Վրացական եկեղեցին պատրիարք է ընտրում. Մոսկվայի ստվերն ու իշխանության համար պայքարը
Վրացական եկեղեցին պատրիարք է ընտրում

Վրաստանի նոր կաթողիկոս-պատրիարքի ընտրության գործընթացը մտնում է վճռորոշ փուլ: Սուրբ Սինոդի ընդլայնված կազմով նիստը տեղի կունենա մայիսի 11-ին: Այդ օրը կընտրվի պատրիարքը կամ էլ կլինի երկրորդ փուլ։
Սինոդի առաջին նիստից հետո պարզ դարձավ, որ պատրիարքական աթոռի տեղապահ, մետրոպոլիտ Շիո Մուջիրին առաջատար թեկնածուն է: Սակայն նրա առաջատարությունը միաժամանակ ամուր է և չափազանց փխրուն։
Արտաքինից այս գործընթացը կարող է թվալ եկեղեցական ներքին ծես. հոգևորականները հավաքվում են, քվեարկում և ընտրում թեկնածուներից մեկին: Իրականում դրա նշանակությունը շատ ավելի խորն է, քան Իլիա II-ի իրավահաջորդի հարցը: Խոսքը վերաբերում է երկրի ամենաազդեցիկ հաստատության ապագային՝ արդյո՞ք այն կդառնա ավելի փակ և իշխանության հետ փոխկապակցված, թե՞ կպահպանի ներքին լավարկման ներուժի հնարավորությունը։
Փորձագետների կարծիքով՝ Մոսկվան նույնպես ուշադիր հետևում է այս պայքարին։
Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ը, որը գրեթե կես դար երկրի հոգևոր առաջնորդն էր, մահացել է մարտի 17-ին։ Մի քանի օր Թբիլիսիի պատմական կենտրոնը վերածվել էր ազգային սգավայրի։ Սամեբա տաճարը, որտեղ կարելի էր հրաժեշտ տալ պատրիարքին, լեփ-լեցուն էր նույնիսկ գիշերը։ Մարդիկ գալիս էին այստեղ նույնիսկ մանկահասակ երեխաների հետ։ Հուղարկավորության օրը մայրաքաղաքում երթևեկությունը մասամբ սահմանափակվել էր։

Սակայն սուգը գրեթե անմիջապես վերածվեց քաղաքական իրադարձության: Իշխանություններն ակտիվորեն մասնակցեցին հուղարկավորության կազմակերպմանը. նրանք վերահսկեցին մուտքը, ձևավորեցին սգի հանրային կերպարը և փաստացի՝ նաև դրա պաշտոնական նարատիվը: Հուղարկավորության օրը տեղապահ Շիոն Սիոնի տաճարում անձամբ Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսին ներկայացրեց «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին:

Այս օրերը ցույց տվեցին, որ Իլիա II-ի մահը միայն եկեղեցու ներքին իրադարձություն չէր։ Ամբողջ քաղաքական և հասարակական համակարգը ներգրավվել էր գործընթացում։
Շիո Մուջիրին կդառնա՞ նոր պատրիարք
Ապրիլի 28-ին Սուրբ Սինոդը ընտրեց երեք թեկնածուների, որոնցից մեկը, հավանաբար, կդառնա Վրաց ուղղափառ եկեղեցու նոր պատրիարքը։ Քվեարկությունը գաղտնի էր։

Սինոդի 39 անդամների ձայները բաշխվեցին հետևյալ կերպ. պատրիարքական աթոռի տեղապահ, Սենակիի և Չխորոծկուսի մետրոպոլիտ Շիո Մուջիրին ստացավ 20 ձայն, Մրովելի-Ուրբնիսիի մետրոպոլիտ Հոբ Ակիաշվիլին և Փոթիի և Խոբիի մետրոպոլիտ Գրիգոլ Բերբիչաշվիլին ստացան 7-ական ձայն։ Մնացած ձայները բաշխվեցին մյուս թեկնածուների միջև։
