ՌԴ մտադրությունները Հարավային Կովկասում․ ի՞նչ սպասել Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո
ՌԴ քայլերը Հարավային Կովկասում. հնարավոր սցենարներ
Ուկրաինայում շարունակվող և անկանխատեսելի հետևանքներով պատերազմի ֆոնին Ռուսաստանը շարունակում է աշխարհաքաղաքական պահանջներ ներկայացնել Հայաստանին։ Վերջերս ՀՀ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի Մոսկվա կատարած այցը, որի շրջանակում նա հանդիպեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, ցույց տվեց Ռուսաստանի դիրքորոշման կոշտությունը։ Լավրովը բացահայտ հայտարարեց, որ Հայաստանի եվրաինտեգրումն անհամատեղելի է ՌԴ հովանու ներքո գործող Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ։
Չնայած Սիմոնյանի հավաստիացումներին, որ Հայաստանը անհրաժեշտ չի համարում դուրս գալ ԵԱՏՄ-ից, շատ փորձագետներ Լավրովի խոսքերը մեկնաբանեցին որպես նախազգուշացում և նույնիսկ սպառնալիք։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում ԵՄ չափանիշներին համապատասխանելու համար՝ պահպանելով ԵԱՏՄ-ում իր անդամակցությունը։ Նա բացատրել էր, որ երկիրը դուրս չի գա Եվրասիական տնտեսական միությունից, քանի դեռ այս երկու վեկտորները կարող են համատեղվել։ Իսկ երբ դա անհնար դառնա, իշխանությունները մտադիր են վերջնական որոշում կայացնել Հայաստանի ժողովրդի հետ միասին։ Դա, ըստ վարչապետի, կլինի հայ ժողովրդի ազատ կամարտահայտությունը։
Կշարունակի՞ Ռուսաստանն իր էքսպանսիան հետխորհրդային տարածքում ուկրաինական պատերազմի ավարտից հետո։ Արդյո՞ք Մոսկվան բավարար ռեսուրսներ ունի Հարավային Կովկասում իր ազդեցությունը սփռելու համար, թե՞ տարածաշրջանը որոշակիորեն կազատվի ռուսական ճնշումից։ Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքը։
- Պուտինի նավթն ու SOCAR-ի գործարանը. ԵՄ պատժամիջոցները տարածվում են նաև Ադրբեջանի վրա
- Լոնդոնի նոր ռազմավարությունը. ՌԴ դեմ պատժամիջոցներ և էմբարգոյի վերացում Կովկասում
- «Մոսկվան փորձում է ՀՀ-ում «Իվանիշվիլի-2» գործողություն իրականացնել»․ հայ քաղաքագետ
Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի մեկնաբանությունը
Դիվանագիտություն՝ պատերազմին զուգահեռ
«Զինված հակամարտությունները, այդ թվում՝ համաշխարհային պատերազմները, սովորաբար ուղեկցվում են կարգավորման փորձերով՝ բանակցություններից մինչև հրադադարի նախաձեռնություններ: Դրանց ինտենսիվությունը պայմանավորվել է այն հանգամանքով, թե ինչպես են կողմերը գնահատում պատերազմի հեռանկարները: Նույնիսկ 1950-ականների Կորեական պատերազմի ժամանակ դիվանագիտական և միջնորդական նախաձեռնությունները զարգանում էին մարտական գործողություններին զուգահեռ։
1945 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի պարտությունից հետո, Կորեան բաժանվեց Հյուսիսային և Հարավային Կորեաների: Մինչ այդ Ճապոնիան էր կառավարում Կորեան: Պատերազմից հետո Միացյալ Նահանգները և ԽՍՀՄ-ն ստորագրեցին համաձայնագիր երկրի համատեղ կառավարման մասին: 1950-1953 թվականների Կորեական պատերազմի պատճառներն էին՝
- Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկրի բաժանումը 38-րդ զուգահեռականի երկայնքով,
- ԽՍՀՄ-ի և Միացյալ Նահանգների միջև գաղափարախոսական առճակատումը,
- Հյուսիսային և Հարավային Կորեայի առաջնորդների ցանկությունը՝ վերամիավորել թերակղզին իրենց վերահսկողության տակ։
Ուկրաինայի պատերազմի դեպքում ռազմական գործողությունները շարունակվում են հիմնականում այն պատճառով, որ երկու կողմերն էլ կարծում են, թե կարող են ռազմական ճանապարհով հասնել իրենց նպատակներին կամ խուսափել լուրջ տարածքային և աշխարհաքաղաքական-ռազմավարական կորուստներից։
Միևնույն ժամանակ միջնորդներն ու ներգրավված դերակատարներն առաջ են մղում իրենց սեփական դիվանագիտական և քաղաքական նախաձեռնությունները, հաճախ դրանք համատեղելով հակամարտությանը անմիջական մասնակցության հետ, ինչպես դա տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի եվրոպացի գործընկերների դեպքում»։
Միջնորդություն առանց արդյունքի
«ԱՄՆ նոր վարչակազմը, շարունակելով Ուկրաինային ռազմական, հետախուզական և լոգիստիկ աջակցություն ցուցաբերել, ձգտում է հանդես գալ որպես ընդունելի միջնորդ։ Սակայն վերջին մեկ տարվա ընթացքում Վաշինգտոնի համար պարզ դարձավ, որ հակամարտությունը խորը արմատներ և գոյաբանական նշանակություն ունի թե՛ պատերազմող կողմերի, թե՛ Եվրոպայի համար։ Այն արագ սառեցնելու փորձերը ձախողվեցին։
Չնայած բանակցությունների ակտիվացմանը, այդ թվում՝ ԱՄԷ-ում, ԱՄՆ-ն, ըստ էության, թույլ է տալիս ռազմական գործողությունների շարունակությունն ու հնարավոր ինտենսիվացումը՝ ելնելով նրանից, որ կողմերը դեռևս չեն սպառել իրենց ռազմական, մարդկային և քաղաքական ռեսուրսները։
Հակամարտության սառեցման տեսական հնարավորությունների պատուհանը կարող է բացվել 2026 թ․-ի օգոստոս-հոկտեմբեր ժամանակահատվածում, մասնավորապես՝ հարաբերական ռազմաքաղաքական հավասարակշռության հաստատման, Եվրոպայի համար պատերազմի ֆինանսական ծախսերի ավելացման, Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին Դոնալդ Թրամփի համար հրադադարի ներքաղաքական նշանակության մեծացման պայմաններում։ Առայժմ, սակայն, նման հեռանկարները քիչ հավանական են»։
Ազդեցությունը Հարավային Կովկասի վրա
«Ուկրաինական պատերազմը նշանակալի դեր է խաղացել և շարունակում է խաղալ հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում։
Բավական է հիշել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանությունը, ինչպես նաև դրան նախորդած իրադարձությունները, այդ թվում՝ գազատարի վնասումը, ռուս խաղաղապահների պասիվ դիրքավորումը և այլն։ Արդեն 2022 թվականի մարտին պարզ դարձավ, որ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում նախանշված սցենարով չի զարգանում, ինչը, ի թիվս այլ հանգամանքների, ստեղծեց պայմաններ Ղարաբաղում իրավիճակի սրման և 2023 թ․-ի սեպտեմբերի իրադարձությունների համար [Ադրբեջանը 9 ամիս շրջափակման մեջ պահեց տարածաշրջանը, ապա ռազմական գործողություններ սկսեց, որոնց ավարտից հետո գրեթե բոլոր հայերը լքեցին իրենց հայրենիքը]։
