ԱԹՍ-ների վաճառք ՀՀ-ին և ոչ միայն․ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի արդյունքները
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան
Պաշտոնական այցով Հայաստանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ ԱՄՆ փոխնախագահը Երևան է ժամանել կնոջ՝ Ուշա Վենսի և երեխաների հետ։ Նա Հայաստանում կլինի մինչև փետրվարի 10-ը, այնուհետև կմեկնի Ադրբեջան։
Ջեյ Դի Վենսը ԱՄՆ-ի՝ երբևէ Հայաստան այցելած ամենաբարձրաստիճան պաշտոնյան է։ Մինչ այս՝ 2022 թ․-ի սեպտեմբերին Երևան էր այցելել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։
ՀՀ նախագահական նստավայրում Վենսին դիմավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երկկողմ, այնուհետև ընդլայնված կազմով հանդիպումներից հետո բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են ձեռքբերված պայմանավորվածությունների մասին։ Մասնավորապես՝ խոսքը գնում է միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման մասին «123» համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի, ԱՄՆ-ից V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքերի գնման մասին և ոչ միայն։
«Մենք 11 մլն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար։ Համոզված ենք, որ այն խաղաղությունը, որ պետք է կերտվի, կլինի կայուն»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, ընդգծել է՝ V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքերն ունեն կիրառման հարուստ փորձ, ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Հավելել է, որ դրանք էականորեն նպաստելու են ՀՀ պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։
Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ն ու ԱՄՆ-ն նպատակադրված են զարգացնել փոխշահավետ գործընկերությունը նաև մեկ այլ՝ «կարևորագույն հանածոների և հազվագյուտ հանքանյութերի արդյունահանման և մատակարարման շղթաների ապահովման» ուղղությամբ։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Վենսի այցը բնորոշել է որպես «շրջադարձային պահ» երկու երկրների գործընկերության մեջ։ Հայ փորձագետները Վենսի այցը պատմական են որակում և ընդգծում՝ այն ունի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ասպեկտներ։ Հիշեցնում են՝ դեռևս 2025 թ․-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հուշագրերի մասին, որոնք վերաբերում են կիսահաղորդիչներին, միջուկային էներգիային և «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծին։
Քաղաքական վերլուծաբանները նախքան այցը պնդում էին՝ գլխավոր նպատակը հենց TRIPP-ի գործարկումն է։ Հնարավոր էին համարում նաև Վենսի մասնակցությամբ դրա հիմնարկեքի արարողության կազմակերպումը։ Օրակարգի մանրամասները դեռ հայտնի չեն, սակայն ոչ ԱՄՆ փոխնախագահը, ոչ էլ Հայաստանի վարչապետը ասուլիսի ժամանակ հիմնարկեքի մասին չեն հայտարարել։
«ԱՄՆ փոխնախագահի այցելությունը Հայաստան-Իրան սահման [TRIPP-ի անցման վայր] լրացուցիչ լարվածություն կմտցնի: Ամենաէականը՝ կան անվտանգության խնդիրներ։ Կարծում եմ՝ հիմնարկեքի արարողություն տեղի չի ունենա»,- նկատել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Այս պահին հայտնի բոլոր մանրամասները՝ Փաշինյանի և Վենսի հայտարարությունները, հայ հանրության ակնկալիքները ԱՄՆ փոխնախագահի այցից, ՀՀ-ԱՄՆ գործընկերության օրակարգը։
- «Հայաստանը վերադառնում է այն արեալ, որից դուրս էր մղվել»․ կարծիքներ «Խաղաղության խորհրդի» մասին