Փաստացի սա Շիոյի հաղթանակն է։ Պատրիարք ընտրելու համար անհրաժեշտ է առնվազն 20 ձայն, և նա ստացել է հենց այդ նվազագույնը։ Սակայն հենց դա էլ նրա դիրքերը խոցելի է դարձնում. Սինոդի գրեթե կեսը չի աջակցել նրան։ Բավական է կորցնել մեկ ձայն, և մեծամասնության աջակցությունն այլևս չի լինի։
Աստվածաբան Միրիան Գամրեքելաշվիլին կարծում է, որ Շիոյի շուրջ լայնածավալ արշավը ստեղծել է նրա անխուսափելի հաղթանակի տպավորություն։ Սակայն Սինոդի ներսում, ըստ նրա, իրավիճակն ավելի բարդ է։
«Մեկ կորցրած ձայնը կարող է նշանակել ոչ միայն մեկ ձայնի կորուստ, այլև այն, որ չկողմնորոշված եպիսկոպոսները կհետևեն այդ շարժմանը։ Դա կարող է սողանք ձևավորել», — ասում է Գամրեքելաշվիլին։
Նրա խոսքով՝ Շիոյի առաջխաղացման համար զգալի միջոցներ են ծախսվել. ստեղծվել են սոցիալական ցանցերի հաշիվներ, տեղադրվել են բոտեր և չատեր, տարածվել են նրան աջակցող տեսանյութեր և այլն: Նման արշավը պարտադիր չէ, որ անմիջականորեն ազդի եպիսկոպոսների ընտրության վրա, բայց այն ձևավորում է հանրային տրամադրություններ։
Գամրեքելաշվիլիի կարծիքով՝ շատ ավելի կարևոր են այլ գործոններ՝ անհատական բանակցությունները, խոստումները, վախերը, տեղեկատվությունը, որոնք տարիներ շարունակ կուտակվել են եկեղեցու ներսում․
«Մետրոպոլիտ Շիոն և նրա թիմը որոշակի փորձ են կուտակել, հավաքել են տեղեկատվություն, ուսումնասիրել են այս մարդկանց և հասկացել, թե ում ինչ խոստանալ և ում ինչպես սպառնալ: Օրինակ՝ եթե ես գամ, և դուք իմ կողմնակիցների շարքում չլինեք, ես ձեզ հետ կանեմ այս կամ այն գործողությունը, կտեղափոխեմ ձեզ այստեղ կամ այնտեղ, կմեղադրեմ ձեզ ինչ-որ բանի մեջ: Կարող են լինել բազմաթիվ տարբերակներ»:
«Ամենավստահելի ինստիտուտը». ի՞նչ դեր ունի եկեղեցին Վրաստանում
Հետխորհրդային տարածքում քիչ երկրներ կան, որտեղ եկեղեցին վայելում է ավելի մեծ վստահություն, քան որևէ պետական հաստատություն։ Վրաստանը ամենացայտուն օրինակներից մեկն է։
Երկրի բնակչության 83 տոկոսն իրեն համարում է ուղղափառ քրիստոնյա։ Սակայն Վրաց ուղղափառ եկեղեցին ավելին է, քան պարզապես հոգևոր իշխանություն։ Այն երկրի ամենահարուստ և ամենակազմակերպված կառույցներից մեկն է։ Պետությունը տարեկան եկեղեցուն է հատկացնում մոտ 25 միլիոն լարի։ Պատրիարքարանը տիրապետում է ավելի քան 62 քառակուսի կիլոմետր հողատարածքի, որը համեմատելի է Բաթումիի տարածքի հետ։ Սինոդի 39 անդամներից ավելի քան 30-ը կապ ունեն բիզնեսի հետ և տիրապետում են զգալի սեփականության։
Գրեթե հինգ տասնամյակ այս ողջ իշխանությունն ու ազդեցությունը գտնվում էր մեկ մարդու ձեռքում։
Իլիա II-ը կաթողիկոս-պատրիարք դարձավ 1977 թվականին՝ խորհրդային ժամանակաշրջանում, երբ կրոնը պաշտոնապես հետապնդման էր ենթարկվում։ Նա եկեղեցին դուրս բերեց հասարակական կյանքի լուսանցքից՝ այն դարձնելով ազգային ինքնության մաս, իսկ Վրաստանի անկախության վերականգնումից հետո նա դարձավ այն կերպարը, որին ճգնաժամային իրավիճակներում վստահում էին տարբեր կողմեր։