Ուկրաինայում պատերազմի երկարատև և գոյաբանական բնույթը, դրա մասշտաբները և արտաքին դերակատարների ներգրավվածությունը անխուսափելիորեն ազդում են Հարավային Կովկասի վրա»։
Հնարավոր սցենարներ
«Այսօր անհնար է խոսել հակամարտության կարգավորման կամ սառեցման ժամկետների մասին։ Պատերազմի արդյունքների հետ կապված անորոշությունը թույլ չի տալիս կանխատեսել Ռուսաստանի ապագա դերը հետխորհրդային տարածքում՝ արդյո՞ք այն կշարունակի իր ակտիվ արտաքին քաղաքականությունը, թե՞ կգնա մեկուսացման։
Հնարավոր սցենարները սկզբունքորեն տարբեր են՝ ռազմաճակատի երկայնքով ռազմական գործողությունների քիչ հավանական սառեցումից մինչև ուկրաինական բանակի ռազմական փլուզում և Մոսկվայի պայմաններով պատերազմի ավարտ։ Կամ, ընդհակառակը, Ռուսաստանում ներքաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամ՝ լայնածավալ ռազմական և քաղաքական հետևանքներով ինչպես Ուկրաինայի, այնպես էլ ամբողջ հետխորհրդային տարածաշրջանի համար։
Միևնույն ժամանակ՝ հաշվի առնելով հակամարտության գոյաբանական բնույթը, ինչպես նաև այն փաստը, որ այն առնվազն եվրոպական երկրների հետ աշխարհաքաղաքական դիմակայության ռազմական դրսևորում է, Ռուսաստանը ուկրաինական ճակատում կենտրոնացնում է իր բոլոր ռեսուրսները՝ ռազմական, ֆինանսական, մարդկային և քաղաքական։
Հարցական է, թե արդյոք այն կունենա ռեսուրսներ Հարավային Կովկասում կամ Կենտրոնական Ասիայում նմանատիպ բան նախագծելու համար, նույնիսկ քաղաքական կամքի առկայության դեպքում»։
Փոխզիջումը քիչ հավանական է
«Կորուստների մասշտաբը և ուկրաինական հակամարտության նշանակությունը չափազանց դժվարացնում են դրա սառեցումը։ Այս մակարդակի հակամարտությունները երբեք չեն լուծվում փոխզիջումներով։ Ուկրաինայում ընթացող պատերազմը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծն է եվրոպական մայրցամաքում՝ աշխարհագրական ընդգրկումով, մարդկային, նյութական և ֆինանսական կորուստներով։ Ուստի դրա գոյաբանական բնույթը բացատրում է դիմակայության դաժանությունը և երկու կողմերի պատրաստակամությունը՝ օգտագործելու բոլոր հասանելի ռեսուրսները։
Ակնհայտ է, որ Ռուսաստանի վճռական հաղթանակը զգալիորեն կբարձրացնի նրա քաղաքական ազդեցությունն ու կարողությունները հետխորհրդային տարածքում։ Պարտությունը կհանգեցնի հակառակ արդյունքի»։
Եվրոպական ռեսուրսները վերահասցեագրվում են
«Կարևոր է հաշվի առնել նաև մեկ այլ ասպեկտ։ Ուկրաինայի եվրոպացի գործընկերների ռեսուրսները, որոնք միաժամանակ աջակցում են Հայաստանի եվրոպական ինտեգրացիային, այժմ մեծամասամբ ուղղորդվում են դեպի Ուկրաինա։
Եվրամիության և եվրոպական երկրների աջակցության ծրագրերն ու դրամաշնորհները Հարավային Կովկասում զգալիորեն կրճատվել են, ֆինանսավորումն ուղղվել է դեպի Ուկրաինա։
Եվրոպայի համար աշխարհաքաղաքական առաջնահերթությունը մնում է ուկրաինական հակամարտության կարգավորումը, դադարեցումը կամ սառեցումը»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՌԴ քայլերը Հարավային Կովկասում. հնարավոր սցենարներ