- «Թրամփի կողմից 25% մաքսատուրքի սահմանումը մեծ մաքսային բեռ չի դառնա ՀՀ համար»․ կարծիք
- «ԱՄՆ և ԵՄ հետ կապերի խորացման տակ ՌԴ-ին ՀՀ-ից դուրս թողնելու օրակարգ չկա»․ ՀՀ ԱԳ նախարար
Փաշինյանն ու Վենսը միջուկային համագործակցության մասին հայտարարություն են ստորագրել
Խոսքը միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին «123» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ հայտարարության մասին է։
«Այս համաձայնագիրը նոր էջ կբացի ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև խորացող էներգետիկ գործընկերության ասպարեզում, կնպաստի Հայաստանի էներգետիկ ռեսուրսների բազմազանեցմանը, անվտանգ ու նորարարական տեխնոլոգիաների ներգրավմանը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ «123» համաձայնագիրը ճանապարհ կբացի ամերիկյան և հայկական ընկերությունների ապագա ծրագրերի համար, կստեղծի շատ աշխատատեղեր, կապահովի էնեգետիկ անվտանգություն և կայունություն․
«Սա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորները, այսինքն՝ ամերիկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր»,- հայտարարել է Վենսը։
Փոխնախագահը շեշտել է՝ Նահանգները հազվադեպ է իրեն այնքան վստահ զգում, որ այլ երկիր արտահանի կոնկրետ տեխնոլոգիաներ։
Հայաստանի կառավարությունը մտադիր է Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկին փոխարինելու համար կառուցել փոքր մոդուլային միջուկային ռեակտոր։
Օրերս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նկատել է՝ տարբեր երկրներում, այդ թվում՝ եվրոպական երկրներում, Չինաստանում, ԱՄՆ-ում արդեն մոդուլային ատոմակայանների կառուցումը մոտենում է ավարտին։ Նրա փոխանցմամբ՝ Երևանը վերջնական որոշում կկայացնի 2027 թ․-ին, երբ այդ ատոմակայանները կփորձարկվեն։
Թե որ երկրի հետ է ծրագիրն իրականացվելու՝ հստակ չէ։ Սակայն 2024 թ․-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել էր, որ նոր ատոմակայանի կառուցման հարցով առարկայական բանակցություններ են վարում հենց Նահանգների հետ։
«Հպարտ եմ, որ ԱՄՆ առաջին փոխնախագահն եմ, ով այցելում է ՀՀ»․ Վենս
«Այն, ինչ այսօր այստեղ կատարվում է, պատմական նշանակություն ունի։ Ես հպարտ եմ, որ ԱՄՆ առաջին փոխնախագահն եմ, որը երբևէ այցելում է այս երկիր»,- նկատել է ԱՄՆ Վենսը։
Շեշտել է՝ Հայաստանն ու Նահանգները միասին կերտում ենք ոչ միայն խաղաղություն, այլև բարգավաճում։ Կարծում է՝ այսօր Երևանում երկու երկրների գործընկերության նոր սկիզբն է ազդարարվում։
Անդրադարձել է, մասնավորապես՝ NVIDIA ընկերությունից նոր սերնդի գրաֆիկական պրոցեսորների ձեռքբերմանը։ Ընդգծել է՝ ի տարբերություն ՀՀ-ի՝ աշխարհի երկրների մեծ մասում դրանք չկան, չեն էլ կարող լինել։
Վենսը չի շրջանցել նաև «Թրամփի ուղին»։ Շեշտել է՝ այն աննախադեպ կապ է ապահովելու Հայաստանի և հարևան երկրների միջև։
«Մի նոր աշխարհ է բացվելու միջազգային առևտրի, տրանզիտի և էներգիայի հոսքի»,- ասել է նա։
«ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները բարձրագույն կետում են»․ Փաշինյան
Հայաստանի վարչապետի բնորոշմամբ՝ Վաշինգտոնի հետ Երևանի հարաբերությունները «առավել ամուր են, քան երբևէ», սակայն դրանք ունեն հետագա զարգացման մեծ պոտենցիալ․
«Այսօր բարձրագույն կետում ենք, բայց հնչեցրած օրակարգի իրականացումն անգամներով ընդլայնելու է մեր համագործակցության շրջանակը»։