Նա առաջնորդեց եկեղեցին պատերազմների, հեղաշրջումների և փողոցային բախումների ընթացքում։ Նրա խոսքը ծանրակշիռ էր։
Այժմ այդ տեղը թափուր է։
Երեք թեկնածու՝ ապագայի երեք մոդել
Քվեարկությունից առաջ տեղի ունեցավ նշանակալի միջադեպ՝ ընտրություններին մասնակցել արգելեցին երկու պոտենցիալ թեկնածուների՝ մետրոպոլիտ Դանիելին՝ տարիքի պատճառով (նա 70-ն անց է), և մետրոպոլիտ Եսայիին՝ «բարձրագույն հոգևոր կրթություն» չունենալու պատճառով։
Այս որոշումը քննադատեցին տարբեր եկեղեցական և փորձագիտական խմբերի ներկայացուցիչներ։ Աստվածաբան Բեկա Մինդիաշվիլին կարծում է, որ «բարձրագույն հոգևոր կրթություն» հասկացությունը կարող էր մեկնաբանվել ավելի լայնորեն՝ ներառելով վանական, հովվական և եպիսկոպոսական փորձառությունը։
Այս որոշումը նպաստավոր էր տեղապահի քարոզարշավի համար։ Մետրոպոլիտ Դանիելը համարվում էր ուժեղ մրցակից։ Նրա թեկնածության բացառումից հետո նրա ձայների մի մասը, հավանաբար, անցավ Շիոյին։
Սինոդի կողմից ընտրված երեք թեկնածուները ներկայացնում են Վրաց եկեղեցու ապագայի վերաբերյալ տարբեր տեսլականներ։
Շիո Մուջիրի՝ համակարգի իրավահաջորդը

Ինը տարի է, ինչ 57-ամյա մետրոպոլիտ Շիո Մուջիրին համարվում է Իլյա II-ի պաշտոնական իրավահաջորդը: Նրա կենսագրությունը մեծապես բացատրում է, թե ինչու է նրա թեկնածությունն այդքան շատ վիճաբանությունների տեղիք տալիս։
Նա ծնվել է Թբիլիսիում, կրթություն է ստացել կոնսերվատորիայում՝ որպես թավջութակահար, վանական ուխտ է տվել Շիոմղվիմե վանքում, ապա երկար ժամանակ անցկացրել է Մոսկվայում: Այնտեղ նա ծառայել է որպես վրացական համայնքի եկեղեցու ղեկավար, կրթություն է ստացել Ռուս ուղղափառ եկեղեցու կառույցներում։
«Մետրոպոլիտ Շիոն հաճախ կրկնում է ռուսական պահպանողական նարատիվների դրույթները: Եթե լսեք նրա քարոզների շարքը կանանց դերի մասին և համեմատեք դրանք ռուսական եկեղեցում տեղի ունեցողի հետ, կտեսնեք, որ դրանք փաստացի նույնական են»,- ասում է Միրիան Գամրեքելաշվիլին։
Հատկապես ուշագրավ է 2017 թվականի մի դրվագ: Շիոյի տեղապահ նշանակվելուց կարճ ժամանակ առաջ Վրաստան էր այցելել մետրոպոլիտ Իլարիոն Ալֆեևը, ով այն ժամանակ պատրիարք Կիրիլի աջ ձեռքն էր և Ռուս ուղղափառ եկեղեցու արտաքին գործերի փաստացի ղեկավարը։ Այս այցի և Շիոյի նշանակման միջև կապը մնում է ենթադրությունների դաշտում, իսկ Պատրիարքարանը կտրականապես հերքում է դա։
Ավելի ուշ ինքը՝ Ալֆեևը, հայտնվեց դժվարին իրավիճակում. 2022 թվականին նրան հեռացրին պաշտոնից, իսկ 2024 թվականին՝ ունեցվածքի և շանտաժի հետ կապված սկանդալի ֆոնին, նա ժամանակավորապես հեռացվեց Բուդապեշտի թեմի առաջնորդի պաշտոնից։
Կա ևս մեկ միջադեպ։ 2023 թվականին տեղապահի արյան մեջ «ծանր մետաղներ» հայտնաբերվեցին։ Հարուցվեց քրեական գործ՝ կանխամտածված սպանության փորձի մեղադրանքով։ Հետաքննությունը մինչ օրս շարունակվում է։
Շիոյի կողմնակիցների համար նրա ստացած 20 ձայնը ուժի ցուցիչ է, քննադատների համար՝ փխրունության նշան։
«Սինոդի գրեթե կեսը չի աջակցում տեղապահին։ Սա փխրուն մեծամասնություն է»,- ասում է Tabula առցանց պարբերականի խմբագիր, կրոնական հարցերով վերլուծաբան Լևան Սուտիձեն։
Գրիգոլ Բերբիչաշվիլի. ռեֆորմիստական այլընտրանք

Փոթիի և Խոբիի մետրոպոլիտ Գրիգոլը ստացել է յոթ ձայն։ Աստվածաբանները համարում են, որ երեք թեկնածուներից ամենաշատը նա է հակված բարեփոխումներին։
Նրա հիմնական ուղերձներից մեկը շատ հստակ է՝ վրացական եկեղեցին չպետք է հայտնվի Ռուսաստանի ուղեծրում։
Այս հարցը հատկապես կարևոր է 2019 թվականից հետո, երբ Ռուս ուղղափառ եկեղեցու ու Կոստանդնուպոլսի և Հունաստանի եկեղեցու միջև պառակտում սկսվեց։ Դա տեղի ունեցավ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու ավտոկեֆալիայի ճանաչման հարցի շուրջ։ Վրացական եկեղեցին դեռևս պահպանում է զգուշավոր դիրքորոշում և չի ճանաչում ուկրաինական ավտոկեֆալիան (ուղղափառության մեջ մի տեղական եկեղեցու անկախությունը մյուսից)։
Գամրեքելաշվիլին բացահայտ ռիսկ է տեսնում այստեղ: Ասում է՝ եթե Ռուսաստանը պաշտոնականացնի այս պառակտումը, կփորձի Վրաստանն էլ ներքաշել իր մեկուսացված կարգավիճակի մեջ։
«Պատկերացրեք, եթե դա տեղի ունենա, և վրացական եկեղեցին կանգնի նման ընտրության առաջ, իսկ մեր պատրիարքը բավարար չափով ուժեղ չլինի և ենթարկվի Ռուսաստանի կամքին։ Մեր 1700-ամյա ավանդույթը կարող է կորսվել գրչի մեկ հարվածով»,- ասում է նա։
Գրիգոլը խոսում է նաև եկեղեցու համար սոցիալական դոկտրին ստեղծելու անհրաժեշտության մասին՝ մի փաստաթուղթ, որը կուրվագծի ժամանակակից մարտահրավերների հետ կապված նրա դիրքորոշումները՝ արհեստական բանականությունից մինչև ընտանիք։
Հոբ Ակիաշվիլի. ազգայնական պահպանողականություն

Մետրոպոլիտ Հոբը, որը նույնպես ստացել է յոթ ձայն, ներկայացնում է պահպանողականության այլ տեսակ։ Նրա քարոզարշավի ուղերձը միջնադարյան մոդելի վերականգնումն է և «օծյալ թագավորի» խորհրդանշական ինստիտուտի վերադարձը։
Նախկինում Հոբն աջակցում էր «Վրացական երազանք» կուսակցությանը, սակայն 2019 թ.-ի փողոցային բռնություններից հետո նա քննադատեց կառավարությանը և փաստացի փակեց դեպի իշխող կուսակցության հետ դաշինքի ստեղծում տանող ճանապարհը։
Նրա ուղղությունն արևմտյան լիբերալիզմը չէ, բայց և պարտադիր չէ, որ նա ռուսական եկեղեցական նախագծին հարի։ Դա ազգայնական ավտորիտարիզմն է, որը հիմնված է եկեղեցու վրա։
