջո, մեր որոշումն է։ Մենք ավելի լավ գիտենք՝ երբ է որոշում կայացնելու պահը»,- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես է արձագանքել ՌԴ նախագահ Պուտինին։
Երկու օր առաջ Վլադիմիր Պուտինն անդրադարձել էր Եվրամիությանը միանալու Հայաստանի ծրագրերին։ Ըստ նրա՝ ԵԱՏՄ-ԵՄ հարցում ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև երկրի գլխավոր տնտեսական գործընկերոջ՝ ՌԴ նկատմամբ ճիշտ կլիներ «հնարավորինս շուտ կողմնորոշվելը»։
«Դա մեր գործը չէ, բայց սկզբունքորեն տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնելը և ՀՀ քաղաքացիներին հարցնելը, թե ինչպիսի՞ն կլինի նրանց ընտրությունը։ Դրան համապատասխան մենք կանեինք հետևություններ և կգնայինք փափուկ, ինտելիգենտ և փոխշահավետ «ամուսնալուծության» ճանապարհով»,- հայտարարել էր Ռուսաստանի նախագահը։
Վարչապետ Փաշինյանը համաձայն չէ «ապահարզան» ձևակերպման հետ։ Պուտինի կոշտ հայտարարությանն ի պատասխան՝ հայտարարել է՝ Երևանը «չի ներքաշվելու վիճաբանության, լեզվակռվի մեջ»։
«Մենք բոլոր հարցերը քննարկելու ենք աշխատանքային պայմաններում, առանց լրացուցիչ նյարդի, բարեկամության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում»,- հայտարարել է Փաշինյանը։
ՀՀ և ՌԴ ղեկավարների հեռակա բանավեճի կարևոր դրվագները՝ հակիրճ
- Փաշինյան-Պուտին հանդիպում Մոսկվայում. այց ցավոտ հարցերի քննարկման համար
- «ՀՀ անվտանգության երաշխավորը մեզ առաջնորդել է դեպի սպանդանոց»․ Նիկոլ Փաշինյան
- «ՌԴ-ն փորձում է տասնյակ հազարավոր ընտրողներ ուղարկել Հայաստան»․ քննարկումներ Երևանում
- «Գլուխը պատին է տվել»․ ՀՀ-ում քննարկում են «միութենական պետության» առաջարկը
Փաշինյանի արձագանքը․ «Ռուսաստանի շահերին վնասելու նպատակ չունենք»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է՝ Երևանը որդեգրել է բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն։ Անդրադառնալով ԵԱՏՄ և ԵՄ միջև ընտրություն կատարելու հարցին՝ պնդել է՝ հայկական կողմն օրակարգում չի դնելու նման հարց մինչև այն պահը, երբ «ընտրություն կատարելու անհրաժեշտություն լինի»․
«Ես Ազգային ժողովում էլ եմ առիթ ունեցել ասելու, որ մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ: Հայաստանը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ»։
Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, լիարժեք մասնակցում է բոլոր որոշումների կայացմանը: Խոսելով հանրաքվեի անցկացման հնարավորության մասին՝ նկատել է՝ «կանենք հանրաքվե, երբ դրա անհրաժեշտությունը լինի։
Վստահեցրել է՝ ՀՀ-ն չի ունեցել, չունի և չի էլ ունենալու Ռուսաստանի շահերին վնասելու նպատակ։
«Շարունակելու ենք առաջնորդվել ՀՀ պետական շահերով ու շարունակելու ենք խորացնել, զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ այն ըմբռնմամբ, որ անխուսափելի տրանսֆորմացիա է տեղի ունենում այդ հարաբերություններում», — շեշտել է երկրի ղեկավարը։
Միևնույն ժամանակ նկատել է՝ ՀՀ-ն ընթանալու է Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու և ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու ճանապարհով։
«Փաստն այն է, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք։ Փաստն այն է, որ մենք ընդունել ենք ԵՄ-ին անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենք։ Եվ փաստն այն է, որ այդ երկու փաստերն իրար հետ համատեղ գոյություն ունեն։ Դա նշանակում է, որ այդ երկու փաստերը իրար հետ համատեղ կարող են գոյություն ունենալ։ Երեկ էլ գոյություն ունեին, այսօր էլ»,- ասել է Փաշինյանն ու հավելել՝ բոլոր հարցերը ռուս գործընկերների հետ կքննարկեն և կպարզաբանեն, սակայն «առանց նյարդի»։
«Կսատարենք հայ ժողովրդի համար շահավետ որոշումներին»․ Պուտին
Շաբաթ օրը լրագրողների հարցերին պատասխանելիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանին և ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք արձանագրումներ է արել։ Մասնավորապես՝ նշել է․
- «Ինչ վերաբերում է Եվրամիությանը միանալու Հայաստանի պլաններին, դա, իհարկե, հատուկ ուսումնասիրություն է պահանջում»։
- «Ես նրան [Փաշինյանին] մի քանի անգամ ասել եմ և հիմա էլ կարող եմ հրապարակային ասել, որ մենք կաջակցենք այն ամենին, ինչը շահավետ կլինի հայ ժողովրդի համար»։
- «Իհարկե, մենք պետք է հաշվի առնենք որոշ հանգամանքներ, որոնք կարևոր են և՛ մեզ համար, և՛ մեր գործընկերների համար։ Ի՞նչ նկատի ունեմ։ Օրինակ՝ Հայաստանի հետ մեր առևտրաշրջանառությունը, իհարկե, հիմա նվազել է, բայց ամեն դեպքում 2025 թ․-ին 7 միլիարդ դոլար է կազմել։ Եթե հաշվի առնենք, որ երկրի ՀՆԱ-ն 29 միլիարդ դոլար է, ապա սա լուրջ մեծություն է»։
- «Հայաստանը նշանակալի առավելություններ է ստանում ԵԱՏՄ շրջանակներում։ Դա վերաբերում է գյուղատնտեսությանը, մշակող արդյունաբերությանը, մաքսային և այլ տուրքերին, միգրացիոն ոլորտին և այդպես շարունակ»։
Այս համատեքստում ՌԴ նախագահը հիշատակել է Ուկրաինային և ժամանակին Կիևի հետ «բաց և ազատ առևտուր» ունենալու հանգամանքը։ Պուտինն ուղիղ խոսել է այն մասին, որ ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի փորձերն են «հանգեցրել պետական հեղաշրջման, ղրիմյան պատմությանը, Ուկրաինայի հարավ-արևելքի իրավիճակին, ռազմական գործողությունների»։
«Սա լուրջ հարց է, դրա համար պետք չէ ծայրահեղության հասցնել, պետք է ժամանակին ասել, որ մենք այսպես ենք անելու կամ այնպես ենք անելու։ Այստեղ յուրահատուկ բան չկա, պետք է ամեն ինչ հաշվարկել։ Ե՛վ հայկական կողմը պետք է հաշվարկի, և՛ մենք հաշվարկենք»,- շեշտել է Պուտինը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ԵՄ թե՞ ԵԱՏՄ․ Փաշինյանն արձագանքել է Պուտինին