Փաշինյանի գնահատմամբ՝ Վենսի այցը Երևան տեղի է ունենում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման աննախադեպ իրողությունների պայմաններում։
«Այցն առանցքային նշանակություն ունեցող քայլ է խաղաղության ինստիտուցիոնալացման և ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ընդլայնման ճանապարհին»,- հայտարարել է նա։
Նրա փոխանցմամբ՝ Վենսի հետ հանդիպման ընթացքում քննարկել են՝
- տարածաշրջանի ամբողջական ապաշրջափակման հեռանկարները,
- ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում առկա նշանակալի ձեռքբերումները, մասնավորապես՝ արհեստական բանականության և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում,
- «Թրամփի ուղի» նախագծի հետևողական իրագործումը։
«Այս ծրագիրը [TRIPP] խաղաղության լրջագույն դիվիդենտներից բացի ունենալու է նաև տարածաշրջանային և գլոբալ նշանակություն՝ զարգացնելով Արևմուտքից Արևելք անխոչընդոտ հաղորդակցությունը»,- շեշտել է Փաշինյանը։
Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջ. հավաք Վենսի այցին զուգահեռ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման վայրի՝ նախագահական նստավայրի դիմաց հավաք էին նախաձեռնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված տասնյակ անձինք։
Free christian armenian hostages (ազատություն հայ քրիստոնյա պատանդներին) բացականչողների պահանջը մեկն է՝ ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին։
«Գերիների հարցը քաղաքական սակարկության առարկա չէ. այն մարդու հիմնարար իրավունքների և արժանապատվության հարց է»,- պնդում են նրանք։

Ջեյ Դի Վենսի այցի հետ գերիների ազատ արձակման հույս են կապում նաև տասնյակ ՀԿ-ներ, որոնք օրեր առաջ հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ։ Փոխնախագահի գրասենյակ նամակ են ուղարկել նաև ԼՂ-ի նախկին օմբուդսմեններ Գեղամ Ստեփանյանն ու Արտակ Բեգլարյանը։
«Թրամփի ուղու» (TRIPP) հաջողությունը և 2025 թ․-ի օգոստոսի Վաշինգտոնյան գագաթնաժողովի արդյունքները մեծապես կախված են խորը հումանիտար վերքերի ապաքինումից»,- արձանագրել են նրանք։ Մատնանշել են, մասնավորապես՝ գերիների ազատ արձակման և անհետ կորածների ճակատագրի պարզման հարցերը։ Վենսին հորդորել են դրանք դարձնել «առանցքային թեմա» Բաքվում կայանալիք քննարկումների ընթացքում:
ԱՄՆ փոխնախագահը կայցելի նաև Բաքու
Նահանգների փոխնախագահն Ադրբեջանում կլինի փետրվարի 10-11-ը։
Հայաստանյան փորձագետները Ջեյ Դի Վենսի այցի հնարավորությունը քննարկում էին դեռևս 2025 թ․-ի վերջից։ Այդ ժամանակ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ասել էր, թե նախատեսվում է այց միայն Երևան, տարածաշրջանի մյուս պետություններում պաշտոնյան չի լինելու։ Սակայն ավելի ուշ Դոնալդ Թրամփը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ փոխնախագահը փետրվարին այցելելու է ՀՀ և Ադրբեջան։
ԱՄՆ նախագահի փոխանցմամբ՝ այս այցերը «խաղաղության ջանքերը զարգացնելու և «Թրամփի ուղին» [TRIPP] առաջ մղելու համար են։
«Մենք կուժեղացնենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, Հայաստանի հետ կստորագրենք խաղաղ նպատակներով միջուկային համագործակցության գեղեցիկ համաձայնագիր, կկնքենք գործարքներ մեր հիանալի կիսահաղորդչային արտադրողների համար, ինչպես նաև Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ՝ ներառյալ զրահաբաճկոններ, նավակներ և այլ միջոցներ»,- սոցցանցերում գրել էր նախագահ Թրամփը։