Գամրեքելաշվիլիի գնահատմամբ՝ «Հոբի պահպանողականությունը հիմնված է ազգայնական, այլ ոչ թե ռուսական նարատիվի վրա»։
Կառավարությունը վստահեցնում է, թե չի միջամտում գործընթացին, սակայն պատկերն ավելի բարդ է
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պաշտոնապես հայտարարում է, որ չի միջամտում եկեղեցու գործերին: Գործնականում այս պնդումը գնալով ավելի ոչ համոզիչ է թվում։
Մարտի 28-ին՝ պատրիարքի մահից տասը օր անց, վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ իշխանություններին անհրաժեշտ է «հակարշավ»՝ «եկեղեցու դեմ արշավը» դադարեցնելու համար: Նա ընդդիմությանը, լրատվամիջոցներին և ոչ կառավարական կազմակերպություններին անվանեց դրա կազմակերպիչներ։
«Սրանք առանձին քաղաքական գործիչներ չէին, այլ ամբողջ սպեկտրը՝ կուսակցություններ, լրատվամիջոցներ և հասարակական կազմակերպություններ: Բոլորը ներգրավված էին եկեղեցու դեմ արշավում: Այս արշավը դանդաղեցնելու և դադարեցնելու համար հսկայական ջանքեր պահանջվեցին»,- ասաց Կոբախիձեն։
Իշխանությունների ջանքերն իսկապես նկատելի էին: Սուրբ Սինոդի քվեարկությունից առաջ «Վրացական երազանքի» քարոզիչներից Գիորգի Գաչեչիլաձեն հրապարակավ պահանջեց, որ բոլոր եպիսկոպոսները հանեն իրենց թեկնածությունները՝ ի օգուտ Շիոյի: Նա «դավաճաններ» անվանեց նրանց, ովքեր հրաժարվեցին դա անել։
Ըստ Գամրեքելաշվիլիի՝ նման ճնշումը կարող է լինել ոչ պակաս արդյունավետ, քան ուղիղ հրահանգները․
«Անցնող տարիների ընթացքում «Վրացական երազանքը» հոգևորականներին հստակ հասկացրել է, թե ինչի է ընդունակ։ Իշխանությունները ցույց են տվել՝ մենք նույնիսկ պատրիարքին չենք խնայի, արդեն փորձել ենք նրան հեղինակազրկել։ Հիմա պատկերացրեք, թե ինչ կլինի ձեզ հետ, եթե նկատենք, որ դուք չեք անում այն, ինչ մենք ենք ուզում»։
Ռուսական գործոնը ստվերում է պատրիարքական ընտրությունները
Ռուսական գործոնը նոր պատրիարքի ընտրության գործում ամենազգայուն և միևնույն ժամանակ ամենադժվար ապացուցելի թեմաներից մեկն է։
Փաստացի չկան ուղղակի ապացույցներ այն մասին, թե ինչպես է Մոսկվան ազդում և ում վրա։ Սակայն կա համատեքստ, կենսագրություններ, հայտարարություններ, եկեղեցական դիվանագիտություն և պատմական հիշողություն։ Սրանք են, որ ռուսական հարցը դարձնում են այս գործընթացի վրա ընկնող հիմնական ստվերներից մեկը։
Հարցը միայն այն չէ, թե արդյոք Ռուսաստանն ունի «իր սեփական» թեկնածուն։ Այն ավելի լայն է՝ ինչպիսի՞ն կլինի վրացական եկեղեցին Իլյա II-ից հետո։ Կպահպանի՞ այն իր անկախ, ինքնավար դիրքը ուղղափառ աշխարհում, թե՞ ավելի խորը կներքաշվի Ռուսաստանի եկեղեցական և քաղաքական ուղեծիր։
Ռուսական հարցն ամենից հաճախ կապվում է Շիո Մուջիրիի հետ։
Նրա մասին ամենասուր մեկնաբանություններից մեկն արել է Դմանիսիի և Ագարակ-Տաշիրի արքեպիսկոպոս Զենոն Իարաջուլին.
«Նա Ռուսաստանի թեկնածուն չէ, բայց ՌԴ-ն աջակցում է նրան, ես դա միշտ կասեմ։ Մետրոպոլիտ Շիոն չի ստանա իմ ձայնը։ Ես թաքցնելու ոչինչ չունեմ։ Ես սա արդեն ասել եմ, և ինքը՝ մետրոպոլիտ Շիոն դա հրաշալի գիտի»,- «Ֆորմուլա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իարաջուլին։
Ռուսական գործոնն ավելի ակնառու դարձավ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունից հետո։
Ռուսական հետախուզությունը Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսին մեղադրեց վրաց եկեղեցու գործերին և նոր պատրիարքի ընտրության գործընթացին միջամտելու փորձի մեջ։ Շատերն այս հայտարարությունն ընկալեցին որպես քաղաքական ազդանշան Մոսկվայից։
Պատրիարքարանը չի հաստատել այս տեղեկությունը: Պատրիարքարանի ներկայացուցիչ Անդրիա Ջագմայիձեն հայտարարել է, որ վրաց եկեղեցու համար մեկ այլ տեղական եկեղեցու կողմից նման միջամտությունն «անհավանական» և «լիովին անհնար» է։
Բեքա Մինդիաշվիլին ԱՀԾ հայտարարությունը մեկնաբանում է որպես Մոսկվայի կողմից պատրիարքական ընտրությունների շրջանակը սահմանելու ուղիղ փորձ։
«Լավն այն է, որ պատրանքները ցրվել են: ԱՀԾ-ն այս հայտարարությունը պատահաբար չի տարածել: Բացահայտ կերպով ասում են, որ անմիջականորեն կառավարում են գործընթացը: Հայտարարությունն այլ նպատակ չուներ»։
Ռուսական ազդեցությունն առավել սկզբունքային է դրսևորվում ուկրաինական ավտոկեֆալիայի հարցում: Վրացական եկեղեցին դեռևս չի ճանաչել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու ավտոկեֆալիան: Մոսկվայի համար սա ոչ թե երկրորդական խնդիր է, այլ ուղղափառ աշխարհում ազդեցության համար մղվող ավելի մեծ պայքարի մաս։
Սակայն ռուսական ազդեցությունը միշտ չէ, որ դրսևորվում է ուղիղ հրահանգների տեսքով:
Այն հաճախ գործում է նարատիվների միջոցով՝ գաղափարներ, որոնք տեղական համատեքստում թարգմանվում են «ավանդույթի», «հավատի» և «ինքնության պաշտպանության» լեզվով։
Տարիներ շարունակ որոշ վրաց հոգևորականներ կրկնում են ռուսական պահպանողական քարոզչությանը նմանվող թեզեր, դրանք են՝ «Արևմուտքը ոչնչացնում է ընտանիքը, լիբերալիզմը պատերազմի մեջ է հավատքի հետ, ԼԳԲՏ իրավունքները սպառնում են ազգին և եկեղեցուն, իսկ պատվաստանյութերն ու ժամանակակից տեխնոլոգիաները կարող են լինել վերահսկողության գործիքներ»։
Աստվածաբան Գիորգի Տիգինաշվիլին սա կապում է ռուսական օրակարգի հետ.
«Ռուսական եկեղեցին և Կրեմլը մարդկանց վախեցնում են միասեռականների ամուսնության, Արևմուտքի անբարո լինելու և մեզ անբարո դարձնելու, չիպերով, պատվաստանյութերով և այլնով մեզ ենթարկեցնելու փորձերի մասին հայտարարություններով: Այս ուղերձները նույնն են, որտեղ էլ որ հասնում են Կրեմլի ձեռքերը: Այս տրամաբանությամբ ռուսական ազդեցությունը միայն եկեղեցական դիվանագիտություն չէ: Դա մշակութային կոդ է, որը խաղում է հասարակության վախերի հետ»:
Հենց սա է պատճառը, որ պատրիարքի ընտրությունները կապված են ոչ միայն եկեղեցու ներքին կյանքի, այլև Վրաստանի արտաքին քաղաքական ընտրության հետ: Նոր պատրիարքը կլինի ավելին, քան պարզապես եկեղեցական հիերարխիայի ղեկավարը: Մեծապես նրանից կախված կլինի՝ եկեղեցին կշարունակի՞ օրինականացնել հակաարևմտյան մշակութային լեզուն, թե՞՝ ոչ:
Ամեն ինչ չէ, որ բացատրվում է Մոսկվայով
Միևնույն ժամանակ, ռուսական գործոնը չպետք է վերածվի տեղի ունեցող ամեն ինչի համար համընդհանուր բացատրության: Լևան Սուտիձեն ավելի զգույշ է արտահայտվում այս հարցի վերաբերյալ. նախընտրական շրջանում իսկապես տարածված էր այն զգացողությունը, որ «Կրեմլը որոշել է ամեն ինչ դեռևս ինը տարի առաջ»: Սակայն նման բանաձևը, ըստ նրա, չի բացատրում Սինոդի ներսում ընթացող իրական պայքարը։
Սինոդն ունի 39 անդամ, և յուրաքանչյուր ձայն նշանակություն ունի: Արդյունքը կախված է ոչ միայն արտաքին ազդեցությունից, այլև ներքին խմբերից, անձնական շահերից, վախերից, համաձայնություններից, հավակնություններից և հին հակամարտություններից։
«Եթե Շիոն ստացել է 20 ձայն, դա չի ապացուցում, որ Կրեմլն է որոշել ամեն ինչ: Դա նշանակում է, որ կոնկրետ եպիսկոպոսներ կոնկրետ պատճառներով և կոնկրետ պահի իրենց ձայնը տվել են նրան»,- կարծում է Սուտիձեն։
Այս հավասարակշռությունը կարևոր է: Ռուսական ազդեցությունը պետք է քննարկվի, բայց այն չպետք է մոռացնել տա վրաց եկեղեցու ներսում իշխանության համար ներքին պայքարը։
Մոսկվայի համար այս ընտրություններն օբյեկտիվորեն կարևոր են: Վրացական եկեղեցին երկրի ամենաազդեցիկ ինստիտուտներից մեկն է: Այն ազդում է հասարակական տրամադրությունների, ընտրությունների, կրթության, մարդու իրավունքների նկատմամբ վերաբերմունքի և արտաքին քաղաքական կուրսի ընկալումների վրա։ Հետևաբար, Ռուսաստանի համար չի կարող միևնույն լինել, թե ով կլինի նման հաստատության նոր ղեկավարը։
Մոսկվայի համար վրացական եկեղեցին կարող է լինել միաժամանակ մի քանի նպատակի ուղղվող գործիք, մասնավորապես՝ ծառայելով որպես հակաարևմտյան տրամադրությունների ուժեղացման ալիք, Վրաստանի եվրոպական ուղու դեմ «ավանդական արժեքների» ձայն, որպես լծակ Կոստանդնուպոլսի հետ հարաբերություններում՝ ուկրաինական ավտոկեֆալիայի հարցում, և որպես տարածք, որտեղ փափուկ ուժը հաճախ ավելի արդյունավետ է, քան բացահայտ քաղաքական քարոզչությունը։
Աստվածաբան Բեքա Մինդիաշվիլին կարծում է, որ Ռուսաստանը պատրաստ չէ հրաժարվել վրացական եկեղեցուց.
«Նույնիսկ եթե երկրում կրկին ի հայտ գա իսկապես վրացական կառավարություն, եկեղեցին պետք է մնա Ռուսաստանի վերահսկողության տակ։ Սա ռուսական հետախուզական ծառայությունների և «Վրացական երազանքի» ընդհանուր ծրագիրն է, որը նրանք երկար ժամանակ հետևողականորեն իրագործում են։ Ապագայում, երբ վրացական պետությունը սկսի ոտքի կանգնել, եկեղեցու ներսում Ռուսաստանի կողմից վերահսկվող խումբը ստիպված կլինի անել ամեն ինչ դրան խոչընդոտելու համար։ Կարելի է ասել, որ ռուսական կայսրությունն այս ծրագիրը հեղինակել է դեռևս 300 տարի առաջ»,- ասում է Մինդիաշվիլին։
Նյութը պատրաստվել է Մեդիացանցի աջակցությամբ
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Վրացական եկեղեցին պատրիարք է ընտրում