Հայաստանի ընդերքը՝ ուսումնասիրության առարկա՞․ փոխարտգործնախարարի պարզաբանումը
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի նախաշեմին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը նշել է՝ կհնչեն հայտարարություններ ինչպես 2025 թ․-ի օգոստոսի 8-ին համաձայնեցված՝ արհեստական բանականության և կիսահաղորդիչների, միջուկային էներգիայի, այնպես էլ նոր ոլորտների հետ կապված։
«Նոր ոլորտներ են մատնանշվում համագործակցության՝ թե՛ անվտանգային, թե՛ հանքանյութերի կրիտիկական միներալների հետ կապված»։
Հանրային հեռուստաընկերության եթերում փոխնախարարը խոսել է, մասնավորապես՝ Վաշինգտոնի համար «կենսական հանքանյութերի» ոլորտում հնարավոր համագործակցության մասին: Նկատել է՝ խոսքը միայն պղնձի մասին չէ։
«Որոշակի ուսումնասիրություններ պիտի անենք՝ հասկանալու համար, թե այդ հանքանյութերից որոնք կան մեր ընդերքում։ Հույս ունենք, որ Նահանգների մեր գործընկերները թե՛ իրենց տեղեկատվական շտեմարաններով, թե՛ հավելյալ ուսումնասիրությունների միջոցով մեզ կօգնեն բացահայտել այն կարողությունները, որոնք ունենք»։
Կոստանյանը, սակայն, չի մանրամասնել՝ արդյո՞ք արդեն կա ձեռքբերված համաձայնություն, ըստ որի՝ ամերիկյան կողմը պատրաստվում է ուսումնասիրել ՀՀ-ի ընդերքը։
Նահանգների երկրաբանական ծառայության տվյալներով՝ ԱՄՆ ազգային և տնտեսական անվտանգության համար կենսական նշանակություն ունեն շուրջ 50 հանքանյութեր։ Դրանց շարքում են նաև 17 հազվագյուտ հողային տարրեր, որոնք օգտագործվում են գրեթե ամեն ինչում՝ հողմային տուրբիններից մինչև սմարթֆոնների արտադրություն:
Էական առաջընթաց «Թրամփի ուղու» իրագործման ուղղությամբ
Անդրադառնալով TRIPP նախագծին՝ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հիշեցրել է՝ 2026 թ․-ի հունվարին ՀՀ ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը ստորագրեցին նախագծի իրականացման շրջանակային փաստաթուղթը․
«Աշխատանքներ են տարվում այդ փաստաթուղթն ավելի խորացնելու, ավելի շատ մանրամասներ ձևակերպելու և այն որպես միջպետական պայմանագիր ունենալու համար»։
Ընդգծել է՝ բանակցությունները նոր են մեկնարկել, դժվար թե Վենսի այցի ժամանակ փաստաթուղթը պատրաստ լինի, բայց կունենանք «էական առաջընթաց»։
Փոխարտգործնախարարի գնահատմամբ՝ ԱՄՆ-ն կվերահաստատի «Թրամփի ուղու» հետ կապված իր ստանձնած հանձնառությունը, որը միայն քաղաքական չէ։
«Վերջին ամիսների ընթացքում հստակ հնչել են նաև ներդրումների մասին հայտարարություններ։ Եվ ԱՄՆ գործընկերները պատրաստակամություն ունեն էլ ավելի մեծ՝ հավելյալ ներդրումներ իրականացնելու»,- վստահեցրել է պաշտոնյան։
Մեկնաբանություն
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նկատել է․
«Ադրբեջանում դժգոհություն կա, թե՛ փորձագետների, թե՛ լրագրողների մակարդակով նկատել եմ։
Ադրբեջանցիներն անհանգիստ են, որ Հայաստանը ստանում է ռազմավարական համաձայնություններ կապված նույն կիսահաղորդիչների արտադրության և ատոմային էներգետիկայի զարգացման հետ։ Բայց Ադրբեջանը դրա փոխարեն ստանում է ինչ-որ ապրանքներ, թեկուզ՝ ռազմական ոլորտում, ինչը Ադրբեջանում համարում են ոչ համարժեք Հայաստանի ստացածին։
Այս դժգոհությունը հասկանալի է, որովհետև արտադրությունը, ատոմակայանի կառուցումը և այլն, դրանք ռազմավարական զարգացումներ են ենթադրում, իսկ ինչ-որ ապրանքների մատակարարումը՝ կոնկրետ ժամանակի համար նախատեսված գործընթաց է»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան